Նիկոլայ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ II
Զինվորական կոչումգնդապետ
Ծնվել է՝մայիսի 18, 1868(1868-05-18)[1]
ԾննդավայրՊուշկին, Ռուսական կայսրություն[2]
Մահացել է՝հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4] (50 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[5]
Պողոս-Պետրոս տաճար
Երկիր Ռուսական կայսրություն
ՏոհմՀոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
միապետ
ՀայրԱլեքսանդր III[2][6]
ՄայրՄարիա Ֆյոդորովնա[2]
ԵրեխաներՕլգա Նիկոլաևնա[7], Տատիանա Նիկոլաևնա, Մարիա Նիկոլաևնա, Անաստասիա Նիկոլաևնա և Ալեքսեյ Նիկոլաևիչ
ՀավատքՌուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
Պարգևներ
Կապիչի շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Գեորգիի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Սպիտակ արծվի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Սեպուլշրի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Ոսկե գեղմի շքանշան, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Օսմանիե շքանշան, Սուրբ Սավայի շքանշան, Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ, Կառոլ I-ի շքանշան, «Ռումինիայի աստղ» շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Փրկիչի շքանշան, Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, Հարավային Խաչի շքանշան, Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, Աճող արևի շքանշան, Սուրբ Հուբերտի շքանշան, «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան, «Սուրբ Ալեքսանդր» շքանշան, Իշխան Դանիլո I-ի շքանշան, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Դանեբրոգ շքանշան, Մարտական խիզախության համար ոսկե մեդալ, Knight of the Order of the Most Holy Annunciation, Քրիստոսի շքանշան, Քրիստոսի շքանշանի Մեծ խաչ, Order of the Royal House of Chakri, Վանդի թագի շքանշան, , Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Հավատարմության շքանշան, Սողոմոնի շքանշան, Դանիել I արքայազնի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Լյուդվիգի շքանշան, Grand Cross of the Order of the Bath, Սպիտակ բազեյի շքանշան, Պետեր Ֆրիդրիխ Լյուդվիգին մատուցած ծառայությունների համար շքանշան, Աստծո Երուսաղեմի սուրբ գերեզմանի շքանշան, Order of the Double Dragon,

Order of noble Bukhara?

և Սուրբ Ստանիսլավի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Նիկոլայ II (հայ.՝ Նիկողայոս Բ, ռուս.՝ Николай II, Николай Александрович Романов, մայիսի 18, 1868(1868-05-18)[1], Պուշկին, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[5]), Ռուսաստանի վերջին կայսր (1894–1917) Ռոմանովների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Ալեքսանդր III կայսրին։

Նիկոլայ II-ը հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ տանը գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո 1885–90 թվականներին հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892), անգլիական բանակի ծովակալ (1908) և ֆելդմարշալ (1915)։

1889 թվականից մասնակցել է Պետական խորհրդի աշխատանքներին, Ռուսաստանում ուղևորությունների ժամանակ ուղեկցել է հորը։ 1890 թվականին ձեռնարկել է ծովային ճանապարհորդություն դեպի Հեռավոր Արևելք։ 1894 թ-ին դարձել է կայսր։ 1896 թվականին տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ ճանապարհորդել է Եվրոպայում, Ֆրանսիայում մասնակցել է «Ռուսական շաբաթին», Մեծ Բրիտանիայում՝ Բալմորալի բանակցություններին, որտեղ շոշափվել է նաև արևմտահայության խնդիրը։

1905 թ-ի հունվարի 9-ին բռնկված հեղափոխական ցույցը զենքով ճնշելուց հետո, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, հոկտեմբերի 17-ին ստիպված ընդունել է մանիֆեստ «քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին։ Սկսվել է Ստոլիպինյան հողային բարեփոխումը (1906 թ.)։ 1907 թ-ին Ռուսաստանը դարձել է Անտանտի անդամ, որի կազմում էլ մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)։ Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ։ 1914 թ-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային։ 1915 թ-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները։ Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել Փետրվարյան հեղափոխությունը (1917 թ.)։ Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների՝ ավելի քան 300-ամյա արքայատան անկումով. միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից՝ հօգուտ եղբոր՝ Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն։

Ժամանակավոր կառավարության հրամանով Նիկոլայ II-ը և նրա ընտանիքը ձերբակալվել են, իսկ 1918 թ-ի հուլիսի 17-ին բոլշևիկները նրանց գնդակահարել են։

Նիկոլայ II-ի օրոք ռուսական արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ է ունեցել Հայկական հարցը։ Կայսրը, սակայն, անտարբեր էր Օսմանյան կայսրությունում 1894–96 թթ-ի հայերի կոտորածների նկատմամբ։ Նա Արևմտյան Հայաստանի գրավումը Ռուսաստանի համար համարել է անշահավետ, «շատ թանկ ձեռնարկում»։ 1908 թ-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն (1858–65 թթ.) և հասարակական գործիչ Մինաս Չերազին. նրանք խնդրում էին Ռուսաստանի օգնությամբ վերարծարծել Հայկական հարցը։ Սակայն կայսրը խուսափել է որոշակի խոստումից՝ սահմանափակվելով Թուրքիայի քրիստոնյաների հանդեպ Ռուսաստանի համակրանքի մասին ընդհանուր դատողություններով։

1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը։ Սակայն պատերազմի ժամանակ Նիկոլայ II-ը հրաժարվել է Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու իր խոստումից, իսկ 1915 թ-ի օգոստոսին ցրել է հայկական կամավորական գնդերը և դրանց հենքի վրա ստեղծել միացյալ գումարտակ։ 1916 թ-ի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Արևմտյան Հայաստանը ճանաչվել է ռուսական ազդեցության գոտի, իսկ ավելի ուշ՝ պատերազմի իրավունքով գրավված տարածք։ Նիկոլայ II-ի ներքին քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել հայ իրականության համար. 1903 թ-ին ընդունվել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, փակվել են հայկական դպրոցները։ Սակայն համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905–07 թթ.) ազդեցությամբ 1905 թ-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստիպված ստորագրել է Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը։ Նիկոլայ II-ն արժանացել է Սբ Անդրեյ Նախավկայի (1868 թ.), Սբ Ալեքսանդր Նևսկու (1868 թ.), Սբ Վլադիմիրի IV աստիճանի (1890 թ.), Սբ Գեորգիի IV աստիճանի (1915 թ.) և այլ շքանշանների։ 2000 թ-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին Նիկոլայ II-ին և նրա ընտանիքին դասել է սրբերի կարգը և դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր։

Առաջին աշխարհամարտի (1914-18 թթ.) ավարտից և ավստրո-հունգարական զորքերից Սերբիայի ազատագրումից հետո Բելգրադում տեղադրվել է Նիկոլայ II-ի հուշարձանը։

Նկարահանվել են կայսրին և նրա ընտանիքին նվիրված ֆիլմեր («Նիկոլայ և Ալեքսանդրա», 1971 թ., «Հոգեվարք», 1981 թ., «Արքայասպանը», 1991 թ., «Ռոմանովներ. Թագակիր ընտանիքը», 2000 թ., և այլն)։

Նախնիներ և ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ը մանուկ հասակում

Ծնվել է 1868 թվականի մայիսի վեցին Ցարսկոյե Սելոյում։ Նիկոլայ Երկրորդը ռուս կայսր Ալեքանդր Երրորդի և դանիացի արքայադուստր Դագմարի (հետագայում Մարիա Ֆյոդորովնա) որդին էր՝ վեց երեխաներից առաջինը։ Նա սերտ կապերի մեջ էր գտնվում իր ծնողների հետ, շատ ծանր է տարել իր հոր մահը և ամբողջ կյանքի ընթացքում գտնվել է նամակագրական կապերի մեջ իր մոր հետ, ում վստահել է իր բոլոր գաղտնիքները։

Նիկոլայի հոր՝ Ալեքանդր III-ի ծնողները ռուս կայսր Ալեքսանդր II-ը և գերմանացի արքայադուստր Մարիա Ալեքսանդրովնան էին, իսկ մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի ծնողները Դանիայի թագավոր Քրիստիան IX-ը և թագուհի Լուիզան էին։

Նիկոլայը արյունակցական կապերի մեջ էր տարբեր արքայական ընտանիքների հետ։ Նա Անգլիայի թագավոր Ջորջ V-ի զարմիկն էր, քանի որ Ջորջ V-ի և Նիկոլայի մայրերը (Թագուհի Ալեքսանդրան և Մարիայի Ֆյոդորովնան) հարազատ քույրեր էին։ Նիկոլայի զարմիկներից էին նաև Նորվեգիայի Հաակոն VII թագավորը և Մոդ Թագուհին, ինչպես նաև Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը։

