Նիկոլայ Գե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Գե
Николай Ге
Ծնվել էփետրվարի 15 (27), 1831[1]
ԾննդավայրՎորոնեժ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 1 (13), 1894[1] (63 տարեկան) կամ հունիսի 2 (14), 1894[1] (63 տարեկան)
Մահվան վայրՇևչենկո, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1857)
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ոճռուսական սիմվոլիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱքիլլեսը ողբում է Պատրոկլեսի մահը և Ի՞նչ է ճշամարտությունը
ԱշակերտներIvan Pranishnikoff? և Ալեքսանդր Կուրիննի
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
ԱմուսինZoya Ge? և Anna Petrovna Ge?[3]
ԶավակներQ26769508? և Q28243766?
 Nikolay Ge Վիքիպահեստում

Նիկոլայ Նիկոլաևիչ Գե (ռուս.՝ Николай Николаевич Ге, 15 (28) փետրվարի, 1831, Վորոնեժ — 1 (14) հունիսի, 1894, Իվանովսկի, Չերնիգովի մարզ), ռուս գեղանկարիչ, դիմանկարների, պատմական ու կրոնական թեմատիկայով կտավների վարպետ։ Ստեղծել է նաև քիչ թվով քանդակներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գեն ծնվել է Վորոնեժում՝ կալվածատեր Նիկոլայ Գեի ընտանիքում[4]։ Կրտսեր եղբայրը դրամատուրգ Իվան Գեն է[5]։ Նկարչի պապը Ֆրանսիայից Ռուսաստան է գաղթել XVIII դարի վերջին. ֆրանսերեն նրա ազգանունը գրվել է Gay։

1831 թվականին, երբ ծնվել է Նիկոլայը, Ռուսաստանի կենտրոնական նահանգներում բռնկվել էր խոլերայի համաճարակ։ Որդու ծնունդից երեք ամիս անց ապագա նկարչի մայրը մահանում է խոլերայից։ Հոր պնդմամբ՝ երեխայի դաստիարակությունն ստանձնում է դայակը՝ ճորտ մի կին[4]։ Նիկոլայ Գեի վաղ մանկությունն անցել է գյուղում։ 1841 թվականին նրան տանում են Կիև։ Այնտեղ նա ընդունվում է Կիևի առաջին գիմնազիա. ուսուցիչները նրա մեջ նկատում են գեղանկարչի տաղանդն ու կանխատեսում, որ տղան նկարիչ կդառնա։ Սակայն գիմնազիան ավարտելուց հետո Նիկոլայը հոր խորհրդով ընդունվում է Կիևի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ[4]։

Սանկտ Պետերբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաուլն Աենդորացի կախարդուհու մոտ»

Նիկոլայ Գեն, ով երազում էր, հակառակ հոր կամքի, ընդունվել մայրաքաղաքի Գեղարվեստի կայսերական ակադեմիա, տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բնակվում էր նրա ավագ եղբայրը։ Սակայն չհամարձակվելով դիմել ակադեմիա՝ Գեն ուսումը շարունակում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Համալսարանում սովորելու տարիներին՝ 1848-1849 թվականներին, Նիկոլայ Գեն համառորեն նկարչություն էր սովորում Էրմիտաժում։

1850 թվականին Գեն թողնում է ուսումը համալսարանում և ընդունվում Գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է ակադեմիկոս, գեղանկարչության պրոֆեսոր, պետերբուրգցի հայտնի նկարիչ Պյոտր Բասինի մետ։ Դեռ երիտասարդ տարիքում Նիկոլայ Գեն, հիացած լինելով Կառլ Բրյուլովի արվեստով, մանրամասն ուսումնասիրել ու կրկնօրինակել էր սիրելի նկարչի ոճն ու նկարչական հնարքները, ինչը որոշակի ազդեցություն է թողնում Գեի ստեղծագործության վրա[4]։ Ակադեմիայում Նիկոլայ Գեն սովորում է յոթ տարի։ «Աքիլլեսը ողբում է Պատրոկլեսի մահը» աշխատանքի համար 1855 թվականին ստացել է Ակադեմիայի փոքր ոսկե մեդալ։ 1857 թվականին Նիկոյալ Գեն «Սաուլն Աենդորացի կախարդուհու մոտ» կտավի համար արժանանում է Մեծ ոսկե մեդալի, ինչի շնորհիվ նա հնարավորություն է ստանում Ակադեմիայի հաշվին մեկնել արտասահման։ Նիկոլայ Գեն բառացիորեն «փախչում է ցարական Ռուսաստանից» Եվրոպա[6]։

