Գրչության արվեստ
Վայելչագրություն |
---|
Գրչության արվեստ գրելու արվեստ, ուսմունք գրության մասին։ Ստեղծվել է հին աշխարհում, լայնորեն տարածվել միջնադարում։ Գրչության արվեստ միավորում է գիտության, արվեստի, արհեստի տարրեր, գործնական և տեսական գիտելիքներ, որոնց մեկտեղումով ստեղծվել է փաթեթը, արձանագրությունը, ձեռագիրը, դիվանական փաստաթուղթը։ Գրչության արվեստի մեջ մտնող այդ տարրերը կարելի է բաժանել երկու մասի, մեկը վերաբերում է գրանյութին, այսինքն՝ պապիրուս, մագաղաթ, թուղթ, թանաք, ներկ, գրիչ, կազմ պատրաստելու, տողեր գծելու, պրակավորելու և նման աշխատանքների համար նյութեր ու գործիքներ հայթայթելուն, մյուսը՝ բուն գրելու հետ կապված գործողությանը, որն ընդգրկում է գիրը, գրատեսակը, բնագիրը, ուղղագրությունը, կետադրությունը, սրբագրությունը, մանրանկարչությունը, կազմազարդերը։ Սրանք սերտորեն կապված են միմյանց և հասարակական-տնտեսական կյանքի զարգացմանը համընթաց փոփոխվել են ժամանակի ընթացքում։ Առաջին գրանյութը եղել է քարը, հետո նրան միացել է աղյուսը, ապա՝ պապիրուսը, որի ևետ գործածվել է մագաղաթը և նրան դուրս մղել։
Հետագայում մագաղաթին փոխարինել է թուղթը և դարձել համարյա միակ ու ամենամասսայական գրանյութը (միայն քարն է մնացել վիմարձանագրությունների համար)։ Հայ գրչության արվեստը հայերեն գրերի և գրատեսակների հետ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Գրչության արվեստի առաջին գործը Սողոմոնի առակներն են, որոնք թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը և նրա աշակերտներ Հովնան Եկեղեցացին ու Հովսեփ Պաղնացին, իսկ մագաղաթի վրա գրել է հելլեն գրիչ Հռոփանոսը։ Այս թարգմանության և գրության ժամանակ մշակվել է հայ գրչության արվեստ, որի մեջ և հմտացել են Մաշտոցի հետ Միջագետք գնացած աշակերտները։ Մաշտոցը Վաղարշապատ է վերադարձել հայոց նորաստեղծ գրերով և նրանցով գրված առաջին ձեռագրով։ Հետագայում Վաղարշապատում և գրչության այլ կենտրոններում գրչության արվեստը կատարելագործվեց, հարստացավ, դարձավ գիտության ուսուցման, ազգային դպրության կերտման ու պահպանման հուսալի զենքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 237)։ |