Պատանեկության տարիների նա հաճախ այցելում էր Դանիա իր ընտանիքի հետ միասին, որտեղ հավաքվում էին Դանիայի, Ռուսաստանի Կայսրության, Անգլիայի և Հունաստանի արքայական ընտանիքները՝ Դանիայի թագուհուն և թագավորին այցելելու նպատակով։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

21-ամյա Նիկոլայը

Նիկոլայ անունը շատ տարածված էր Ռուսական արքայական ընտանիքում։ Կայսրին այդ անունով են կոչել իր վաղեմի մահացած հորեղբոր՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչի պատվին, որի հետ և պետք է ամուսնանար Մարիա Ֆյոդորովնան, սակայն Նիկոլայի հիվանդությունից և մահվանից հետո Մարիան ամուսնացավ նրա կրտսեր եղբոր հետ՝ հետագա կայսր Ալեքանդր III-ի։ Նիկոլայ II-ի կինը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան, նրան դիմում էր փաղաքշական "Նիկի" անվանումով։

Մանկություն և ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայը Ճապոնիայում (1891)

Մանուկ ժամանակ Նիկոլայի և իր եղբայրների ուսուցիչը անգլիացի Չարլզ Հիթն էր։ 1877 թվականից նրա ուսուցիչը դարձավ Գ. Գ. Դանիլովիչը։ Ապագա կայսրը ստացել է տնային ուսում, որի մեջ ներառված էին բոլոր առարկաները։ Ուսումը տևում էր 13 տարի և բաժաված էր երկու հատվածի՝ առաջին ութ տարիների ընթացքում ռուսական գրականություն, քաղաքականության պատմություն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներ, իսկ մյուս հինգ տարիները՝ զինվորական գիտելիքներ, իրավաբանություն և տնտեսագիտություն։ Նիկոլայի մոտ դասախոսություններ են կարդացել բազմաթիվ գիտնականներ և դասախոսներ, սակայն ապագա կայսրին նոր դասի վերաբերյալ հարցեր տալու իրավունք նրանցից ոչ ոք չուներ։ Բացի նշված առարկաներից Նիկոլայը ուսումնասիրել է նաև կրոնի և եկեղեցու պատմություն և աստվածագիտություն։

1884 թվականին իր չափահաս դառնալու կապակցությամբ (որպես ապագա ժառանգորդ) կազմակերպվեց մեծ արարողություն, որի ժամանակ Նիկոլայ II-ը հնչեցրեց իր առաջին հրամանը. փոխանցել 15 հազար ռուբլի Մոսկվայում ապրող կարիքավորներին օգնելու նպատակով։ Հետագա տարիներին Նիկոլայը ծառայել է տարբեր զինվորական բաժիններում։ Անցել է նախապատրաստական կուրսեր զինվիրական գիտելիքների ավելի լավ տիրապետելու նպատակով։ 23 տարեկան հասակում ապագա կայսրը արդեն ստացել էր իրեն հարկավոր բոլոր գիտելիքները։ Ուսման մեջ մտնում էին նաև այցելություններ Ռուսաստանի տարբեր մարզեր և քաղաքներ ինչպես նաև օտար երկրներ, որտեղ Նիկոլայը շրջագայել է իր հոր՝ Ալեքսանդր III-ի հետ։ Ինը ամիսների ընթացքում նա այցելեց Ավստրո-Հունգարիա, Հունաստան, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա և Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Չապոնիայում երիտասարդ Նիկոլայի վրա կատարվել է մահափորձ, որի հետևանքում նա վիրավորվել է, իսկ դրա հետևանքով արունոտված շորերը այսօր պահվում են Էրմիտաժում։ Ըստ տարբեր վկայությունների, Նիկոլայը չի ցանկացել կայսր դառնալ, սակայն ստիպված է եղել ստորագրել պայմանագիրը Ալեքանդր III-ի պարտադրանքով։

Ցարեվիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցարեվիչ Նիկոլայը (1892 թ.)

1881 մարտի մեկին իր պապի՝ Ալեքանդր II-ի սպանությունից հետո Նիկոլայի հայրը՝ Ալեքսանդր III-ը դարձավ կայսր, իսկ Նիկոլայը՝ ցարեվիչ (ապագա կայսր)։ Անվտանգության համար կայսր Ամեքանդր III-ը իր ընտանիքի հետ տեղափոխվեց Գաչինա պալատ, որը գտնվում էր Սանկտ-Պետերբուրգից դուրս։ Նախկին կայսրի ողբերգական մահվանից հետո (նրա վրա կատարվել էին 7 մահափորձեր) նոր կայսրը բառիս բուն իմաստով իր ընտանիքի հետ փակվել էր պալատոմ և համարյա այնտեղից դուրս չէր գալիս։ Ընտանիքը պալատը լքում էր միայն եկեղեցական ծիսակատարություններին մասնակցելու կամ այլ կարևոր առիթների համար։ Կատարվածների պատճառով Ալեքանդր III-ը սկսեց վարել ծայրահեղ ազգայնամոլ քաղաքականություն։

1890 թվականին Նիկոլայը իր կրտսեր եղբոր՝ Մեծ Իշխան Գերոգիի և նրանց զարմիկ՝ Հունաստանի արքայազն Գեորգիի հետ մեկնեցին շուրջերկրյա շրջագայության։ Չնայած այն փաստին, որ Մեծ Իշխան Գեորգին հիվանդացավ և չկարողացած մասնակցել շրջագայության կեսին, Նիկոլայը այցելեց Ասիայի տարբեր երկրներ, այդ թվում նաև Բանգկոկ և Սինգապուր, որտեղ նրան ընտունեցին մեծ շուքով։ Շրջագայության մեջ մտնում էր նաև այցելություն դեպի Անգլիա՝ Նիկոլայի զարմիկ՝ ապագա Ջորջ V-ի ամուսնությանը ներկա գտնվելու նպատակով։ Նիկոլայը և Ջորջ V-ը դեմքով շատ իրար նման էին, և այդ փաստը շատերին էր զարմացնում։ Նրանց նույնիսկ շփոթում էին։

Ալեքսանդրա Ֆյոդորովնայի հետ ծանոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ի և Ալեքանդրա Ֆյոդորովնայի (Ալիքս) նշանադրության պաշտոնական լուսանկարը

1884 թվականին Նիկոլայի հորեղբայրը՝ Սերգեյ Ալեքանդրովիչը ամուսնացավ գերմանացի արքայադուստր Էլիզաբեթի հետ (Հես-Դարմշդաթ), ով Անգլիայի Վիկտորիա Թագուհու թոռնուհին էր։ Ամուսնությունը կայացավ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ էլ և առաջին անգամ իրար հանդիպեցին 16-ամյա Նիկոլայը և Էլիզաբեթի ամենափոքր քույրը՝ 12-ամյա Ալիքսը (ապագա Ալեքանդրա Ֆյոդորովնա)։ Նիկոլայը միանգամից հետաքրքրություն է ցուցաբերել Ալիքսի նկատմամբ։ Նրանք ևս մեկ անգամ հանդիպեցին հինգ տարի անց՝ 1889 թվականին։ Ալիքսը, ով իր հերթին նույնպես սիրահարված էր, Նիկոլային կտրականորեն մերժել էր նրա ամուսնության առաջարկությունը, քանի որ նա մոլլի բողոքական էր։ Իրար գրած նամակներում նա նշում է, որ իրենց միջև ամուսնությունը անհնար է հավատքի պատճառով։ Բացի Ալիքսի մերժումից, Նիկոլայը Ալիքսի հետ ամուսնանալու խնդրանքով կտրականապես մերժվել էր իր հոր և մոր կողմից, որովհետև նրանք երկուսն էլ գերմանացիների դեմ հակակրանք ունեին։

1894 թվականին Նիկոլայը այցելեց Գերմանիա՝ ներկա գտնվելու Ելիզաբեթի և Ալիքսի եղբոր՝ Հեսսի Երնստ-Լյուդվիգի ամուսնությանը, որտեղ Նիկոլայը և Ալիքսը ևս մեկ անգամ հանդիպեցին։ Ալիքսը երկրորդ անգամ մերժեց Նիկոլային հավատքի պատճառով։ Նիկոլայը նրան օրինակ բերեց Ալիքսի քրոջ՝ Ելիզաբեթի հավատափոխությունը։ Ալիքսը վերջնականապես որոշեց ընդունել Ռուս Ուղղափառ եկեղեցին։ 1894 թվականի ապրիլի 8-ին զույգը նշանվեց։ Նիկոլայի ծնողները կտրականապես դեմ էին նրանց որդու որոշմանը և հրաժարվեցին նրանց օրհնել։ Ալիքսը, ով շատ ամաչկոտ և կաշկանդված բնավորություն ուներ, վատ տպավորություն էր թողել իր Ռուսաստան կատարած այցի ժամանակ։ Ալեքսանդր III-ի հիվանդությունը ստիպեց նրան վերջ ի վերջո օրհնել զույգին և նրանց տալ ամուսնանալու իրավունք։

