Ռեալիզմ (կերպարվեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռեալիզմ (այլ կիրառումներ)
«Ձյուն Նյու Յորքոմ» կտավ,
Ռոբերտ Հենրի, 1902թ.

Ռեալիզմ, գեղարվեստական շարժում, որը ձևավորվել է 1850-ական թվականներին Ֆրանսիայում` հեղափոխությունից հետո[1]: Ռեալիստները մերժում էին ռոմանտիզմը, որը, սկսած 18-րդ դարից, գերիշխում էր ֆրանսիական գրականությունում և արվեստում: Ռեալիզմն ապստամբում էր ռոմանտիկ շարժման չափազանցված, ոչ իրական թեմաների և էմոցիաների դեմ: Փոխարենը, ռեալիզմի ներկայացուցիչները ձգտում էին նկարել իրական, ժամանակակից մարդկանց և իրավիճակներ` ներկայացնելով դրանք ճշգրտորեն և չխուսափելով անդրադառնալ կյանքի տհաճ կամ ստոր կողմերին:

Ռեալիստները նկարում էին տարբեր խավերի ներկայացուցիչներին կյանքի տարբեր իրավիճակներում: Սովորաբար այդ աշխատանքները արտացոլում էին կյանքում Արդյունաբերական հեղափոխության հետևանքով առաջացած փոփոխությունները: Այսպիսի «իրատեսական» աշխատանքների ժողովրդականությունն է′լ ավելի աճեց, երբ ներկայացվեց լուսանկարչությունը. նոր վիզուալ ուղղություն, որը ձգտում էր պատկերել իրերը և մարդկանց ճիշտ այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Ռեալիստները ժամանակակից մոտեցում էին ցուցաբերում առօրյա առարկաներ և իրավիճակներ պատկերելիս: Նրանք խուսափում էին և′ դասական իդեալիզմից և′ ռոմանտիկ էմոցիոնալիզմից ու դրամայից: Սոցիալական ռոմանտիզմը շեշտը դնում էր բանվոր դասակարգի վրա և վերաբերվում էր նրանց այնպես, ինչպես մյուս դասակարգերին: Հերոսական, սենտիմենտալ թեմաները հավասարապես մերժվում էին[2]:

Ֆրանսիայում ռեալիզմի` որպես արվեստի ուղղության առաջնորդ Գյուստավ Կուրբեն էր: Այն տարածվեց ողջ Եվրոպայով մեկ և պահպանեց իր ազդեցությունը շուրջ մեկ դար: Սակայն իմպրեսիոնիզմի և ավելի ուշ ձևավորված շարժումների տարածումից հետո ռոմանտիզմը քիչ-քիչ սկսեց զիջել իր դրիքերը:

Ռեալիզմը Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիզմը ձևավորվել է 19-րդ դարի կեսերին: Ռեալիստ նկարիչները հիմանականում պատկերում էին հասարակ մարդկանց առօրյա իրավիճակներում: Ռեալիզմի գլխավոր ներկայացուցիչներն են Գյուստավ Կուրբեն, Ժան Ֆրանսուա Միլլեն, Օնորե Դոմիեն, Ժան Բատիստ Կամիլ Կորոն[3][4][5]: Ժյուլ Բաստիեն Լըպաժը սերտորեն կապված է նատուրալիզմի ձևավորման հետ: Նատուրալիզմը գեղարվեստական շարժում է, որն առաջացել է ռեալիզմից և ազդարարել է իմպրեսիոնիզմի ժամանումը[6]:

Ռեալիստները պատկերում էին ժամանակակից կյանքի հասարակ ասպեկտները ` համադրելով դրանք ժամանակակից նատուրալիստական գրականության հետ, որի կարկառուն ներկայացուցիչներն են Էմիլ Զոլան, Օնորե դը Բալզակը և Գյուստավ Ֆլոբերը[7]:

Կուրբեն ռեալիզմի հավատարիմ կողմնակիցներից էր և մերժում էր հայտնի պատմական գեղանկարչությունը, որն արժանացել էր պետական հովանավորության արվեստի ակադեմիայի կողմից: Նա իր ամենահայտնի նկարներից երկուսում` «Թաղումն Օրնանում»-ում (անգլ.՝ A Burial At Ornans) և «Քարտաշներ»-ում (անգլ.՝ The Stone Breakers), պատկերել է իր ծննդավայրի հասարակ դասակարգին: Կուրբեն այս նկարները նկարել է հսկայական կտավների վրա, որոնք հիմնականում օգտագործվում էին պատմական գեղանկարչության համար[7]:

Ռեալիզմը Ֆրանսիայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական ռեալիզմը մի փոքր ուշ իր ազդեցությունն ունեցավ նաև արևմտյան երկրներում: 1860-ական թվականներին Ռուսաստանում ձևավորվեց Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը: 1871 թվականին կազմակերպվեցին ցուցահանդեսներ, որտեղ հանդես եկան ժանրային արվեստի վարպետ Վասիլի Պերովը, բնանկարիչ Իվան Շիշկինը, Ալեքսեյ Սավրասովը, Արխիպ Կուինջին, հանրաճանաչ դիմանկարիչ Իվան Կրամսկոյը, մարտանկարիչ Վասիլի Վերեշչագինը, պատմական գեղանկարչության վարպետ Վասիլի Սուրիկովը և հատկապես Իլյա Ռեպինը, ով շատերի կողմից համարվում է Ռուսաստանի 19-րդ դարի ամենահայտնի արվեստագետը:

Բրիտանիայում մեծ հաջողության հասան ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը, գերմանացի նկարիչ Հուբերտ վոն Հերկոմերը (գերմ.՝ Hubert von Herkomer) և անգլիացի գեղանկարիչ Լյուկ Ֆիլդսը: Ջորջ Բելոուզն (անգլ.՝ George Wesley Bellows) ու Ռոբերտ Հենրին (անգլ.՝ Robert Henri) ներկայացնում էին Աղբարկղի դպրոցը (անգլ.՝ Ashcan School)` գեղարվեստական շարժում` հիմնված Նյու Յորքում: Այն օգնեց սահմանել Ամերիկյան ռեալիզմը, որի գլխավոր նպատակն էր պատկերել հասարակության աղքատ անդամներին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Metropolitan Museum of Art
  2. Finocchio, Ross. "Nineteenth-Century French Realism". In Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art, 2000–. online (October 2004)
  3. NGA Realism movement
  4. National Gallery glossary, Realism movement
  5. Philosophy of Realism
  6. Fry, Roger. 1920. "Vision and Design." London: Chatto & Windus. "An Essay in Æsthetics." 11-24. Accessed online on 13 March 2012 at http://www.scribd.com/doc/52044301/Roger-Fry-Vision-and-design
  7. 7,0 7,1 Nineteenth-Century French Realism | Essay | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art