Կոնստրուկտիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնստրուկտիվիզմ, ուղղություն 1920-ական թվականների խորհրդայինարվեստում (ճարտարապետության, ձևավորման, թատերադեկորացիոն արվեստների, գրքարվեստի, գեղարվեստական ձևաստեղծման և նախագծման, նաև գրականության մեջ)։

Ստեղծումը և յուրահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսակովի ակումբը՝ կառուցված կոնստրուկտիվիստական ոճով

Կոնստրուկտիվիստների առաջին կազմակերպությունը (Ա. Գան, Ա. Ռոդչենկո, Վ. և Գ. Ստենբերգ եղբայրներ, Վ. Ստեպանովա և ուրիշներ) ստեղծվել է ԻՆԽՈԻԿ-ում (Գեղարվեստական մշակույթի ինստիտուտ), 1921 թվականին։ Կոնստրուկտիվիզմի կողմնակիցները, առաջ քաշելով կենսական պրոցեսներին ակտիվորեն ուղղություն տվող միջավայրի «նախագծման» խնդիրները, ձգտում էին իմաստավորել նորագույն տեխնիկայի ձևաստեղծման հնարավորությունները, նրա բանական, նպատակահարմար կառուցվածքները, նաև մետաղի, փայտի, ապակու գեղագիտական հատկությունները։ Գործնականում մասամբ կենսական մարմնավորում ստացան արտադրական արվեստի լոզունգները։

Բուրժուական կենցաղի ցուցադրական շքեղությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստրուկտիվիզմը հակադրում էր առարկայական նոր ձևերի պարզությունն ու շեշտված ուտիլիտարիզմը՝ դրանցում տեսնելով մարդկանց նոր հարաբերությունների և դեմոկրատության մարմնավորումը։ Կոնստրուկտիվիզմի ճարտարապետական սկզբունքները ձևակերպվել են Ա. Վեսնինի, Մ. Գինզբուրգի տեսական ելույթներում և առաջին անգամ հստակորեն մարմնավորվել Ա., Վ., Լ. Վեսնին եղբայրների (տես Վեսնիններ1923 թվականին ստեղծած Մոսկվայի Աշխատանքի պալատի նախագծում։

1925 թվականին հիմնադրվել է կոնստրուկտիվիստների կազմակերպությունը՝ ժամանակակից ճարտարապետների միավորումը (ՕՍԱ)։ Ճարտարապետական այլ խմբավորումների հետ մեկտեղ նրանք որոնում էին բնակավայրերի հատակագծման նոր հնարքներ և բնակեցման սկզբունքներ, առաջադրում էին կենցաղի վերակառուցման նախագծեր, մշակում էին հասարակական շենքերի նոր տիպեր (Աշխատանքի պալատ, Խորհուրդների տուն, բանվորական ակումբ, խոհանոց-ֆաբրիկա և այլն)։

Լյալինի նախագծած կոնստրուկտիվիստական մարզադաշտը Սանկտ Պետերբուրգում, 1927 թվական

Կոնստրուկտիվիստները, սակայն, իրենց տեսության մեջ և գործնականում թույլ տվեցին սխալներ (օրինակ՝ բնական հասկացությունը «մանրբուրժուական գաղափարախոսության նյութական ձև» հայտարարելը, որոշ տուն-կոմունաների նախագծերում կենցաղի կազմակերպման սխեմատիզմը, բնակլիմայական պայմանների անտեսումը, դեզուրբանիզմ գաղափարների ազդեցությունից բխող խոշոր քաղաքների դերի թերագնահատումը)։ Կոնստրուկտիվիզմի գեղագիտությունը որոշակիորեն նպաստեց խորհրդայինգեղարվեստական ձևաստեղծման կազմավորմանը։ Կոնստրուկտիվիստների մշակած էսքիզներով ստեղծվում էին գործարանային մասսայական արտադրանքի համար նախատեսված՝ հարմարավետ սպասքի, կահույքի, մասնագիտական հագուստի նոր ձևեր, մշակվում յուրահատուկ զարդանկարված կտորեղեն, նորովի ձևավորվում ցուցահանդեսները։ Կոնստրուկտիվիզմը զգալիորեն նպաստել է գրաֆիկայի՝ պլակատի (Ստենբերգ եղբայրներ, Գ. Կլուցիս, Ա. Ռոդչենկո), գրքարվեստի (Ա. Գան, Լ. Լիսիցկի) զարգացմանը։ Թատերարվեստում ավանդական դեկորացիաների փոխարեն ըստ բեմական գործողության խնդիրների ստեղծվում էին «հաստոցներ» (Լ. Պոպովայի, Ա. Վեսնինի և ուրիշների աշխատանքները Վ. Մեյերխոլդի, Ա. Թաիրովի բեմադրությունների համար)։ Արտասահմանի պլաստիկ արվեստների վերաբերյալ Կոնստրուկտիվիզմ տերմինի կիրառումը պայմանական է. ճարտարապետության մեջ ֆունկցիոնալիզմ այն ենթաուղղություններից է, որը ձգտում է ընդգծել ժամանակակից կառուցվածքների էքսպրեսիան (արտահայտչությունը), գեղանկարչության և քանդակագործության մեջ՝ ավանգարդիստական ուղղություններից մեկն է, որը օգտագործել է վաղ խորհրդային կոնստրուկտիվիզմի մի քանի ձևավորումները։