Չնայած այն փաստին որ Նիկոլայը պետք է դառնար կայսր, նրա հայրը լիովեն չէր պատրաստել իր որդուն այդ դժվար պարտականությանը։ Ալեքսանդր III-ի վաղեմի մահը խախտեց բոլոր նախատեսված պլանները և Նիկոլայը իր պաշտոնին անցավ ժամանակից շուտ։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի աշնանը կայսր Ալեքսանդր III-ի առողջական վիճակը ծայրահեղ վատ էր, և մոտակա մահը կանխազգալով նա Նիկոլային և Ալիքսին հրավիրեց Ղրիմում գտնվող Լիվադիայի պալատ։ Նա պարտադրեց, որպեսզի Ալիքսը կրի հատուկ համազգեստ։ Հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին և դրանից 10 օր հետո Ալեքսանրդ III-ը մահացավ 49 տարեկան հասակում։ Մահվան օրվա երեկոյան Նիկոլայը խոսակցություն ունեցավ իր հոր քահանայի հետ, ով ընդունեց Ալիքսին և պաշտոնապես նրան հավատափոխ արեց, որպես ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդ և վերցրեց Ալեքսանդրա Ֆյոդորովնա անվանումը։ Նա ավելի մեծ հավանություն էր տվել Եկատերինա անվանը, սակայն Նիկոլայը պնդել էր Ալեքսանդրա անվանումը վերցնել։

Ալեքսնադր III-ի մահվանից հետո նրա մարմինը հանեցին Լիվադիայի ամրոցից և տեղափոխեցին Մոսկվա։ Մի քանի օր հետո այնտեղ մնալուց հետո մարնիը վերջնականապես տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ, որտեղ էլ նոյեմբերի 13-ին տեղի ունեցան թաղման ծիսակատարությունները։ Նիկոլայի և Ալեքսանդրա Ֆյոդորովնայի ամուսնությունը պլանավորված էր 1895 թվականին գարնանը, սակայն Նիկոլայը պնդեց, որտեսզի այն տեղի ունենա 1894 թվականի աշնանը։ Ամուսնության օր նշանակվեց նոյեմբերի 26-ը՝ Նիկոլայի մոր՝ Մարիա Ֆյոդորովնայի ծննդյան օրը։ Ամուսնական ծիսակատարությունների պատրաստվելը որոշ չափով կոտրեց նախկին կայսրի մահվան վիշտը։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան կրում էր Ռոմանովների հարսնացուների հատուկ զգեստը, իսկ Նիկոլայը՝ հուսարի համազգեստ։ Նորապսակները սկզբնական շրջանում ապրում էին Մարիա Ֆյոդորովնայի հետ, այնուհետև՝ 1895 թվականի գարնանը նրանք տեղափոխվեցին Ցարսկոյե Սելո։

Թագադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ի թագադրության արարողությունը

1896 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Նիկոլայ II-ի թագադրութունը, որպես Ռուսաստանի Կայսրության կայսր։ Թագադրության հաջորդ օրը տեղի ունեցավ ճոխ ծիսակատարությունը, որին հրավիրված էին տարբեր երկրների ներկայացիչներ։ Ծիսակատարության նպատակով պալատից դուրս հավաքվել էր մարդկանց մեծ բազմություն։ Դա ի նկատի ունենալով պատրաստվել էին հատուկ պարկեր՝ ուտելիքով, խմիչքով և քաղցրավենիքով լցված՝ մարդկանց բաժանալու նպատակով։ Սակայն ներկա գտնվողների թիվը մի քանի տասնյակով գերազանցում էր ուտելիքով լի պարկերի թվին և որպեսզի բոլորը ունենան իրենց հասանելիք պարկը, քաղաքացիները սկսեցին իրար քաշքշել՝ առաջ սլանալով դեպի ուտելիք բաժանողներին։ Տեղի ունեցած խառնաշփոթի պատճառով 100.000 ներկա գտնվողներից 1389 մարդ մահացավ, իսկ 1300-ը վիրավովեցին։ Ողբերգական իրադարձության համար Նիկոլայը և իր կինը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան միասին աղոթեցին Աստծուն, սակայն դրա մասին ոչ մեկին չհայտնեցին և բոլորը կարծեցին, թե նոր կայսրին ամենևին էլ չի հետաքրքրում տեղի ունեցածը։ Նիկոլայը նաև փոխանցեց որոշակի գումար մահացածների ընտանիքներին օգնելու համար, սակայն ևս մեկ անգամ դրա մասին շատ քչերը իմացան և ժողովուրդը նրա կառավարման սկզբից նրան անտարբերությամբ և բացասական վերաբերվեց։ Նիկոլայը նույնիսկ ցանկություն հայնեց մնալ իր սենյակում և շարունակել աղոթել մահացածների հոգիների հանգստության համար, սակայն նրան խորհուրդ տվեցին ներկայանալ թագադրության առթիվ կազմակերպված ֆրանսիական պարահանդեսին՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով։ Նիկոլայը ներկայացած պարահանդեսին և ժողովուրդը դա համարեց անտարբերություն կատարվածների նկատմամբ։

Ամուսնական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ը իր ողջ կյանքի ընթացքում շատ մոտ էր իր կնոջը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնային և նրանց սերը մնաց փոխադարձ մինչև նրանց ողբերգական մահը։ Թագադրումից հետո Նիկոլայը իր կնոջ հետ մեկնեց ճանապարհորդության դեպի Եվրոպա։ Նրանք հանդիպեցին Ավստրո-Հունգարիայի կայսրին և կայսրուհուն, Գերմանիայի կայզերին, Դանիայի թագավորին և թագուհուն (որոնք նաև Նիկոլայի պապն ու տատն էին), այնուհետև նրանք մեկնեցին Շոտլանդիա տեսակցելու Անգլիայի Վիկտորիա Թագուհուն (որը Ալիքսի տատն էր)։ Մինչ Ալիքսը հաճելի ժամանակ էր անցկացնում թագուհու հետ, Նիկոլայը որսորդություն էր անում Ուելսի թագաժառանգի հետ՝ իր կամքին հակառակ (դրա մասին նա նամակով տեղեկացնում էր իր մորը)։ Եվրոպական շրջագայությունը ավարտվեց այցով Պարիզ և կայրուհու հայրենի Դարմշտադ։

Ամուսնական զույգի հիմնական ապրելավայրը Պետերբուրգի Ցարսկոյե Սելոն էր։ Նիկոլայը վարում էր համեմատաբար համեստ ապրելակերպ։

Շատերը Ալեքսանդրա Ֆյոդորովնային մեղադրում էին Նիկոլային ճիշտ քաղաքական ուղղուց շեղելու համար, քանի որ նա Նիկոլայի վրա շատ մեծ ազդեցություն ուներ։ Ալեքսանդրան նաև գտնվում էր շատ լարված հարաբերությունների հետ իր սկեսուրի՝ Մարիա Ֆյոդորովնայի հետ։

Ցարսկոյե Սելոյի պալատներում տարիներ շարունակ պահպանվել էին Նիկոլայի և Ալեքսանդրա Ֆյոդորովնայի պատի վրայի քերծած մակագրությունները, որոնք նրանք արել էին իրենց թանկարժեք քարերով՝ ի նշան իրենց սիրո։

Նիկոլայ II-ի և Ալեքսանդրա Ֆյոդորովնայի երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ը իր կնոջ և երեխաների հետ

Նիկոլայ II-ը և Ալեքսանդրա Ֆյոդորովնան ունեին հինգ երեխա՝ Օլգան (1895 թ նոյեմբերի 3), Տատիանան (1897 թ մայիսի 29), Մարիան (1899 թ հունիսի 14), Անաստասիան (1901 թ հունիսի 5) և Ալեքսեյը (1904 թ հուլիսի 30) (թվականները նշված են ըստ ռուսական հին տոմատի)։ Նիկոլայը սերտ կապեր ուներ իր երեխաների հետ։ Նրա և իր կնոջ համար ժամանակը ավելի ուրախ էր անցնում, երբ նրանք շրջապատված էին իրենց երեխաներով։ Նրանք խուսափում էին անծանոթներից և նախընտրում էին շփվել իրենց շատ մոտ ընկերների հետ։

