Գուստավ Մալեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Մալեր
Gustav Mahler 1909.jpg
Բնօրինակ անուն Gustav Mahler
Ծնվել է հուլիսի 7, 1860({{padleft:1860|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5]
Կալիշտե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Երկիր Ավստրո-Հունգարիա
Մահացել է մայիսի 18, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3][4][5] (50 տարեկանում)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]
Ժանրեր դասական երաժշտություն, սիմֆոնիա և կամերային երաժշտություն[7]
Մասնագիտություն դիրիժոր, կոմպոզիտոր և classical composer
Շրջանավարտ Վիեննայի համալսարան և Վիենայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Ամուսին Ալմա Մալեր
Ստորագրություն
Ստորագրություն

Գուստավ Մալեր (գերմ.՝ Gustav Mahler, հուլիսի 7, 1860({{padleft:1860|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3][4][5], Կալիշտե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 18, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]), հրեական ծագմամբ ավստրիացի երգահան և դիրիժոր։

Կենդանության օրոք Գուստավ Մալերն առաջին հերթին հայտնի է եղել որպես իր ժամանակների խոշորագույն դիրիժորներից մեկը և որպես, այսպես կոչված, «հետվագներյան հնգյակի» ներկայացուցիչ: Թեև Մալերը նվագախմբի ղեկավարման արվեստ երբեք չի սովորել և ուրիշներին էլ չի սովորեցրել, սակայն կրտսեր գործընկերների վրա նրա ունեցած ազդեցությունը երաժշտագետներին թույլ է տալիս խոսել «մալերյան դպրոցի» մասին՝ նրանում ներառելով այնպիսի ականավոր դիրիժորների, ինչպիսիք են Վիլլեմ Մենգելբերգը, Բրունո Վալտերը և Օտտո Կլեմպերերը:

Կոմպոզիտոր Մալերն իր կյանքի ընթացքում ունեցել է նվիրված երկրպագուների համեմատաբար նեղ շրջանակ, և միայն մահվանից կես դար անց է իրական ճանաչում ստացել որպես 20-րդ դարի խոշորագույն սիմֆոնիստներից մեկը: Մալերի ստեղծագործությունները, որ յուրօրինակ կամուրջ են դարձել 19-րդ դարի ավստրո-գերմանական ուշ շրջանի ռոմանտիզմի և 20-րդ դարասկզբի մոդեռնիզմի միջև, ազդեցություն են ունեցել բազմաթիվ կոմպոզիտորների վրա, այդ թվում՝ մի կողմից Վիեննական երկրորդ դպրոցի ներկայացուցիչների, մյուս կողմից՝ Դմիտրի Շոստակովիչի և Բենջամեն Բրիտտենի վրա:

Կոմպոզիտոր Մալերի ժառանգությունը, որ համեմատաբար փոքր է և գրեթե ամբողջությամբ կազմված է երգերից ու սիմֆոնիաներից, վերջին կես դարվա ընթացքում հաստատուն կերպով հաստատվել է համերգային երգացանկում, իսկ ահա մի քանի տասնամյակ անց նա ամենաշատ կատարված կոմպոզիտորներից մեկն էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը Ջիհլավայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Մալեր, 1865 թվականի հոկտեմբեր

Գուստավ Մալերը ծնվել է Բոհեմիայի Կալիշտե գյուղում (այժմ՝ Չեխիայի Վիսոչինա երկրամասում)՝ աղքատ հրեայի ընտանիքում[8]: Հայրը՝ Բերնհարդ Մալերը (1827-1889), պանդոկապետ էր և մանր առևտրական, պանդոկապետ էր նաև հայրական կողմի պապը[9]: Մայրը՝ Մարիա Գերմանը (1837-1889), ծնունդով Լեդեչից էր: Նա օճառի արտադրությամբ զբաղվող փոքր գործարանի տիրոջ դուստր էր[9]: Ըստ Նատալի Բաուեր-Լեխների վկայության՝ Մալեր ամուսիններն իրար համապատասխանում էին «ինչպես կրակն ու ջուրը». «Նա համառություն էր, նա էլ ինքնին հեզություն»[10]: Նրանց 14 երեխաներից (Գուստավը երկրորդն էր) ութը մահացել են վաղ տարիքում[9]:

Այս ընտանիքում ոչինչ չէր տրամադրում երաժշտությամբ զբաղվելուն, բայց Գուստավի ծնունդից շատ չանցած ընտանիքը տեղափոխվել է Մորավիայի հնագույն քաղաք Ջիհլավա, որը 19-րդ դարի երկրորդ կեսին արդեն հիմնականում բնակեցված էր գերմանացիներով, ուներ մշակութային իր ավանդույթները, զինվորական փողային նվագախումբ, տոնավաճառներ, թատրոններ, որտեղ դրամատիկական ներկայացումներից բացի երբեմն բեմադրում էին օպերաներ[11][12]: Ժողովրդական երգերն ու քայլերգերն այն առաջին երգերն են, որ լսել է Մալերն ու արդեն 4 տարեկանում նվագել շրթնահարմոն, 2 ժանրերն էլ կարևոր տեղ են զբաղեցնում նրա կոմպոզիտորական ստեղծագործությունների մեջ[11][13]:

Վաղ ի հայտ եկած երաժշտական ընդունակություններն աննկատ չեն մնացել. 6 տարեկանից Մալերը սովորել է դաշնամուր նվագել, 10 տարեկանում՝ 1870 թվականի աշնանը, նա Ջիհլավայում առաջին անգամ ելույթ է ունեցել հասարակական համերգում, այդ ժամանակներում էլ կատարել է կոմպոզիտորական իր առաջին փորձերը[9]: Ջիհլավայում կատարած այդ փորձերի մասին ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ 1874 թվականին, երբ ծանր հիվանդությունից հետո 13 տարեկանում մահացել է նրա փոքր եղբայր Էրնստը, Մալերն ընկերոջ՝ Ջոզեֆ Շտայների հետ ի հիշատակ եղբորն սկսել է հորինել «Հերցոգ Էրնստ Շվաբսկի» (գերմ.՝ Herzog Ernst von Schwaben) օպերան, բայց օպերայի ոչ լիբրետոն, ոչ էլ նոտաները չեն պահպանվել[14][15]:

Գիմնազիայում սովորելու տարիներին Մալերն ամբողջությամբ կենտրոնացել էր երաժշտության և գրականության վրա, սովորում էր միջակ, տեղափոխումը մեկ այլ՝ Պրահայի գիմնազիա, չի օգնել առաջադիմության բարձրացմանը, և Բերնհարդը, վերջ ի վերջո հաշտվելով այն փաստի հետ, որ ավագ որդին բիզնեսում իրեն օգնական չի դառնալու, 1875 թվականին Գուստավին տարել է Վիեննա՝ հայտնի մանկավարժ Յուլիուս Էփշտեյնի մոտ[16][9]:

Պատանեկությունը Վիեննայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համոզվելով Մալերի երաժշտական բացառիկ ունակությունների մեջ՝ պրոֆեսոր Էփշտեյնը պատանուն ուղարկել է Վիեննայի կոնսերվատորիա, որտեղ դարձել է դաշնամուրի դասարանի նրա ուսուցիչը, Մալերին հարմոնիա էր սովորեցնում Ռոբերտ Ֆուքսը, կոմպոզիցիա՝ Ֆրանց Կրենը[17]: Նա ներկա էր գտնվում Անտոն Բրուքների դասախոսություններին, որը հետագայում համարվել է նրա գլխավոր ուսուցիչներից մեկը, չնայած պաշտոնապես նրա աշակերտների թվում չէր[9]:

Վիեննան դարեր շարունակ Եվրոպայի երաժշտական մայրաքաղաքներից մեկն էր, այստեղ զգացվում էր Լյուդվիգ վան Բեթհովենի և Ֆրանց Շուբերտի ոգին, 1870-ական թվականներին Ա. Բրուքների հետ այստեղ էր ապրում Յոհաննես Բրամսը, Երաժշտասեր հասարակության համերգներին Հանս Ռիխտերի գլխավորությամբ ելույթ էին ունենում լավագույն դիրիժորները, Պալատական օպերայում երգում էին Ադելինա Պատտին և Պաուլինա Լուկկան, իսկ ժողովրդական երգերն ու պարերը, որոնցով Մալերը ոգեշնչվում էր ինչպես պատանեկան, այնպես էլ հասուն տարիքում, մշտապես հնչում էին բազմազգ Վիեննայի փողոցներում[18][19]: 1875 թվականի աշնանը Ավստրիայի մայրաքաղաքը ցնցվում էր Ռիխարդ Վագների այցով. այն 6 շաբաթը, որ նա անցկացրեց Վիեննայում՝ ղեկավարելով իր օպերաների բեմադրությունը, բոլորը, ըստ ժամանակակիցների վկայության, «խելագարվել էին» նրանով[20]: Մալերն ականատես է եղել Վագների երկրպագուների և Բրամսի համախոհների կրքոտ վիճաբանություններին, և եթե Վիեննական ժամանակաշրջանի վաղ ստեղծագործություններում՝ դաշնամուրային կվարտետ լա մինոր (1876), նկատելի է ընդօրինակումը Բրամսին, ապա 4 տարի անց գրված «Բողոքի երգ» կանտատի տեքստում արդեն զգացվում է Վագների և Բրուքների ազդեցությունը[21][22]:

Լինելով կոնսերվատորիայի ուսանող՝ Մալերը միաժամանակ ավարտել է Ջիհլավայի էքստեռնատ գիմնազիան, 1878-1880 թվականներին Վիեննայի համալսարանում դասախոսություններ է լսել պատմությունից և փիլիսոփայությունից, ապրուստը հոգալու համար դաշնամուրի դասեր է տվել[9]: Այդ տարիներին Մալերը համարվում էր փայլուն դաշնակահար, նրա համար փայլուն ապագա էր կանխատեսվում, կոմպոզիտորական նրա փորձերը պրոֆեսորներ չէին հասկանում, և միայն 1876 թվականին դաշնամուրային կվինտետի առաջին մասի համար նա ստացել է իր առաջին մրցանակը[23][17]: Կոնսերվատորիայում, որն ավարտել է 1878 թվականին, Մալերը մտերմացել է չճանաչված այնպիսի երիտասարդ կոմպոզիտորների հետ, ինչպիսիք էին Հուգո Վոլֆը և Հանս Ռոտտը, վերջինս նրան առաձնահատուկ մտերիմ էր, և շատ տարիներ անց Մալերը Ն. Բաուեր-Լեխներին գրել է. «Ինչ կորցրել է երաժշտությունը նրա մեջ, անհնար է չափել. նրա հանճարը այնպիսի բարձրունքների է հասնում նույնիսկ Առաջին սիմֆոնիայում, որ գրվել է 20 տարեկանում և նրան դարձրել է, առանց չափազանցության, նոր սիմֆոնիայի հիմնադիրը, ինչպես եմ ես նրան հասկանում»[24]: Մալերի վրա Ռոտտի ունեցած ակնհայտ ազդեցությունը (հատկապես նկատելի է Առաջին սիմֆոնիայում) ժամանակակից հետազոտողներին տեղիք է տվել նրան անվանելու պակասող օղակ Բրուքների և Մալերի միջև[25]:

Վիեննան դարձել էր Մալերի երկրորդ հայրենիքը, նրան մասնակից էր դարձրել դասական և ժամանակակից երաժշտության գլուխգործոցներին, որոշել նրա հետաքրքրությունների շրջանակը, սովորեցրել համբերությամբ դիմանալ նեղություններին ու կորուստներին[16]: 1881 թվականին նա Բեթհովենյան համերգին ներկայացրել է իր «Բողոքի երգը», որը ռոմանտիկ լեգենդ էր այն մասին, թե ինչպես սպանված ավագ եղբոր՝ ասպետի ոսկորը թափառական գուսանի ձեռքում հնչում է ինչպես ֆլեյտա և մերկացնում մարդասպանին[26][27]: 15 տարի անց կոմպոզիտորը հենց «Բողոքի երգը» անվանել է առաջին ստեղծագործությունը, որով «ինքն իրեն գտել է որպես «Մալեր»», և շնորհել իր առաջին գործը[28]: Սակայն ժյուրին, որի կազմում էին Ի. Բրանսը, Վիեննայում նրա գլխավոր համախոհներ Է. Հանսլիկը և Գ. Ռիխտերը, 600 գուլդեն մրցանակը շնորհել է ուրիշին[29][30]: Ըստ Ն. Բաուեր-Լեխների վկայության՝ Մալերը ծանր է տարել պարտությունը, շատ տարիներ անց ասել է, որ իր ողջ կյանքը բոլորովին այլ կլիներ, և, թերևս, երբեք չէր կապվի օպերային թատրոնի հետ, եթե հաղթեր մրցույթում[30][29]: Մեկ տարի առաջ այդ մրցույթում պարտվել էր և նրա ընկեր Ռոտտը՝ չնայած Բրուքների աջակցությանը, որի սիրելի աշակերտն էր, ժյուրիի ծաղրանքները խախտել են նրա հոգեկանը, և 4 տարի անց 25-ամյա կոմպոզիտորը մահացել է հոգեկան հիվանդանոցում[25][31]:

Մալերն իր անհաջողության պատճառով հրաժարվեց կոմպոզիցիայից (1881 թվականին նա աշխատում էր «Ռյուբեցալ» հեքիաթ-օպերայի վրա, սակայն այդպես էլ այն չի ավարտել) և սկսել իրեն վերագտնել մեկ այլ ոլորտում: Նույն թվականին նա ստացել է դիրիժորական իր առաջին վարձահրավերը Լայբախում՝ այժմյան Լյուբլյանայում[29][32]:

Դիրիժորական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Բլաուկոպֆը Մալերին անվանել է «դիրիժոր առանց ուսուցչի». նվագախմբի կառավարման արվեստ նա երբեք չի սովորել, նոտակալի հետևում, ըստ երևույթին, առաջին անգամ կանգնել է կոնսերվատորիայում, իսկ 1880 թվականի ամռանը դիրիժորություն է արել Բադ-Հալլի առողջարանային թատրոնի օպերետներում[33][32]: Վիեննայում նրա համար դիրիժորի տեղ չի գտնվել, և առաջին տարիներին նա բավարարվել է տարբեր քաղաքներում ժամանակավոր վարձահրավերներով, որոնց դիմաց ամսական ստացել է 30 գուլդեն և պարբերաբար եղել է գործազուրկ: 1881 թվականին Մալերը Լայբախում առաջին կապելմայստերն էր, իսկ 1883 թվականին կարճ ժամանակ աշխատել է Օլոմոուցում[32][28]: Վագներական Մալերը փորձում էր իր աշխատանքում պաշտպանել դիրիժոր Վագների հայացքները, որոնք այդ օրերին շատերի համար յուրօրինակ էին: Դիրիժորությունն արվեստ է, ոչ թե արհեստ[34]: «Այն պահից, երբ ես Օլոմոուցի թատրոնի շեմից ներս մտա,– գրել է նա իր վիեննացի ընկերոջը,– ինձ զգում եմ որպես երկնային դատաստանին սպասող մարդ: Եթե նույն սալյակին եզան հետ լծում են ազնվացեղ ձիու, ապա նրան ոչինչ չի մնում անելու, քան քարշ գալ կողքից՝ կորչելով քրտինքի մեջ: [...] Միայն այն զգացումը, որ ես տանջվում եմ հանուն իմ մեծ վարպետների, որ հնարավոր է, ես ամեն դեպքում կարող եմ նրանց կրակից գոնե կայծ հասցնել այս խեղճ մարդկանց հոգիներին, ամրապնդում է իմ արիությունը: Լավագույն ժամերին ես ինքս ինձ խոստանում եմ պահպանել սերն ու տանել ամեն ինչ, նույնիսկ հակառակ նրանց ծաղրանքների»[35]:

«Խեղճ մարդիկ». այդ ժամանակների գավառային թատրոններին հատուկ երգչախմբի մասնակից-հնապաշտներ, ըստ Մալերի՝ եթե օլոումոցյան իր նվագախումբը երբեմն իր գործին լուրջ է վերաբերվել, ապա բացառապես դիրիժորի՝ «այդ իդեալիստի» հանդեպ կարեկցանքից[35]: Գոհունակությամբ նա հաղորդել է, որ դիրիժորություն է անում գրեթե բացառապես Ջակոմո Մեյերբերի և Ջուզեպպե Վերդիի օպերաներում, սակայն «ինտրիգների միջոցով» խաղացանկից հանել է Մոցարտին և Վագներին. նվագախմբի համար «Դոն Ժուան» կամ «Լոհենգրին» «թափահարելը» նրա համար անտանելի կլիներ[35]:

Հանս ֆոն Բյուլով

Օլոմոուցից հետո Մալերը Վիեննայում կարճ ժամանակ եղել է Կարլի թատրոնի իտալական օպերային խմբի խմբավար[36], իսկ 1883 թվականի օգոստոսին Կասելի Թագավորական թատրոնում ստացել է երկրորդ դիրիժորի և խմբավարի պաշտոն, որտեղ աշխատել է 2 տարի[32]: Երգչուհի Յոհաննա Ռիխտերի նկատմամբ դժբախտ սերը Մալերին ստիպել է վերադառնալ ստեղծագործելուն. ոչ օպերա, ոչ էլ կանտատ նա այլևս չի գրել, իր սիրելիի համար Մալերը 1884 թվականին հորինել է «Թափառական ենթավարպետի երգերը» (գերմ.՝ Lieder eines fahrenden Gesellen) սեփական տեքստը, որը նրա ամենառոմանտիկ ստեղծագործությունն է, սկզբնական տարբերակը ձայնի ու դաշնամուրի համար էր, հետագայում վերամշակվել է վոկալային շարք ձայնի և նվագախմբի համար[37][38]: Սակայն հանրության համար այդ ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է միայն 1896 թվականին[38]:

1884 թվականի հունվարին Կասելում Մալերն առաջին անգամ լսել է հայտնի դիրիժոր Հանս ֆոն Բյուլովին, որը Մայնինգենի կապելլայի հետ շրջագայում էր Գերմանիայում[39]: Նրա մոտ մտնելու թույլտվություն չստանալով՝ նամակ է գրել. «...Ես երաժիշտ եմ, որը ժամանակակից երաժշտական արվեստների գիշերային անապատում թափառում է առանց առաջնորդող աստղի և վտանգված է ամեն ինչ կասկածելու կամ ճանապարհին մոլորվելու: Երբ երեկվա համերգում ես տեսա, որ հասել եմ ամենահրաշալիին, ինչի մասին ես երազել եմ և ինչը միայն աղոտ կերպով եմ հասկացել, ինձ համար միանգամից պարզ դարձավ. ահա քո հայրենիքը, ահա քո ուսուցիչը, քո թափառումները պետք է ավարտվեն այստեղ կամ ոչ մի տեղ»[40]: Մալերը Բյուլովին խնդրում էր իրեն հետը վերցնել, ինչ ձևով որ կցանկանա[41][42]: Պատասխանն ստացել է մի քանի օր անց. Բյուլովը գրել էր, որ 18 ամիս անց, թերևս, նրան հանձնարարական կտա, եթե որպես դաշնակահար և որպես դիրիժոր բավականաչափ ապացույցներ ունենա իր ունակությունների համար, ինքը, սակայն, ի վիճակի չէ Մալերին իր ունակությունները ցուցադրելու հնարավորություն տալու[43]: Թերևս լավ մտադրություններով Բյուլովը Մալերի նամակն ու Կասելի թատրոնի արդարամիտ գնահատականը տվել է թատրոնի առաջին դիրիժորին, իսկ վերջինս էլ իր հերթին տնօրենին[44][45]: Որպես Մայնինգենի կապելլայի ղեկավար՝ Բյուլովը, 1884-1885 թվականներին իրեն փոխարինող փնտրելով, նախապատվությունը տվել է Ռիխարդ Շտրաուսին[45]:

Ղեկավարի հետ տարաձայնությունները Մալերին ստիպեցին 1885 թվականին հեռանալ Կասելից: Նա իր ծառայություններն առաջարկել է Պրահայում Գերմանական օպերայի տնօրեն Անջելո Նոյմանին և վարձահրավեր ստացել 1885/86 սեզոնի համար[46]: Չեխիայի մայրաքաղաքը երաժշտական իր ավանդույթներով Մալերի համար ավելի բարձր մակարդակի անցնել էր նշանակում. «հանուն փողի հիմար գեղարվեստական գորժունեությունը», ինչպես անվանել էր իր աշխատանքը, այստեղ ստեղծագործական գործունեության հատկանիշներ էր ստանում[47], նա նվագախմբի հետ աշխատել է այլ որակներով և առաջին անգամ երաժշտավարել Վ. Ա. Մոցարտի, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի և Ռ. Վագների օպերաները[32]: Որպես դիրիժոր՝ նա հաջողություններ է ունեցել և Նոյմանին առիթ տվել հանրության առաջ հպարտանալու իր՝ տաղանդներ բացահայտելու կարողությամբ[48]: Պրահայում Մալերը բավականին գոհ էր իր կյանքից, բայց դեռ 1885 թվականի ամռանը նա մեկ ամիս փորձաշրջան էր անցել Լայպցիգի Նոր թատրոնում և շտապել պայմանագիր կնքել 1886/87 սեզոնի համար, Լայպցիգի պարտավորություններից հրաժարվել նրան չի հաջողվել[49][50]:

Լայպցիգ և Բուդապեշտ: Առաջին սիմֆոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալերի համար Լայպցիգը բաղձալի էր Կասելից, բայց ոչ Պրահայից հետո. «Այստեղ,– գրել է նա վիեննացի ընկերոջը,– իմ գործերը շատ լավ են, և ես, այսպես ասած, նվագում եմ առաջին ջութակը, իսկ Լայպցիգում ես պետք է դիմակայեմ Նիկիշային՝ նախանձ և հզոր հակառակորդին»[51]:

Արթուր Նիկիշ

Արթուր Նիկիշը երիտասարդ էր, բայց արդեն հայտնի: Նա Նոր թատրոնում առաջին դիրիժոր էր, և Մալերն ստիպված էր դառնալ երկրորդը[52]: Այդ ժամանակ Լայպցիգն իր հանրահայտ կոնսերվատորիայով և ոչ պակաս հանրահայտ «Գևանդհաուզ» նվագախմբով երաժշտական պրոֆեսիոնալիզմի հենակետ էր, և Պրահան այդ առումով հազիվ թե կարողանար նրա հետ մրցել[53][54]:

Նիկիշի հետ հարաբերությունները վերջ ի վերջ դասավորվել են, և արդեն 1887 թվականի հունվարին նրանք, ինչպես հաղորդել է Մալերը Վիեննայում, եղել են «լավ ընկերներ»[50]: Նիկիշ դիրիժորի մասին Մալերը գրել է, որ նրա ղեկավարած ներկայացումները նայում է նույն հանգստությամբ, ինչպես եթե ինքը դիրիժորություն աներ[55]: Նրա համար իրական խնդիր էր դարձել գլխավոր դիրիժորի թույլ առողջությունը. Նիկիշի 4 ամիս ձգձգված հիվանդության պատճառով Մալերն ստիպված էր աշխատել երկուսի փոխարեն[50]: Գրեթե ամեն երեկո անհրաժեշտ էր լինում դիրիժորություն անել. «Կարող ես պատկերացնել,– գրել է նա ընկերոջը,– թե դա ինչքան հյուծիչ է մարդու համար, որն արվեստին լուրջ է վերաբերվում, և ինչ լարում է պահանջվում, որպեսզի պատշաճ կատարի այդպիսի մեծ առաջադրանքները հնարավորինս քիչ նախապատրաստությամբ»[56]: Բայց այդ հյուծիչ աշխատանքն զգալիորեն ամրապնդեց նրա դիրքերը թատրոնում[53]:

Կ. Մ. Վեբերի թոռը՝ Կարլ ֆոն Վեբերը Մալերին խնդրել է պահպանված ուրվագրերով ավարտել իր պապի «Երեք Պինտո» (գերմ.՝ Die drei Pintos) անավարտ օպերան, իր ժամանակին կոմպոզիտորի այրին այս խնդրանքով դիմել էր Ջակոմո Մեյերբերին, իսկ որդին՝ Մաքսը՝ Վ. Լախներին, երկուսի դեպքում էլ անհաջող էր[57]: 1888 թվականի հունվարի 20-ին կայացած օպերայի պրեմիերան կոմպոզիտոր Մալերի առաջին հաղթանակն էր[32][58]: Օպերան հետագայում ներկայացվել է Գերմանիայի բազմաթիվ բեմերում:

Տունը, որտեղ ապրել է Մալերը Լայպցիգում

Օպերայի վրա աշխատանքները Մալերի համար ունեցել են նաև այլ հետևանքներ. Վեբերի թոռան կինը՝ Մարիոնը, որ 4 երեխաների մայր էր, դառնում է Մալերի անհույս նոր սերը[59]: Եվ կրկին, ինչպես եղել էր Կասելում, սերը նրա մեջ արթնացնում է ստեղծագործական էներգիա. «կարծես թե... բացել են բոլոր ջրարգելակները», ըստ կոմպոզիտորի՝ 1888 թվականի մարտին «անկառավարելի, ինչպես սարի լեռնային գետակը» դուրս է թափվել «Առաջին սիմֆոնիան», որը տասնամյակներ անց պետք է դառնար ամենաշատ կատարվածը նրա ստեղծագործություններից[60][61]: Բայց սիմֆոնիայի առաջին կատարումը (նրա նախնական տարբերակը) տեղի է ունեցել Բուդապեշտում[62]:

Լայպցիգում աշխատելով երկու սեզոն՝ Մալերն այն լքել է 1888 թվականի մայիսին՝ թատրոնի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Անմիջական պատճառը ռեժիսորի օգնականի հետ ունեցած սուր հակամարտությունն էր, վերջինս այդ ժամանակ թատերական աստիճանների հաշվետախտակում երկրորդ դիրիժորից բարձր էր: Գերմանացի հետազոտող Յ. Ֆ. Մալթեն համարում է, որ Մալերը պատրվակ էր փնտրում, այնտեղից հեռանալու իրական պատճառը կարող էր լինել Մարիոն ֆոն Վեբերի նկատմամբ ունեցած դժբախտ սերը, նաև այն փաստը, որ Նիկիշի ներկայությամբ նա Լայպցիգում չէր կարող դառնալ առաջին դիրիժոր[63]: Բուդապեշտի Թագավորական օպերայում Մալերին առաջարկվել է տնօրենի պաշտոն և տարեկան 10000 գուլդեն աշխատավարձ[64]:

Մի քանի տարի առաջ ստեղծված թատրոնը ճգնաժամի մեջ էր. ցածր հաճախելիության պատճառով կրել էր կորուստներ, կորցրել արտիստներին: Նրա առաջին տնօրեն Ֆերենց Էրկելը փորձել էր կորուստները փոխհատուցել բազմաթիվ շրջագայություններով, որոնցից յուրաքանչյուրը Բուդապեշտ էր բերել մայրենի լեզվով, և երբեմն մեկ ներկայացման մեջ բացի հունգարերենից կարելի էր վայելել իտալերեն ու ֆրանսերեն ելույթներ[65]: Մալերը, 1888 թվականի աշնանը ղեկավարելով կոլեկտիվը, առաջիկայում Բուդապեշտի օպերան հիրավի վերափոխեց ազգային թատրոնի: Կտրուկ կրճատելով շրջագայությունների թիվը՝ հասավ նրան, որ թատրոնում երգեն միայն հունգարերեն, չնայած տնօրենին այդպես էլ չի հաջողվել տիրապետել այդ լեզվին, նա տաղանդներ փնտրեց և գտավ հունգարացի երգիչների մեջ և մեկ տարվա ընթացքում հաղթահարեց իրավիճակը՝ ստեղծելով ընդունակ համույթ, որի հետ կարելի էր կատարել նույնիսկ Վագների օպերաները[65][66]: Ինչ վերաբերում է շրջագայություններին, ապա Մալերին հաջողվել է Բուդապեշտ բերել 19-րդ դարավերջի դրամատիկական լավագույն սոպրանոյին՝ Լիլլի Լեմաննին, որը մի շարք դերերգեր էր կատարում նրա ներկայացումներում, այդ թվում դոննա Աննայի դերերգը «Դոն Ժուան» ներկայացման մեջ՝ առաջ բերելով Ի. Բրամսի հիացմունքը[67]:

Մալերի հայրը, որ տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, դանդաղ հանգչում էր: Նա մահացել է 1889 թվականին, մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, մահացել է մայրը, նույն տարվա վերջին՝ ավագ քույրը՝ 26-ամյա Լեոպոլդինան, Մալերի վրա է ընկել փոքր եղբոր՝ 16-ամյա Օտտոյի (երաժշտության բնագավառոմ շնորհալի այդ պատանու համար նա կանխորոշել էր Վիեննայի համալսարանը) և 2 քույրերի՝ ավագ, բայց դեռ չամուսնացած Յուստինայի ու 14-ամյա Էմմայի խնամքը[68][69]: 1891 թվականին Մալերը վիեննացի ընկերոջը գրել է. «Ի սրտե ցանկանում եմ, որ գոնե Օտտոն մոտակա ժամանակները ավարտի քննություններն ու զինվորական ծառայությունը. այդ ժամանակ ինձ համար ավելի հեշտ կլինի փող հայթայթելու անսահման բարդ գործընթացը: Ես ամբողջովին թառամել եմ և միայն երազում եմ այն ժամանակների մասին, երբ ստիպված չեմ լինի այդքան շատ գումար վաստակել: Բացի այդ, մեծ հարց է, թե արդյոք երկար ժամանակ եմ ես ի վիճակի դա անել»[70]:

1889 թվականի նոյեմբերի 20-ին Բուդապեշտում հեղինակի ղեկավարմամբ տեղի է ունեցել Առաջին սիմֆոնիայի պրեմիերան, որն այդ ժամանակ կոչվում էր «Սիմֆոնիկ պոեմ երկու մասից» (գերմ.՝ Symphonisches Gedicht in zwei Theilen)[38]: Դա տեղի է ունեցել Պրահայում, Մյունխենում, Դրեզդենում սիմֆոնիկ կատարումը կազմակերպելու անհաջող փորձերից հետո, և Մալերին հաջողվել է հենց Բուդապեշտում անցկացնել պրեմիերան, քանի որ նա արդեն իսկ ճանաչում էր ձեռք բերել որպես Օպերայի տնօրեն[29]: Այդպես համարձակ, գրել է Յ. Մ. Ֆիշերը, երաժշտության պատմության մեջ դեռ չի սկսել ոչ մի սիմֆոնիստ[71], միամտաբար համոզված լինելով, որ իր ստեղծագործությունը չի կարող դուր չգալ, Մալերը անմիջապես վճարեց իր խիզախության համար. սիմֆոնիան ոչ միայն Բուդապեշտի հանրությանն ու քննադատներին, այլ նույնիսկ նրա մտերիմ ընկերներին տարակուսանքի մեջ գցեց, և ի երջանկություն կոմպոզիտորի, այդ առաջին կատարումն այդքան մեծ արձագանք չունեցավ[29]:

Մինչդեռ դիրիժոր Մալերի փառքն աճեց. հաջողված 3 սեզոններից հետո թատրոնի նոր ինտենդանտ կոմս Զիչիի (ազգայնամոլ, որին, եթե հավատանք գերմանական թերթերին, չէր բավարարում գերմանացի տնօրենը) ճնշմամբ նա թատրոնից հեռացել է 1891 թվականի մարտին և անմիջապես ստացել շատ ավելի հարգալից հրավեր՝ Համբուրգ[72][73]: Երկրպագուները նրան արժանապատվությամբ են հրաժեշտ տվել. երբ Մալերի հրաժարականի հայտարարման օրը Շանդոր Էրկելը (Ֆերենցի որդին) երաժշտավարում էր «Լոենգրինը»՝ արդեն նախկին տնօրենի վերջին բեմադրությունը, նրան ընդհատել են Մալերին վերադարձնելու պահանջներով, և միայն ոստիկանությանն է հաջողվել հանգստացնել վերնասրահը[72]:

Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգի քաղաքային թատրոնը 1890 թվականին

Համբուրգի քաղաքային թատրոնը այդ տարիներին Գերմանիայի օպերային գլխավոր բեմերից մեկն էր` իր կարևորությամբ զիջելով միայն Բեռլինի և Մյունխենի պալատական օպերաներին[74]: Մալերն զբաղեցրել է 1-ին կապելմեյստերի պաշտոնը այդ ժամանակվա համար շատ բարձր աշխատավարձով՝ տարեկան 14 հազար մարկ[75]: Այստեղ ճակատագիրը նրան նորից բերել է Բյուլովի մոտ, որը ղեկավարում էր քաղաքում համերգների բաժանորդագրությունը[66]: Միայն հիմա է Բյուլովը գնահատել Մալերին, ցուցադրաբար նրա հետ խոնարհվել համերգային բեմահարթակում, պատրաստակամությամբ տեղը զիջել նոտակալի մոտ (Համբուրգում Մալերը դիրիժորություն էր անում նաև սիմֆոնիկ համերգներում) և վերջում նրան նվիրել դափնեպսակ հետևյալ մակագրությամբ. «Համբուրգի օպերայի Պիգմալիոնին. Հանս ֆոն Բյուլով»՝ որպես դիրիժորի, որ կարողացել է նոր շունչ հաղորդել Քաղաքային թատրոնին[76][77]: Բայց դիրիժոր Մալերն արդեն գտել էր իր ճանապարհը, և Բյուլովը նրա համար այլևս աստվածություն չէր, արդեն ճանաչման շատ ավելի կարիք ուներ կոմպոզիտոր Մալերը, բայց Բյուլովը հենց այդ հարցում էլ նրան մերժում է. կրտսեր կոլեգայի ստեղծագործությունները նա չէր կատարում[78][70]: Երկրորդ սիմֆոնիայի առաջին մասը («Հոգեհաց») մաեստրոյի մոտ առաջացրել է, ըստ հեղինակի, «նյարդային սարսափի բռնկում», դրա հետ համեմատած Վագների «Տրիստանը» նրան թվացել է հայդնյան սիմֆոնիա[70]:

1892 թվականի հունվարին Մալերը՝ միաժամանակ որպես կապելմեյստեր և ռեժիսոր, ինչպես գրում էին տեղական քննադատները, իր թատրոնում բեմադրել է «Եվգենի Օնեգինը»[79], Պյոտր Չայկովսկին ժամանել է Համբուրգ՝ վճռելով անձամբ դիրիժորություն անել պրեմիերայի ժամանակ, բայց արագ հրաժարվել է այդ մտադրությունից. «...Այստեղ կապելմեյստերը,− գրել է նա Մոսկվա,− ոչ թե ինչ-որ միջակ է, այլ պարզապես հանճարեղ... Երեկ նրա ղեկավարմամբ ես լսեցի «Տանհեյզերի» արտակարգ կատարումը»[80]: Նույն թվականին, գլխավորելով թատրոնի օպերային թատերախումբը, Մալերը Վագների «Նիբելունգի մատանին» և Բեթհովենի «Ֆիդելիո» օպերաներով հաջող շրջագայություններ է կատարել Լոնդոնում՝ արժանանալով Բեռնարդ Շոուի գովասանական գրախոսականին[79][81]: Երբ 1894 թվականի փետրվարին Բյուլովը մահացել է, համերգների բաժանորդագրության ղեկավարությունը հանձնվել է Մալերին[66]:

Դիրիժոր Մալերն այլևս ճանաչման կարիք չուներ, բայց օպերային թատրոններում թափառումների տարիներին նրան հետապնդում էր քարոզիչ Անտոնի Պադուանսկու կերպարը, իսկ Համբուրգում այդ տխուր կերպարը, որ առաջին անգամ հիշատակվել է լայպցիգյան շրջանի նամակներից մեկում, իր արտացոլումն է գտել և՛ «Տղայի կախարդական եղջյուրը» վոկալ շարքում, և՛ Երկրորդ սիմֆոնիայում[82]: 1895 թվականի սկզբին Մալերը գրել է, որ հիմա երազում է միայն մի բանի մասին՝ «աշխատել փոքրիկ քաղաքում, որտեղ չկան ո՛չ «ավանդույթներ», ո՛չ «հավերժական օրենքների պահապաններ», միամիտ, հասարակ, մարդկանց մեջ...»[83]: Նրա հետ աշխատող մարդիկ հիշել են Էռնստ Հոֆմանի «Կապելմեյստեր Իոհաննես Կրեյսլերի երաժշտական տառապանքները»[84]: Օպերային թատրոնում նրա բոլոր տանջալից աշխատանքները, ֆիլիստերության դեմ, ինչպես նրան է թվացել, ապարդյուն պայքարը հետք են թողել նրա բնավորության վրա, որը ժամանակակիցների կողմից բնութագրվել է որպես դաժան ու չհավասարակշռված, տրամադրության կտրուկ անկումներով, նա չի ցանկացել զսպել իր զգացմունքները և չի կարողացել խնայել ուրիշի ինքնասիրությունը[85][82]: Բրունո Վալտերը, որն այդ ժամանակ սկսնակ դիրիժոր էր և Մալերի հետ ծանոթացել էր 1894 թվականին Համբուրգում, նրան նկարագրել է որպես «գունատ, նիհար, ոչ բարձրահասակ, երկարավուն դեմքով, ակոսված կնճիռներով, որ խոսում էին նրա տառապանքների ու հոմորի մասին», մարդ, որի դեմքի մի արտահայտությունը փոխվում էր մյուսի զարմանալի արագությամբ[86]: «Եվ նա ամբողջովին,− գրել է Բրունո Վալտերը,− կապելմեյստեր Կրեյսլերի ստույգ մարմնացումն էր, նույնքան համակրելի, դիվական ու սարսափելի, ինչքան կարող է պատկերացնել հոֆմանյան ֆանտազիաների երիտասարդ ընթերցողը»[86]: Եվ ոչ միայն «երաժշտական տառապանքներն» էին ստիպում հիշել գերմանացի ռոմանտիկին. Բրունո Վալտերը ի թիվս այլոց նշել է նրա քայլվածքի տարօրինակ անհամաչափությունը՝ անսպասելի կանգ առնելով ու նույնքան անսպասելի առաջ նետվելով. «...Ես, հավանաբար, չզարմանայի, եթե, ինձ հրաժեշտ տալուց ու ավելի արագ դեպի հեռուն քայլելուց հետո նա թռչեր իմ մոտից՝ վերածվելով ուրուրի, ինչպես արխիվարիուս Լինդգորստը ուսանող Անսելմայի աչքերում Հոֆմանի «Ոսկե կճուճում»»[87]:

Առաջին և Երկրորդ սիմֆոնիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Մալերը 1892 թվականին

1893 թվականի հոկտեմբերին Համբուրգում Մալերը հերթական համերգի ժամանակ Բեթհովենի «Էգմոնտի» և Ֆելիքս Մենդելսոնի «Հեբրիդների» հետ միասին կատարեց իր Առաջին սիմֆոնիան, արդեն որպես ծրագրային ստեղծագործություն «Տիտան: Սիմֆոնիայի ձևով պոեմ» անվանումով[88][89]: Նրան ցույց տված ընդունելությունը մի քանի անգամ ավելի ջերմ էր, քան Բուդապեշտում, չնայած քննադատությունների և ծաղրի պակաս չկար[29], և 9 ամիս անց Վայմարում Մալերն իր ստեղծագործություններին համերգային կյանք տալու փորձ է ձեռնարկել՝ այս անգամ արժանանալով իրական ռեզոնանսի. «1894 թվականի հունիսին,− հիշել է Բրունո Վալտերը,− երաժշտական ամբողջ մամուլը թնդում էր զայրույթի աղաղակից՝ Վայմարի «Համընդհանուր գերմանական երաժշտական միության» փառատոնում կատարվող Առաջին սիմֆոնիայի արձագանքը...»[90]: Սակայն, ինչպես պարզվեց, չարաբաստիկ սիմֆոնիան ունակ էր ոչ միայն զայրացնելու ու բորբոքելու, այլ նաև երիտասարդ կոմպոզիտորի համար հավաքագրելու իրական համախոհների, նրանցից մեկը և իր հետագա ամբողջ կյանքում դարձավ Բրունո Վալտերը. «Դատելով քննադատական արձագանքներից՝ այս ստեղծագործությունն իր դատարկությամբ, անհամությամբ և կուտակված անհամաչափությամբ առաջացրել է իրական վրդովմունք, հատկապես դժգոհությամբ ու ծաղրական խոսում էին «Կալլոյի ոճով սգո քայլերգի» մասին: Հիշում եմ՝ ինչպիսի հուզմունքով արագ կարդացի այդ համերգի մասին մամուլի զեկույցները, ես հիանում էի ինձ համար անհայտ, համարձակ հեղինակի այդպիսի տարօրինակ սգո քայլերգով և բուռն կերպով ցանկանում էի ծանոթանալ այդ արտակարգ անձնավորության հետ և իր անսովոր ստեղծագործություններին»[90]:

Համբուրգում վերջապես լուծվեց ստեղծագործական ճգնաժամը, որը տևել էր 4 տարի (Առաջին սիմֆոնիայից հետո Մալերը գրել էր միայն երգերի շարք ձայնի ու դաշնամուրի համար)[79]: Սկզբում ի հայտ եկավ «Տղայի կախարդական եղջյուրը» վոկալային շարքը (ձայնի և նվագախմբի համար), իսկ 1894 թվականին ավարտվեց Երկրորդ սիմֆոնիան, որի առաջին մասում («Հոգեհաց») կոմպոզիտորը, ըստ իր խոստովանության, «թաղել է» Առաջինի հերոսին՝ միամիտ իդեալիստին ու երազողին[91][92]: Դա վերջին հրաժեշտն էր պատրանքներով երիտասարդությանը[93]: «Միևնույն ժամանակ,− գրել է Մալերը երաժշտական քննադատ Մաքս Մարշալկին,− այս մասը մեծ հարց է. Ինչո՞ւ ես դու ապրել, ինչո՞ւ ես տառապել, մի՞թե այս ամենը միայն մեծ ու սարսափելի կատակ է:»[91][93]:

Ինչպես Յոհաննես Բրամսն իր նամակներից մեկում գրել է Մալերին, «բրեմենցիները երաժշտական չեն, իսկ համբուրգցիներն անտիերաժշտական են», իր Երկրորդ սիմֆոնիան ներկայացնելու համար Մալերն ընտրել է Բեռլինը. 1895 թվականի մարտին նա դրա առաջին երեք մասերը կատարել է մի համերգում, որն ընդհանուր առմամբ անցկացվել է Ռիխարդ Շտրաուսի հսկողությամբ[74]: Եվ չնայած ընդունելությունն ընդհանուր առմամբ ավելի շատ ձախողում էր, քան հաղթանակ, Մալերին առաջին անգամ հասկացել են նույնիսկ 2 քննադատներ[79]: Ոգեշնչվելով նրանց աջակցությամբ՝ նույն թվականի դեկտեմբերին նա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է սիմֆոնիան ամբողջությամբ[38]: Համերգի տոմսերն այնքան վատ են վաճառվել, որ վերջում դահլիճը զբաղեցրել են կոնսերվատորիայի ուսանողները, բայց այդ լսարանի մոտ Մալերի ստեղծագործությունը հաջողություն է ունեցել, այն «ցնցող» տպավորությունը, ըստ Բրունո Վալտերի վկայության, որ հանդիսատեսի վրա ունեցել է սիմֆոնիայի եզրափակիչ մասը, զարմացրել է նույնիսկ հենց կոմպոզիտորին[74][94]: Եվ թերևս դեռ երկար ժամանակ իրեն համարել է և իսկապես մնացել է «շատ անհայտ և շատ չկատարվող» (գերմ.՝ sehr unberühmt und sehr unaufgeführt), բեռլինյան այդ երեկոյից սկսած, չնայած քննադատների մեծ մասի մերժմանն ու ծաղրին, սկսվել է հասարակության աստիճանական նվաճումը[79][94]:

Հրավեր Վիեննա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժոր Մալերի հաջողությունները Վիեննայում աննկատ չմնացին. 1894 թվականի վերջին նրա մոտ են գնացել գործակալներ՝ Պալատական օպերայի պատգամավորները՝ նախնական բանակցությունների համար, որոնց նա, սակայն, թերահավատորեն է վերաբերվել. «Աշխարհում տիրող ներկայիս իրավիճակում,– գրել է նա իր ընկերներից մեկին,– իմ հրեական ծագումն արգելում է ինձ ցանկացած պալատական թատրոն գնալը: Ե՛վ Վիեննան, և Բեռլինը, և՛ Դրեզդենը, և՛ Մյունխենն ինձ համար փակ են: Ամենուր փչում է նույն քամին»[95]: Սկզբում այդ փաստը կարծես նրան այնքան էլ շատ չէր վշտացնում. «Ի՞նչ էր սպասվում ինձ Վիեննայում գործի անցնելու իմ սովորական ձևերով: Արժեր գոնե մի անգամ փորձել ազդել իմ հասկացողության վրա Վիեննայի հայտնի ֆիլհարմոնիկ նվագախմբի բեթհովենյան ինչ-որ սիմֆոնիայով՝ կրթված բարեվարք Հանսի կողմից[Ն. 1], և ես այդժամ կբախվեի ամենակատաղի դիմադրության»[95]: Այս ամենը Մալերն արդեն վերապրել էր, նույնիսկ Համբուրգում, որտեղ նրա դիրքն ամուր էր, ինչպիսին չէր եղել ոչ մի անգամ ու ոչ մի տեղ, և միևնույն ժամանակ նա անընդհատ բողոքում էր «հայրենիքի» կարոտից, որը նրա համար արդեն վաղուց Վիեննան էր[79][97]:

