Jump to content

Ֆովիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆովիզմը (ֆրանսերեն՝ fauve՝ վայրի) արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։

Ֆովիզմը գեղանկարչության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էներգիա։ Ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելը վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ Les Fauves), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում։

Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։

Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ։ Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները։ Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ 1905-1907 թվականներին, որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում[1]։ «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։

Շարժման առաջնորդներն էին Անրի Մատիսը և Անդրե Դերենը։ Նրանց ոգեշնչել էին պոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգը և Պոլ Գոգենը, որոնք իմպրեսիոնիստներին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ[2]։ Մատիսն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում։ Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն։ Մատիսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։

Ֆովիզմը երաժշտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան Վ. Կանդինսկին՝ աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Նրա կարծիքով՝ գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա։

Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր։

Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր։ Դեռևս 1905 թվականին գերմանացի նկարիչ Ադոլֆ Հյոլցելը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ.

Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով։
- Ադոլֆ Հյոլցել, «Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ» նկարի վերաբերյալ, 1905 թ.

Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի արդյունքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ։ Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, այս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում։ Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում։ Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և ֆուտուրիզմը։

Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ։ Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն։

Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, Ս. Պրոկոֆևի և Բ. Բարտոկի ստեղծագործություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John Elderfield, The "Wild Beasts" Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, p.13, ISBN 0-87070-638-1
  2. Collins B. Van Gogh and Gauguin: Electric Arguments and Utopian Dreams. Westview Press, 2003.
  3. Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆովիզմ» հոդվածին։