Երկար սպասված ժառանգորդը՝ ցարևիչ Ալեքսեյը ծնվեց 1904 թվականին։ Ամբողջ կայսրությունը ցնծության մեջ էր։ Սակայն քիչ ժամանակ անց պարզվեց որ երեխան հիվանդ է հեմոֆիլիայով և նրա կյանքը յուրաքանչյուր վայրկյան վտանգի տակ է։ Այդ փաստը ընտանիքը փորձեց ինչքան հնարավոր է երկար գաղտնի պահել։ Չորս քույրերը՝ Օլգան, Տատիանան, Մարիան և Անաստասիան շատ մոտ էին իրար և իրենց ծնողներին։ Նրանք մեծ քնքշությամբ էին վերաբերվում իրենց հիվանդ եղբորը և շատ ժամանակ նաև խնամում էին իրենց թույլ առողջություն ունեցող մորը։

Նիկոլայի հետ իր չորս աղջիկները շատ մոտ էին։ Հիմնականում Օլգան շատ էր սիրում երկար զբոսնել իր հոր հետ։

Ալեքսեյի հիվանդություն և Գրիգորի Ռասպուտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Ալեքսեյը

Նիկոլայ II-ի տղան՝ արքայազն Ալեքսեյը, տառապում էր հեմոֆիլիա ժառանգական արյան հիվանդությունով, որի դեպքում արյունը չի մակարդվում և նույնիսկ մի փոքր կտրվածքից կարող է օրգանիզմը արնաքամ լինել։ Բացի այդ հիվանդները տառապում են նաև ներքին արյունահոսությամբ։ Հիվանդությունը արտահայտվում է միայն արական սեռի մոտ։ Կանայք կարող են կրել այդ հիվանդությունը և փոխանցել իրենց որդիներին։ Ալեքսեյը հիվանդությունը ժառանգել էր իր մորից՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայից, որը իր հերթին այն ժառանգել էր Վիկտորիա Թագուհուց։ Հիվանդությունը հիմնականում հանդիպում էր թագավորական ընտանիքներում, այդ իսկ պատճառով այն ձեռք էր բերել "թագավորական հիվանդություն" անվանումը։ Պալատում Ալեքսեյի հիվանդության մասին գիտեին միայն ամենամոտ անձինք։ Ալեքսեյը օրերով գամված էր մնում անկողնում, տառապում էր շատ սուր ցավերով՝ ներքին արյունահոսության պատճառով։ Բժշկությունը այն ժամանակ չէր կարող բուժել այդ հիվանդությունը։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան իր որդուն փրկող բժիշկների փնտրտուքի մեջ էր, սակայն նրանք չէին օգնում և դա նրան դրդեց օգնություն խնդրել խորհրդապաշտներից, հոգևորականներից և այլն։ Շատ ժամանակ պալատ էին այցելում հատուկ շնորհք ունեցող անձինք, սայակն նրանցից և ոչ մեկը չէր կարողանում բուժել Ալեքսեյին կամ որոշ չափով թեթևացնել նրա ցավը։ Սակայն գտնվեց մի հոգևորական՝ Գրիգորի Ռասպուտին անունով, ով կարողացավ զգալիորեն լավացնել Ալեքսեյի առողջական վիճակը։ Նրա այցելություններից հետո Ալեքսեյը կազդուրվում էր։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան վստահ էր, որ վերջապես գտնվել էր մի մարդ, ով կարող էր փրկել իր որդու կյանքը։ Վստահ լինելով Ռասպուտինի աստվածատուր շնորհքի վրա նա նրան ազատ ելք ու մուտք թույլ տվեց պալատում։ Ռասպուտինը գտնվում էր շատ մոտիկ հարաբերություններում նաև Նիկոլայի չորդ դստրերի հետ։ Ժամանակի ընթացքում նա այնքան մտերմացավ ընտանիքի հետ, որ շատերը կասկածում էին նրա ազդեցության վրա նույնիսկ երկիրը կառավարելու գործում։ Բացի թագավորական ընտանիքից մյուս բոլորը դեմ էին Ռասպուտինի ներկայությանը և սպառնում էին նրան սպանել։ Ռասպուտինը իր հերթին ասել էր կայսրուհուն, որ եթե նրան որևէ բան պատահի, ապա թագավորական ընտանիքը կզոհվի տառապանքի ճանապարհով։ Նիկոլայի մայրը՝ Մարիա Ֆյոդորովնան շատ անգամներ գրում էր իր որդուն ձեռբ ազատվել Ռասպուտինից սակայն նա վախենալով իր որդու առողջության համար և գտնվելով իր կնոջ ազդեցության տակ ոչ մի վնաս չէր տալիս նրան։

Զգալով, որ Ռասպուտինի ազդեցությունը գնալով մեծանում է ռուս իշխան Ֆելիքս Յուսուպովը կազմակերպեց և սպանեց Ռասպուտինին 1916 թվականին։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան սարսափի մեջ էր վախենալով, որ Ռասպուտինի ասածները կարող են իրականանալ։

Երկրի Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Նիկոլայ II-ը 1896 թվականին

Նիկոլայ II-ը կառավարման առաջին տարիներին շարունակում էր իր հոր՝ Ալեքսանդր III-ի սկսած գործերը։ Նա մեծ գումար շնորհեց Նիժնի-Նովոգորոդում կայանալիք Մեծ-Ռուսական Ցուցահանդեսին։ 1897 թվականին նա Ֆինանսների նախարար Սերգեյ Վիտտի հետ միասին վերջացրեց 12 տարի առաջ սկսած ֆինանսական ռեֆորմը՝ հաստատելով ոսկեդրամի գինը։ 1902 թվականի սկզբին Տրանս-Սիբիրյան երկաթգիծը արդեն համարյա պատրաստ էր, որը թուլտ տվեց Ռուսաստանին առևտրական կապերի հարցում։ 1897 թվականի մարտին ռուսական զորքերը մասնակցեցին Կիպրոսում կայացող խաղաղության երթին՝ հունական-թուրքական պատերազմից հետո։ 1897 թվականին Ռուսական Կայսրություն այցելեցին Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց-Յոզեֆը, Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը և Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորը։ Կասյր Ֆրանց-Յոսեֆի հետ կնկվեց 10 տարվա հաշտության պայմանագիր։

Ռուս-Ֆրանսիական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իր հայրը Նիկոլայը շարունակում էր ամրացնել Ռուս-Ֆրանսիական կապերը։ Երբ 1896 թվականի եվրոպական շրջագայության ժամանակ նա գտնվում էր Անգլիայում և այցելում էր Անգլիայի Վիկտորիա Թագուհուն, Անգլիայի և Օսմանյան Կայսրության հարաբերությունները կտրուկ վատացան հայերի արդեն սկսվող ջարդերի հետ կապված։ Նիկոլայը համաձայնվեց միանալ Անգլիային և կատարել որոշ փոփոխություններ Օսմանյան Կայսրության վերափոխման գործում, սակայն մերժեց Անգլիայի կողմից ներկայացվող պլանը, ըստ որի Օսմանյան Կայսրության սուլթան Աբդուլ-Համիդին պետք է արձակեին։ Պլանի մեջ մտնում էր նաև Եգիպտոսի ժամանակավոր անցումը Անգլիայի իշխանության տակ։

Նույն տարի նա նաև այցելեց Ֆրանսիա և Անգլիայում կատարված որոշումների մասին իր համաձայնությունը տվեց Կոնստանդնուպոլսի ռուս և ֆրանսիացի դեսպաններին (մի բան, որ մինչ իր կառավարումը բոլորը կատեգորիկ մերժում էին)։ Կատարված պայմանագրերի հետ կապված շատ քաղաքական գործիչներ իրենց դժկամությունը արտահայտեցին, սակայն որոշ ժամանակ անց համաձայնեցին։

Ռուս-ֆրանսիական պայմանագրի ժամանակ կատարվեց Հաագայի հաշտության խորհրդաժողովը։ Խորհրդաժողովը կազմակերպել էր հենց ինքը՝ Նիկոլայ II-ը ցանկանալով վերացնել զինված ուժերի հարձակումը և դրա փոխարեն մշակել ուրիշ, ավելի խաղաղ պլան։ Ժողովին մասնակցող երկրների ներքին վատ հարաբերությունների պատճառով ընդհանուր հայտարար այդպես էլ չեղավ, սակայն Նիկոլայը և ռուս դիպլոմատ Ֆրիդրիխ Մարտենսը նոմինացվեցին Խաղաղության Նոբելյան Մրցանակի։

