Յոհաննես Բրամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Բրամս
JohannesBrahms.jpg
Յոհաննես Բրամսը իր ստեղծագործական վերելքի տարիներին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Johannes Brahms
Ծնվել է մայիսի 71822
Համբուրգ
Երկիր Գերմանականմիություն
Մահացել է ապրիլի 3, 1897(1897-04-03) (տարիքը 63)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Ժանրեր դասականերաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահար,դիրիժոր
Գործիքներ դաշնամուր

Յոհաննես Բրամս (գերմ.՝ Johannes Brahms, մայիսի 7, 1833[1][2] , Համբուրգ[3] - ապրիլի 3, 1897[1][2] , Վիեննա[3]), գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր:

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Բրամսը ծնվել է 1833 թվականի մայիսի 7-ին Համբուրգում՝ Շլյուտերսոֆ թաղամասում[4] և մահացել 1897 թվականի ապրիլի 3-ին (63 տարեկան հասակում) Վիեննայում: Իր ստեղծագործություններում համատեղել է դասական և ռոմանտիկ երաժշտությունները: Յոհան Սեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենի հետ մեկտեղ նա համարվում է մեծագույն գերմանացի կոմպոզիտորներից մեկը:

1833-1857 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որտեղ ծնվել է Բրամսը: Նրանց բնակարանը գտնվում էր առաջին հարկի ձախակողմյան մասում: Լուսանկարը արված է 1891 թվականին: Ցավոք այս շինությունը ամբողջովին ավերվել է 1943 թվականին ռմբակոծության ժամանակ

Յոհաննես Բրամսի հայրը՝ Յոհան Յակոբը (գերմաներեն՝ Johann Jacob Brahms) ծնվել է 1806 թվականի հունիսի մեկին Համբուրգի մոտ գտնվող Դիթմարշեն քաղաքում: Գերդաստանը բաղկացած էր և՛ գերմանացիներից, և՛ հոլանդացիներից: Նա լավ երաժիշտ էր և տիրապետում էր բազմաթիվ գործիքների՝ ջութակ, ալտ, թավջութակ, տարբեր փողային գործիքներ, բայց ավելի լավ նա նվագում էր գալարափող և կոնտրաբաս: Հիանալի տիրապետելով կոնտրաբասին, նա կարող էր հեշտությամբ աշխատանք գտնել որևէ սիմֆոնիկ նվահախմբում, բայց նա գերադասում էր նվագել կաբարեներում: 1830 թվականին նա ամուսնանում է իրենից 17 տարի մեծ Յոհաննա Հենրիքա Քրիստինա Նիսսենի (Johanna Henrika Christina Nissen) հետ: Թեև 19-րդ դարում տարիքային այսպիսի մեծ տարբերությունը բավական հազվագյուտ երևույթ էր, սակայն նրանք շատ երջանիկ էին: Ընտանիքը ֆինանսապես գտնվում էր ոչ բարելավ վիճակում: Բրամսը երեք երեխաներից երկրորդն էր: Նրա մեծ քույրը՝ Էլիզաբեթ Վիլհելմին Լուիզան, (Elisabeth Wilhelmine Louise) ծնվել է 1831 թվականին, իսկ կրտսեր եղբայրը՝ Ֆրիդրիխը՝ 1835-ին:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Բրամսը ծնվել է 1833 թվականի մայիսի յոթին: Սկզբնական շրջանում ընտանիքը բնակվում էր Համբուրգի Գայնգֆիերթել թաղամասում, այնուհետև տեղափոխվում է փոքրիկ Դամմթորվալ արվարձան: Վաղ տարիքից նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական տաղանդի հատկանիշներ: Յոհաննեսը շատ աշխատասեր և կարգապահ էր (իր հոր պես): Հայրը ցանկանում էր, որ Յոհաննեսը դառնա մեծ երաժիշտ: Սկզբում նա սովորում է ջութակ նվագել, բայց շուտով անդրադառնում է դաշնամուրին:

Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ Յոհաննեսին տանում էր իր հետ: Չնայած կաբարեի մթնոլորտը շատ վատ ազդեցություն էր ունենում երիտասարդի վրա, բայց այնուամենայնիվ, նա այդպիսով իրեն մոտ էր զգում երաժշտությանը: Յոթ տարեկանից նա դաշնամուրի դասեր է առնում Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելից: Քանի որ ընտանիքին աշխատող ուժ էր պետք, Յոհաննեսը սկսում է որպես դաշնակահար աշխատել տարբեր պարային ակումբներում:

Մանկության հիշողություններից Բրամսը պատմում է, որ միշտ ժամանակ էր գտնում ստեղծագործելու համար՝ առավոտյան, ազատ ժամերին, հանգստի ժամանակ, իսկ երեկոյան դաշնամուր էր նվագում կաբարեներում: 1847 թվականին գերհոգնածության պատճառով նա մեկնում է հանգստանալու և այստեղ նա հայտնաբերում է գրականության գոհարները: Սերը գրականության հանդեպ իր մեջ կար դեռ բավական վաղուց՝ մոր շնորհիվ: Նա իր վերջին ունեցածը տալիս էր գրքավաճառներին և գնում էր Սոփոկլես, Դանթե, Կիկերոն, Ժան Պոլ, Գոտհոլդ Լեսսինգ, Ֆրիդրիխ Շիլլեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ժոսեֆ ֆոն Այշենդորֆ, Ադելբերտ վան Շամիսսոև այլոց գրքերը:

Երիտասարդ Բրամսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջութակահար Յոսեֆ Յոախիմը

Նա շարունակում է իր ուսումը տարբեր դաշնակահարերի մոտ: Քոսսելից հետո աշակերտել է նաև դաշնակահար Էդուարդ Մարքսենին, որը իր հերթին սովորել էր Վիեննայում և եղել էր Իգնազ ֆոն Զեյֆրիդի (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի աշակերտը) և Կարլ Մարիա ֆոն Բոքլեթի (Ֆրանց Շուբերտի մտերիմ ընկերը) աշակերտը: Սկզբնական շրջանում Բրամսը նվագում է տարբեր համերգներ Համբուրգում և շրջակայքում, բայց մեծ համբավ ձեռք չի բերում որպես դաշնակահար: Նա հայտնի է դառնում իր առաջին շրջագայությունից հետո: Բրամսը վաղ տարիքից սկսում է ստեղծագործել և կատարել տարբեր իմպրովիզացիաներ: Արդեն 11 տարեկանում նա իր ուսուցիչների աշակերտների կատարած ստեղծագործությունների հիման վրա իմպրովիզներ էր անում:

Հանդիպում Յոզեֆ Յոախիմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոախիմը 1853 թվականին: Նկարը Ադոլֆ ֆոն Մենցելի

1850-ական թվականներին Բրամսի կյանքում կատարվում են մի շարք կարևորագույն փոփոխություններ: Հունգարացի ջութակահար Էդուարդ Ռեմենյիի հետ Բրամսը կատարում է շրջագայություն (որպես նվագակցող): Այս ջութակահարի շնորհիվ նա առաջին անգամ շփվում է հունգարական և գնչուական երաժշտության հետ, որը նրա վրա մեծ ազդեցություն է թողնում՝ հետագայում հունգարական պարերը ստեղծագործելու համար: Այս շրջագայության հիմնական կարևորությունը կայանում էր նրանում, որ 1853 թվականի մայիսին Հանովրում Բրամսը հանդիպում է վիրտուզ ջութակահար Յոզեֆ Յոախիմին, որը նրան հետագայում ծանոթացնում է կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ (կարևորագույն իրադարձություն Բրամսի կյանքում): 1853-ին Յոախիմը լինելով ընդամենը քսաներկու տարեկան, արդեն մեծ լսարան ուներ՝ հիմնականում Լյուդվիգ վան Բեթհովենի ջութակի կոնցերտը կատարելու շնորհիվ: Նա մեծ համբավ էր վայելում և անձամբ ճանաչում էր գրեթե բոլոր կոմպոզիտորներին և կատարողներին: Բրամսը հիացած էր Յոախիմի կատարողական վարպետության վրա: Անձամբ ջութակահարը Բրամսի մասին ասել է.

