Կիրիլ Լեմոխ
Կիրիլ Լեմոխ Кирилл (Карл) Лемох | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7 (19), 1841 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 24 (մարտի 9), 1910 (68 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Մեկենասներ | Ալեքսանդր III |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Karl Lemoch Վիքիպահեստում |
Կիրիլ Վիկենտևիչ Լեմոխ (ռուս.՝ Кирилл (Карл) Викентьевич Лемох, գերմ.՝ Carl Johann Lemoch, հունիսի 7 (19), 1841, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 24 (մարտի 9), 1910, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս կենցաղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և իսկական անդամ[2], «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության ու Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը[3] [4]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Լեմոխը ծնվել է 1841 թվականի հունիսի 7-ին (հունիսի 19-ին) Մոսկվայում։ Նա Վիկենտի Լեմոխի ու Ելիզավետա Կառլովնա Շիլդբախի երրորդ երեխան էր։ Հայրը, ով երաժշտության ուսուցիչ էր[5], ուներ գերմանական ծագում[6]։
Կառլ Լեմոխը 1851-1856 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ պրոֆեսոր Եգոր Վասիլևի արվեստանոցում։ 1858 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատմական գեղանկարչության դասարան, որ ղեկավարում էին Պյոտր Բասինն ու Ալեքսեյ Մարկովը։ Իր էտյուդների ու նկարների համար Կառլ Լեմոխը Ակադեմիայի խորհրդի կողմից պարգևատրվել է երկու փոքր ու երկու մեծ արծաթե մեդալներով «Կերպարվեստում ունեցած հաջողության համար»։ 1863 թվականին «Մովսեսը ջուր է հանում ժայռից» (ռուս.՝ «Моисей источает воду из скалы») նկարի համար արժանացել է Ակադեմիայի ոսկե փոքր մեդալի։
Հրաժարվելով մասնակցել Ակադեմիայի մեծ ոսկե մեդալի համար մրցույթին՝ 14 խռովարարների խմբի կազմում 1863 թվականին ներկայացրել է Ակադեմիայից հեռանալու դիմում՝ ստանալով երկրորդ աստիճանի դասային նկարչի դիպլոմ[7]։ Ակադեմիան լքելուց հետո անդամակցել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միությանը, որ հիմնադրել էր Իվան Կրամսկոյը։ 1868 թվականին ակադեմիական ցուցահանդեսին մասնակցած «Ընտանեկան դժբախտություն» (ռուս.՝ «Семейное горе») նկարի համար ստացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչում[7]։
Բնակվելով հիմնականում Սանկտ Պետերբուրգում՝ Կառլ Լեմոխն ապրուստի միջոցներ վաստակում էր ազնվականների տներում նկարչության մասնավոր դասեր տալով։ Ամառն անցկացնում էր մերձմոսկովյան Խովրինո գյուղում, որտեղ իր համար կառուցել էր նկարչական արվեստանոց։ Խովրինոյի բնակիչներն են պատկերված Լեմոխի՝ ռուսական գյուղի կյանքը պատկերող շատ նկարներում[8]։
Դեռ Սանկտ Պետերբուրգի նկարիչների միությանն անդամակցելու տարիներին Կառլ Լեմոխը, ով արքունիքում ստացել էր Կիրիլ ուղղափառական անունը[9], ընդունում է ապագա կայսր Ալեքսանդր III-ի երեխաներին, այդ թվում նաև Ալեքսանդր III-ի ավագ որդուն՝ թագաժառանգ Նիկոլայ II-ին նկարչության մասնավոր դասեր տալու հրավերը[5]։ Թագավորական ընտանիքի երեխաների շարքում Լեմոխի ամենատաղանդավոր աշակերտը եղել է Նիկոլայ II-ի կրտսեր քույրը՝ Օլգա Ալեքսանդրովնան, ով գեղանկարչությամբ շարունակել է զբաղվել իր ողջ կյանքի ընթացքում[10][11][12]։
1870 թվականին Լեմոխն ընդունում է Գրիգորի Մյասոեդովի առաջարկն ու դառնում Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիրներից մեկը։ Սակայն հենց հաջորդ տարի նրան հեռացնում են ընկերությունից կանոնակարգը խախտելու, մասնավորապես՝ բաց ցուցահանդեսին նկար չուղարկելու պատճառով։ 1878 թվականին Լեմոխը կրկին դառնում է Ընկերության[7], իսկ 1879 թվականին՝ նրա նախագահության անդամ։ 1880 թվականից Կիրիլ Լեմոխը եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության գանձապետը, քանզի աչքի է ընկել իր բացարձակ ազնվությամբ և ֆինանսական հարցերում ցուցաբերած բծախնդրությամբ[6]։
Ակադեմիական ցուցահանդեսին ուղարկած յոթ նկարների համար Կիրիլ Լեմոխը 1875 թվականին ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում[7], 1893 թվականից եղել է ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1895 թվականին ընտրվել է Ակադեմիայի խորհրդի անդամ հինգ տարի ժամկետով[5]։
Արքունական ընտանիքի երեխաներին դասավանդելու համար Լեմոխին նշանակվել է ցմահ կենսաթոշակ։ 1897 թվականից մինչև 1909 թվականը Լեմոխն զբաղեցրել է Ալեքսանդր III կայսեր ռուսական թանգարանի գեղարվեստի բաժնի թանգարանապահի պաշտոնը[5]։
Ի հիշատակ իր միակ թոռան, որ մահացել էր երեք տարեկան հասակում (Կիրիլ Լեմոխի դուստրն ամուսնացել էր Դմիտրի Մենդելեևի որդու՝ Վլադիմիրի հետ) Լեմոխը մեծ գումար է նվիրել մերձմոսկովյան Խովրինո գյուղի Աստվածամոր «Նշան» սրբապատկերի վանքին կից եկեղեցական-թեմական դպրոց բացելու համար[5]։
