Լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովետական հանրաճանաչ Զենիթ լուսանկարչական ապարատ

Լուսանկարչություն, պատկերների ստեղծման և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էլէկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով: Պահաժամի ընթացքում մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն, թուղթ կամ հիշողության ֆիզիկական կրիչներ՝ սենսոր) վրա: Լուսանկարչությունն ունի արվեստային, սոցիալական, գիտական կիրառություններ:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչություն բառի համարժեքը՝ "photography" (հուն․ phōtos՝ լույս և γραφή՝ գծային պատկերում, նկարչություն)[1] կիրառության մեջ է մտել Սըր Ջոն Հերշելի Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության շնորհիվ 1839մարտի 14-ին: Սակայն նույն թվականի փետրվարի 25-ին գերմանական «Վոսիշե Ցայտունգ» (Vossische Zeitung) թերթում հրատարակված հոդվածում գերմանացի աստղագետ Յոհան ֆոն Մեդլեռը օգտագործել էր այդ բառը:[2] Հայտնի է նաև, որ դեռևս 1834-ին լուսանկարչության անկախ հայտնագործող Անտուան Հերկյուլ Ֆլորանսն իր պրոցեսն անվանել է photographie (ֆրանս․):[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչությունը համարվում է քիմիայի և ֆիզիկայի բնագավառներում արված մի շարք հայտնագործությունների համադրման արդյունք: Քիմիայի բնագավառում առաջնային էին Ալբերտուս Մագնուսի և Ջորջ Ֆաբրիցիուսի կողմից, համապատասխանաբար՝ արծաթի նիտրատի ու արծաթի քլորիդի հայտնաբերումը, Ուիլհելմ Հոմբերգի և Յոհան Հեյնրիխ Շուլցեի արծաթի որոշ աղերի լուսազգայուն լինելու մասին նկարագրությունները: Ֆիզիկայի բնագավառում կարևոր էին դեռևս Արիստոտելի գրառումներից հայտնի կամերա օբսկուրան (camera obscura, լատ.՝ մութ խցիկ), դրա հիմքի վրա Վիլյամ Հայդ Ուոլաստոնի կողմից ստեղծված կամերա լուչիդան (camera lucida, լատ.՝ լուսավոր խցիկ) և ոսպնյակների կատարելագործումը:

Ֆրանսիացի նկարիչ և քարտեզագրող Անտուան Ֆլորանսը, ժամանակագրական առումով առաջինն է հայտնաբերել լուսանկարչական պրոցեսը, թեև այդ մասին հայտնի է դարձել միայն 1930-ականներին:[3] 1833-ի հունվարի 15-ին (3 տարի ավելի վաղ լուսանկարչության պատենտավորման պաշտոնական տարեթվից) նա իր օրագրում մանրամասնորեն նկարագրում է պատկերի ստացման և ֆիքսման լուսանկարչական տեխնոլոգիա: Ֆլորանսը իր հայտնագործությունը կոչում է «ֆոտոգրաֆի» (photographie):

Գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դագերոտիպի ապարատ

Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը: Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում էր օբսկուր կամերա: Այն թարգմանաբար նշանակում է "մութ սենյակ": Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա: Կազմված է ընդամենը փայտյա արկղից, որի դիմաց տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով: Առարկայի ստվերն անցնում է արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին: Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա, հատկապես նկարիչների մոտ: Բայց սա դեռ իրական պատկերը չէ: Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 1839 թ հունվարի 7-ը., երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը:

Դրա հիմքում ընկած էր լույսի ազդեցության միջոցով արծաթյա թիթեղի վրա իրական պատկերի ստացումը, դրա համար էլ կոչվեց ֆոտոգրաֆիա: Ֆոտո-լույս, գրաֆիա-նկարչություն: Առաջին ֆոտոապարատները կոչվեցին դագերոտիպ՝ ֆր. գիտնական Լուի Դագերի անունով, որը համարվում է առաջին ֆոտոապարատների ստեղծողներից մեկը: Լուսանկարչության ստեղծմանը նպաստել են մի քանի կարևոր հայտնագործություններ:

  1. Օբյեկտիվ: Առաջին օբյեկտիվը ստեղծվել է 1812 թ. և կոչվում է մենիսկ: Այն բաղկացած է մեկ դրական ոսպնյակից:
  2. Արծաթի հայտնագործումը որպես լուսազգայուն նյութ:
  3. Քիմիական մշակումը (проявка)

Առաջին ֆոտոապարատները իրենց կառուցվածքով հիշեցնում էին օբսկուր կամերա: Նա նույնպես կազմված էր լուսաթափանց արկղից, որի վրա արդեն կար օբյեկտիվ: Վերջինս կառուցում է պատկերը և փոխանցում արկղի մեջ տեղադրվող արծաթյա թիթեղի վրա: Նկարահանելիս թիթեղի վրա ստացվում է իրական փոքրացված և շրջված պատկեր, որովհետև յուրաքանչյուր օպտիկական սիստեմ՝ այդ թվում և օբյեկտիվը կառուցում է շրջված պատկեր:

Դագերոտիպի աշխատանքային սկզբունքները հետևյալն են՝ պատկերը լավ լուսավորում են, որովհետև առաջին ֆոտոթիթեղները ունեին շատ ցածր լուսազգայունություն: Օբյեկտիվի կառուցած պատկերը ցուցադրվում է դագերոտիպի հետին պատին, որը բաղկացած էր կաթնագույն ապակուց: Նկարահանելուց առաջ ապակին հեռացվում է, և տեղը դրվում է ֆոտոթիթեղ, որի վրա կատարվում էր լուսանկարումը:

Առաջին ֆոտոթիթեղները պատրաստվում էին արծաթից, որը շատ հարթ մշակելուց հետո մութ սենյակում տեղադրում էին յոդով լի ափսեի վրա: Ափսեն տաքացնում էին և յոդի գոլորշիները, նստելով արծաթյա թիթեղի վրա, առաջացնում էին լուսազգայուն միացություն: Թիթեղը տեղադրում էին սենյակում հատուկ կասետայի մեջ և նկարահանման ժամանակ տեղադրում ապարատի վրա: Թիթեղով հնարավոր էր նկարել մեկ լուսանկար: Հետո արծաթյա թիթեղը ենթարկում էին քիմիական մշակման: Նկարահանման նույն սկզբունքը ընկած է և կինոյի հիմքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. φάος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. Eder, J.M (1945) [1932]. History of Photography, 4th. edition [Geschichte der Photographie]. New York: Dover Publications, Inc.. էջեր 258–259. ISBN 0-486-23586-6. 
  3. 3,0 3,1 Boris Kossoy (2004). Hercule Florence: El descubrimiento de la fotografía en Brasil. Instituto Nacional de Antropología e Historia. ISBN 968-03-0020-X. https://books.google.am/books?id=wCoQAAAACAAJ. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]