Վիքիքաղվածք
«Նրա նվագը լի է կրակով, մեծագույն էներգիայով և ռիթմիկ ճշգրտությամբ: Նրա ստեղծագործությունները ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել այս տարիքի երիտասարդ կոմպոզիտորների մոտ:»

Բրամսը իր ողջ կյանքի ընթացքում սերտ կապերի մեջ է եղել Յոախիմի հետ և նրան է նվիրել տարբեր ստեղծագործություններ: Յոախիմը առաջին անգամ կատարել է Բրամսի ռե մաժոր ջութակի կոնցերտը (որը նվիրված է իրեն):

Բրամսը և Ֆերենց Լիստը[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին Յոսեֆ Յոախիմը Բրամսին ծանոթացնում է դաշնակահար և կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ: Լիստը կատարում է Բրամսի օպուս 4 սկերցոն: Տարբեր պատմություններ կան Լիստի և Բրամսի հանդիպման մասին: Դժվար է ասել, թե դրանք ճիշտ են թե սխալ: Դրանցից ամենահայտնին պատմում է, որ Բրամսը քնել է Լիստի սի մինոր սոնատան լսելիս (կատարում էր Լիստը): Ասում են նաև, որ այդ միջադեպի պատճառով Բրամսը ներողություն է խնդրել Լիստից և պատճառաբանել, որ քնել է շրջագայություններից առաջացած գերհոգնածության պատճառով: Շատ երաժշտագետներ և կենսագրագիրներ հերքում են այս փաստը: Հետագայում այս կոմպոզիտորների աշխարհայացքները ամբողջովին փոխվում են: Լիստը անցնում է Ռիխարդ Վագների հետևորդների շարքերը (նոր երաժշտության ստեղծողներ), իսկ Բրամսը ստեղծում է նոր երաժշտական շարժում, որում կոմոզիտորները հավատարիմ են մնում դասական երաժշտության ավանդույթներին:

Բրամսը և Ռոբերտ Շումանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Բրամսը 1853 թվականին

1853 թվականին Յոհաննես Բրամսի կյանքում կատարվում է մի կարևոր իրադարձություն, որը մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն նրա ստեղծագործական ոճի զարգացման վրա, այլ նաև ապագայի ամբողջական փոփոխության վրա: Քանի որ Յոզեֆ Յոախիմը ծանոթ էր բազմաթիվ մեծանուն երաժիշտների հետ, նա Բրամսին խորհուրդ է տալիս ներկայանակ գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանին, որը այդ ժամանակ իր կնոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Կլարա Շումանի հետ բնակվում էր գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Յոախիմը Բրամսին տվել էր մի նամակ, որպեսզի այս վերջինը այն տա Շումանին: Նամակում նա կարճ նկարագրում էր Բրամսին: Բրամսը Ռեյն գետի շրջակայքի քաղաքներում շրջագայությունը ավարտելուց հետո ճանապարհ է ընկնում դեպի Շումանների տուն: Հանդիպումը տեղի է ունենում 1853 թվականի սեպտեմբերի 30-ին: Բնավորությամբ շատ ամաչկոտ լինելու պատճառով, նա հազիվ կարողանալով իր մեջ քաջություն գտնել, թակում է դուռը: Նրան Շումանների ընտանիքում սպասում էր շատ ջերմ ընդունելություն: Ռոբերտ Շումանը նրան հրավիրում է իր աշխատանքային սենյակ, որպեսզի լսի նրա նվագը՝ կարծելով, որ նա սովորական դաշնակահար է կամ չնչին տաղանդ ունեցող սկսնակ կոմպոզիտոր: Բրամսը նստում է դաշնամուրի դիմաց և սկսում է կատարել իր առաջին դո մաժոր սոնատան: Հենց առաջին ակորդների հզորությունից և տոնայնությունների բազմաբղետ և անընդմեջ փոփոխություններից հիացած՝ Շումանը կանգնեցնում է Բրամսին և կանչում է իր կնոջը՝ Կլարային, ասելով. " Կլարան անպայման պետք է լսի սա":

Ռոբերտ Շումանը 1850 թվականին

Բրամսը երկրորդ անգամ է սկսում իր սոնատան՝ այս անգամ ամուսինների ներկայությամբ: Երկու երաժիշտներն էլ հիացած էին քսանամյա Բրամսի տաղանդով: Կլարան այսպես է նկարագրում նրա նվագը.

Վիքիքաղվածք
«Այս շատ մեղմ և ինչ որ տեղ աղջկա հիշեցնող դեմքը նվագելու ընթացքում ամբողջովին փոխվում և արտահայտում է զգացմունքային տարբեր իրավիճակներ, այդ թվում նաև մոլագարություն:»

Շումանը իր նոթատետրում նշում է "Պարոն Բրամսի ժամանումը: Հանճար" : Շումանը իր հայտնի "Նոր երաժշտական ամսագրում" արդեն տասը տարի ոչ մի հոդված չէր գրել և ամսագրի տնօրինությունը հանձնել էր իր ընկերներին: Բրամսի տաղանդը Շումանին դրդում է վերցնել փետուրը և գրել իր հայտնի հոդվածներից մեկը:

Վիքիքաղվածք
«Եկավ ընտրյալը, որին օրորոցում արդեն տրվել էր տաղանդը և հերոսական ոգին: Նրա անունը Յոհաննես Բրամս է և նա եկել է Համբուրգից:

Երբ որ նա նստում է դաշնամուրի առջև, նա մեզ տեղափոխում է դեպի չնաշխարհիկ վայրեր և մեզ մտցնում է իր իդեալական աշխարհը: Իր հիանալի նվագի շնորհիվ նա դաշնամուրը վերափոխում է վշտալի և հաղթական նվագախմբի: Նրա մատների տակ սոնատան դառնում է սիմֆոնիա, երգը դառնում է մի ամբողջ պոեմ: Նրա սոնատները և լարային կվարտետներից յուրաքանչյուրը տարբեր են և կարծես ունեն ամբողջովին նոր և ուրիշ հիմք:

Երբ որ նա իր կախարդական փայտիկը ուղի նվագախմբի և երգչախմբի կողմը և նրանք իրենց հզորությամբ կկարողանան արտահայտել Բրամսի ամբողջական տաղադը, իդեալան աշխարհի գաղտնիքներից շատերը կհամարվեն բացահատված:»

Այս հոդվածի տպագրումը շատ դրական է ազդում Բրամսի համբավի վրա: Նրան սկսում է ճանաչել ողջ Գերմանիան: Շումանը Բրայթկոպֆ & Հարթել հրատարակությանը խնդում է տպագրել Բրամսի որոշ ստեղծագործություններ: Տարբեր վայրերից նամակներ են գալիս և ցանկություն են հայտնում Բրամսի նվագը լսել: Բրամսը իր շնորհակալական նամակում Շումանին հայտնում է, որ շատ է ցավում, որ չի կարողանում ներկայանալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել իրեն:

Բրամսը և Կլարա Շումանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Շումանը 1853 թվականին