Տնտեսական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ի հրամանով նախկին "իմպերիալ" ոսկեդրամների վրա սկսեցին նշել 15 ռուբլի՝ 10 ռուբլու փոխարեն։ Կատարված փոփոխությունը տարաձայնություններ չառաջացրեց։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում բնակվում էին մոտ 125 միլլիոն մարդ, որոնցից 84 միլլիոնի մայրենի լեզուն ռուսերենն էր։ Գրագետ համարվում էր բնակչության 21 տոկոսը և 10-19 տարեկանների 34 տոկոսը։

Նիկոլայը նաև սահմանեց աշխատանքի ժամերին վերաբերվող որոշ օրենքներ՝ սովորական օրերին աշխատանքը պետք է տևեր 11,5 ժամ իսկ շաբաթ օրերին՝ 10 ժամ։ Այն գործարաններում որտեղ 100 հոգուց ավել մարդ էր աշխատում հասնում էր անվճար բժշկական օգնություն։ Եթե աշխատանքի ժամանակ աշխատողը ծանր վիրավորվում էր, ապա նրան տրվում էր թոշակ, ինչպես նաև հատուկ օգնություն իր ընտանիքի անդամներին։ 1912 թվականի հունիսի 23-ին հաստատվեց հատուկ օրենք, ըստ որի հիվանդությունների դեպքում աշխատողները կարող էին ունենալ ապահովվագրություն։

Նիկոլայը վերացրեց օրենքը ըստ որի երկրի արևմուտքում ապրող հողատարածք ունեցողները պետք է հարկեր վճարեին։ 1900 թվականի հունիսի 12-ին սահմանվեց որպես պատիժ Սիբիր ուղարկելու օրենքը (որը փոխարինում էր նախկին մահապատիժը)։

Եկեղեցական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Նիկոլայ II-ը որոշեց 18-րդ դարում ապրած Սարովի Սերաֆիմին դասել սրբերի շարքը։ 1902 թվականին ասվել էր, որ եթե թագավորական զույգը Սերաֆիմին դասի սրբերի շարքը, ապա նրանք որդի կունենան։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան ցանկանում էր ինչքան հնարավոր է շուտ անել այդ արարողությունը, սակայն Նիկոլայը որոշեց Սերաֆիմի հարցը լուծել մեկ տարվա ընթացքում։ Եկեղեցին որոշեց Սարովի Սերաֆիմին սուրբ դարձնել 1903 թվականի հունվարին։ Նույն թվականի ամռանը թագավորական զույգը մեկնեց Սարով՝ կատարելու հատուկ ծիսակատարություն և աղոթելու։

Ռուս-Ճապոնական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներորդ դարի սկզբին Ռուս-Ճապոնական հարաբերությունները գտնվում էին ծայրահեղ վատ վիճակում, տարածքային խնդիրների պատճառով։ Անխուսափելի պատերազմը սկսեց 1904 թվականին՝ առանց պաշտոնական պատերազմի հայտարարության։ Ճապոնական բանակը հանկարծակի հարձակվեց Ռուսական Պորտ-Արտուր նավահանգստի վրա։ Պորտ Արտուրի զորքը գտնվում էր պաշարման մեջ, և միակ մնացած զորքը Բալտիկ շարժակազմն էր։ Հրաման արձակվեց այդ շարժակազմին անմիջապես ուղարկել պատերազմի վայր՝ 9 ամիս տևող ճանապարհով։ Անգլիան թույլ չէր տա շարժակազմին տեղափոխվել Սուեզի ջրանցքով՝ անգլո-ռուսական հաշտության պայմանագրի պատճառով։ Բալտիկ շարժակազմի երկար ճանապարհորդության ժամանակ տեղի ունեցավ Թսուշիմա նեղուցի ճակատամարտը, որի հետևանքով ռուսական բանակը կրեց մեծ կորուստներ։ Ռուսական բանակը կանգնած էր նյութատեխնիկական խնդիրների առաջ։ Պահեստային զորամասը և զենքերը գտնվում էին Սանկտ-Պետերսբուրգում, իսկ պատերազմը տեղի էր ունենում Ռուսաստանի ասիական հատվածում։ Տեղափոխման միակ միջոցը Տրանս-Սիբերյան երկաթգիծն էր, որը ուղիղ կապ էր հաստատում Պետերբուրգի և Պրտ-Արտուրի միջև։ Դա զգալիորեն դժվարացնում էր զինվորների տեղափոխման հարցը։ Ինը ամիս տևող պայքարից հետո ռուսական բանակը պարտվեց ճապոնական բանակին։

Նիկոլայի վերաբերմունքը պատերազմի հետ կապված ողբերգալի իրադարձություններին ապշեցնում էր բոլորին։ Նա վստահ էր, որ պատերազմը ավելի էր ամրապնդում ռուսական պատրիոտիզմը։ Նրան քիչ էին հետաքրքրում երկրում առաջացած ֆինանսական խնդիրները։ Պատերազմից առաջ նա համոզված էր, որ պատերազմ չէր էլ լինելու։ Նույնիսկ կրած պարտությունից և կորուստներից հետո նա համոզված էր, որ վերջիվերջո հաղթանակը կլիներ Ռուսաստանինը։

Բոլորը, այդ թվում նաև իր մայրը և զարմիկ Վիլհելմ II կայսրը, Նիկոլային խորհուրդ էին տալիս Ճապոնիայի հետ կնքել հաշտության պայմանագիր, սակայն Նիկոլայը հրաժարվում էր սպասելով ճապոնական բանակի կամավոր հեռանալուն Մանչուրիայից։ Նա վերջնականապես միտքը փոխեց 1905 մայիսի 27-28-ի ռուսական բանակի ամբողջական ոչնչացումից հետո։ Ստորագրվեց Պորտ սմուտի հաշտության պայմանագիրը։

Արունոտ կիրակի (1905)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդրագիրը

1904 թվականին Սանկտ-Պետերբուրգի Պուտիլովի երկաթաձուլության գործարանում չորդ աշխատողներ հեռացվեցին աշխատանքից՝ Ասամբլեայի հետ անդամակցության պատճառով։ Գործարար մենեջերը վստահեցնում էր, որ պատճառը այլ էր։ Մյուս աշխատողները գործադուլ հայտարարեցին աշխատողներին հեռացնելու պատճառով և պահանջեցին նրանց ետ վերցնել, սակայն դա տեղի չունեցավ։ Իրավիճակը գնալով վատթարացավ և այլ տեղերի աշխատողներ նույնպես սկսեցին գործադուլներ հայտարարել, հանգեցնելով նրան, որ հունվարի 21-ին քաղաքը ուներ ոչ՛ էլեկտրականություն, ոչ՛ էլ թերթ։ Բոլոր հանրային տարածքները փակվեցին։

Հոգևորական Հայր Գապոնի նախաձեռնությամբ կազմվեց խնդրագիր, որի մեջ նա մանրամասնորեն ներկայացնում էր աշխատավորների ծանր վիճակը և խնդրում կատարել որոշ բարելավումներ։ Նա նամակում նաև խնդրում էր ցարին կասեցնել ռուս-ճապոնական պատերազմը։ 15-18-րդ դարերում տարբեր խնդրագրերի շնորհիվ հնարավոր էր եղել կատարել կարևոր փոփոխություն, այդ հույսով էր առաջնորդվում Հայր Գապոնը։ Խնդրագիրը նա անձամբ պետք է ներկայացներ ցարին։ Կազմակերպվել էր նաև երթ՝ առանց որևէ հաղափոխական նկատառումների։

Բոլշևիկները, մենշևիկները և այլ քաղաքական խմբեր իրենց հավանությունը չտվեցին երթի կապակցությամբ, քանի որ այն իր մեջ չէր պարունակում որևէ քաղաքական խնդիր։ Այդ իսկ պատճառով Հայր Գապոնը խնդրեց երթի մասնակիցներին իրենց հետ վերցնել քաղաքական նշաններով ցուցանակներ։ Երթը պետք է տեղի ունենար կիրակի օրը։ Չնայած լարված վիճակին Նիկոլայը լքեց Սանկտ-Պետերբուրգը և մեկնեց Ցարսկոյե Սելո։ Նա հրամայեց, որպեսզի Ձմեռային Պալատի զորքերի թիվը կրկնապատկեն։ Իր օրագրի մեջ նա գրել էր՝ "Զորքի թիվը կրկնապատկվեց։ Մինչև հիմա աշխատավորները իրենց հանգիստ են պահել։ Նրանց գլխին կանգնած է ոմն հոգևորական Հայր Գապոնը։ Միրսկին այս երեկո եկավ, որպեսզի տեղեկացնի իրադարձությունների մասին:"

