Jump to content

Ալեքսեյ Ստեպանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Ստեպանով
ռուս.՝ Алексей Степанов
Ծնվել էապրիլի 24 (մայիսի 6), 1858
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1923(1923-10-05)[1][2][3] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Konstantinovsky Surveying Institute?
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ, իմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար, անիմալիզմ, ժանրային գեղանկարչություն
Կայքalexey-stepanov.ru
 Alexei Stepanov Վիքիպահեստում

Ալեքսեյ Ստեպանովիչ Ստեպանով (ռուս.՝ Алексей Степанович Степанов, 24 ապրիլի (6 մայիսի), 1858, Սիմֆերոպոլ, Տավրիդայի նահանգ, Ռուսական կայսրություն5 հոկտեմբերի, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, գրաֆիկ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աշուն» (նախքան 1923), կտավ, յուղաներկ, Կիրովի Վ. և Ա. Վասնեցովների անվան մարզային պատկերասրահ
«Ճեմուղի» (1919), թուղթ, ջրաներկ, Բելառուսի Հանրապետության արվեստի ազգային թանգարան

Ալեքսեյ Ստեպանովը ծնվել է 1858 թվականի ապրիլի 24-ին (նոր տոմարով՝ մայիսի 6) Սիմֆերոպոլում։ Հայրը եղել է տոհմիկ ազնվական, սպա, Ղրիմի պատերազմի մասնակից։ Վաղ հասակում որբ մնացած Ալեքսեյ Ստեպանովի[5] (1858 թվականին մահացել է նրա մայրը, իսկ 1863 թվականին՝ հայրը) խնամակալը նրան տանում է Մոսկվա և տեղավորում Ավագ սպաների որբերի ինստիտուտի մանկական բաժնում, որ տեղակայված էր կոմս Ռազումովսկու նախկին դաստակերտում։

Սովորել է Առաջին արական գիմնազիայում, ապա Կոնստանտինովյան հողաչափական ինստիտուտի հողաչափության բաժնում։ Վերջացնելով լրիվ դասընթացը՝ 1879 թվականին Ալեքսեյ Ստեպանովն ավարտել է ինստիտուտն ու ստացել հողաչափի կոչում[6]։

1880 թվականից մինչև 1883 թվականը սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում որպես ազատ ունկնդիր, իսկ 1883 թվականից մինչև 1884 թվականը եղել է նույն ինստիտուտի ուսանող՝ սովորելով Իլարիոն Պրյանիշնիկովի դասարանում, իսկ ուրվանկար սովորել է Եվգրաֆ Սորոկինի դասարանում[6]։ Ուրվանկարի ու էսքիզների համար Ալեքսեյ Ստեպանովը պարգևատրվել է ուսումնարանի փոքր արծաթե մեդալով։ 1884 թվականին իր ներկայացրած ավարտական աշխատանքի՝ «Հայր և որդի, կամ Զինվորական զրույց» (ռուս.՝ «Отец и сын, или Военная беседа») նկարի համար Ալեքսեյ Ստեպանովն արժանացել է մեծ արծաթե մեդալի և ստացել դասային նկարչի կոչում։

Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում սովորելու տարիներին Ալեքսեյ Ստեպանովն սկսել է «Природа и охота» ամսագրի հետ իր համագործակցությունը, որ տևել է երկար տարիներ[4]։ 1883 թվականից մինչև 1895 թվականն ամսագրում տպագրվել են Ստեպանովի շուրջ հարյուր ուրվանկարներ։

1888 թվականից Ալեքսեյ Ստեպանովի մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին. «Гоп! Гоп!» նկարն ընդգրկվել է պերեդվիժնիկների XVI ցուցահանդեսում։ 1889 թվականին «Որմզդեղները խոտ են ուտում ձմռանը» (ռուս.՝ «Лоси едят сено зимой») նկարն Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության խորհրդի կողմից միաձայն ընդունվել է ցուցադրվելու պերեդվիժնիկների XVII ցուցահանդեսում, իսկ Պավել Տրետյակովն այն գնել է իր հավաքածուի համար։

1880-ական թվականների վերջին Ալեքսեյ Ստեպանովն Իսահակ Լևիտանի, Բորիս Պաստեռնակի ու մի խումբ այլ նկարիչների ու ճարտարապետների հետ դասավանդել է նկարիչ-ճարտարապետ Անատոլի Գունստի Գեղեցիկ արվեստների ուսումնարանում։ 1889 թվականին Ալեքսեյ Ստեպանովը Վալենտին Սերովի պնդմամբ հրավիրվում է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան՝ դասավանդելու անիմալիստական գեղանկարչության դասարանում։ Հետագայում ստանալով պրոֆեսորի կոչում[6]՝ Ալեքսեյ Ստեպանովը ղեկավարել է դասարանը մինչև 1918 թվականը. նրա մոտ են սովորել Սերգեյ Գերասիմովը, Պավել Ֆիլիպովը, Մատվեյ Դոբրովը, Բորիս Իոգանսոնը, Պավել Կորինը, Ալեքսանդր Պանֆիլովը, Լեոնարդ Տուրժանսկին, Բորիս Յակովլևը և այլ նկարիչներ։

Մեծ հաջողություն է ունեցել Ալեքսեյ Ստեպանովի «Կռունկները թռչում են» (ռուս.՝ «Журавли летят») նկարը, որ ներկայացվել է պերեդվիժնիկների XIX ցուցահանդեսում։ Դրանից հետո՝ 1891 թվականի մարտին, Ալեքսեյ Ստեպանովը Սերգեյ Սվետոսլավսկու և Իսահակ Լևիտանի հետ դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության լիիրավ անդամ։