Կլարա Շումանը առաջին կին դաշնակահարն էր, որը կարողացել էր համաշխարհային հռչակ վայելել: Նա վերին աստիճանի հաճելի և բարի կին էր ու 6 երեխաների մայր: Բրամսը հիացած էր Կլարայով: Բրամսի և Կլարայի նեղ ընկերական հարաբերությունները տևել են նրանց ողջ կյանքի ընթացքում: Կլարան նույնպես հիացած էր Բրամսի տաղանդով և նրա գեղեցկությամբ: Քանի որ հիվանդության պատճառով Շումանը այլևս այն երիտասարդ և կենսուրախ Շումանը չէր և բնավորությամբ ավելի պարփակված էր դարձել, Կլարան իր նախկին Շումանին գտնում է երիտասարդ Բրամսի մեջ: Բրամսը Շումանից թույլատվություն է հարցնում, որպեսզի նվիրի իր ստեղծագորություններից մի քանիսը Կլարային: 1853 թվականին երկրորդ կեսին Բրամսը բնակվում էր Դյուսելդորֆի հյուրանոցներից մեկում: Ռոբերտ Շումանը նրան հաճախ հրավիրում էր իրենց հետ ընթրելու, սակայն բնավորությամբ չափազանց ամաչկոտ լինելու պատճառով Բրամսը չէր ներկայանում և այդ իսկ պատճառով Կլարան ինքն էր գնում նրան հյուրանոցից իրենց տուն բերելու: Շումանների ընտանիքում Բրամսը անցկացրել է շատ հաճելի պահեր: Երեկոները այստեղ անցնում էին չափազանց հետաքրքիր, քանի որ երաժիշտները ունեին ամբողջովին նույն երաժշտական ճաշակը և շատ բան ունեին իրար փոխանցելու: Շատ հաճախ այս երեկոներին մասնակցում էին նաև ջութակահար Յոզեֆ Յոախիմը և կոմպոզիտոր Ալբերտ Դիտրիխը: Հենց այս ժամանակ է որ գրվում է "F-A-E" ջութակի սոնատան (գերմաներեն Frei aber Einsam՝ ազատ, բայց մենակ): Այս ստեղծագործությունը խմբակային է և գրվել է միանգամից երեք կոմպոզիտորի կողմից՝ Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս և Ալբերտ Դիտրիխ:

1854 թվականին Շումանների ընտանիքում տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն: Ռոբերտ Շումանը կատարեց մահափորձ և իրեն նետեց Ռեյն գետը: Բարեբախտաբար ձկնորսները նրան գետից ափ հանեցին և նա փրկվեց, բայց իր իսկ ցանկությամբ նա տեղափոխվեց Բոնն քաղաքի մոտ գտնվող հոգեբուժարանը: Այս ամենը մեծագույն ճակատագրական հարված էր Կլարա Շումանի համար և այս դժվարին պահերին նրա անբաժան ընկերներ էին Բրամսը և Յոախիմը: Քանի որ Յոախիմը մշտական շրջագայությունների մեջ էր, նա հաճախ բացակայում էր, իսկ Բրամսը համարյա միշտ գնում էր Կլարայի կողքին: Որոշ ժամանակ Բրամսը նույնիսկ բնակվել է Շումանների տանը: Նրա ընկերական աջակցությունը ուղղակի անհրաժեշտ էր Կլարային: 1854 թվականի հունիսին ծնվում է Կլարա և Ռոբերտ Շումանների վերջին զավակը՝ Ֆելիքս Շումանը, որը դժբախտաբար այդպես էլ չի ճանաչում իր հորը: Ֆելիքսի հետ շատ մոտ էր Բրամսը և նրա կնունքին նա դառնում է իր կնքահայրը: Կլարայի հետ բնակվելու ժամանակ Բրամսը խորապես ուսումնասիրում է Ռոբերտ Շումանի ձեռագրերը: Իր հերթին նա շատ ստեղծագործում է: Նա նաև ուսումնասիրում է միջնադարյան կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Պալեստրինա, Գիյոմ դը Մաշո և այլն: Նա շատ ստեղծագործություններ նվիրում է Կլարային: Գրում է նաև Շումանի թեմայով վարիացիաներ:

1854-58 թվականներին Բրամսը և Կլարան միմյանց գրել են անթիվ նամակներ, որոնց մեծ մասը նրանք ոչնչացրել են: Պահպանված նամակները ուսումնասիրելով կարելի է նկատել նրանց հարաբերությունների առաջընթացը: Սկզբնական շրջանում Բրամսը Կլարային դիմում էր "Դուք"-ով այնուհետև "Թանկագին տիկին": Ապագա նամակներում նշմարվում են "շատ թանկագին ընկեր" և "իմ սիրելի ընկեր" արտահայտությունները և ամենավերջում նա Կլարային դիմում է "Իմ շատ սիրելի տիկին Կլարա"-յով:

1854 թվականի նոյեմբերի 24-ի նամակում նա գրում է Կլարային.

Վիքիքաղվածք
«Իմ թանկագին ընկեր, չեք կարող պատկերացնել, թե ձեր ընկերական "դու"-ն ինչպիսի հաճույք ինձ պատճառեց: Անչափ շնորհակալություն այդ նամակի համար: Չեմ կարողանում ինձ զսպել և այն անընդհատ կարդում եմ ՝ կարծես առաջին անգամ կարդալիս լինեմ: Շատ հազվադեպ են բառերը ինձ համար այդքան մեծ արժեք ունեցել:»
Հատված Բրամսի "Շումանի թեմայով" վարիացիաներից

Երիտասարդ Բրամսը դժվարությամբ է սկսում է Կլարային "դու"-ով դիմել: Մեկ այլ նամակում կարդում ենք.

Վիքիքաղվածք
«Իմ սիրելի Կլարա, ես կուզենայի գրել և նկարագրել իմ սիրո մեծությունը քո նկատմամբ. ցանկանում եմ քեզ մեծագույն երջանկություն: Ես քեզ այն աստիճան եմ պաշտում, որ նույնիսկ չեմ կարող այն նկարագրել: Կուզենայի քեզ դիմել "իմ սիրելիս" արտահայտությամբ և այլ քնքուշ բառերով: Քո նամակները իմ համար կարծես համբույրներ լինեն:»

Ցավոք սրտի 1856 թվականի հուլիսի 29-ի Ռոբերտ Շումանի ողբերգական մահվան պատճառով Յոհանեսը և Կլարան հեռանում են իրարից: Բրամսը դեռ հույսեր ուներ, որ կկարողանար մնալ իր սերելի Կլարայի կողքին և մեղմացնել նրա վիշտը, սակայն Կլարան ինքն է հեռանում նրանից: Նամակագրական կապերը նրանք պահպանել են ամբողջ կյանքի ընթացքում: Բրամսի վերջին անգամ Կլարային գրել է 1896 թվականին, երբ որ Կլարան արդեն մահվան անկողնում էր.

Վիքիքաղվածք
«Եթե դուք առավել վատն եք ակնկալում, ապա խնդում եմ թույլ տվեք ինձ գալ և ևս մեկ անգամ տեսնել ձեր գեղեցիկ աչքերը, որոնց փակվելուց հետո շատ բան կփակվի նաև իմ համար:»

Երաժշտության պատմության մեջ Կլարա Շումանի և Յոհաննես Բրամսի հարաբերությունները ամենաառեղծվածայինն են:

1857-1875 թվականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի կիսանդրին Դեթմոլդի արքայական պալատի այգում

Այս տարիների Յոհաննես Բրամսը շատ շրջագայում է և աշխատում է տարբեր նավագախմբերի և երգչախմբերի հետ: Նա հիմնականում լինում է Համբուրգում, այնուհետև տեղափոխվում է Վիեննա:

Դեթմոլդում և Համբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին Բրամսը դասավանդում է Լիպի արքայազնի պալատում, այնուհետև դառնում է Դեթմոլդի երգի ակադեմիայի տնօրենը: Այս քաղաքում նա մնում է երկու տարի և գրում է իր երկու սերենադները նվագախմբի համար և առաջին դաշնամուրային կոնցերտը: Գործիքավորման վերաբերյալ նա բազմաթիվ խորհուրդներ է ստացել Յոզեֆ Յոախիմից: Կոնցերտի ներշնչանքի աղբյուր էր հանդիսանում Կլարա Շումանը, քանի որ այդ տարիներին Բրամսը բաժանվել էր նրանից: Առաջին անգամ կոնցերտը կատարվել է 1859 թվականի հունվարի 22-ին: Սոլո դաշնակահարը Բրամսն էր: Չնայած կոմպոզիտորի մեծ հույսերին, կոնցերտը մեծ համբավի չի արժանանում, դրա համար Բրամսը որոշում է գրել ևս մեկ կոնցերտ դաշնամուրի համար (որը նա գրում է 22 տարի հետո):