Զուևայի անվան մշակույթի տունը, 1931 թվական

Կոնստրուկտիվիզմը իր արտացոլումը գտավ Խորհրդային Հայաստանի 1920-ական թվականների շատ ճարտարապետների ստեղծագործության մեջ։ Տ. Երկանյանի, Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի ստեղծագործության վաղ շրշանը կազմավորվել է Կոնստրուկտիվիզմի ճարտարապետական դպրոցի անմիջական ազդեցության ներքո։ Լինելով ՎԽՈԻՏԵՄԱՍ-ի (բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ) սաներից՝ նրանք սովորել են խորհրդայինճարտարապետության նշանավոր վարպետների մոտ (Ն. Լադովսկի, Ա. Վեսնին և ուրիշներ), և նրանց ստեղծագործական լեզուն ըստ էության չէր տարբերվում կոնստրուկտիվիստների գործերից։ Սակայն 1920-ական թվականների վերջին Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գ. Քոչարը լինելով ՎՕՊՐԱ-յի, ինչպես նաև Հայաստանում՝ ՕՊՐԱ-յի (1929) հիմնադիրները և անդամները, կանգնեցին Կոնստրուկտիվիզմի քննադատության դիրքերում՝ համարելով այն «վերացական գյուտարարություն», արևմուտքի տեխնիկայի կույր ընդօրինակում, տեղական առանձնահատկությունների անտեսում։

Կոնստրուկտիվիզմը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ կոնստրուկտիվիստական միտումները, որ համապատասխանում Էին «ձևի հեղափոխության» «ձախ» պահանջներին, խթանվում Էին ԼԵՖ-ի լոզունգներով։ Կոնստրուկտիվիզմը, որպես ինքնուրույն, առավելապես բանաստեղծական հոսանք, 1923 թվականին հռչակել են Կ. Զելինսկին, Ի. Մելվինսկին և Ա. Չիչերինը։ 1924-ին ձևավորվել Է կոնստրուկտիվիստների գրական կենտրոնը (ԿԳԿ), որին, Ի. Սելվինսկուց և Կ. Զելինսկուց (խմբակի տեսաբանը) բացի, մասնակցում Էին Վ. Լուգովսկոյը, Վ. Ինբերը, Բ. Ագապովը և ուրիշներ։ Կոնստրուկտիվիստները պոեզիայի մեշ արմատավորում Էին արձակի ձևերը («արձակի ինֆլյացիա»), բառապաշարի առանձնահատուկ շերտեր (մասնագիտական լեզու, ժարգոններ), հրաժարվում քնարական հույգերից, գերադասում հստակ կառուցված ֆաբուլային պոեզիան, Էպիկական ժանրերը։ Սակայն «դարի ոճը», ինչպես նրանք մտադրվել էին, չստեղծեցին։ ԿԳԿ խմբակը ցրվեց 1930 թվականին։

Կոնստրուտիվիզմը դիզայնի և լուսանկարչության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամանակակից ճարտարապետություն» ամսագրի շապիկը կոնստրուկտիվիստական ոճով

Կոնստրուկտիվիզմը մի ուղղություն է, որը ավելի շուտ կապվում է ճարտարապետության հետ, սակայն ճարտարապետական ուղղություն դառնալուց առաջ կոնստրուկտիվիզմը գոյություն է ունեցել դիզայնի, տպագրության և նկարչական արվեստների մեջ։ Լուսանկարչության մեջ այն հանդիսանում է կոմպոզիցիային երկրաչափականություն հաղորդելու, ծավալները կրճատելով «գլխապտույտ» հեռանկարներ ունենալու միջոց։ Այդ գործով մասնավորապես զբաղվում էր Ալեքսանդր Ռոդչենկոն:

Արվեստի գրաֆիկական տեսակներում կոնստրուկտիվիզմը բնութագրվում է նկարազարդելու փոխարեն ֆոտոմոնտաժի օգտագործմամբ։ Կոնստրուկտիվիզմի մեջ հաստատուն է գունային գամման՝ սև, կարմիր, սպիտակ, մոխրագույն՝ կապույտի և դեղինի հավելումներով։ Կոնստորկտիվիստական հատուկ միտումներ են եղել նորաձևության մեջ. հագուստի դիզայնում ուղիղ գծերի օգտագործմամբ խորհրդային մոդելավորողները ստեղծում էին ընդգծված երկրաչափական պատկերներ։

Մոդելավորողների շրջանում առանձնանում է Վարվարա Ստեփանովան, ով 1924 թվականից Լյուբով Պոպովայի հետ մշակել է կտորային նկարներ Մոսկվայի առաջին տպագրական գործարանում, գծագրել սպորտային և առօրյա հագուստ[1][2]:

Ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 578 CC-BY-SA-icon-80x15.png