Վայելչագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վայելչագրություն, գեղագրություն, գեղեցիկ գրության արվեստ։

Վայելչագրության պատմությունը կապված է տառի և գրության միջոցների, պատմության և արվեստի ոճական զարգացման հետ։ Վայելչագրության ոճը գծագրությունների պարզության, տարածության վրա ընթերցելու հնարավորության, արագագրության, դեկորատիվ զարդանկարների հակում ունի։ Անտիկ դարաշրջանում Եվրոպայում ստեղծվել են հունարեն, և լատիներեն գրության դասական նմուշներ։

Վայելչագրության հայտնի վարպետներն են եղել Վան Սի Չժին (4-րդ դար), Սյուան Ցզուն (8-րդ դար), Մի Ֆեյը (11-րդ դար, Չինաստան), Իբն Մուկլան (10-րդ դար), Յակուտ Մուստասիմին (13-րդ դար, Բաղդադ), Միր Ալի Թեբրիզին (15-րդ դար), Միր Ալի Ծարավին, Ահմեդ ալ Հուսեյնին (16-րդ դար, Իրան և Միջին Ասիա)։

Հայոց գրերի զարգացմանը զուգընթաց մշակվել է նաև գրչության արվեստը ստեղծվել են հայոց գրերի մի քանի տեսակներ՝ գրչագիր, գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր, շղագիր։ Վայելչագրությունը գրչության արվեստի կարևոր մասն է, որն իբրև առարկա դասավանդվել է հայկական դպրոցներում։ Գրիգոր Տաթևացին այն կոչել է «արուեստ գրոյն»։ Հայոց գրերի տարբեր տեսակների առկայությունը և 11-րդ դար կեսից գործածության մեջ մտած զարդագիրն իր զանազանությամբ, ինչպես նաև 13-րդ դարի վերջից կիրառվող նոտրգիրը վայելչագրության զարգացման լայն հնարավորություններ են ստեղծել։ Վարպետ գրիչը կոչվել է «գրչապետ», «քաջ քարտուղար», «հռետոր» և այլն։ Մեզ հասած հազարավոր ձեռագրերի, վավերագրերի և վիմագրությունների մեջ մեծ թիվ են կազմում բարձր արվեստով կատարված գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում Լագարյան (Սահակ Վանանդեցի), Մուղնու (Հովհաննես Սանդղկավանեցի), Գագիկ թագավորի (անհայտ գրիչ), Բագնայրի (Իգնատիոս Անեցի), Հաղպատի (Մարգարե և Հակոբ), Հեթում թագավորի և Վասակ արքայաեղբոր (Թորոս Ռոսլին), Կեռան թագուհու (Ավետիս) Ավետարանները, ինչպես նաև Ներսես Լամբրոնացու համար Գրիգոր Սկևռացու գրած Նարեկը, Ստեփանոս Սկևռացու Հեթում արքայորդու ճաշոցը, Օշին թագավորի ժամագիրքը, րաբունապետներ Եսայի Նչեցու, Գրիգոր Տաթևացու, Թովմա Մեծոփեցու ձեռագրերը և բազմաթիվ այլ հուշարձաններ։

Տարբեր ժամանակներում վայելչագրության պահանջները տարբեր են եղել, որպես ընդհանուր պահանջներ առանձնացվում են՝ տառապատկերների ճիշտ գրությունը, տառերի տեղադրության, համաչափության, թեքության և գրատեսակի պահպանումը։ 1959 թվականից ՀԽՍՀ լուսավորության մինիստրության որոշմամբ վայելչագրություն որպես առարկա ձուլվել է մայրենի լեզվի տարրական դասընթացին։ Վայելչագրությունը այսօր էլ կարևոր նշանակություն ունի ձեռագրի պարզության, գեղեցկության ու ընթեռնելիության ապահովման առումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 257 CC-BY-SA-icon-80x15.png