Եվրոպայում անցկացրած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ նկարիչն այցելում է Գերմանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա[6]։

Փարիզում Նիկոլայ Գեի վրա մեծ տպավորություն են թողնում երկու իրադարձություններ՝ Սալոն 1857-ը և Պոլ Դելարոշի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդեսը։ Հռոմում նա ծանոթանում է Ալեքսանդր Իվանովի հետ, ում արվեստը «շատ խոր ազդեցություն է թողել Գեի վրա»[7], ինչը նկատելի է արդեն «Վերադարձ Հիսուսի թաղումից» (1859) էսքիզում։

Այս շրջանում, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայում եղած տարիներին Նիկոլայ Գեն ստեղծել է դիմանկարներп։ Այստեղ նա ստեղծում է կնոջ դիմանկարային էտյուդը (1858)[7]։ Դրանից բացի՝ նա նկարում է նաև մի շարք էսքիզներ՝ «Վիրջինիայի մահը» (1857-1858), «Վեստալուհու սերը» (1858) և «Երուսաղեմի տաճարի ավերումը» (1858)։ «Վիրջինիայի մահը» կտավն օրինակելի ստեղծագործություն է և «իր դրամատիզմով, ժեստերի արտահայտիչ պլաստիկայով ու կոմպոզիցիոն հնարքով... հիշեցնում է Բրյուլովի «Պոմպեոսի վերջին օրը» հայտնի կտավը?»[6]։ Գեն դժգոհ էր այդ էսքիզներից։ Որոշ ժամանակով նա թողնում է պատմական թեմատիկան և սկսում է նկարել բնօրինակից։ Նա այցելում է Նեապոլ, որտեղ նկարում է բազմաթիվ էտյուդներ։ 1860 թվականին Նիկոլայ Գեն Հռոմից տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ փորձում է նկարել «Լամբերտացիի մահը» (1860) էսքիզը, բայց շուտով թողնում է այդ աշխատանքը։

Ստեղծագործական հաջողություն և հասարակական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականին Գեն սկսում է աշխատել «Խորհրդավոր ընթրիք» կտավի վրա, իսկ 1863 թվականին նկարը տանում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ այն ցուցադրվում է Գեղարվեստի ակադեմիայի աշնանային ցուցահանդեսում։ Կտավը մեծ տպավորություն է թողնում հասարակության վրա։ Պաշտոնական մամուլը կտավում նկատում է «մատերիալիզմի ու նիհիլիզմի գերիշխում»[8], իսկ գրաքննությունն արգելում է կրկնօրինակել այն։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի կայսրը գնում է Նիկոլայ Գեի «Խորհրդավոր ընթրիք» կտավը՝ դրանով համալրելով սեփական հավաքածուն[9]։ Այսպիսով՝ Գեի արվեստը մեծ ճանաչման է արժանանում և հաջողություն է ունենում մայրաքաղաքի բնակիչների շրջանում։ «Խորհրդավոր ընթրիք» կտավի համար Գեղարվեստի ակադեմիան Նիկոլայ Գեին շնորհում է պրոֆեսորի կոչում։ Գեն ընտրվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի իսկական անդամ[9]։

Ֆլորենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերցենի դիմանկարը

Կարճ ժամանակով Ռուսաստանում մնալուց հետո՝ 1864 թվականի սկզբին, Նիկոլայ Գեն վերադառնում է Ֆլորենցիա, որտեղ ստեղծում է ավետարանական սյուժեներով բազմաթիվ էսքիզներ («Քրիստոսն ու Մարիամը՝ Ղազարոսի քույրը», «Փրկչի եղբայրները» և այլն), սկսում է նոր մեծ կտավ՝ «Հարության լրաբերները»։ Ֆլորենցիայում Գեն ծանոթանում և մտերմանում է Ալեքսանդր Գերցենի հետ։ Հետագայում Գեն հիշում է. «Մի անգամ՝ 1866 թվականի վերջին, մեզ համար անսպասելի մեզ մոտ եկավ Գերցենը... Ես համրացել էի ուրախությունից»[10]։ Ալեքսանդր Գերցենի թույլտվությամբ՝ Նիկոլայ Գեն ստեղծում է նրա դիմանկարը։ Գերցենին նկարելու որոշումը չափազանց ռիսկային էր, քանի որ Գերցենը «պետական հանցագործ» էր և քաղաքական վտարանդի, ով ճորտատիրության ու ռուսական ինքնակալության ոխերիմ հակառակորդն էր։ Կտավն ավարտին է հասցվել շատ արագ՝ ընդամենը հինգ կատարահերթում, և թողնում է թարմության ու անմիջականության տպավորություն։ Քննադատների կարծիքով՝ Գերցենի դիմանկարը լավագույնն է Նիկոլայ Գեի ստեղծագործական ժառանգության մեջ։

Նիկոլայ Գեն ստեղծում է նաև բազմաթիվ այլ դիմանկարներ և նկարում է բնօրինակից։ 1867 թվականին Գեն ավարտում է «Հարության լրաբերները» կտավը և ուղարկում այն Գեղարվեստի ակադեմիա՝ ցուցահանդեսին մասնակցելու համար, սակայն նրա նկարն այնտեղ չեն ընդունում։ Նկարչի ընկերները կտավը ցուցադրում են նկարիչների ակումբում, բայց նկարը հասարակության շրջանում առանձնակի ուշադրության չի արժանանում։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Գեի հաջորդ կտավը՝ «Քրիստոսը Հեֆսիմանյան այգում»։

Վերադարձ Ռուսաստան, Պետերբուրգյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականի վերջին Նիկոլայ Գեն վերադառնում է Ռուսաստան, որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպման գործում։ Առաջին շրջիկ ցուցահանդեսի համար Գեն նկարում է «Պետրոս I-ը Պետերհոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին» (1871) կտավը։ Վերջինս մեծ տպավորություն է թողնում ժամանակակիցների վրա և դեռ նկարչի արհեստանոցում եղած ժամանակ գնվում է հայտնի մեկենաս և կոլեկցիոներ Պավել Տրետյակովի կողմից՝ համալրելու նրա անձնական հավաքածուն[11]։

1869-1875 թվականներին Նիկոլայ Գեն ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում։ Այստեղ նա ստեղծում է Ռուսաստանի հայտնի մտավորականների դիմանկարներ, որոնց թվում էին գրող Իվան Տուրգենևը, բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը, գրող-երգիծաբան Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, պատմաբան Նիկոլայ Կոստոմարովը, քանդակագործ Միխայիլ Անտոկոլսկին և այլք։

Նիկոլայ Գեն այս շրջանում ստեղծում է նաև ռուս քննադատ Վիսարիոն Բելինսկու կիսանդրին[12], ինչպես նաև ստեղծում է պատմական թեմատիկայով մի շարք նկարներ՝ «Եկատերինա II-ը Ելիզավետայի դագաղի մոտ» (1874) և «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը Միխայլովսկի գյուղում» (1875), որոնք, սակայն, իրենց կատարման վարպետությամբ զիջում են «Պետրոս I-ի հարցաքննությունը» կտավին։

Գեն իր ուժերն է փորձում նաև դիմանկարային, պատմական ու կրոնական թեմատիկայով գեղանկարչության այլ ժանրերում։ Ստեղծագործական անբավարարվածությունն ու նյութական վատ պայմանները Նիկոլայ Գեին ստիպում են լքել Ռուսական կայսրության մայրաքաղաքը։

Կյանքն Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին Գեն ընդմիշտ լքում է Սանկտ Պետերբուրգն ու բնակություն հաստատում Ուկրաինայում, որտեղ ոչ մեծ ագարակ է գնում Չեռնիգովի մարզում՝ Պլիսկա երկաթուղային կայարանից ոչ հեռու[13]։ Մինչ 1879 թվականը նկարիչը գրեթե չի ստեղծագործել։ Մի որոշ ժամանակով նա հրաժարվում է գեղանկարչությունից ու զբաղվում է կրոնի ու բարոյականության հարցերով։ Նա գրում է, թե պիտի ապրել գյուղատնտեսական աշխատանքով, արվեստը չի կարող ապահովել ապրելու միջոցներ, և որ այն հնարավոր չէ վաճառել։