Կիրակի օրը՝ հունվարի 9-ին Հայր Գապոնը սկսեց իր երթը։ Երթի մասնակիցները հանգիստ քայլում էին. նրանցից ոմանք ունեին քաղաքական ցուցանակներ, իսկ ոմանք՝ սրբապատկերներ։ Երթի ժամանակ մասնակիցները միասին երգեցին "Աստված պաշտպանի ցարին" օրհներգը։ Ժամը երկուսին նրանք հասան Ձմեռային Պալատի մուտքի մոտ և տեսան, որ այն ամբողջովին պաշարված է զինվորներով և հուսարներով։ Զինվորները սկսեցին կրակել երթի մասնակիցների վրա։ Մահացան 92 և վորավորվեցին մի քանի հարյուր հոգի։ Հայր Գապոնը անհետացավ, իսկ երթի մյուս կազմակերպիչները բռնվեցին։ Զայրացած մասնակիցները պատռեցին իրենց հետ բերած նկարները և սկսեցին գոռալ "Ցար Նիկոլայը այլևս մեզ չի օգնի": Բրիտանացի քաղաքական գործիչ Ռամզայ ՄաքԴոնալդը բարձրաձայն քննադատեց ցարին, նրան անվանելով մասսայական մարդասպան։ Այդ երեկոյան Նիկոլայը գրեց իր օրագրում՝

      "Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել բազմաթիվ ողբերգալի իրադարձություններ։ Երթի մասնակիցներից շատերը 
             վիրավորվել և մահացել են Ձմեռային Պալատ մտնելու փորձի ժամանակ։ Պալատը շրջապատված է եղել 
             զինվորներով։ Տեր Աստված, ինչպիսի ցավալի և դժբախտ իրադարձություն:"

Հայր Գապոնը իր թաքստոցից բաց նամակ էր գրել Նիկոլայ II-ին՝ անվանելով նրան արունարբու և քննադատելով կատարվածների համար։

1905 թ.-ի հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-Ճապոնական պատերազմի ճապոնական հաղթանակից հետո ռուսական ինքնիշխանության վարկանիշը կտրուկ նվազեց։ Դրան ավելացավ նաև Արունոտ կիրակին։ Հեղափոխականների թիվը գնալով ավելանում էր։ Նրանք սպանում էին քաղաքական գործիչներին և թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին՝ այդ թվում նաև Նիկոլայ II-ի հորեղբայր Մեծ Իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչին, որին սպանեցին Մոսկվայում՝ ռումբով։ Նիկոլայը իր նամակներում և օրագրերում հայտնում էր իր դժգոհությունը կատարվածների կապակցությամբ՝ ասելով, որ իր համար ծայրահեղ ծանր էր կարդալ ամենօրյա նորությունները։

Հակա-հրեական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և իր հայրը՝ կայսր Ալեքսանդր III-ը, Նիկոլայը ազգայնամոլ էր և այլ ազգերին տեղ չէր տալիս։ Ռուսաստանում գոյություն ունեցող հակասեմիտականությունը քննադատում էր եկեղեցու կողմից։ Նիկոլայը նույնպես այն քննադատում էր, սակայն առանձին զրույցներում նա հրեաների դեմ էր և համարում էր, որ հակասեմիտականությունը կարող էր միավորել ռուս ժողովրդին։

Հարաբերությունները Եվրոպայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին ստորագրվեց Անգլո-Ռուսական միաթյան պայմանագիրը և Ռուսաստանը միացավ Անտանտին։ Այդ ամենը արվում էր ագրեսիվություն դրսևորող Գերմանիայի դեմ։ Այնուհետև Նիկոլայը իմացավ, որ իր արտաքին գործերի նախարարը՝ Ալեքսանդր Իզվոլսկին, գաղտնի համաձայնության մեջ էր մտել Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հետ, ըստ որի Ռուսաստանը պետք է դեմ չլիներ Ավստրիայի միացմանը Բոսնիա և Հերցոգովինային։ Երբ այդ տարվա հոկտեմբերին Ավստրիան այնուամենայնիվ կատարեց միացումը, Ռուսաստանը արտահայտեց իր դժգոհությունը, որը ավարտվեց դիվանագիտական ճգնաժամով։ Ավստրիան սպառնաց Ռուսաստանին տեղեկացնել աշխարհին երկու արտաքին գործերի նախարարների գաղտնի պայմանագրերի մասին։ Նիկոլայը ստիպված նամակ գրեց Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆին՝ արտահայտելով իր դժգոհությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Դինաստիայի երեքհարուրամյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ը կնոջ հետ երեքհարյուրամյակի օրը

1913 թվականին Ռուսաստանը տոնում էր Ռոմանովների դինաստիայի երեքհարյուրամյակը։ Կազմակերպվել էին ճոխ հանդիսություններ, որին մասնակցում էր նաև Նիկոլայ II-ի ընտանիքը։ Կազանի տաճարում մատուցվեց հատուկ պատարագ։ Նիկոլայ II-ը իր ընտանիքի անդամների հետ կատարեց ուխտագնացություն ամբողջ կայսրությունով և կատարեցին Ռոմանովների դինաստիան հիմնող երիտասարդ Միխայիլ Ռոմանովի 1613 թվականին կատարած ճանապարհը՝ Իպատիևի վանքից դեպի Մոսկվա, որտեղ և նա համաձայնեց դառնալ ռուսական ցար։

Առաջին Համաշխարհային Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II-ը գրաֆ Ֆրեդերիկսի և մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի հետ: 1914 թ. սեպտեմբեր

1914 թվականին սկսեց անխուսափելի համաշխարհային պատերազմը։ Տարբեր իրադարձություններ հանգեցրին երկրների միջև լարված հարաբերությունների։ Հուլիսի 28-ին Ավստրիան պատերազմ հայտարարեց Սերբիային, որը և ստիպեց Գերմանիային դիվանագիտական խնդիրներ ունենալ Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի հետ՝ Անտանտի դաշինքի հետ կապված։ Հուլիսի 29-ին Նիկոլայը հեռագիր ուղարկեց Վիլհելմ II-ին, նրան խնդրելով կասեցնել պատերազմը և խնդիրը ուղարկել Հաագայի հանձնաժողովի քննարկմանը։ Սակայն գերմանացի կայսրը ետ պատասխան չուղարկեց։ Ռուսաստանը որոշում ընդունեց պատրաստել զորքը անխոսափելի պատերմին, սակայն վճռական քայլերի չդիմեց՝ վախենալով անտեղի զոհերից և վնասներից։ Գերմանիան անմիջապես պահանջեց Ռուսաստանից ետ հավաքել զորքերը առաջիկա 12 ժամերի ընթացքում։ Ուլտիմատումի ժամանակի լրացումից հետո գերմանացի և ռուս դիվանագետների հանդիպումից հետո պաշտոնապես պատերազմ հայտարարվեց։ Այն սկսեց 1914 թվականի օգոստոսի մեկին։ Ռուսական զորքերը գտնվում էին անպատրաստ վիճակում։ Նույնիսկ զորքերի թիվը զգալիորեն ավելացնելուց հետո երկիրը մնաց անպատրաստ։ Զորքերի գլխին կանգնած հրամանատերները նույնպես թույլ էին տալիս կազմակերպչական սխալներ։ Պատերազմի հետագա տարիներին Ռուսաստանը կարողացավ իրեն հաջողությամբ դրսևորել Ավստրո-Հունգարական և Օսմանյան Կայսրության բանակների դեմ, սակայն գերմանական բանակի դեմ միշտ պարտություններ կրեց։ Միայն 1915 թվականի գարնան և ամռան ամիսներին մահացան մեկ միլլիոնից ավել մարդ և վիրավորվեցին մոտ 900.000-ը։

Երկրում վիճակը վատանում էր և ամբոխը ցանկանում էր գահընկեց անել Նիկոլային և մահվան դատաստանի ենթարկել Գրիգորի Ռասպուտինին՝ նրան համարելով չար ուժ կամ բացասական անձնավորություն։

Նիկոլայ II-ը հրամանատարների հետ

1915 թվականի հուլիսին Նիկոլայի զարմիկ Քրիստիան X-ը Ցարսկոյե Սելո միջնորդ ուղարկեց, սակայն Նիկոլայը որոշեց չնդունել միջնորդին։ Այնուհետև տեղի ունեցան որոշ փոփոխություններ հրամանատարների կազմում, որի արդյունքում Ռուսաստանը լուրջ վնասներ կրեց։ Նիկոլայը անձամբ հրամանատար դարձավ 1915 թվականի սեպտեմբերին և կատարեց բազմաթիվ սխալներ, որի արդյունքում զոհվեցին շատ զինվորներ։