Յոհաննես Բրամսը 1866 թվականին

Այս ժամանակահատվածում նա գրում է նաև որոշ երգեր և ծանոթանում է մեկ այլ կնոջ՝ Ագաթ ֆոն Զիբոլդի հետ: Բրամսը այնքան մեծ սեր է տածում այս կնոջ նկատմամբ, որ նույնիսկ արթնացնում է Կլարա Շումանի խանդը: Կլարան չափազանց զարմացած էր, որ Բրամսը այդքան կարճ ժամանակահատվածում կարողացել էր նորից սիրահարվել: Ագաթ ֆոն Զիբոլդի անվան հիման վրա Բրամսը գրում է իր երկրորդ լարային սեքստետը (օպուս 36) ՝ A-G-A-H-E՝ լյա-սոլ-լյա-սի-մի նոտաների հիման վրա: Նրանք նշանվում են, բայց մի քանի ամիս անց Բրամսը հրաժարվում է ամուսնանալ նրա հետ՝ զգալով, որ անկարող է լուրջ հարաբերություններ ունենալ: Իր ամբողջ կյանքի ընթացքում Յոհաննես Բրամսը երբեք չի ամուսնացել:

1859 թվականին Բրամսը վերադառնում է հայրենի Համբուրգ քաղաքը, որտեղ գրում է բազմաթիվ երգեր և վարիացիաներ չորս ձեռքի համար, վարիացիաներ հունգարական թեմայով, վարիացիաներ Հայդնի թեմայով և վարիացիաներ Շումանի թեմայով: 1860 թվականին Բրամսը հանդիպում է երաժշտական խմբագիր Ֆրից Զիմռոքին, որը և տպագրում է նրա շատ ստեղծագործություններ: Այս ժամանակահատվածում Բրամսի գրվածքները համարվում էին նվագելու համար շատ դժվար և ոճով չափազանց դասական: Զիռմոքը տպագրում է Բրամսի առաջին դաշնամուրային կոնցերտը, որը այդպես էլ հաջողության չի արժանանում: Բրամսը ցանկանալով, որպեսզի իր ստեղծագործությունները լինեն կատարյալ, շատ ժամանակ սպասեցնում էր խմբագրերին և ստեղծագործությունը նրանց ուղարկելուց առաջ կատարում էր որոշ փոփոխություններ: 1862-63 թվականնեիրն Բրամսը վիճում է իր ընկեր Թեոդոր Ավե-Լալըմանի հետ, քանի որ այս վերջինը նրան չի տալիս Ֆիլհարմոնիայի Համերգների տնօրենի պաշտոնը և նախընտրում է երգիչ Ժուլիուս Շտոքհաուզենին: Բրամսին հասնում է միայն Երգի Ակադեմիայի խմբավարի պաշտոնը: Բրամսը խորապես վիրավորվում է իր ընկերոջ այդ քայլից: Այս միջադեպի պատճառով նա լքում է Համբուրգը և տեղափոխվում է Վիեննա:

Բրամսը և Ռիխարդ Վագները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսը 1889 թվականին

1850-60-ական թվականներին է, որ առաջանում է հայտնի "Ռոմանտիկ դարաշրջանի կոնֆլիկտը" երկու առաջատար կոմպոզիտորների՝ Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Վագների միջև: Վագների հետևորդների մեջ էր մտնում նաև դաշնակահար և կոմպոզիտոր Ֆերենց Լիստը, որը ժամանակին ծանոթացել էր Բրամսի հետ: Բրամսը գնահատում էր որոշ վագներյան ստեղծագործություններ, իսկ Լիստին համարում էր լավ դաշնակահար: Երկու կոմպոզիտորները անձամբ իրար հետ չէին գտնվում վատ հարաբերությունների մեջ, սակայն նրանց երաժշտության հետևորդները պարզապես թշնամիներ էին:

Վագները և Լիստը համարվում էին "նոր երաժշտության" հիմնադիրները, իսկ Բրամսը համարվում էր Լյուդվիգ վան Բեթհովենի հետևորդը, որը կարողանում էր համատեղել դասական և ռոմանտիկ ուղղությունները: Բրամսի հետևորդների մեջ մտնում էին նաև Կլարա Շումանը և դիրիժոր Հանս ֆոն Բյուլովը:

Վիեննայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականին Բրամսը վերջնականապես հաստատվում է Վիեննայում և շատ շուտ ընտելանում է այս քաղաքին: Այստեղ նա իրեն զգում է ինչպես իր տանը: Վիեննայում ապրած ժամանակ Բրամսը գրում է իր ստեղծագործական գլուխգործոցները՝ Գերմանական Ռեքվիեմը, չորս սիմֆոնիաները, երկրորդ դաշնամուրային կոնցերտը, հունգարական պարերը և մի շարք ստեղծագործություններ կամերային կատարման համար: Բացի կոմպոզիտորական գործունեությանը Բրամսը ելույթ էր ունենում որպես դաշնակահար՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի և Ռոբերտ Շումանի վիրտուոզ ստեղծագործությունները: Նա ջութակահար Յոզեֆ Հելլմեզբերգերի հետ կատարում է իր «Սոլ մինոր» դաշնամուրային կվարտետը և այս ջութակահարը նրա անվանում է "Բեթհովենի հետևորդ": Այս արտահայտությունը մեծ համբավ է ձեռք բերում, սակայն Բրամսը դրան այդքան էլ հավանություն չի տալիս և ինքն իրեն համարում է ոչ թե Բեթհովենի հետևորդ, այլ Բեթհովենին հավասար կոմպոզիտոր:

Բրամսը Յոհան Շտրաուս կրտսերի հետ

1863 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի Երգի Ակադեմիայի խմբավարը: Աշխատանքի անցնելուց հետո միանգամից կենտրոնանում է Բախի, Հենրիխ Իսահակի, Գաբրիելիի Շուտցի և այլ ավելի հին կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա: Նա նաև կատարում է իր ժամանակակիցների՝ Շումանի և Բեթհովենի ստեղծագործությունները: 1864 թվականին նա հրաժարվում է այս պաշտոնից, քանի որ խմբավարի աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, որը նա կարող էր հատկացնել կոմպոզիցիային և շրջագայություններին: Բրամսը շրջագայությունների մեծ սիրահար էր:

Այս ժամանակաշրջանում նա գրում է իր "Գերմանական Ռեքվիեմը", որը արտասովոր էր նրանով, որ ամբողջովին գերմաներեն էր (սովորաբար ռեքվիեմները լատիներեն են լինում): Ստեղծագործությամ մեջ կա մեծ ներշնչանք քաղված Աստվածաշնչից: Կոմպոզիտորը այն գրել է իր մոր մահվանից հետո: Ստեղծագործությունը միանգամից արժանացել է քննադատների և հանրության հավանությանը: Ռեքվիեմից հետո Բրամսը գրել է իր "Հունգարական պարերը": Այս ստեղծագործության վրա եղել են բազմաթիվ տարաձայնություններ: Քանի որ Բրամսը այս պարերը գրել է հունգարական և գնչուական երաժշտության հիման վրա և օգտագործել է բազմաթիվ հայտնի եղանակներ, գտնվել են տարբեր կոմպոզիտորներ, որոնք ցանկացել են ապացուցել, որ հենց իրենք են այս պարերի իրական հեղինակները, փորձելով աղտոտել Բրամսի համբավը:

1870 թվականին Բրամսը ծանոթանում է դիրիժոր Հանս ֆոն Բյուլովի հետ: Բյուլովը սկզբնական շրջանում համարվում էր Վագների հետևորդ, բայց նրանից հետո, երբ նրա կինը՝ Կոզիմա Լիստը (Լիստի դուստրը) նրան լքեց և ամուսնացավ Վագների հետ, Բյուլովը մտավ Բրամսի հետևորդների շարքերը:

1872-75 թվականներին Բրամսը ստանձնում է Վիեննայի Արվեստի Ընկերների Կազմակերպության տնօրենի պաշտոնը: Նա կատարում է բազմաթիվ շրջագայություններ, կամ որպես դաշնակահար, կամ սեփական հաճույքի համար: Բրամսի համար մեծ բավականություն էր զբոսնել բաց երկնքի տակ. այդպես նա իրեն ավելի ազատ էր զգում:

1876-97 թվականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշմանիշ Բրամսի պատկերով

Սիմֆոնիաների ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսը իր չորս սիմֆոնիաները գրել է բավական կարճ ժամանակաշրջանում: Համեմատելով մյուս ստեղծագործությունների հետ, որոնց բաժանում է ավելի երկար ժամանակաշրջան (օրինակ՝ երկրորդ դաշնամուրային կոնցերտը նա գրել է առաջինից 22 տարի անց), սիմֆոնիաները նա գրել է ընդամենը ինը տարվա ընթացքում: Առաջին «Դո մինոր» սիմֆոնիան կատարվել է 1876 թվականի նոյեմբերի 4-ին Կառլսրուե քաղաքում, իսկ երկրորդ «Ռե մաժոր» սիմֆոնիան կատարվել է 1877 թվականի դեկտեբերի 30-ին Փորթշախում: Շատ հաճախ Բրամսի առաջին սիմֆոնիան անվանվում է "Բեթհովենի տասերորդ սիմֆոնիա", քանի որ ոգով այն շատ նման է Բեթհովենի սիմֆոնիաներին: Բոլոր չորս սիմֆոնիաներն էլ ունեն չորս մաս և իրենց կառուցվածքով հիշեցնում են դասական դարաշրջանը (հիմնականում Բեթհովեն): Այնուամենայնիվ Բրամսը հոյակապ կերպով համատեղում է դասականը ռոմանտիկականի հետ: 3-րդ սիմֆոնիան գրված է Ֆա մաժորում: Այն կատարվել է 1883 թվականին Վիեննայում, իսկ 4-րդը՝ «Մի մինոր» սիմֆոնիան, նա սկսել է գրել 1884 թվականի ամռանը: Այն կատարվել է 1885 թվականի հոկտեմբերի 25-ին Մայնինգենում: Այս սիմֆոնիայի վերջին մասում Բրամսը օգտագործում է պասակալիայի ձևը և գրում է 30 վարիացիա պարունակող չակոննա, որի հիմքը վերցված է Յոհան Սեբաստիան Բախի BWV 150 կանտատից:

Բրամսը չի գրել հինգերորդ սիմֆոնիա ասելով. "Բեթհովենը այն արդեն գրել է":

Այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի ժամանումը երկինք: Սիլուետը Օտտո Բոլերի

1880 թվականին Բրամսը գրում է իր երկու նախերգանքները՝ "Ակադեմիական" և "Ողբերգական": 1877 թվականին Քեմբրիջի համալսարանը Բրամսին տալիս է դոկտորի կոչում, իսկ 1881 թվականին այս նույն կոչումը նա ստանում է լեհական Բրեցլավի համալսարանից: Իր "Ակադեմիական" նախերգանքը նա նվիրում է Բրեցլավի համալսարանին որպես շնորհակալություն: Իր նախերգանքների մասին Բրամսը ասում էր. "Մեկը լալիս է, իսկ մյուսը ծիծաղում":

Այս ժամանակաշրջանի Բրամսի սիմֆոնիկ ստեղծագործություններին են պատկանում նաև իր ջութակի կոնցերտը՝ գրված 1878 թվականին, որը նա նվիրել է ջութակահար Յոզեֆ Յոախիմին և կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար՝ գրված 1887 թվականին:

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի շիրմնաքարը Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում

1886 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի երաժիշտների կազմակերպության պատվավոր նախագահը: Նա Վիեննայում վայելում էր մեծ կոմպոզիտորի փայլուն դաշնակահարի և հիանալի դիրիժորի համբավ: 1890 թվականին 57-ամյա Յոհաննես Բրամսը որոշում է այլևս չստեղծագործել: Սակայն կոմպոզիտորի հարուստ երաժշտական հոգին նրան թույլ չի տալիս վերջնականպես վայր դնել փետուրը: Այս տարիներին նա հիմնականում գրում է կամերային երաժշտություն: Բրամսը հիացած էր իր ժամանակի հանճարեղ կլառնետահար Ռիխարդ Մյուլֆելդով և նրան է նվիրում իր տրիոն՝ կլառնետի, թավջութակի և դաշնամուրի համար, կվինտետը՝ կլառնետի և լարային կվարտետի համար (1891) և երկու սոնատները կլառնետի և դաշնամուրի համար (որոնք նա հետագայում փոխադել է նաև ալտի համար): Այս տարիներին նա գրում է նաև իր ջութակի և թավջութակի սոնատները և երկրորդ լարային կվինտետը (երկու ջութակի, երկու ալտի և թավջութակի համար): Նա գրում է նաև իր "Չորս լուրջ երգեր"-ը (1896 թ) և "Տասնմեկ քառաձայն պրելյուդներ"-ը երգեհոնի համար (1896 թ ):

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Բրամսի մոտ ուռուցք է հայտնաբերվում: Սկզբնական տվյալներով այն լյարդի ուռուցք էր, բայց հետագայում պարզվում է, որ իրականում այն ենթաստամոքսային գեղձի էր: Նրա առողջական վիճակը գնալով վատանում է և նա մահանում է 1897 թվականի ապրիլի երեքին Վիեննայում՝ 63 տարեկան հասակում: Նրա շիրմնաքարը գտնվում է Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում, որտեղ թաղված են նաև Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի աշխատակիցներից մեկը՝ Թեո Վանգեմանը գալիս է Վիեննա, որպեսզի մի գյուտարարական փորձ կատարի Բրամսի հետ: Նա իր հետ բերել էր առաջին ձայնագրման սարքերից մեկը: Բրամսը դաշնամուրով նվագում է իր առաջին հունգարական պարը: Այս ձայնագրությունը պահպանվել է առ այսօր: Սկզբում լսվում է ինչ որ մեկի ձայնը, որը ներկայացնում է հնչող ստեղծագործության անունը: Մասնագետները չեն կարողանում պարզել, թե լսվող ձայնը ումն է՝ Բրամսինը թե Վանգեմանինը: Ցավոք սրտի Բրամսի նվագը համարյա թե չի լսվում առկա աղմուկի և ձայնագրության հնության պատճառով: Սթանֆորդի համալսարանը թողարկել է այս ձայնագրության ավելորդ ձայներից մաքրված տարբերակը: Ինչևիցե, այս ձայնագությունը հանդիսանում է մեծագույն կոմպոզիտորների կողմից կատարված առաջին ձայնագրություններից մեկը:

Բրամսը կրոնական հայացքների տեսանկյունից հումանիստ էր, բայց նաև աթեիստ[5][6][7]: Նրա ամենամտերիմ անձանցից մեկը՝ կաթոլիկ Անտոնին Դվորժակը մի առիթով ասել է. «Նման հետաքրքիր մարդ, նա շատ բարի հոգու տեր է, բայց ոչնչի չի հավատում»[8]:

Բրամսը և Սեն-Սանսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսին մասին պատմող բազմաթիվ պատմություններից մեկը պատմում է, որ ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը թակել է Բրամսի տան դուռը նրան տեսնելու ակնկալիքով: Բրամսի տան ծառայողին նա ներկայացել է որպես ֆրանսիացի երաժիշտ: Երբ ծառայողը Բրամսին հայտնել է նրա ժամանման մասին, Բրամսը ասել է "Ֆրանսիացի երաժիշտ գոյություն չունի": Հաստատ համոզվածություն չկա, որ այս միջադեպը իսկապես պատահել է:

Բրամսի ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի կիսանդրին ավստրիական Լեոնշթայն ամրոցի ներքին բակում

