Պոզիտիվ (կինոտեխնիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզիտիվ և նեգատիվ. A՝ գունավոր պոզիտիվ, B՝ գունավոր նեգատիվ, C՝ սև ու սպիտակ պոզիտիվ, D՝ սև ու սպիտակ նեգատիվ

Պոզիտիվ (լատ.՝ positivus - դրական), կինոտեխնիկայում և լուսանկարչության մեջ, լուսանկարչական պատկեր, որում լույսի պայծառությունը, իսկ գունավոր Պոզիտիվում նաև գույների հարաբերական բաշխումը համապատասխանում է լուսանկարված առարկայի վրա նրա բաշխմանը (տես նաև ՆեգատիվՊոզիտիվային պատկերներն ստանում են անթափանց (թուղթ, հախճապակի, մետաղ և այլն) կամ թափանցիկ (ապակի, ժապավեն և այլն) աստառանյութի վրա նստեցված լուսազգայուն թաղանթներում։ Պոզտիվի որակը գնահատվում է նրա սևացած մասերի օպտիկական խտությամբ, շղարշաշերտի մգությամբ, գույների հարաբերական պայծառությամբ, առարկայի իրական գույների հետ նրանց համապատասխանությամբ։ Պոզիտվի ստացումը՝ պոզիտիվային պրոցեսը, ներառնում է պոզիտիվային ժապավենի (թղթի, թիթեղի) լուսակայումը (տպագրություն) և նրա հետագա քիմիական վերամշակումը (հայտածում, ամրացում, լվացում և այլն)։ Տպագրությունն իրականացնում են հպատպման և հեռատպման (պրոյեկցիոն) եղանակներով։ Առաջին դեպքում պոզիտիվային լուսազգայուն թաղանթը հպում են նեգատիվի էմուլսիոն շերտին, երկրորդ դեպքում՝ նեգատիվային պատկերը պրոյեկտում են պոզիտիվային թաղանթի վրա օպտիկական խոշորացնող սարքի օգնությամբ։ Տպագրելիս նեգատիվով անցնող լույսն ընկնում է պոզիտիվային թաղանթի վրա՝ լուսակայում, որի տևողությունը պայմանավորված է նեգատիվի օպտիկական խտությամբ, լույսի պայծառությամբ, թաղանթի լուսազգայնությամբ և որոշվում է փորձով։ Գունավոր Պոզիտիվներ ստացվում են բազմաշերտ գունավոր պոզիտիվային թաղանթներ և գունավոր նեգատիվներ օգտագործելով (տես Գունավոր լուսանկարչություն)։ Վերջին 30 տարիներին լայն տարածում են գտել դարձելի լուսազգայուն թաղանթները, որոնց քիմիական վերամշակմամբ, առանց նեգատիվներ օգտագործելու, ստանում են Պոզիտիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 348