Պատերազմի պատճառով բացակայող Նիկոլայը իր պարտականությունների մեծ մասը վստահել էր իր կնոջը՝ Աելքսանդրա Ֆեոդորովնային։ Այն փաստը, որ նա ծագումով գերմանացի էր և գտնվում էր սերտ հարաբերությունների մեջ Գրիգորի Ռասպուտինի հետ ավելի խորացրին ժողովրդի ատելությունը ներկա իշխանության նկատմամբ։ Ալեքսանդրային նույնիսկ մեղադրում էին Գերմանիայի հետ գաղտնի կապերի մեջ լինելու մեջ։ Ռասպուտինը իր հերթին լուրջ վտանգ էր ներկայացնում հիմնականում թագավորական ընտանիքի պատիվը բարձր պահելու հարցում, այդ իսկ պատճառով 1916 թվականի դեկտեմբերի 17-ին նրան սպանեցին՝ իշխան Ֆելիք Յուսուպովի գլխավորությամբ։

Պատերազմի ժամանակ Նիկոլայի կինը և երկու աղջիկները՝ Օլգան ու Տատիանան, խնամում էին վիրավորվածներին։ Բացվել էին մի քանի բժշկական կետեր՝ մի քանիսը պալատների որոշ հատվածներում։

Կայսրության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհայինի ժամանակ Ռուսաստանը կրեց բազմաթիվ մեծ կորուստներ՝ 15 միլլիոնից ավել զոհեր, ձիերի և այլ տնային կենդանիների պակաս, արտադրողական վնասներ և այլն։ Դա հանգեցրեց դժգոհության հիմնականում գյուղացիների մոտ, քանի որ կրած վնասներից ամենաշատը հենց իրենք էին տուժում։

Նիկոլայը 1915-16 թվականներին հիմնականում զբաղված էր պատերազմական գործողություններով և կայսրության ղեկավարությունը ենթարկվում էր փոփոխությունների։ Տեղի ունեցան որոշ պաշտոնյաների աշխատանքի հեռացումներ, Նիկոլայի կինը՝ Ալեքսանդրան, կայսրության կառավարումը վերցրել էր իր վրա, որը իր հերթին դժգոհություն էր առաջացնում թագավորական ընթանիքի մյուս անդամների և Ռուսաստանի բնակիչների մոտ։ Նրանք բոլորը բացասական էին վերավերվում Ալեքսանդրային։

Պատերազմից արդեն ուժասպառ ժողովուրդը ցանկանում էր գահընկեց անել Նիկոլային։ Դեռ կայսր Ալեքսանդր II-ի կառավարումից հետո Ռուսաստանում կտրում շատացել էին ահաբեկչական խմբերը։ Նրանք սպանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին և այլ քաղաքական գործիչների։ Նիկոլայի հոր՝ կայսր Ալեքսանդր III-ի կատարած ազգայնամոլ փոփոխությունները՝ ազգային փոքրամասնությունների տարբեր կարևոր օրնեքներից զրկելը, երկրից արտաքսելը կամ աքսորի ենթարկելը, նույնպես առաջացրել էր ատելություն կայսրության կառավարողների դեմ։ Հիմնականում դա վերաբերվում էր Ռուսաստանում ապրող հրեաներին որոնցից շատերը անցել էին հեղափոխականների շարքերը։ 1916-17 թվականի խստաշունչ ձմեռվանից հետո քաղաքացիները ստիպված ջարդում էին խանութների ապակիները՝ ուտելիք հայթայթելու նպատակով։ 1917 թվականի փետրվարին զայրույթի գագաթնակետին հասած քաղաքացիները սկսեցին փողոցներում գոռալ "Վե՛րջ գերմանացի կայսրուհուն, վե՛րջ պատերազմին, վե՛րջ ցարին": Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանները շենքերի տանիքներից կրակում էին քաղաքացիների վրա։

Արդեն 60.000 զինվորներ միացել էին հեղափոխական շարժմանը։ Ցարին աղերսում էին շուտ վերադառնալ մայրաքաղաք։ Դումայի և նոր ստեղծված Սովետի անդամները հաստատեցին ժամանակովոր կառավարություն և կազմեցին ցարին գահընկեց անելու փաստաթուղթը։ Նիկոլային միայն մնում էր այն ստորագրել։

Պաշտոնանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահընկեցության փաստաթուղթը

1917 թվականի մարտի 2-ին Նիկոլայը գնացքով վերադառնում էր Ցարսկոյե Սելո, սակայն հեղափոխականները կանգնեցրին գնացքը։ Նիկոլային տրվեց գահընկեցության նամակը։ Նա առանց երկար մտածելու այն ստորագրեց։ Սկզբից նա ցանկացավ իր պաշտոնը տալ որդուն՝ Ցարեվիչ Ալեքսեյին, սակայն դա չարեց երեխայի թույլ առողջական վիճակի պատճառով. բժիշկները նրան երկար կյանք չէին խոստանում։ Այնուհետև նա իր պաշտոնը հանձնեց իր կրտսեր եղբորը՝ Մեծ Իշխան Միխայիլին, որը իր հերթին պաշտոնից հրաժարվեց հաջորդ օրը։ Դրանով ավարտվեց Ռուսաստանի միապետական իշխանությունը։

Բոլորին ապշեցրել էր Նիկոլայի սառնությունը փաստաթուղթը ստորագրելիս։ Նա այդ երեկոյան իր օրագրում կգրի․

«Իմ երկրին և ժողովրդին ծառայելու նպատակով ես գնացի այդ դժարին քայլին»։

Տնային կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայը կալանքի ժամանակ: Ցարսկոյե Սելո: 1917 թվականի մարտ

Նիկոլայը փաստաթուղթը ստորագրելուց հետո ցանկանում էր ընտանիքի հետ մեկնել Անգլիա։ Անգլիայի թավավոր Ջորջ V-ը նրան ապաստարան էր տալիս Բեռլինում սակայն Նիկոլայի գերմանացի կինը լուրջ խնդիր էր ներկայացնում, քանի որ պատերազմը դեռ ավարտված չէր։ Ֆրանսիան նույնպես պատերազմական նկատառումներով մերժեց նրանց ապաստան տալու խնդրանքը։

Ռոմանովներին տնային կալանքում պահեցին երեք վայրերում՝ Ցարսկոյե Սելոյում, Տոբոլսկում և Եկատերինբուրգի Իպատիևի տանը։

Ցարսկոյե Սելո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1917 թվականի օգոստոսը նախկին թագավորական ընտանիքի անդամները՝ Նիկոլայ II-ը, կինը՝ Ալեքսանդրա Ֆեոֆորովնան և նրանց հինգ երեխաները՝ Օլգան, Տատիանան, Մարիան, Անաստասիան և Ալեքսեյը տնային կալանքի տակ պահվեցին իրենց հայրենի Ցարսկոյե Սելոյում։ Նրանք իրավունք չունեին առանց պահակ-ուղեցողների տեղաշարժվել, ունեին հաստատված ժամեր՝ ուտելու և զբոսանքների համար։ Պալատի առջև գտնվող փոքրիկ կամրջից այն կողմ նրանք իրավունք չունեին անցնել։ Տարբեր քաղաքացիներ հավաքվում էին պալատի շրջակայքում, որպտեսզի տեսնեին կալանքի մեջ գտնվող թագավորական ընտանիքին։ Նիկոլայը իր օրագրում գրում էր, որ օրերը բոլորովին իրարից չէին տարբերվում։ Նրանք առանց հույսը կորցնելու սպասում էին օգնության։ Ալեքսանդրա Ֆեոդորվնայի առողջական վիճակի վատացման պատճառով նա չէր կարողանում քայլել և անվերջ գտնվում էր հաշմանդամի սայլակում։ Սակայն Ռոմանովները ամենաշատը վախենում էին իրարից բաժանվելուց։

Տոբոլսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տունը որտեղ Նիկոլայ II-ը ընտանիքի հետ կալանքի մեջ էր Տոբոլսկում
Նիկոլայը Տոբոլսկում երեք աղջիկների հետ: 1917 թվականի ձմեռ