Բրամսը իր աշխատանքին վերաբերվում էր մեծագույն լրջությամբ և քննադատությամբ: Մինչև իր ստեղծագործությունները խմբագիրներին հանձնելը նա բազմաթիվ փոփոխություններ էր կատարում: Վաղ ժամանակաշրջանում գրած ստեղծագորություններից շատերը նա ոչնչացրել է, այդ թվում նաև ջութակի և դաշնամուրի համար գրած մի սոնատ, որը նա կատարել էր երիտասարդ տարիներին: Մինչև առաջին լարային կվարտետի գրելը նա գրել էր մոտավորապես քսան լարային կվարտետներ, որոնք նա նույնպես ոչնչացրել է: Նրա Ռե մինոր սիմֆոնիան բազմաթիվ անգամ գրվելուց և ջնջվելուց հետո դարձավ դաշնամուրային կոնցերտ ( թիվ 1): 15 տարի աշխատանքից հետո նա պաշտոնապես հայտարարեց, որ գրել է սիմֆոնիա: Բրասը իր ստեղծագործություններին վերաբերովում էր այսպիսի խստությամբ նաև այն պատճառով, որ Ռոբերտ Շումանը նրա ասել էր, որ նա պետք է դառնար Բեթհովենից հետո երկրորդ ամենամեծ կոմպոզիտորը:

Կլարա Շումանը լսելով Բրամսի առաջին սիմֆոնիան, իր զարմանքն էր հայտնել, քանի որ նա վերջին մասը չափազանց փայլուն էր համարում: Սակայն նա նաև ասում էր, որ առաջին մասի հզոր և մինորային ակորդները ամբողջովին սազական էին Բրամսին: Մասնագետները կարծում են, որ Բրամսի երկրորդ «Ռե մաժոր» սիմֆոնիան բավական ուրախ է: Այս սիմֆոնիան նույնիսկ մտնում է ամենավառ սիմֆոնիաների շարքը: Սակայն Բրամսը իր նամակներից մեկում նշում է, որ այս սիմֆոնիան իր մեջ պարունակում է մեծ մելանխոլիա:

Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները աչքի են ընկնում իրենց նրբությամբ և տխրությամբ բայց դրա հետ մեկտեղ կոմպոզիտորը միշտ օգտագործում է շատ բարդ կառուցվածք ունեցող բազմաձայնություն:

Այլ կոմպոզիտորների ազդեցությունը Բրամսի ստեղծագործության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի կիսանդրին Մայնինգենի Անգլիական այգում: Հեղինակ Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ

Բրամսը շատ էր գնահատում ավստրիացիներ Յոզեֆ Հայդնի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի արվեստը: Նա հավաքել է այս կոմպոզիտորների բազմաթիվ ձեռագրեր և դրանց մեծ մասը հրապարակել է: Բացի այս կոմպոզիտորներից Բրամսը մեծ հետաքրքություն էր ցուցաբերում նաև ավելի վաղ ժամանակաշրջանի կոմպոզիտորների արվեստին՝ Ջիովաննի Գաբրելի, Դոմենիկո Սկարլատի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել և հիմնականում Յոհան Սեբաստիան Բախ:

Բրամսը համարվում է Լյուդվիգ վան Բեթհովենի հետևորդը, սակայն չպետք է մոռանալ, որ նա խորապես ուսումնասիրել է Բախի և Պալեստրինայի ստեղծագործությունը և նրանցից շատ դասեր է քաղել: Բրամսի ստեղծագործությունը ուսումնասիրելով կարելի է ականատես լինել շատ բարդ պոլիֆոնիայի և կոնտրապունկտի, որը նա առանց կասկածի վերցրել է վերը նշված կոմպոզիտորների գրելաոճից: Բրամսը օգտագործում է նաև բազմաթիվ ազգային մեղեդիներ: Նա համատեղում է ռոմանտիկականը դասականի հետ, օգտագործելով նաև միջնադարյան գրային ոճեր:

Վիեննայում գտնվելու առաջին տարիներին Բրամսը հետաքրքրվել է նաև Ֆրանց Շուբերտի արվեստով: Այս կոմպոզիտորի ազդեցությունը զգացվում է Բրամսի դաշնամուրային կվարտետներից: Այլ կոմպոզիտորների ազդեցությունը (Ֆելիքս Մենդելսոն կամ Ֆրեդերիկ Շոպեն) ավելի քիչ են Բրամսի մոտ: Սակայն նրա օպուս 4 սկերցոյում զգացվում է Շոպենի «Սի բեմոլ մինոր» սկերցոյի ոգին: Ռոմանտիկ կոմպոզիտորներից Բրամսը ամենաշատը գերվել է Ռոբերտ Շումանի ստեղծագործությամբ:

Բրամսի ազդեցությունը այլ կոմպոզիտորների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի տարբեր շրջաններ պատկերող հուշարձանը Համբուգում՝ իր անունը կրող հրապարակում

Բրամսի ոճը և հետադարձ է և առաջադեմ է: Բրամսի օրոք նրա կողքին են եղել և նրա արվեստով հիացած են եղել կոմպոզիտորներ Ռոբերտ Ֆաքսը, Հայնրիխ ֆոն Հերցոգենբերգը, Յուլիուս Ռոյնթգենը և Գուստավ Յենները, որը եղել Բրամսի միակ օրինական աշակերտը: Չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակը մեծագույն հիացմունք էր տածում Բրամսի նկատմամբ և նրանից դասեր էր քաղում: Նրա յոթերորդ սիմֆոնիան և «Ֆա մինոր» դաշնամուրային տրիոն ներշնչված են Բրամսի երաժշտությամբ:

Բրամսի երաժշտության մեծ երկրպագու էր անգլիացի կոմպոզիտոր Էդվարդ Էլգարը, որը ասել է "Ես ինձ ոչնչություն եմ զգում, երբ լսում եմ Բրամսի երրորդ սիմֆոնիան": Բրամասի մոլլի երկրպագուներ էին նաև անգլիացի Հյուբերտ Պարրին, շվեդ Վիլհելմ Ստենհամմարը և ավստրիացի Ալեքսանդեր ֆոն Զեմլինսկին: Բրամսի երաժշտության ազդեցությունը զգացվում է նաև Բելա Բարտոկի վաղ կամերային ստեղծագործություններում: Հետաքրքիր դեպք է նաև կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգի սերը Բրամսի երաժշտության նկատմամբ: Հայտնի է որ Շյոնբերգը Վագների երկրպագու էր և շատ զարմանալի էր, որ նա հիացմունք էր տածում նաև Բրամսի նկատմամբ: Պատճառը կայանում է նրանում, որ վաղ հասակում սերը Բրամսի երաժշտության նկատմամբ Շյոնբերգը ստացել է իր հորից, որը իր հերթին երաժիշտ և բրամիստ էր (այսպես էին անվանվում Բրամսի երկրպագուները): Վիեննական նոր դպրոցի ներկայացուցիչներից Բրամսի երաժշտության հետևորդ էր նաև Անտոն Վեբերնը ("Պասսակալիա նվագախմբի համար"):

Բրամսը որպես անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսի սիլուետը: Հեղինակ՝ Օտտո Բոլեր

Բրամսը փոփոխական բնավորություն ուներ: Նա բոլորին հայտնի էր և՛ իր բարությամբ, և՛ իր սարկաստիկ հումորով: Բնությանը իրեն մոտ զգալու համար նա հաճախ էր կատարում տարբեր շրջագայություններ, իսկ ամենօրյա զբոսանքները նրա կյանքի անբաժան մասն էին կազմում: Նա սիրում էր զբոսնել անտառներում և այլ կանաչապատ տարածքներում: Քայլելիս նա ձեռքերը միշտ իր ետևում էր պահում (Բեթհովենի նման): Նա իր մոտ միշտ ուներ քաղցրավենիք և երեխաների հանդիպելուց նրանց հյուրասիրում էր: Մեծահասակների հետ նա ավելի կոպիտ էր: Սիրում էր արտահայտել իր միտքը, առանց հաշվի առնելու մյուսների կարծիքը: Մի երեկույթից դուրս գալուց առաջ նա ասել է. "Թող ինձ ներեն նրանք, որոնց այսօր չվիրավորեցի": Նա հայտնի էր իր բարեգործությամբ: Նա օգնում էր երիտասարդ կոմպոզիտորներին առաջ գնալ՝ հրատարակելով նրանց ստեղծագործությունները և շատ անգամ ֆինանսապես նրանց օգնելով (նա պահանջում էր որ այն արվեր չափազանց գաղտնի պայմաններում): Նա առատաձեռն և սիրալիր էր իր բոլոր ընկերների հետ և նրանցից ստանում էր նույն վերաբերմունքը: Իր ստեղծագործությունները հրատարակելուց նա բավական մեծ եկամուտ էր ունենում, սակայն նա ապրում էր սովորական մի բնակարաում և ուներ ընդամենը մեկ աշխատող, որը կատարում էր խոհարարի և հավաքարարի պարտականությունները: Ըստ սովորության Բրամսի բնակարանը լի էր տարբեր խառիխուռն նոտաներով և ձեռագրերով:

Բրամսը ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվում վալսերի արքա Յոհան Շտրաուս կրտսերի հետ (սակայն նրանց երաժշտական ճաշակները բոլորովին տարբեր էին): Բրամսը գնահատում էր Շտրուսի արվեստը և շատ էր զղջում, որ չէր կարողացել ինքը գրել Շտրաուսի հայտնի "Կապույտ Դանուբ" վալսը: Երբ որ մի օր Շտրուսի կինը՝ Ադելը, Բրամսից ինքնագիր է խնդրում, Բրամսը վերցնում է վերը նշված վալսի նոտաները և գրում. "Ցավոք սրտի ոչ Յոհաննես Բրամսի կողմից գրված":

Բրամսի հավատքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կյանքի ընթացքում Բրամսը սերտ կապված է եղել Աստվածաշնչի հետ: Նրա մոտ սերը դեպի հավատքը եղել է դեռ մանկուց (անկասկած ընտանեկան միջավայրի շնորհիվ): Բրամսը պատկանում էր գերմանական բողոքական եկեղեցուն: Շատ երաժշտագետերի է հետաքրքրել Բրամսի հավատքի հարցը:

Նրա "Գերմանական Ռեքվիեմ"-ում հանդիպում ենք տարբեր աստվածաշնչյան գրառումների կապված անմահության հետ: Սակայն Բրամսի ամենամոտ ընկերներից մեկը՝ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակը Բրամսի հետ իր զրույցներից մեկը ավարտելուց հետո ասել է "Ինչպիսի անձնավորություն, ինչպիսի մաքուր հոգի, սակայն նա ոչնչի չի հավատում": Դժվար է հստակ իմանալը, թե Դվորժակը ինչ ի նկատի ուներ: 1950 թվականին Արթուր Աբելլի տպագրած "Զրույցներ հանճարեղ կոմպոզիտորների հետ" գրքում կա Բրամսի և Յոզեֆ Յոախիմի խոսակցության մի հատված, որտեղ Բրամսը խոսելիս մեջբերում է բազմաթիվ աստվածաշնչյան մտքեր:

Ստեղծագործության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամսը թողել է հարուստ երաժշտական ժառանգություն: Նրա ոչ բոլոր երկերն են հասել մեզ, կապված այն բանի հետ, որ լինելով սկզբունքային անձնավորություն, ոչնչացրել է իր որոշ ստեղծագործություններ[9]

Դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնամուրային սոնատ No. 1 - դո մինոր, օպուս 1
  • Դաշնամուրային սոնատ No. 2 - ֆա դիեզ մինոր, օպուս 2
  • Մի բեմոլ մինոր սկերցո, օպուս 4
  • Դաշնամուրային սոնատ No. 3 - ֆա մինոր, օպուս 5
  • 16 վարիացիա Ռոբերտ Շումանի թեմայով, օպուս 9
  • Չորս բալլադ, օպուս 10
  • Վարիացիաներ օրիգիանալ թեմայով, օպուս 21/1
  • Վարիացիաներ հունգարական թեմայով, օպուս 21/2
  • Վարիացիաներ Շումանի թեմայով, օպուս 23
  • Վարիացիաներ և ֆուգա Հենդելի թեմայով, օպուս 24
  • Վարիացիաներ Պագանինիի թեմայով, օպուս 35
  • Դաշնամուրային պիեսներ, օպուս 76
  • Երկու ռապսոդիա, օպուս 79
  • Յոթ ֆանտազիա, օպուս 116
  • Երեք ինտերմեցցո, օպուս 117
  • Վեց պիես դաշնամուրի համար, օպուս 118
  • Չորս պիես դաշնամուրի համար, օպուս 119

Չորս ձեռքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16 վալս, օպուս 39
  • Սիրային վալսեր, օպուս 52
  • Նոր սիրային վալսեր, օպուս 65
  • 21 հունգարական պարեր

Երգեհոնի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք պրելյուդիա և ֆուգա
  • Ֆուգա
  • 11 քառաձայն պրելյուդներ, օպուս 122

Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնամուրային տրիո լյա մինոր (առանց օպուս)
  • Տրիո դաշնամուրի ջութակի և թավջութակի համար No. 1, օպուս 8
  • Լարայն սեքստետ (երկու ջութակի երկու ալտի և երկու թավջութակի համար) No. 1 - սի բեմոլ մաժոր, օպուս 18
  • Կվարտետ դաշնամուրի և լարայինների համար No. 1, օպուս 25
  • Կվարտետ դաշնամուրի և լարայինների համար No. 2, օպուս 26
  • Կվարտետ դաշնամուրի և լարայինների համար No. 3, օպուս 60
  • Կվինտետ դաշնամուրի և լարային կվարտետի համար, օպուս 34
  • Սոնատ երկու դաշնամուրի համար (վերը նշված կվինտետի փոխադրությունը)
  • Լարային սեքստետ No. 2 սոլ մաժոր, օպուս 36
  • Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար No. 1, օպուս 38
  • Տրիո գալարափողի ջութակի և դաշնամուրի համար, օպուս 40
  • Լարային կվարտետ No. 1, օպուս 51
  • Լարային կվարտետ No. 2, օպուս 51
  • Վարիացիաներ Հայդնի թեմայով (դաշնամուր չորս ձեռք), օպուս 56/բ
  • Լարային կվարտետ No. 3, օպուս 67
  • Սոնատ ջութակի և դաշնամուի համար No. 1, օպուս 78
  • Տրիո դաշնամուրի ջութակի և թավջութակի համար No. 2, օպուս 87
  • Լարային կվինտետ No. 1, օպուս 88
  • Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար No. 2, օպուս 99
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար No. 2, օպուս 100
  • Տրիո դաշնամուրի ջութակի և թավջութակի համար No. 3, օպուս 101
  • Սոնատ ջութակի դաշնամուրի համար No. 3, օպուս 108
  • Լարային կվինտետ No. 2, օպուս 111
  • Տրիո կլառնետի թավջութակի և դաշնամուրի համար, օպուս 114
  • Կվինտետ կլառնետի և լարային կվարտետի համար, օպուս 115
  • Երկու սոնատ կլառնետի կամ ալտի և դաշնամուրի համար, օպուս 120

Նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերենադ No. 1 - ռե մաժոր, օպուս 11
  • Սերենադ No. 2 - լյա մաժոր, օպուս 16
  • Վարիացիաներ Հայդնի թեմայով, օպուս 56
  • Սիմֆոնիա No. 1 - դո մինոր, օպուս 68
  • Սիմֆոնիա No. 2 - ռե մաժոր, օպուս 73
  • Ակադեմիական նախերգանք, օպուս 80
  • Ողբերգական նախերգանք, օպուս 81
  • Սիմֆոնիա No.3 - ֆա մաժոր, օպուս 90
  • Սիմֆոնիա No.4 - մի մինոր, օպուս 98
  • Հունգարական պարեր

Կոնցերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար No.1 - ռե մինոր, օպուս 15
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար - ռե մաժոր, օպուս 77
  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար No. 2 - սի բեմոլ մաժոր, օպուս 83
  • Կրկնակի կոնցերտ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար - լյա մինոր, օպուս 102

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի և նվագախմբի համար

  • Ավե Մարիա, օպուս 12 (1858)
  • Գերմանական Ռեքվիեմ, օպուս 45 (1857-68)
  • Ռինալդո (Գյոթե), օպուս 50 (1863-68)
  • Ռապսոդիա ալտի, տղամարդկանց երգչախմբի և նվագախմբի համար (Գյոթե), օպուս 53 (1869)
  • Ճակատագրի երգ (Հոյդերլին), օպուս 54 (1871)
  • Հաղթական երգ, օպուս 54 (1870-71)
  • Նայնի (Շիլլեր), օպուս 82 (1880-81)
  • Ծնողների երգը, օպուս 89 (1882)

Ձայնի և տարբեր գործիքների համար

  • Ողբերգական հիմն երգչախմբի և փողային գործիքների համար, օպուս 13 (1858)
  • Երեք երգ կանացի երգչախմբի, երկու գալարափողի և տավիղի համար, օպուս 17 (1860)
  • Երկու երգ կոնտրալտոյի, ալտի և դաշնամուրի համար, օպուս 901 (1856-58)
  • Սպուչ, կանոն ձայնի և ալտի համար, առանց օպուսի (1856-58)

Երգչախմբի և դաշնամուրի կամ երգեհոնի համար

  • Ավե Մարիա, օպուս 12
  • Սաղմոս XIII, օպուս 27 (1859)
  • Հոգևոր երգ, օպուս 30 (1856)
  • Երգ պատկեր, օպուս 96բ (1855)

Ակապելլա երգչախմբի համար

  • Մարիայի երգը, օպուս 22 (1859)
  • Երկու մոտետ, օպուս 29 (1860)
  • Երեկ ակապելլա ստեղծագործություններ, օպուս 42 (1859-61)
  • Յոթ երգ, օպուս 62 (1874)
  • Վեց երգ և ռոմանս, օպուս 93ա (1883-84)
  • Հինգ երգ, օպուս 104 (1888)
  • Երեք մոտետ, օպուս 110 (1889)
  • Էնիգմատիկ կանոններ առանց օպուսի

Տղամարդկանց ակապելլա երգչախումբ

  • Հինգ վոկալ քառաձայն օպուս 41 (1861-62)

Վոկալ քառաձայներ դաշնամուրի նվագակցությամբ

  • Երեք վոկալ քառաձայն, օպուս 31 (1859-63)
  • Սիրո երգեր-Վալսեր, օպուս 52 (1868-69) (նաև չորս ձեռք դաշնամուրի համար )
  • Նոր սիրո երգեր-Վալսեր, օպուս 65 (1874) (նաև չորս ձեռք դաշնամուրի համար)
  • Երեք կվարտետ, օպուս 64 (1862-74)
  • Չորս կվարտետ, օպուս 92 (1877-84)
  • Ցիգան երգեր, օպուս 103 (1887)
  • Վեց կվարտետ, օպուս 112 (1888-89)

Դուետներ դաշնամուրի նվագակցությամբ

  • Երեք երգ սոպրանոյի և ալտի համար, օպուս 20 (1858-60)
  • Չորս դուետ ալտի և բարիտոնի համար, օպուս 28 (1860-62)
  • Սոպրանոյի և ալտի համար, օպուս 61 (1874)
  • Սոպրանոյի և ալտի համար, օպուս 61 (1875)
  • Բալլադներ և ռոմանսներ, օպուս 75 (1877-78)
  • Ռոմանսներ և երգեր, օպուս 84 (1878-81)

Երգեր

  • Վեց երգ, օպուս 3 (1852-53) տենորի կամ սոպրանոյի համար
  • Վեց երգ, օպուս 6 (1852-53) սոպրանոյի կամ տենորի համար
  • Վեց երգ, օպուս 7 (1851-53)
  • Ութ երգ և ռոմանս, օպուս 14 (1858)
  • Հինգ պոեմ, օպուս 19 (1858-59)
  • Ինը երգ, օպուս 32 (1864)
  • "Գեղեցիկ Մագելոնան", օպուս 33 (1861-68)
  • Չորս երգ, օպուս 43 (1857-68)
  • Չորս երգ, օպուս 46 (1864)
  • Հինգ երգ, օպուս 47 (1858-68)
  • Յոթ երգ, օպուս 48 (1855-68)
  • Հինգ երգ, օպոս 49 (1864-68)
  • Ութ երգ, օպուս 57 (1871)
  • Ութ երգ, օպուս 58 (1871)
  • Ութ երգ, օպուս 59 (1871-73)
  • Ինը երգ, օպուս 63 (1873-74)
  • Ինը երգ, օպուս 69 (1877)
  • Չորս երգ, օպուս 70 (1875-77)
  • Հինգ երգ, օպուս 71 (1877)
  • Հինգ երգ, օպուս 72 (1876-77)
  • Հինգ երգ, օպուս 84 (1878-81)
  • Վեց երգ, օպուս 85 (1877-79)
  • Վեց երգ, օպուս 86 (1877-78)
  • Հինգ երգ, օպուս 94 (1884)
  • Յոթ երգ, օպուս 95 (1884)
  • Չորս երգ, օպուս 96 (1884)
  • Վեց երգ, օպուս 97 (1884)
  • Հինգ երգ, օպուս 105 (1886)
  • Հինգ երգ, օպուս 106 1886)
  • Հինգ երգ, օպուս 107 (1886)
  • Չորս լուրջ երգ օպուս 121 (1896)
  • "Գիշեր", առանց օպուսի (1854)
  • 14 ժողովրդական երգ երեխաների համար (1858)
  • 49 գերմանական ժողովրդական երգ, առանց օպուսի (1854-58)
  • 28 գերմանական ժողովրդական երգ, առանց օպուսի (1858)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #118514253 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 Брамс Иоганнес, Брамс Иоганнес // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. ИОГАННЕС БРАМС
  5. Swafford, Jan (2012). Johannes Brahms: A Biography. Random House Digital, Inc.. էջ 327. ISBN 9780307809896. «He continued, in high theological mode. Brahms was not about to put up with that sort of thing. He was a humanist and an agnostic, and his requiem was going to express that, Reinthaler or no.» 
  6. Smith, Warren Allen (2000). Who's who in hell: a handbook and international directory for humanists, freethinkers, naturalists, rationalists, and non-theists. Barricade Books. էջ 134. ISBN 9781569801581. «Brahms was less "religious" than Beethoven. This he reveals in letters to Herzogenberg, in which he wrote that he was a complete agnostic.» 
  7. Sams, Eric (2000). The Songs of Johannes Brahms. Yale University Press. էջ 326. ISBN 9780300079623. «But the thought of bright nearness brings back the face-to-face music of 'Von Angesicht zu Angesichte', which is as close as the agnostic Brahms ever came to a communion with deity. As the pious aria ends, the humanist moral returns.» 
  8. Swafford, Jan. Johannes Brahms: A Biography. Alfred A. Knopf, Inc., 1997
  9. Alex Needham (2012), Brahms piano piece to get its premiere 159 years after its creation

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

* Ганс Галь Иоганнес Брамс. Творчество и личность // Брамс, Вагнер, Верди. Три мастера, три мира. - Феникс, 1998. - С. 23-230. - 640 с. - 5000 экз. - ISBN 5-222-00274-8

  • Карл Гейрингер. Иоганнес Брамс = Johannes Brahms. - Москва: Музыка, 1965. - 432 с. - 8430 экз.
  • Е. М. Царева. Иоганнес Брамс. - Москва: Музыка, 1986. - 384 с. - 30 000 экз. (djvu-книга)

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Deiters Hermann Johannes Brahms: A Biographical Sketch. - München: Cambridge University Press, 2009. - ISBN 978-1108004794

Գերմաներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

* Kalbeck Max Johannes Brahms. Biographie in 4 Bänden. - Tutzing: Faksimile-Nachdruck Schneider, 1976.

  • Korff Malte Johannes Brahms: Leben und Werk. - München: Deutscher Taschenbuch Verlag, 2008. - ISBN 978-3423246569
  • McCorkle M. L. Johannes Brahms thematisch-bibliographisches Werkverzeichnis. - München, 1984.