Հովհաննես Այվազովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Հովհաննես Այվազովսկի
Aivazovsky portrait by Tyranov.jpg
Ծնվել է հուլիսի 17 (29), 1817
Ծննդավայր Թեոդոսիա
Վախճանվել է մայիսի 5, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:5|2|0}}) (82 տարեկանում)
Մահվան վայր Թեոդոսիա
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն նկարիչ
Ոճ ռոմանտիզմ
Ժանր ծովանկար և բնանկար
Թեմաներ բնանկար
Ուշագրավ աշխատանքներ Իններորդ ալիք, Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա և Q3918559?
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Հովհաննես Այվազովսկի Վիքիքաղվածքում
Հովհաննես Այվազովսկի Վիքիդարանում
Ivan Aivazovsky Վիքիպահեստում

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817 , Թեոդոսիա - մայիսի 5, 1900 , Թեոդոսիա), հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ[1][2][3][4], համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, ապրում և աշխատում էր Ղրիմում, առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իններորդ ալիք»՝ գործ Հովհաննես Այվազովսկու, 1850 թ.

Նա ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը, հայերեն՝ «Հովհաննես Այվազյան» (ռուս.՝ Ованес Айвазян)։ Նրա որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին Ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովը։

Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ նա դարձավ ժամանակի առավել հայտնի ռուսական նկարիչը։ Նա թողել է 6000-ից ավելի ստեղծագործություն։ Վախճանվեց 1900 թվականին։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում։

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Այվազովսկիների տոհմի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին(Գևորգ).և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.հուլիսի 17(29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Հովհաննեսը՝ Գևորգ Այվազյանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝«Գայվազովսկի»։ Ինքը՝Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովիա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Մի քանի լեզու է իմացել։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի հայրը՝ Կոստանդին (Գևորգ) գրիգորի Այվազովսկին (1771–1841) թեոդոսիա տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784–1860) հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել են երեք աղջիկ և երկու տղա՝ Հովհաննեսը և Սարգիսը(հետագայում, սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է Գաբրիել անունը)։ Այվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել, բայց 1812 թ.ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։ Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն կերպով սովորել է ջութակ նվագել։ Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխը, տղայի գեղարվեստական ձիրքերի վրա առաջինն ուշադրություն դարձրած լինելով, հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան։ Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել, քաղաքապետին խորհուրդ տվել, որ ուշադրություն դարձնի շնորհալի պատանուն։ Եվ հենց քաղաքապետի աջակցությամբ էլ, որն այդ ժամանակ արդեն դարձել էր ապագա նկարչի տաղանդի երկրպագուն։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվազովսկին Թեոդոսիայի գավառական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Սիմֆերոպոլի գիմնազիան։ Այնուհետև նա պետության հաշվին սովորել է Սանկտ–Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թ. օգոստոսի 28–ին։ 1835 թ.«Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։ Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թ.աշնանային ցուցահանդեսին։ Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհաճ վերաբերմունքին։ Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց Նիկոլայ Առաջինին, ցարի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության դասարան՝պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝1837 թ.սեպտեմբերին Այվազովսկին «Անդորրություն» նկարի համար արժանացավ մեծ ոսկե մեդալի։Դա նրան իրավունք տվեց երկու տարի ճամփորդելու Ղրիմում և Եվրոպայում։

Ղրիմում և Եվրոպական երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաոս

1838 թ.գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։ Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում(մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար)։ Իբրև ծանոթություն նշենք, որ Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է։ Ի դեպ, այվազովսկու այս վերջին աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ, գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը։1839 թ.ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23–ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, բացի այդ, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։ Այդ նույն ժամանակամիջոցում նա մտերմացել է Կառլ Բրյուլովի և Միխայիլ Գլինկայի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թ.հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են Հռոմ։ Ճանապարհին կանգ են առել Վենետիկում և Ֆլորենցիայում։ Վանետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է Սուրբ Ղազար կղզի, տեսակցել նաև այստեղ գտնվող եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։ Նկարիչը երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ Սորենտոյում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը կայանում էր հետևյալում.բաց օդում մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով իմպրովիզացիային։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիուս XVI–րդ պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում(մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց Ուիլյամ Թյորները), փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատևեց ոսկե մեդալով...Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։ 1842 թ.սկզբին Այվազովսկին Շվեյցարիայով և Հռենոսի հովտով ուղևորվում է Հոլանդիա, այնտեղից անցնում Անգլիա, իսկ ավելի ուշ այցելում է Փարիզ,Պորտուգալիա,Իսպանիա։Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թ.աշնանը, ողջ–առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ Ռուսաստան։