Նիկոլայի և իր ընտանիքի անվտանգության համար որոշվեց նրանց ուղարկել ռուսական հեռու քաղաք։ Ընտրեցին Տոբոլսկը։ Նրանց թույլ տվեցին իրենց հետ վերցնել անհրաժեշտ իրեր՝ կահույք, զարդեր, զգեստներ, օրագրեր, նամակներ և այլն։ Թագավորական ընտանիքի մոտ աշխատողներին նույնպես թույլատրվեց նրանց ուղեկցել։

1917 թվականի օգոստոսի մեկին ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ։ Հերթապահների և զինվորների քանակը պակաս էր։ Նրանց թույլ էր տրվում գնալ եկեղեցի։ Հատուկ պատրաստվել էր տուն՝ Տոբոլսկի քաղաքապետի տունը։ Ընտանիքը վարում էր համեստ ապրելակերպ։

Եկատերինբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իպատիևի տունը

1918 թվականի ապրիլին որոշվեց նախկին թագավորական ընտանիքին տեղափոխել Մոսկվա՝ դատաստանի ենթարկելու նպատակով, սայան դա այդպես էլ չիրագործվեց։ Դրա փոխարեն որոշվեց ընտանիքին տեղափոխել ավելի հեռու գտնվող Եկատերինբուրգ քաղաքի "հատուկ նշանակության" Իպատիևի տուն։

Նիկոլային և Ալեքսանդրային դրա մասին ոչինչ չէին ասել։ Քանի որ Ալեքսեյը լուրջ հիվանդ էր, որոշվեց ընտանիքը բաժանել երկու մասի՝ սկզբից կմեկնեին Նիկոլայը, Ալեքսանդրան և նրանց դուստր Մարիան, իսկ Ալեքսեյի ապաքինումից հետո նրանց կմիանային նաև Օլգան, Տատիանան, Անաստասիան և Ալեքսեյը։ Նրանք առաջին անգամ իրարից բաժանվեցին։

Նիկոլայը Ալեքսանդրան և Մարիան ճանապատհորդվեցին անհայտ ուղղությամբ։ Մինչև վերջին րոպեն Նիկոլայը դեռ այն հույսն ուներ, որ նրանց ազատ կարձակեին կամ կտանեին Մոսկվա։ Սակայն նա շատ զարմացավ, երբ հասավ Եկատերինբուրգ։ Նրա հույսերը լրիվ մարեցին։

Ընտանիքի նոր կացարանը՝ Իպատիևի տունը ամբողջությամբ շրջապատված էր զորքով։ Դռները երկաթապատված էին իսկ պատուհանները ներկված սպիտակ ներկով։ Նրանք նույնիսկ շոգ օրերին իրավունք չունեին բացել պատուհանները։ Մարիան իր քույրերին նամակներում հայտնում էր տան սարսափելի իրավիճակի մասին։ Մի քանի ամիս հետո նրանց միացան մյուս չորս երեխաները։ Ընտանիքի անդամները իրավունք չունեին ազատ շրջել տանը։ Նրանց հատկացված էին միայն մի քանի սենյակներ։ Նիկոլայը Ալեքսանդրան և Ալեքսեյը քնում էին նույն սենյակում, իսկ աղջիկները միասին մեկ այլ սենյակում։ Հատկացված էր նաև ճաշասենյակ։ Ընտանիքին նաև միացել էին մի քանի աշխատողներ։ Նրանց հսկող զինվորները ընտանիքի հետ շատ կոպիտ էին վերաբերվում։ Նրանք գողանում էին այն ամենը ինչ կարող էին, ծաղրում էին նրանց։ Զորքի հրամանատարը հրեական ծագումով Յակոբ Յուրովսկին էր։

Նիկոլայը ամեն օր գրառումներ էր անում իր օրագրում։ Ըստ նրա գրածների երևում է, որ նրանց վերջին օրերը իրարից ոչնչով չէին տարբերվում։ Նա երբեմն գրում էր հնարավոր փախուստի մասին, սակայն տան պաշարման հետ մեկտեղ դա անհնար էր։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ամռանը Եկատերինբուրգում ավելացան հակա-բոլշևիկյան ուժերը, որը շատացնում էր թագավորական ընտանիքի փախուստի հնարավորությունները։ Տեղի ունեցավ գաղտնի ժողով, որի արդյունքում որոշվեց սպանել ընտանիքի բոլոր անդամներին։

1918 թվականի հուլիսի 16-ին ընտանիքը սովորականի նման պառկեց քնելու երեկոյան 10-ին։ Նրանց արթնացրին գիշերը և հրամայեցին իջնել ներքև։ Տանը հսկող զորքի գլխավոր հրամանատարը՝ Յակոբ Յուրովսկին էր, ով մասնագիտությամբ պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր։ Նա ասաց ընտանիքի անդամներին, որ լուրեր են տարածվել նրանց մահվան մասին և այդ լուրերը ժխտելու նպատակով նրանց պետք է նկարահանել։ Զինվորները նրանց խնդրեցին կանգնել հավասար, որպեսզի բոլորը երևան։ Նախկին թագավորական ընտանիքը ընդունեց նկարվելու դիրք։ Նիկոլայը իր ձեռքերում պահում էր հիվանդ ցարեվիչ Ալեքսեյին, Ալեքսանդրա Ֆեոդորովնան աթոռ խնդրեց։ Յակոբ Յուրովսկին կարդաց մահապատժի հրամանը։ Նիկոլայը սարսափի մեջ շրջվեց և ասաց, որ սա անհնարին է։ Զինվորները առանց ժամանակ ծախսելու սկսեցին կրակել ընտանքի վրա։ Նիկոլայը մահացավ միանգամից՝ գլխի կրակոցից։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան նույնպես մահացավ։ Ալեքսեյը սարսափի մեջ վիրավոր ընկած էր գետնին։ Ամենաերկարը կյանքի համար պայքարում էին Նիկոլայի չորս աղջիկները, քանի որ նրանք իրենց թանկարժեք քարերը անվտանգության նկատառումներից ելնելով կարել էին իրենց շորերի արանքում։ Դա նրանց պաշտպանում էր կրակոցներից։ Զինվորները կրարեցին նրանց գլուխների վրա։

Ընտանիքի հետ մահացան նաև բժիշկ Եվգենի Բոտկինը, աղախին Աննա Դեմիդովան, խոհարար Իվան Խարիտոնովը և սպասավոր Ալեքսեյ Տրուպպը։ Այնուհետև զինվորները մարմիները բարձեցին բեռնատար ավտոմեքենայի վրա տարան Եկատերինբուրգի մոտակայքում գտնվող անտառը մարմնինները վառեցին և թաղեցին։

Տարածվեց ցարի մահվան լուրը։

Գտնված մարմինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգի եկեղեցին

Ցարի և իր ընտանիքի մարմինների տեղը ոչ ոքի հայտնի չէր։ Յուրովսկին իր օրագրերում նշումներ չէր արել մարմնինների թաղման վայրի հետ կապված։

1979 թվականին ռուս սիրողական հնագետ Ալեքսանդր Ավդոնինը Եկատերինբուրգի մոտակայքում՝ անտառում գտավ որոշ մարմինների մնացորդներ։ Ըստ նրա հողը այդ տարածքում ուրուցիկ էր։ Կատարված ԴՆԹ թեսթերը ապացուցեցին, որ մարմինները պատկանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց հետ գտնվում էին նաև մյուս չորս աշխատողների մարմինները։ Սակայն պակասում էին ցարեվիչի և աղջիկներից մեկի մարմինները (հնարավոր է Մարիայի)։ 2007 թվականին նրանք նույնպես գտնվեցին։ Վերջնական պատասխանները ապացուցեցին, որ գտնված բոլոր մարմինները մահացած ընտանիքին էին պատկանում։ Գտնված մարմինները պաշտոնապես թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում 1998 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ 80 տարի նրանց մահվանից հետո։ Այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը ասաց "Սա շատ կարևոր օր է ռուս ժողովրդի համար":

Եկատերինբուրգի Իպատիևի տունը քանդվեց և նույն տեղում կառուցվեց եկեղեցի՝ "Եկեղեցի արյան վրա":

Նիկոլայ II-ը և իր ընտանիքի բոլոր անդամները դասվել էին ռուսական եկեղեցու սրբերի շարքերը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմ. այն պատմում էր Նիկոլայ 2-րդի և բալետի պարուհու սիրային կապի մասին։ Ֆիլմը Ռուսաստանում բազմաթիվ թեժ քննարկումների առիթ դարձավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nikolaj II (շվեդերեն)SLS.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Николай II (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 124—128.
  3. 3,0 3,1 3,2 John L.H. Keep Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11873492X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
  7. Ольга Николаевна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIа. — С. 911.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]