1894 թվականին Ալեքսեյ Ստեպանովը մոսկվացի առևտրական ու հավաքորդ Նիկոլայ Մեդինցևի ընտանիքի հետ ճանապարհորդել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում ու Հյուսիսային Իտալիայում։ 1895 թվականին Ալեքսեյ Ստեպանովն ամուսնացել է Մեդինցևի դստեր՝ Լյուդմիլա Նիկոլաևնայի հետ։ Եվրոպայում կատարած ճանապարհորդությունը և մասնավորապես ֆրանսիացի իմպրեսիոնիստների գեղանկարչությունը մեծ ազդեցություն են թողել Ստեպանովի ստեղծագործության վրա [7], թեև դա ժխտվում է ժամանակակիցների կողմից։ Ճանապարհորդության արդյունքում Ալեքսեյ Ստեպանովն ստեղծել է «Լվացարարուհիները Վիշիում» (ռուս.՝ «Прачки в Виши») նկարը։

1906 թվականից մինչև 1914 թվականը Ալեքսեյ Ստեպանովն ամեն ամառ ապրել է Տվերի նահանգի Վիշնեվելեցկի գավառի (ներկայում՝ Ուդոմելսկի շրջան) Լուբենկինո, Գարուսովո և Բերեժոկ կալվածքներում։ Տունը, որտեղ ապրում էր նկարիչը Գարուսովոյում, պատկերված է «Գնացին» («Уехали», 1911-1914, Տրետյակովյան պատկերասրահ) նկարում[8]։

1905 թվականին Ալեքսեյ Ստեպանովը «Առավոտյան ողջույն» (ռուս.՝ «Утренний привет») նկարի համար ստաղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։ Նկարը ցուցադրվել է պերեդվիժնիկների XXV ցուցահանդեսում, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի XXIV ցուցահանդեսում և 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում, որ անցկացվել է Փարիզում։

19-րդ դարի վերջին սկսվում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ճգնաժամը, որի պատճառ էր դարձել պետերբուրգյան ու մոսկովյան դպրոցների, պերեդվիժնիկների հին ու նոր սերունդների միջև ծագած կոնֆլիկտը։ Այդ ճգնաժամն իր ազդեցությունն է թողնում նաև Ալեքսեյ Ստեպանովի վրա։ 1901 թվականին նա անդամակցում է «36 նկարիչներ» ցուցահանդեսային միությանը, իսկ 1903 թվականին դառնում է Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը[4]՝ Ապոլինարի Վասնեցովի, Սերգեյ Իվանովի, Աբրամ Արխիպովի, Սերգեյ Վինոգրադովի, Կոնստանտին Պերվուխինի ու Իլյա Օստրոուխովի հետ ստորագրելով Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունից դուրս գալու կոլեկտիվ դիմումը։

1920 թվականին Ալեքսեյ Ստեպանովը ծանր հիվանդացել է, սակայն շարունակել է աշխատել։ Նրա վերջին աշխատանքներից մեկը՝ «Ճոճանակ» (1923) նկարը, իր հավաքածուի համար գնել է Քարնեգիի ինստիտուտը[9]։ Ալեքսեյ Ստեպանովը մահացել է 1923 թվականի հոկտեմբերի 5-ին Մոսկվայում, թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[10]։

Պոկրովսկի բուլվար, տուն 8, կառույց 1, բնակարան 8 հասցեում գտնվող բնակելի տունը, որտեղ 1895-1923 թվականներին ապրել է Ալեքսեյ Ստեպանովը (հուշատախտակը տեղադրվել է 1962 թվականին[10]), հայտարարվել է մշակութային ժառանգության օբյեկտ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Степанов Алексей Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. RKDartists (նիդերլ.)
  3. Stepanov, Aleksey // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T081295
  4. 4,0 4,1 4,2 Степанов Алексей Степанович // Большая советская энциклопедия (В 30 томах) / Гл. ред. А.М. Прохоров. — 3-е. — М: «Советская Энциклопедия», 1976. — Т. 24: «Собаки — Струна». — С. 488. — 608 с. — 629 000 экз.
  5. Гришина Надежда (2008 թ․ մայիսի 5). «Новости музейной жизни» (ռուսերեն). Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Степанов Алексей Степанович». Собрание музея (ռուսերեն). Чувашский государственный художественный музей. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  7. А. С. Степанов (1858—1923) // Художественный календарь 100 памятных дат. — М: Советский художник, 1978. — (Ежегодное иллюстрированное издание).(չաշխատող հղում)
  8. Шулепова Э. А. Земля вдохновения // Памятники истории и культуры Калининской области. — М: Московский рабочий, 1988. — С. 103. — 174 с. — 20 000 экз. — ISBN 5-239-00434-X(չաշխատող հղում)
  9. Нестеров М. В. 439. В совет Государственной Третьяковской галереи. Москва, 3 мая 1927 г. // Из писем: Эпистолярное наследие / Вступительная статья, составитель, комментарий А. А. Русаковой.. — Л: Искусство, 1968. — 452 с.
  10. 10,0 10,1 Степанов Алексей Степанович // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая Российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  11. «Городской реестр недвижимого культурного наследия города Москвы» (ռուսերեն). Комитет культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Холодовская М. З. Алексей Степанович Степанов. 1858-1923. — Л.: Художник РСФСР, 1981. — 103 с.
  • Кац Л. И. Любить наших «братьев меньших»: А. С. Степанов в имении Лубенькино Аксаковых, в усадьбах Гарусово и Бережок // Художники в Удомельском крае. — М.: Моск. рабочий, 1983. — С. 44—54. — 144 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ստեպանով» հոդվածին։