Գրիգոր Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խանջյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Խանջյան
Khanjyan.jpg
Ի ծնեԳրիգոր Սեպուհի Խանջյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1926(1926-11-29)[1]
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 19, 2000(2000-04-19) (73 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարիչ և արվեստների գործիչ
ԺանրՊատկերազարդում, գրաֆիկա և դիզայն
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Երևանի պատվավոր քաղաքացի ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Գրիգոր Խանջյան (նոյեմբերի 29, 1926(1926-11-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 19, 2000(2000-04-19), Երևան, Հայաստան), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983): Երևանի պատվավոր քաղաքացի, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին Երևանում։ 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951 թվականներ), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թվականից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963 թվականին ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թվականին Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թվականին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թվականին արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։

Գրիգոր Խանջյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956 թվական), «Երևանի կառուցողները» (1960 թվական) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962 թվական, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956 թվական), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958 թվական), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970 թվական), «Սասունցիների պարը» (1975 թվական) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965 թվականներ) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977 թվական), «Հայոց այբուբեն» (1981 թվական), «Վարդանանք» (1983 թվական) և «Վերածնված Հայաստան» (1994 թվական) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցին՝ այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։ Այն կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» խորհուրդը։ Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար Վարդան Մամիկոնյանը՝ աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող։ Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ։ Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող Ղևոնդ Երեցի ֆիգուրը։ Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75 X 5,5 մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել։ Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով։ Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով՝ շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով։ Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ։ Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և Փիթսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը։ Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր» , «Արարատ», «Եկայք՝ շինեսցուք» և այլ գրքերի համար։ Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։ Նույն կարգի գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ханджян Григор Сепухович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.