1897 թվականի փետրվարի 23-ին Մալերը մկրտվել է, և նրա մի քանի կենսագիրներ կասկածում էին, որ այդ որոշումն ուղղակիորեն կապված էր Պալատական օպերա հրավիրվելու ակնկալիքի հետ. Վիեննան նրա համար հավասար էր պատարագի[98]: Միևնույն ժամանակ կաթոլիկության նկատմամբ Մալերի վերաբերմունքը չէր հակասում ոչ նրա մշակութային պատկանելությանը (Պիտեր Ֆրանկլինն իր գրքում ցույց է տալիս, որ դեռ Ջիհլավայում (էլ չենք խոսում Վիեննայի մասին) նա ավելի սերտորեն կապված էր կաթոլիկ մշակույթին, քան հուդայականությանը, չնայած այցելել էր ծնողներին սինագոգ[99]), ոչ էլ համբուրգյան ժամանակահատվածում նրա հոգևոր որոնումները (պանթեիստական Առաջին սիմֆոնիայից հետո Երկրորդում՝ համընդհանուր հարության մասին իր գաղափարներով ու վերջին դատաստանի պատկերով, հաղթանակել էր քրիստոնեական աշխարհայեցությունը) հազիվ թե, գրում է Ջորջ Բորխարդը, Վիեննայում պալատական առաջին կապելմեյստեր դառնալու ցանկությունը լիներ մկրտության միակ պատճառը[79]:

1897 թվականի մարտին Մալերը՝ որպես սիմֆոնիկ դիրիժոր, կատարել է մի փոքրիկ շրջագայություն. համերգներ է տվել Մոսկվայում, Մյունխենում և Բուդապեշտում, իսկ ապրիլին պայմանագիր է կնքել Պալատական օպերայի հետ[89][100]: «Անտիերաժշտական» համբուրգցիներն ի վերջո հասկացել են՝ ում են կորցնում. ավստրիացի երաժշտական քննադատ Լյուդվիգ Կարպատն իր հուշերում մեջբերել է թերթի հաղորդագրությունը Մալերի «հրաժեշտի բենեֆիսի» մասին, որ տեղի էր ունեցել ապրիլի 16-ին. «Նվագախմբում նրա հայտնվելուն պես եռակի կենաց նվագ: [...] Սկզբում Մալերը փայլուն կերպով, հիանալի երաժշտավարեց «Հերոսական սիմֆոնիան»: Անսպառ օվացիա, ծաղիկների անվերջ հոսք, ծաղկեպսակներ, դափնիներ... Դրանից հետո՝ «Ֆիդելիո»: [...] Նորից անսպառ օվացիա, ծաղկեպսակներ վարչությունից, նվագախմբի ընկերներից, հանրությունից: Ծաղիկների ամբողջ լեռներ: Եզրափակչից հետո հանդիսատեսը չէր ցանկանում ցրվել և Մալերին բեմ կանչեց առնվազը վաթսուն անգամ»[101]: Մալերին Պալատական օպերա հրավիրել էին որպես երրորդ դիրիժոր, սակայն, ինչպես հաստատել է նրա համբուրգցի ընկեր Յոզեֆ Ֆյորստերը, նա Վիեննա էր մեկնել առաջինը դառնալու հաստատ մտադրությամբ[102]:

Վիեննա: Պալատական օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական օպերան 1898 թվականին

Վիեննան 1890-ական թվականների վերջերին այլևս այն Վիեննան չէր, որը Մալերը գիտեր իր երիտասարդության տարիներին. Հաբսբուրգների կայսրության մայրաքաղաքը դարձել էր ավելի քիչ լիբերալ, ավելի պահպանողական և հենց այդ տարիներին վերածվել էր, ըստ Յ. Մ. Ֆիշերի խոսքերի, հակասեմականության ձվադրատեղ գերմանախոս աշխարհում[103][100]: 1897 թվականի ապրիլի 14-ին «Reichspost» իր ընթերցողներին հաղորդել է անցկացված հետազոտությունների արդյունքները. նոր դիրիժորի հրեա լինելը հաստատվել էր, և հրեական մամուլն ինչպիսի ներբողներ էլ նվիրեր իր կուռքին, նրանց իսկությունը հերքվում էր, «հենց որ հերր Մալերն սկսում էր ամբիոնից նետել իդիշական մեկնաբանությունները»[100]: Մալերի օգտին չէր նաև նրա վաղեմի ընկերությունն ավստրիական սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Վիկտոր Ադլերի հետ[104][105]:

Փոխվել էր նաև մշակութային մթնոլորտը, և նրանում շատ բան Մալերին խորապես օտար էր, ինչպես fin de siècle բնութագրական էր միստիցիզմով ու «օկուլտականությամբ» հափշտակվելը[106][107]: Այլևս կենդանի չէին ո՛չ Բրուքները, ո՛չ Բրամսը, որոնց հետ նա սկսել էր ընկերանալ համբուրգյան ժամանակաշրջանում, «նոր երաժշտության մեջ», հատկապես Վիեննայի, գլխավոր կերպար էր դարձել Ռիխարդ Շտրաուսը՝ շատ առումներով Մալերի հակապատկերը[108][109]:

Կապված էր դա արդյոք թերթերի հոդվածների հետ, բայց Պալատական օպերայի աշխատակիցները նոր դիրիժորին սառն ընդունեցին[110]: 1897 թվականի մայիսի 11-ին Մալերն առաջին անգամ կանգնել է Վիեննայի հանրության առաջ, կատարելով Վագների «Լոենգրինը»՝ նրա վրա ազդել է, ըստ Բրունո Վալտերի, «փոթորկի ու երկրաշարժի նման»[111][112]: Օգոստոսին Մալերը տառացիորեն ստիպված էր աշխատել երեքի փոխարեն. դիրիժորներից մեկը՝ Յոհան Նեպոմուկ Ֆուքսը, արձակուրդում էր, մյուսը՝ Հանս Ռիխտերը, ջրհեղեղի պատճառով չէր հասցրել արձակուրդից ժամանակին վերադառնալ[110]: Դրա հետ միաժամանակ Մալերն իր մեջ ուժ էր գտնում Ա. Լորցինգի «Թագավորն ու հյուսնը» երգիծական օպերայի բեմադրությունը նախապատրաստելու համար[110]:

Նրա բուռն գործունեությունը չէր կարող տպավորություն չթողնել ինչպես հանրության, այնպես էլ թատրոնի կոլեկտիվի վրա: Երբ նույն թվականի սեպտեմբերին, չնայած ազդեցիկ Կոզիմա Վագների ակտիվ ընդդիմությանը (պայմանավորված էր ոչ միայն իր հանրահայտ հակասեմիտիտական բնույթով, այլև այդ պաշտոնում Ֆելիքս Մոտլին տեսնելու ցանկությամբ), Մալերը Պալատական օպերայի տնօրենի պաշտոնում փոխարինել է արդեն ոչ երիտասարդ Վիլհելմ Յանին, այդ նշանակումը ոչ մեկի համար անակնկալ չի եղել[113][114]: Այդ օրերին ավստրիացի և գերմանացի օպերային դիրիժորների համար այդ պաշտոնը կարիերայի թագն էր, քանի որ ավստրիական մայրաքաղաքը օպերայում միջոցներ չէր խնայում, և առաջներում Մալերը ոչ մի տեղ չուներ այդպիսի լայն հնարավորություններ իր իդեալներն իրականացնելու համար՝ իսկական «երաժշտական դրամաներ» օպերային բեմում[115][116]:

Մալերը 1902 թվականին, դիմանկարը՝ Էմիլ Օռլիկի

Այս ուղղությամբ նրան շատ բաներ հուշել էր դրամատիկական թատրոնը, որտեղ, ինչպես և օպերայում, 19-րդ դարի երկրորդ կեսին թագավորում էին պրեմիերաներն ու պրիմադոնաները. նրանց վարպետության ցուցադրումն ինքնանպատակ էր դարձել, նրանց համար ձևավորվում էին խաղացանկեր, նրանց շուրջը կազմվում էին ներկայացումներ, տարբեր պիեսները (օպերաները) կարող էին ներկայացվել նույն բեմանկարներով. միջավայրը նշանակություն չուներ[66][117]:

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալերը ուշ է ամուսնանում։ Ընկերոջ՝ չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Ֆյորստերի հետ զրույցում արդարանում էր. «Ես տանել չեմ կարող անփույթ, չսանրված կնոջ տեսքը։ Բացի այդ մենակությունը ամեն ինչ է իմ կյանքում, դրանից է կախված իմ ստեղծագործական աշխատանքը։ Հետևաբար՝ իմ կինը պետք է համաձայնի այցելել ինձ ստույգ որոշված ժամերին, միշտ ճաշակով հագնված ու գեղեցիկ։ Նա ոչ միայն պիտի չնեղանա, այլ անգամ չնկատի որևէ օտարացում կամ սառնություն իմ կողմից, եթե երբեմն ցանկություն չունենամ տեսնել նրան։ Կարճ ասած, նա պետք է օժտված լինի այնպիսի հատկություններով, որոնք չես գտնի անգամ ամենանվիրված և անձնազոհ կնոջ մոտ»: Մալերը գտնում է, որ գտել է իր երազած կնոջը, երբ ծանոթանում է Ալմա Շինդլերի հետ։ Պատմությունը նրան կնքել է «Վիեննական ավանգարդի մուսա» մականունով։ Նրա անցյալ և ապագա սիրեկանների անվանաշարքը բավական տպավորիչ է՝ Գուստավ Կլիմտ, Վալտեր Գրոպիուս, Օսկար Կոկոշկա, Ֆրանց Վերֆել և այլք։ Ալման նույնպես երաժշտության հավակնություններ ուներ, սակայն Մալերը նրան ստիպում է դադարեցնել ստեղծագերծական նվիրումները, հայտնելով, որ ընտանիքում մեկ կոմպոզիտորը բավական է։ Նրանք ամուսնանում են 1902 թվականին, երբ Մալերը 41 տարեկան էր, Ալման՝ 22: Նույն տարի նոյեմբերին ծնվում է նրանց առաջին դուստրը, երկու տարի անց՝ երկրորդը։ Մալերի տասնչորս երեխաներից չափահաս են դառնում միայն վեցը, ավագը՝ Գուստավն էր։ Հասունության տարիքում էլ նրա քույր ու եղբայրները ոչ բոլորն են հարմարվում կյանքին։ Մեծ քույրը մահանում է ուղեղի բորբոքումից, եղբայր՝ Ալեիսը հոգեկան հիվանդություն է ձեռք բերում։ Կրտսեր եղբայր Օտտոն քսաներկու տարեկանում ինքնասպան է լինում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժորական գործունեության առաջին տարիներին Մալերը երաժշտություն էր գրում միայն ազատ ժամերին։ Դիրիժորական կարիերան սկսվում է 1880-ականներին։ Մեկ տասնամյակ կենտրոնական Եվրոպայի տարբեր տարիներին նա կայանում է Համբուրգում։ Օպերայում Մալերին ատում էին բոլորը՝ երգիչներից մինչև բեմի բանվորները։ Մալերն իրեն անվանում էր «ամառային կոմպոզիտոր», քանի որ լարված էր թատերաշրջանից հետո միայն արձակուրդներին էր ստեղծագործելու ժամանակ ունենում։ Մայերինգի առանձնատանը նա գրում է «Երգեր մահացած երեխաների մասին» երեք սիմֆոնիա՝ այդ թվում վեցերորդը կոչվեց՝ «Ողբերգական»: Մալերը պայմանագիր է կնքում Նյու Յորքի Մետրոպալիտեն օպերայի հետ, իսկ մի տարի անց դառնում Նյու Յորքի նվագախմբի դիրիժորը։ Ավստրիա միայն արձակուրդներին է հասցնում վերադառնալ։ XIX-XX դարերի խոշորագույն սիմֆոնիստներից մեկն է համարվում։ 10 սիմֆոնիայի (վերջինը մնացել է անավարտ), «Ասք Երկրի մասին» («Das Lied von der Erde») սիմֆոնիա-կանտատի, «Թափառական ենթավարպետի երգերը» («Lieder eines fahrenden Gesellen») և «Երգեր Մահացած երեխաների մասին» (Kindertotenlieder) ստեղծագործությունների, ինչպես նաև «Մանկան կախարդական եղջյուրը» երգաշարերի և այլ երկերի հեղինակ է։ 1885 թվականին Մալերը տեղափոխվում է Պրահա, որտեղ ծանոթանում է կոմպոզիտորներ Սմետանի. Դվորժակի ստեղծագործություններին, ինչպես նաև Գլինկայի, Վագների, Մոցարտի օպերաներին։ Նա ասում էր. «Ինձ համար գրել սիմֆոնիա նշանակում է բոլոր հնարավոր միջոցներով նոր աշխարհ ստեղծել։ Ամբողջ կյանքս ես երաժշտություն եմ գրել մեկ թեմայով, թե ինչպես կարող եմ երջանիկ լինել, եթե ինչ-որ տեղ տառապող հոգի կա»:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին կոմպոզիտորն ավարտում է առաջին սիմֆոնիան, որը բացում է տասը հզոր սիմֆոնիաների ցիկլը։ Նույն թվականին գրել է երկրորդ սիմֆոնիան։ 1894 թվականին գրել է երրորդ սիմֆոնիան։ 1896 թվականին նա մեկնում է Վիեննա։ Այդ ժամանակաշրջանը դառնում է Մալերի կյանքում որպես դիրիժորի ծաղկման և ճանաչման ժամանակաշրջան։ 1899 թվականին գրել է չորրորդ սիմֆոնիան։ 1901 թվականին գրել է հինգերորդ սիմֆոնիան։ 1903 թվականին գրել է վեցերորդ սիմֆոնիան։ 1904 թվականին գրել է յոթերորդ սիմֆոնիան։ 1906 թվականին գրել է ութերորդ սիմֆոնիան։ 1907 թվականին դեկտեմբերին Մալերը տեղափոխվում է Նյու-Յորք, որը նշանավորվում է «Երգ երկրի մասին» և «Իններորդը» վերջին երկու սիմֆոնիաներով։ 1909 թվականին գրել է իններորդ սիմֆոնիան։ 1910 թվականին գրել է տասներորդ սիմֆոնիան, որն անավարտ է մնացել։