Կիրիլ Լեմոխը մահացել է 1910 թվականի փետրվարի 24-ին Սանկտ Պետերբուրգում։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի վանքում տեղի ունեցած հուղարկավորման կարգից հետո թաղվել է Մոսկվայում՝ Կազանի Գոլովինյան եկեղեցու գերեզմանատանը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Աղջիկը ծաղիկներով», (1883) - Սարատովի Ա. Ռադիշչևի անվան պատկերասրահ
-
«Նոր ծանոթություն», (1885) - Ռուսական պետական թանգարան
-
«Երեխաները դաշնամուրի մոտ», (1886) - Արխանգելսկի կերպարվեստի մարզային թանգարան
-
«Ընտանիքի նոր անդամը», (1890 թվականից առաջ) - Աստրախանի Պ. Դոգադինի անվան պատկերասրահ
-
«Ապաքինվողը», (1889) - Պրիմորյեի պատկերասրահ
-
«Գյուղացի երկու աղջիկներ», (1892) - մասնավոր հավաքածու
-
«Նստարանին: Վարկա», (1893-1894) - Վոլոգդայի մարզային պատկերասրահ
-
«Գյուղացի տղա», (1897) - մասնավոր հավաքածու
-
«Առանց կերակրողի», (1898) - Ռուսական պետական թանգարան
-
«Աղջիկ», (1901) - Չուվաշիայի պետական պատկերասրահ
-
«Ծնողական ուրախություն», (1910 թվականից առաջ) - Կալուգայի մարզային պատկերասրահ
-
«Տատ ու թոռնուհին», (1910 թվականից առաջ) - Տրետյակովյան պատկերասրահ
-
«Երեխաներ», (1910 թվականից առաջ)
-
«Հավերին կերակրող աղջիկը», (1910 թվականից առաջ) - մասնավոր հավաքածու
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Быковский Н. М. Кирилл Викентьевич Лемох. (В память долголетней дружбы) // Московский еженедельник : журнал. —М., 1910. — № 14. — С. 23-30.
- Минченков Я. Д. Лемох Кирилл Викентьевич // Воспоминания о передвижниках. — Издание пятое. — Л.: "Художник РСФСР", 1964. — 68-76 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Лемох Кирилл Викентьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Кондаков С. Н. ЛЕМОХЪ, Кириллъ (Карлъ) Викентьевичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 113. — 454 с.
- ↑ Лемох Кирилл Викентьевич / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1973. — Т. 14: «Куна — Ломами». — С. 288. — 624 с. — 629 000 экз.
- ↑ Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Корнилаева Ирина. Кирилл Викентьевич Лемох(ռուս.) // Приходская газета «Лампада». — М.: Храм иконы Божией Матери «Знамение» в Ховрине, 2005. — № октябрь 6 (43). — С. 6-7. Архивировано из первоисточника 3 Մարտի 2016.
- ↑ 6,0 6,1 Минченков Я. Д. Лемох Кирилл Викентьевич // Воспоминания о передвижниках. — Издание пятое. — Л.: "Художник РСФСР", 1964. — 68-76 с.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Лемохъ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах. = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1896. — Т. XVIIA (34) «Ледье – Лопаревъ». — С. 523. — 960 с.
- ↑ Корнилаева Ирина. Лампадка. Кирилл Лемох «В лето. С поздравлением»(ռուս.) // Приходская газета «Лампада». — М.: Храм иконы Божией Матери «Знамение» в Ховрине, 2008. — № июль-август 4 (61). — С. 13. Архивировано из первоисточника 16 Հուլիսի 2012.
- ↑ Минченков Я. Д. Беггров Александр Карлович // Воспоминания о передвижниках. — Издание пятое. — Л.: "Художник РСФСР", 1964.
- ↑ «В Третьяковской галерее открывается выставка работ Великой Княгини Ольги Александровны». Интернет журнал «ПРАВОСЛАВИЕ.RU» (ռուսերեն). Московский ставропигиальный Сретенский монастырь. 2007 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Канцелярия Генерального секретаря Всероссийского Монархического Центра (2007 թ․ հունիսի 16). «К 125-летию со дня рождения Великой Княгини Ольги Александровны» (ռուսերեն). Всероссийский Монархический Центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Трегуб Н. (2007 թ․ սեպտեմբերի 28). «От невестки - свекрови, Великой княгине Ольге Александровне». Электронное издание «Культурное Наследие» (ռուսերեն). Портал «Музеи России». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Корнилаева Ирина. Кирилл Викентьевич Лемох(ռուս.) // Приходская газета «Лампада». — М.: Храм иконы Божией Матери «Знамение» в Ховрине, 2005. — № октябрь 6 (43). — С. 6-7. Архивировано из первоисточника 3 Մարտի 2016.
- «Лемох Карл (Кирилл) Викентьевич на портале «Воскресный день»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին.
- «Лемох Карл (Кирилл) Викентьевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Լեմոխ» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 1910 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