Սերգեյ Ռախմանինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ռախմանինով
Sergei Rachmaninoff LOC 33968 Cropped.jpg
Ի ծնե անուն Сергей Васильевич Рахманинов
Ծնվել է ապրիլի 1, 1873({{padleft:1873|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2][3]
Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Երկիր Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Մահացել է մարտի 28, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:28|2|0}})[4][2] (69 տարեկանում)
Բևերլի Հիլզ
Ժանրեր օպերա և սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր[3], դաշնակահար[3], դիրիժոր, երաժշտագետ և Վիրտուոզ
Գործիքներ դաշնամուր

Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինով (1873 թ. ապրիլի 1, գ. Սեմյոնովոյի կալվածք Օնեգ (այժմ՝ ՌԴ Նովգորոդի մարզի համանուն շրջանում) - 1943 թ., Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ընտանեկան ավանդույթի, Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիյից, ում Ռախմանին էին կոչում։ Մայրը՝ Լյուբով Պետրովնան (Բուտակովան), գեներալ Պ. Ի. Բուտակովի դուստրն էր։ Կոմպոզիտորի հորական պապը՝ Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում։

1882 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում։ Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը։ Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին։

Ռախմանինովը 1892 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները։ Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893 թվականին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում:

1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պյոտր Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր։ Նրա ստեղծագործական վերելքը սկսվել է 1900-ական թվականներից. ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ։

Ռախմանինովը 1906-1914 թվականներին որպես դաշնակահար և դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, 1917 թվականին՝ Շվեդիայում։ Ճանաչվել է հատկապես ռուս կոմպոզիտորների օպերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների նորովի մեկնաբանմամբ։

1918 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1918-1943 թվականներին գրել է դաշնամուրի Չորրորդ կոնցերտը, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով»` դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» և այլ գործեր։ Հայրենիքի թեմայով գրած նրա «Ռուսական երեք երգ» (երգչախմբի և նվագախմբի համար), Երրորդ սիմֆոնիա, «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից են։ Կոմպոզիտորը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին համերգների հասույթը փոխանցել է Կարմիր բանակի և ԽՍՀՄ պաշտպանության հիմնադրամներին։

Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն)։ Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է։

Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ։ Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը։ Լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118641832 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 (untranslated title)
  4. Рахманинов Сергей Васильевич, Рахманинов Сергей Васильевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015: