Գունային տեսողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգույն, կանաչ և կարմիր լուսանկարչական ֆիլտրերը լուսանկարչական սարքի համար։

Գունային տեսողություն, գունազգացողություն, գունատարբերում, շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու կենդանի օրգանիզմի ունակություն։ Իրականանում է աչքի ցանցաթաղանթի հատուկ բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, որոնցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը։ Մնացած գույներն ու երանգներն ստացվում են այդ գույների խառնումից։

Երանգի և ալիքի երկարության ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունազգացողությունն իրականանում է աչքի ցանցաթաղանթի հատուկ բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, որոնցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը։ Մնացած գույներն ու երանգներն ստացվում են այդ գույների խառնումից։

Գունազգացողության գործընթացում դա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ լուսային ճառագայթման սպեկտրի տեսանելի մասը կազմված է տարբեր երկարության ալիքներից։ Երկարալիք ճառագայթումը ներգործում է կարմիր գույնն ընկալող տարրի, միջին ալիքը՝ կանաչի և կարճ ալիքը՝ մանուշակագույնի վրա։ Ըստ ներգործության ինտենսիվության՝ տարբերում են մաքուր գույների հետևյալ երանգները երկար ալիքի դեպքում՝ ծիրանագույնից նարնջագույն, միջին ալիքինը՝ զմրուխտականաչից դեղին, կարճ ալիքինը՝ երկնագույնից մանուշակագույն։ Տարբեր երկարության ալիքների ճառագայթում պարունակող լուսային հոսքն առաջացնում է գունաընկալման 3 տարրերի՝ ըստ ինտենսիվության ոչ միանման դրդում, որի շնորհիվ գլխուղեղի կեղևի տեսողական կենտրոններում ձևավորվում է լիարժեք գունային պատկեր։

Գունազգացողության ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

S, M և L շշիկների պատասխանը որոշակի ալիքի և գույնի նկատմամբ, ալիքի երկարությունը տրված է նանոմետրով

Ցանցաթաղանթի շշիկներից յուրաքանչյուրը կազմված է օպսին ապոպրոտեինից, որը կովալենտ կապված է 11-ցիս-հիդրոռետինալի կամ հազվադեպ 11-ցիս-դեհիդրոռետինալի հետ[1]։

Շշիկների պատասխան ազդակը ալիքի նկատմամբ նորմալ գույնային տեսողությամբ տարբեր մարդկանց մոտ տարբեր է[2], այլ կենդանիների մոտ այս պոլիմորֆ փոփոխությունն ավելի մեծ է և կարող է լինել հարմարողական[3]։

Ցանցաթաղանթի շշիկներ
Շշիկի տեսակ Անվանում Միջակայք Ալիքի երկարություն[4][5]
S β 400–500 նմ 420–440 նմ
M γ 450–630 նմ 534–555 նմ
L ρ 500–700 նմ 564–580 նմ

Գունային տեսողության խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունային տեսողության խանգարումները կարող են առաջանալ տեսողական կամ կենտրոնական նյարդային համակարգերի ֆունկցիաների բնածին կամ ձեռքբերովի խանգարումների հետևանքով։ Բնածին խանգարումը կոչվում է դալթոնիզմ (անգլիացի գիտնական Ջոն Դալթոնի անունով, որն առաջինն է նկարագրել այդ երևույթը)։ Հիվանդանում են առավելապես տղամարդիկ, որն արտահայտվում է կարմիր ու կանաչ գույների նկատմամբ զգայնության իջեցմամբ կամ բացակայությամբ, որի հետևանքով առաջանում է շրջապատող աշխարհի գունապատկերի աղավաղված ընկալում։ Մանուշակագույնի նկատմամբ զգայնության նվազումը հազվադեպ է հանդիպում։ Դալթոնիզմը փոխանցվում է ժառանգաբար՝ հորից, աղջկա միջոցով՝ թոռանը։ Ընդ որում աղջիկը չի տառապում այդ արատով, այլ հանդես է գալիս որպես մուտանտ զենի կրող, որը նրա որդու գունային տեսողության խանգարման պատճառ է դառնում։ Գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է գունակուրություն (մոնոխրոմազիա), որի դեպքում շրջապատի առարկաներն ընկալվում են սև-սպիտակ երանգներով։ Գունազգացողության ձեռքբերովի խանգարումներն առաջանում են տեսողական և կենտրոնական նյարդային համակարգերի հիվանդությունների դեպքերում և հաճախ բնութագրվում են 3 հիմնական գույների ընկալման նվազումով կամ բացակայությամբ։

Սպիտակ գույնի ընկալմանը մասնակցում է տեսողական լույսի ամբողջ սպեկտրը, մի քանի ալիքների ամբողջությունը՝ կարմիր, կանաչ, կապույտ կամ զույգ գույների խառնուրդը՝ կապույտ և դեղին[6]։

Յուրաքանչյուր գույնի ընկալման նկատմամբ զգայնության նվազման աստիճանը կարող է նույնը չլինել։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունային տեսողության ձեռքբերովի խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս վերականգնել ճիշտ գունազգացողությունը։ Իսկ բնածին խանգարումների բուժման եղանակներ դեռևս չկան, սակայն դալթոնիզմով տառապող մարդկանց օրգանիզմում աստիճանաբար առաջանում է գույներն ըստ պայծառության աստիճանի տարբերելու ունակություն, որի ընթացքում կարևոր նշանակություն ունի կյանքի փորձը, առարկայի իսկական գույնը իմանալը։ Ուստի, հաճախ դալթոնիզմով տառապող մարդիկ իրենց արատի մասին առաջին անգամ տեղեկանում են ակնաբույժի հետազոտությունից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nathans Jeremy, Thomas Darcy, Hogness David S. (ապրիլի 11, 1986)։ «Molecular Genetics of Human Color Vision: The Genes Encoding Blue, Green, and Red Pigments»։ Science 232 (4747): 193–202։ Bibcode:1986Sci...232..193N։ JSTOR 169687։ PMID 2937147։ doi:10.1126/science.2937147 
  2. Neitz J, Jacobs GH (1986)։ «Polymorphism of the long-wavelength cone in normal human color vision»։ Nature 323 (6089): 623–5։ Bibcode:1986Natur.323..623N։ PMID 3773989։ doi:10.1038/323623a0 
  3. Jacobs GH (January 1996)։ «Primate photopigments and primate color vision»։ Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 93 (2): 577–81։ Bibcode:1996PNAS...93..577J։ PMC 40094։ PMID 8570598։ doi:10.1073/pnas.93.2.577 
  4. Wyszecki Günther, Stiles, W.S. (1982)։ Color Science: Concepts and Methods, Quantitative Data and Formulae (2nd ed.)։ New York: Wiley Series in Pure and Applied Optics։ ISBN 0-471-02106-7 
  5. R. W. G. Hunt (2004)։ The Reproduction of Colour (6th ed.)։ Chichester UK: Wiley–IS&T Series in Imaging Science and Technology։ էջեր 11–2։ ISBN 0-470-02425-9 
  6. "Eye, human." Encyclopædia Britannica 2006 Ultimate Reference Suite DVD, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png