Կուբիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուբիզմ (ֆր.՝ cubisme), մոդեռնիստական հոսանք կերպարվեստում, որ սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում Ֆրանսիայում։

Այս գեղարվեստական հոսանքը սկիզբ է առել Պոլ Սեզանի այն մտքից, որ նկարիչը աշխարհին պետք է նայի գնդի կամ քառակուսու միջով։ Կուբիստական նկարչությունը 1905 թվականին արդեն գերակշռող երևույթ էր եվրոպական արվեստում։ Առաջին կուբիստական նկարը երևույթ դարձավ փարիզյան սալոնում. նրա հեղինակը Ժորժ Բռաքն էր։ Ավելի ուշ Ժորժ Բրաքի և Պաբլո Պիկասոյի օրինակին են հետևել Ջին Մեցինգերը, Ալբերտ Գլեյզեսը, Ռոբերտ Դելաունայը, Հենրի Լե Ֆաուկոնիերը, Ֆերնարդ Լեգերը և Ժուան Գրիսը։ Կուբիզմը լայնորեն տարածում ստացավ Պոլ Սեզանի երաչափ աշխատանքների միջոցով։

Կուբիստական նկարներում առարկաները տարալուծված են, բաժանված մասերի և վերադասավորված աբստրակտ ձևով։ Այստեղ հեղինակը առարկան ներկայացնում է մի քանի կողմից։

Ֆրանսիայում կուբիզմից են առաջացել օրֆիզմը, աբստրակցիոնիզմը, պուրիզմը (Purism)։ Այլ երկրներում՝ ֆուտուրիզմը, սուպրեմատիզմը, Դադաիզմը, կոնստրուկտիվիզմը և Դե ստիջլը։

Կուբիզմի պատմական փուլեր[խմբագրել]

Կուբիստական ուղղությունը սկիզբ է առել 1907-1911 թվականներին։ Պիկասոյի 1907 թվականի Les Demoiselles d'Avignon նկարը համարվում է կուբիզմի նախատիպը։ 1911 թվականին Պիկասոն ճանաչվեց կուբիստական ոճի հիմնադիր։ Սակայն, Բրաքի կարևորությունն ու ունեցած ներդրումը հետագայում քննարկումների առիթ հանդիսացավ։

Պատմաբանները կուբիզմի պատմությունը բաժանում են փուլերի։ Առաջին փուլը ընդգրկում է 1910-1912 թվականները և կոչվում է Անալիտիկ կուբիզմ։ Երկրորդ փուլը Սինթետիկ կուբիզմն է, որն էլ տևել է մինչև 1919 թվականը։ Մեկ այլ մոտեցմամբ անգլիացի գիտնական Դուգլաս Կուպերը իր «Կուբիզմի դարաշրջանը» (The Cubist Epoch) գրքում այն բաժանել է երեք փուլերի՝ վաղ կուբիզմ, բարձրագույն կուբիզմ և ուշ կուբիզմ։ Վաղ կուբիզմը ներառում էր 1906-1908 թվականները և արտացոլում էր Պիկասոյի և Բրաքի աշխատանքները։ Երկրորդ փուլը՝ բարձրագույն կուբիզմը, ընդգրկում էր 1909-1914 թվականները որի կարկառուն ներկայացուցիչն էր Ժուան Գրիսը։ Եվ վերջապես երրորդ՝ ուշ կուբիզմի փուլը արտահայտում էր 1914-1921 թվականները։ Այս փուլն էլ հենց ավանգարդ շարժման ժամանակաշրջանը դարձավ։