Հետագա կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվազովսկու ֆանտանը Թեոդոսիայում

1845 թ.դարձել է գլխավոր ծովային շտաբի գեղանկարիչը, 1847 թ.Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, եղել է նաև եվրոպական մի շարք ակադեմիաների(Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի, Ամստերդամի, շտուտգարտի) անդամ։ Այվազովսկին հիմնականում ծովանկարներ է նկարել, ստեղծել Ղրիմի ծովափնյա քաղաքների դիմապատկերների շարքեր։ Նրա կարիերան չափազանց հաջողված էր. պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, ստացել դերծովակալի կոչում։ 1845 թվականից ապրել է Թեոդոսիայում, որտեղ իր վաստակած գումարներով բացել է արվեստների դպրոց(հետագայում այն դարձել է Նովոռոսիայի գեղարվեստական կենտրոններից մեկը) և պատկերասրահ (1880 թ.), հիմնադրել է գեղանկարչության Կիմերյան դպրոցը, դարձել Թեոդոսիա–Ջանկոյ երկաթգծի շինարարության նախաձեռնողը (կառուցվեց 1892 թ.)։ Ակտիվորեն մասնակցել է հայրենի քաղաքի բարեկարգմանը, ամեն կերպ աջակցել նրա ծաղկմանն ու բարգավաճմանը։ Հետաքրքրվել է հնագիտությամբ, զբաղվել Ղրիմի հուշարձանների պահպանության հարցերով, մասնակցել 90–ից ավելի կուրգանների ուսումնասիրմանը(գտածոների մի մասը պահպանվում է Էրմիտաժի պահոցներում)։ Իր միջոցներով կառուցել է Թեոդոսիայի հնությունների թանգարանի նոր շենքը։ Հնագիտությանը մատուցած ծառայությունների համար ընտրվել է Օդեսայի պատմության և հնությունների ընկերության իսկական անդամ։ 1895 թ. ապրիլին Նոր Նախիջևանում /Դոնի Նախիջևանում/ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (1820–1907) հանդիպելուց հետո, ավազովսկին այցելեց Տագանրոգում բնակվող իր հին ծանոթին՝ Յ. Մ. Սերեբրյակովին։ Դա նկարչի երկրորդ այցն էր Տագանրոգ.առաջինը եղել էր 1835 թ., երբ նա այցելել էր Ալեքսանդր Առաջինի պալատ։ Տագանրոգում Այվազովսկին իր «Ջրերի վրայով քայլելը» կտավը նվիրեց կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության մատուռին(ի դեպ, Տագանրոգում այդ ընկերության ներկայացուցիչը ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու Իպոլիտ եղբայրն էր)։ Այս ընծայի համար նկարիչն արժանացավ անձամբ ընկերության նախագահի՝մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի շնորհակալությանը։

Կյանքի վերջին օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվազովսկու գերեզմանը Թեոդոսիայում

Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում, 1900 թ.մայիսի 2–ին։ Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել«Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ։ Թեոդոսիայի Ի.Կ.Այվազովսկու անվան պատկերասրահի կայքէջում այսպես է նկարագրված հանճարեղ նկարչի կյանքի վերջին օրը. 1900 թ.ապրիլի 19–ի(մայիսի 2–ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջև, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը՝ պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը՝ մեկ անգամ ևս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից։ Որպես սյուժե՝ նա ընտրել էր իրական մի դեպք՝ անվեհեր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը՝Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը։ Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտի հասցրեց նկարը։ Խոր գիշերով՝քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը։«Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավը այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաև՝նկարչի ողջ տունը, վերածվել է թանգարանի։ Այվազովսկու ստեղծագործությանը բարձր գնահատական են տվել նրա շատ ու շատ ժամանակակիցներ, իսկ նկարիչ Ի.Ն.Կրամսկոյը գրել է.«Ով ինչ էլ ասի,Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում,այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ»։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը.«Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բուռնազյանի դիմանկարը

1848 թ Այվազովսկին ամուսնացավ։ Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը, անգլուհի էր, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր։ Նրանք ունեցան 4 դուստր՝Ելենա, մարիա, ալեքսանդրա և Ժաննա։ Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով, որ նա չէր ուզում ապրել մայրաքաղաքում։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877 թ․։ Երկրորդ կինը Աննա Նիկիտայի(Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝1882 թ.։ Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով։

Այվազովսկի հիշատակին նվիրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX-րդ դարի խոշորագույն հայ նկարչին նվիրված գործերից է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի՝ Խաչառի, 1937-1993 թթ. ՛՛Հովհաննես Հայվազյան (Այվազովսկի)՝ մեծ ծովանկարիչ՛՛ բարձրարվեստ դիմաքանդակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են