Ապրուստի միջոցներ հայթայթելու և կուտակված հարկերը վճարելու համար նկարիչն ստիպված է լինում պատվերով նկարել տեղի հարուստների դիմանկարները, ինչը, սակայն, նա կատարում էր առանց ոգևորության։ Այդպես նա ստեղծում է շաքարի գործարանի տնօրեն Տերեշչենկոյի ու նրա կնոջ նկարը, հարևան կալվածատիրոջ՝ Ի. Պետրունկևիչի (1878) և այլոց դիմանկարները[13]։

Հոգևոր ճգնաժամի հետևանք կարելի է համարել «Գթասրտություն» (1880) կտավը, որում Նիկոլայ Գեն խախտել է ժամանակի բոլոր կանոնները, որ վերաբերում էին Հիսուս Քրիստոսի պատկերմանը. նրա հերոսը պատկերված է որպես ցնցոտիավոր աղքատ։ Այդ աշխատանքը ենթարկվեց խիստ քննադատության և չընդունվեց հասարակության կողմից։ Հոգեկան խռովության պոռթկման պահին նկարիչը ոչնչացրել է այդ կտավը[13]։

Ստեղծագործության վերջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյի կիսանդրին (1890) Գեի քանդակագործական հազվագյուտ նմուշներից է

1882 թվականին Գեն Մոսկվայում ծանոթանում է Լև Տոլստոյի հետ, իսկ 1884 թվականին ստեղծում է նրա դիմանկարը[14]։

Այնուհետև նա ստեղծել է կրոնական թեմատիկայով մի շարք կտավներ՝ «Խորհրդավոր ընթրիքից հեռանալիս» (1889), «Ի՞նչ է ճշմարտությունը» (1890), «Հուդա» (Խիղճ) (1891), «Սինեդրիոնի դատը. «Ենթակա է մահապատժի»» (1892) և «Խաչելություն» կտավի մի քանի տարբերակները։ Այդ ժամանակ նա ստեղծում է նաև Լիխաչյովի, Կոստիչևի և այլոց դիմանկարները, նկարազարդում է Լև Տոլստոյի «Ինչով են ապրում մարդիկ» վիպակը և ստեղծում գրողի կիսանդրին։

Ռուսական մամուլում սկիզբ է առել բանավեճ Գեի վերջին ստեղծագործությունների վերաբերյալ։ Նրա «Ի՞նչ է ճշմարտությունը» կտավը հանվել է ցուցահանդեսից։ Նիկոլայ Գեի արվեստի երկրպագուներից մեկը կտավը տարել է Եվրոպա և ԱՄՆ, սակայն այնտեղ էլ կտավը առանձնակի հաջողություն չի ունեցել հասարակության շրջանում։ Նույն ճակատագրին է արժանացել «Սինեդրիոնի դատը», իսկ 1894 թվականին՝ «Խաչելություն» կտավը։ Վերջին նկարը հանվել էր ցուցահանդեսից և ցուցադրվում էր մասնավոր բնակարանում, հետա տարվեց Լոնդոն։ Սակայն Գեն գոհ էր նրանից, թե ինչ տպավորություն են թողել իր կտավները։ Դրանցում նա «գտել էր» իրեն՝ մշակելով ինքնուրույն հայացք շրջապատող իրականության վերաբերյալ, ինչպես նաև գեղանկարչական հատուկ վարպետություն։

Իր մահից մի տարի առաջ Նիկոլայ Գեն ստեղծում է «Ինքնադիմանկարը» (1893, վրձին, յուղաներկ, Կիևի ռուսական արվեստի ազգային թանգարան)։ Կտավում պատկերված է ոչ երիտասարդ անձնավորություն, որ դեռևս պահպանել է սևեռուն հայացքը կյանքի ու արվեստի նկատմամբ։ «Ինքնադիմանկարը» համարվում է նկարչի լավագույն ստեղծագործություններից մեկը[15]

Նիկոլայ Գեն մահացել է Իվանովսկի կալվածքում 1894 թվականի հունիսի 1-ին (հունիսի 13)[13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականին Նիկոլայ Գեն ամուսնացել է Աննա Պետրովնա Զաբելայի հետ։ Վերջինս Կիևից էր։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Նիկոլայ (ծնվել է 1857 թվականի սեպտեմբերի 30-ին) և Պյոտր (ծնվել է 1859 թվականի օգոստոսի 21-ին)։ Պյոտրն ամուսնացել է իր զարմուհու՝ Եկատերինա Իվանովնա Զաբելայի հետ, ով երգչուհի Նադեժդա Իվանովնա Զաբելա-Վրուբելի հարազատ քույրն էր։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գեի ստեղծագործությունները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում՝ Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), Ռուսական արվեստի ազգային թանգարանում (Կիև)[16]։

2011 թվականի մայիսին Տրետյակովյան պատկերասրահը ձեռք է բերել Նիկոլայ Գեի նկարների հավաքածուն, որ բաղկացած է մեծ ֆորմատի 55 նկարներից։ Դրանց թվում կային էտյուդներ, էսքիզներ, տարբեր տարիների ստեղծագործությունների ուրվանկարներ, պատկերազարդումներ[17][18]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. Ге Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. https://ru.rodovid.org/wk/%D0%97%D0%B0%D0%BF%D0%B8%D1%81%D1%8C:103510
  4. 4,0 4,1 4,2 4,3 Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 6.
  5. Ге, Иван Николаевич // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  6. 6,0 6,1 6,2 Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 7.
  7. 7,0 7,1 Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 8.
  8. Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 9.
  9. 9,0 9,1 Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 10.
  10. Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 11.
  11. Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 13.
  12. Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 12.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т.Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 14.
  14. Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т. Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 15.
  15. Николай Николаевич Ге. Альбом. Второе издание. Автор-составитель Т. Н. Горина. — Москва: Изобразительное искусство, Серия: Русские художники, 1977. — 56 с. — С. 18.
  16. Библейский сюжет в русской живописи — Христианский Творческий Союз
  17. «Брифинг в связи с поступлением в собрание Третьяковской галереи коллекции рисунков Н.Н.Ге». ГТГ. 20 июня 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  18. Возвращение: коллекция графики Николая Ге вернулась на Родину — Р. Р. Адагамов

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ге, Николай Николаевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Горина Т.Н. [Творческая биография Николая Николаевича Ге. Краткий очерк - С. 5-18.] / Николай Ге. Альбом [черно-белых копий работ художника + Краткая биография]. Автор-составитель Татьяна Горина. - Москва։ Изобразительное искусство, Серия։ Русские художники, 1977. - 56 с.
  • Дмитриев Вс. Николай Николаевич Ге // [Санкт-Петербург]. Аполлон. 1913. №10.
  • Альбом художественных произведений Николай Николаевич Ге. - Москва - Санкт-Петербург։ 1903-1904.
  • Лев Николаевич Толстой и Николай Николаевич Ге. Переписка. - Москва - Ленинград։ Akademia, 1930.
  • Стасов В. В. Николай Николаевич Ге, его жизнь, произведения и переписка. - Москва։ 1904.
  • Коваленская Н. Н. Н. Н. Ге // История русского искусства, т. 9, кн. 1. — Москва։ 1965. — С. 217—259.
  • Зограф Н. Г. Николай Николаевич Ге. — Л.: Художник РСФСР, 1968. — 80 с. — (Народная библиотечка по искусству). (обл.)
  • Порудоминский В. И. Николай Ге. М., 1970.
  • Арбитман Э. Н. Жизнь и творчество Н. Н. Ге. Саратов, 1972.
  • [Тарасов В. Ф. Николай Николаевич Ге, 1831—1894 / Оформление серии Д. М. Плаксина. — Л.: Художник РСФСР, 1989. — 96 с. — (Массовая библиотека по искусству). — 30 000 экз. — ISBN 5-7370-0027-3 (обл.)
  • Н. Н. Ге. 1831—1894. Выставка произведений. Каталог, (М., 1969).
  • Николай Ге. Вектор судьбы и творчества (Материалы Международной научной конференции к 180-летию со дня рождения художника. Науч. ред., сост. Т. Л. Карпова). М., Государственный институт искусствознания, 2014. – 400 стр. ISBN 978-5-98287-082-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 704