Իմպրեսիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Մոնե "Տպավորություն: Ծագող արևը"
Կլոդ Մոնե "Անձրևանոցով կինը"
Կամիլ Պիսարո "Մոնտմարտ պուրակ"
Էդգար Դեգա "Ծաղկեփնջով պարուհին"
Էդգար Դեգա "Կինը բաղնիքում"
Մերի Կասատ "Երեխայի լոգանքը"

Իմպրեսիոնիզմ (ֆրանս. Impressionnisme,< impression - տպավորություն), ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին: Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին -- 1870-ական թվականների սկզբին (Է.Մանե, է. Դեգա, Կ. Մոնե, Կ. Պիսառո, Ա. Սիսլեյ, Օ.Ռենուար և ուրիշներ): «Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ. Մոնեի «Տպավորություն: Ծագող արևը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը: Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում: Իմպրեսիոնիզմը նոր հայեցվածքի և արժեվորման հաստատումն էր, ակադեմիզմի, սալոնային արվեստի, էպիգոնության արմատական բացասումը: Շարժման ու փոփոխությունների, իրականության գունագեղության աննախադեպ, հավաստի ու ճշմարտացի պատկերը իմպրեսիոնիստները ստեղծում էին հաճախ ներկայացնելով միևնույն տեղը, համանման դրություններն ու օբյեկտները՝ տարբեր պահերի ու տարբեր կետերից: Անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստության արտացոլումը իմպրեսիոնիզմում ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին: Իմպրեսիոնիզմը պլենէրի հետևողական կիրառումով ոչ միայն սկզբունքային վերադարձ էր դեպի բնությունը, այլև ժամանակակից քաղաքի հակադրությունների, առօրյայի, հասարակ մարդու իրական ապրումների ու կեցության, նրան շրշապատող իրերի գեղեցկության նոր մեկնաբանում: Նյութական աշխարհում օդի և լույսի տարածման, բեկբեկման, տրոհման անգերազանց արտացոլումն իմպրեսիոնիզմում օգտագործվում էր մաքուր գույների օպտիկական համադրումով: Պատկերման մեջ երանգների արտահայտիչ ուժը հաստատվում էր դրանց ինքնուրույն արժեքով: Լույսը դառնում էր պատկերվող աշխարհի շարժման հիմնական կրողը: Իմպրեսիոնիզմը գրականության մեջ նույնպես արվեստագետի անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է: Լայն է իմպրեսիոնիզմի ոճական ազդեցությունը տարբեր երկրների գրականության վրա. է. Զոլա, ժ.-Կ. Հյուիսմանս, է.և ժ.Գոնկուր Եղբայրներ, Գի դը Մոպասան, Ս. Պրուստ (Ֆրանսիա), 0. Ուայլդ, Ռ. Ստիվենսոն, Ջ. Կոնրադ (Անգլիա), Յո. Շլաֆ, Ս. Գերգե, Հ.Բար, Գ. Հաուպտման, Ռ.-Մ. Ռիլկե (Գերմանիա), Կ. Համսուն, Ս. Շնիցլեր (Նորվեզիա), Ա. Չեխով, Ի․ Բունին, Ա. Բալմոնտ և ուրիշներ: Այդ գրողների որոշ մասի ստեղծագործությունը, հիմնականում պատկանելով գեղարվեստական այլ ուղղությունների, ձևավորվել է նաև Իմպրեսիոնիզմի ստեղծագործական հնարներով: Դրանց մեջ կան նաև իմպրեսիոնիզմի հետևողական ներկայացուցիչներ: Հայ գրականության մեջ ամենացայտուն իմպրեսիոնիստը Տ. Չրաքյանն է՝ ստեղծագործությամբ և տեսական հայացքներով: Իմպրեսիոնիզմի ոճի ազդեցությունը նկատվում է Գ․ Զոհրապի, Ս. Զորյանի, Ա. Բակունցի պատմվածքներում: Թատրոնում իմպրեսիոնիզմի արտահայտչամիջոցները կիրառվեցին Ա. Անտուանի (Ֆրանսիա), Մ. Ռայնհարդի (Գերմանիա), Վ. Մեյերխոլդի (Ռուսաստան) բեմադրություններում: Դրանք աչքի էին ընկնում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն, փութկոտ բնութագրումներով, կերպարների հոգեբանության ներքին պրոցեսների ընդգըծ֊ված արտահայտությամբ: Իմպրեսիոնիզմի ուղղության երաժշտական ճյուղը ձևավորվեց Ֆրանսիայում, XIX դ. 80—90-ական թվականներին: Աննախընթաց կերպով հարստացավ գունահնչյունային երանգապնակը, ընդլայնվեց լադային և հարմոնիկ հիմքը: Ավանդական բազմազան ձևերի ազատ մեկնաբանումը, քմահաճ, փոփոխական ռիթմիկան, նվագախմբային թարմ հնչերանգները, կոլորիստական բռնկումներն ու առկայծումները բնորոշ դարձան երաժշտական իմպրեսիոնիզմի շատ գործերի: Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչն էր Կ. Դեբյուսին: Իմպրեսիոնիզմի կարևորագույն միտումներից շատերը դրսևորվել են Մ. Ռավելի, Պ. Դյուկայի (Ֆրանսիա), Ա. Կազելայի, Օ. Ռեսպիգիի (Իտալիա), Ֆ. Դելիուսի, Ս. Սկոտի (Անգլիա), Կ. Շիմանովսկու (Լեհաստան), վաղ շրշանի իմպրեսիոնիզմը Ստրավինսկու (Ռուսաստան) ստեղծագործություններում: Երաժշտական իմպրեսիոնիզմի վրա ներգործեցին «Հզոր խմբակի» կոմպոզիտորների կոլորիստական նվաճումնեոռ. Ֆրանսիայի, Իսպանիայի, արևելյան երկրների ժողովրդական երաժշտությունը: Իմպրեսիոնիզմի առանձին կողմերը արտացոլում գտան Ա. Խաչատրյանի (վաղ շրշան), Ռ. Մելիքյանի, Գ. Եղիազարյանի գործերում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png