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ողբերգական երգ» (գերմ.՝ Das klagende Lied, առաջին խմբագրումը եղել է 3 մասով 1880 թվականին, երկրորդ խմբագրման ժամանակ՝ 1898 թվականին, առաջին մասը հանվել է)
  • «Թափառական ենթավարպետի երգերը» (գերմ.՝ Lieder eines fahrenden Gesellen, 1885-1886)
  • «Տղայի կախարդական եղջյուրը» (գերմ.՝ Des Knaben Wunderhorn. Humoresken – 12 երգ, 1892-1901)
  • Ռյուկերբի բանաստեղծությունների երգերը (գերմ.՝ Rückert Lieder, 1901-1902)
  • «Երգ մահացած երեխաների մասին» (գերմ.՝ Kindertotenlieder, 1901-1904)
  • Սիմֆոնիա № 1 (1884-1888)
  • Սիմֆոնիա № 2 (1888-1894)
  • Սիմֆոնիա № 3 (1895-1896)
  • Սիմֆոնիա № 4 (1899-1901)
  • Սիմֆոնիա № 5 (1901-1902)
  • Սիմֆոնիա № 6 (1903-1904)
  • Սիմֆոնիա № 7 (1904-1905)
  • Սիմֆոնիա № 8 (1906)
  • «Երգ երկրի մասին» (գերմ.՝ Das Lied von der Erde), 1908-1909)
  • Սիմֆոնիա № 9 (1909)
  • Սիմֆոնիա № 10 (անավարտ)[Ն. 2]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նկատի ունի Հանս Ռիխտերին, որն այդ ժամանակ Պալատական օպերայի առաջին կապելմեյստերն էր ու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը[96]:
  2. Մալերի ավարտած և անավարտ ստեղծագորժությունների ամբողջական ցանկը Գուստավ Մալերի միջազգային ընկերության կայքում[38]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118576291 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 Малер Густав // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://www.maniadb.com/artist/167897
  8. Барсова. Густав Малер, 1968, էջ 13
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Danuser, 1987, էջ 683
  10. Цит. по: Барсова И. А. Густав Малер. Личность, мировоззрение, творчество // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 9—88, с-13
  11. 11,0 11,1 Барсова. Густав Малер, 1968, էջ 14
  12. Franklin, 1997, էջ 9, 20
  13. Franklin, 1997, էջ 11—12
  14. Franklin, 1997, էջ 23
  15. Blaukopf, 1969, էջ 21—23
  16. 16,0 16,1 Барсова. Густав Малер, 1968, էջ 15
  17. 17,0 17,1 Franklin, 1997, էջ 31
  18. Барсова. Густав Малер, 1968, էջ 15—16
  19. The Mahler Companion, 2002, էջ 22—25
  20. Franklin, 1997, էջ 33
  21. Барсова. Густав Малер, 1968, էջ 16—17, 40—41
  22. The Mahler Companion, 2002, էջ 44
  23. Барсова. Густав Малер, 1968, էջ 16—17
  24. Leibnitz T.։ ««Lachen Sie nicht, meine Herren…»»։ Internationale Hans Rott Gesellschaft Wien։ Վերցված է 2015-09-20 
  25. 25,0 25,1 Tess James (1 January, 1999)։ «Hans Rott (1858-1884) — the missing link between Bruckner and Mahler»։ The Online Journal of the Society for Music Theory։ Վերցված է 2015-09-21 
  26. Барсова. Густав Малер, 1968, էջ 40—41
  27. The Mahler Companion, 2002, էջ 43—46
  28. 28,0 28,1 Малер. Письма, 1968, էջ 185
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 La Grange I, 1979
  30. 30,0 30,1 Бауэр-Лехнер Н. Воспоминания о Густаве Малере // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 479.
  31. Van den Hoogen E.։ «Hans Rott»։ Internationale Hans Rott Gesellschaft Wien։ Վերցված է 2015-09-20 
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 Danuser, 1987, էջ 684
  33. Blaukopf, 1969, էջ 37
  34. Барсова. Густав Малер, 1968, էջ 21—22
  35. 35,0 35,1 35,2 Малер. Письма, 1968, էջ 100—101
  36. Малер. Письма, 1968, էջ 119 (примечание)
  37. Fischer, 2011, էջ 122
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 Michalek Andreas։ «Werke»։ Gustav Mahler։ Internationale Gustav Mahler Gesellschaft։ Վերցված է 2015-09-21 
  39. Fischer, 2011, էջ 118—119
  40. Малер. Письма, 1968, էջ 103
  41. Малер. Письма, 1968, էջ 104
  42. Blaukopf, 1969, էջ 69
  43. Fischer, 2011, էջ 119
  44. Fischer, 2011, էջ 120
  45. 45,0 45,1 Малер. Письма, 1968, էջ 104 (примечание)
  46. Малер. Письма, 1968, էջ 109 и 110 (примечание)
  47. Барсова. Густав Малер, 1968, էջ 21, 24
  48. Fischer, 2011, էջ 145
  49. Малер. Письма, 1968, էջ 114 (примечание)
  50. 50,0 50,1 50,2 Малер. Письма, 1968, էջ 124 (примечание)
  51. Малер. Письма, 1968, էջ 118
  52. Fischer, 2011, էջ 145, 158
  53. 53,0 53,1 Барсова. Густав Малер, 1968, էջ 25
  54. Fischer, 2011, էջ 157—158
  55. Малер. Письма, 1968, էջ 121
  56. Малер. Письма, 1968, էջ 123
  57. Fischer, 2011, էջ 162
  58. Fischer, 2011, էջ 165
  59. Fischer, 2011, էջ 148—149
  60. Барсова. Симфонии, 1975, էջ 49
  61. vers disco «Symphonie № 1»։ Une discographie de Gustav Mahler։ Vincent Moure։ Վերցված է 2015-09-26 
  62. Fischer, 2011, էջ 149
  63. Fischer, 2011, էջ 166
  64. Карпат, 1968, էջ 306
  65. 65,0 65,1 Карпат, 1968, էջ 306—307
  66. 66,0 66,1 66,2 66,3 Danuser, 1987, էջ 685
  67. Fischer, 2011, էջ 186—187
  68. Барсова. Густав Малер, 1968, էջ 20
  69. Малер. Письма, 1968, էջ 130 (примечания), 581
  70. 70,0 70,1 70,2 Малер. Письма, 1968, էջ 135—136
  71. Fischer, 2011, էջ 148
  72. 72,0 72,1 Fischer, 2011, էջ 190
  73. Барсова. Густав Малер, 1968, էջ 26
  74. 74,0 74,1 74,2 Fischer, 2011, էջ 249
  75. Карпат, 1968, էջ 310
  76. Fischer, 2011, էջ 209
  77. Blaukopf, 1969, էջ 111—112
  78. Барсова. Густав Малер, 1968, էջ 24
  79. 79,0 79,1 79,2 79,3 79,4 79,5 79,6 Georg Borchardt։ «Sehr unberühmt und sehr unaufgeführt — Gustav Mahlers hamburger Jahre»։ 1891-1897։ Gustav Mahler Vereinigung e.V., Hamburg։ Վերցված է 2015-10-05 
  80. Цит. по: Կաղապար:Sfn0
  81. The Mahler Companion, 2002, էջ 539—546
  82. 82,0 82,1 Барсова. Густав Малер, 1968, էջ 27—28
  83. Малер. Письма, 1968, էջ 148—149
  84. Штейницер М. Малер в Лейпциге // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 300.
  85. Бруно Вальтер, 1968, էջ 420—421
  86. 86,0 86,1 Бруно Вальтер, 1968, էջ 392
  87. Бруно Вальтер, 1968, էջ 394
  88. Fischer, 2011, էջ 150—151
  89. 89,0 89,1 «Alle Mahler-Konzerte anzeigen»։ Gustav Mahlers Konzertrepetoire (գերմաներեն)։ Internationale Gustav Mahler Gesellschaft։ Վերցված է 2015-10-07 
  90. 90,0 90,1 Бруно Вальтер, 1968, էջ 391
  91. 91,0 91,1 Малер. Письма, 1968, էջ 173—174
  92. Барсова. Симфонии, 1975, էջ 23—24
  93. 93,0 93,1 Барсова. Густав Малер, 1968, էջ 48
  94. 94,0 94,1 Бруно Вальтер, 1968, էջ 403
  95. 95,0 95,1 Малер. Письма, 1968, էջ 148
  96. Fuchs I. Richter Hans (de) // Österreichisches Biographisches Lexikon 1815—1950. — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1988. — Т. 9. — С. 125. — ISBN 3-7001-1483-4.
  97. Fischer, 2011, էջ 246
  98. Fischer, 2011, էջ 250
  99. Franklin, 1997, էջ 20
  100. 100,0 100,1 100,2 Fischer, 2011, էջ 252
  101. Карпат, 1968, էջ 312
  102. Фёрстер, 1968, էջ 347
  103. Franklin, 1997, էջ 97, 105
  104. Franklin, 1997, էջ 105
  105. La Grange III (Oxford), 2000, էջ 168
  106. The Mahler Companion, 2002, էջ 25—30
  107. Fischer, 2011, էջ 340
  108. The Mahler Companion, 2002, էջ 31
  109. Малер. Письма, 1968, էջ 197
  110. 110,0 110,1 110,2 Карпат, 1968, էջ 313
  111. Franklin, 1997, էջ 106
  112. Бруно Вальтер, 1968, էջ 410
  113. Fischer, 2011, էջ 248
  114. Карпат, 1968, էջ 313—314
  115. Franklin, 1997, էջ 104
  116. Барсова. Густав Малер, 1968, էջ 63—64
  117. Мейнингенский театр // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968.
  • Барсова И. А. Густав Малер. Личность, мировоззрение, творчество // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 9—88.
  • Барсова И. А. Симфонии Густава Малера. — М.: Советский композитор, 1975. — 496 с.
  • Барсова И. А. Малер Г. // Музыкальная энциклопедия (под ред. Ю. В. Келдыша). — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 3. — С. 414—420.
  • Гинзбург Л. М. Дирижерское исполнительство: Практика. История. Эстетика. — М.: Музыка, 1975. — 496 с.
  • Соллертинский И. И. Симфонии Малера // И. И. Соллертинский. Исторические этюды. — Л.: Музгиз, 1963. — С. 316—334.
  • Бруно Вальтер Густав Малер. Портрет // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 391—436.
  • Карпат Л. Встреча с гением // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 304—324.
  • Фёрстер Й. Б. Странник // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 324—359.
  • Штефан П. Могила в Вене // Густав Малер. Письма. Воспоминания. — М.: Музыка, 1968. — С. 447—458.
  • Adorno T. W. Mahler: a musical physiognomy = Mahler: Eine musikalische Physiognomik. — Chicago, London: The University of Chicago Press, 1996. — 178 p. — ISBN 0-226-00769-3
  • Blaukopf K. Der Zeitgenosse der Zukunft. — Wien: Molden, 1969. — 326 p.
  • Danuser H. Mahler, Gustav (de) // Neue Deutsche Biographie. — 1987. — Т. 15. — С. 683—687.
  • Danuser H. Gustav Mahler und seine Zeit. — Regensburg: Laaber-Verlag, 1991. — 380 p. — ISBN 978-3921518915
  • Fischer J. M. Gustav Mahler = Gustav Mahler: Der fremde Vertraute. — Yale University Press, 2011. — 766 p. — ISBN 978–0–300–13444–5
  • Franklin P. The Life of Mahler. — Cambridge: Cambridge University Press, 1997. — 228 p. — ISBN 9780521467612
  • Henry-Louis de La Grange Gustav Mahler. Volume 1. Les chemins de la gloire (1860–1899).. — Paris: Fayard, 1979. — ISBN 978-2-213-00661-1
  • Henry-Louis de La Grange Gustav Mahler. Volume 2. L'âge d'or de Vienne (1900–1907).. — Paris: Fayard, 1983. — ISBN 978-2-213-01281-0
  • Henry-Louis de La Grange Gustav Mahler. Volume 3: Le génie foudroyé (1907–1911). — Paris: Fayard, 1984. — 1361 с. — ISBN 978-2-213-01468-5
  • Henry-Louis de La Grange Gustav Mahler. Volume 3: Vienna: Triumph and Disillusion (1904–1907). — Oxford: Oxford University Press, 2000. — ISBN 978-0-19-315160-4
  • The Mahler Companion / Donald Mitchell, Andrew Nicholson. — Oxford: Oxford University Press, 2002. — 647 p. — ISBN 9780199249657

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]