Jump to content

Կոնտրապունկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնտրապունկտ
Երաժշտական ձև, texture Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաmusical parameter, Պոլիֆոնիա Խմբագրել Wikidata
Կազմված էHauptstimme Խմբագրել Wikidata

Կոնտրապունկտ կամ համակցում (գերմ.՝ kontrapunkt, լատիներեն՝ punctum contra punctum — կետ կետի դիմաց, այսինքն՝ նոտա նոտայի դիմաց, հետագայում՝ մեղեդի մեղեդու դիմաց):

  1. երաժշտագիտության մեջ՝ ուսմունք հարմոնիկ ամբողջականության մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժամանակ­յա զուգակցման մասին։ Ըստ մեղեդիների զուգակցման հնարավոր ձևերի՝ կոնտրապունկտը լինում է պարզ և բարդ։ Պարզի դեպքում բացառվում է 2 կամ ավելի մեղեդիների զուգակցումից ստանալ նորը, բարդի դեպքում հնարավոր են անփոփոխ մեղեդիների (փոխվում են նրանց ինտերվալային կամ ռիթմիկ հարաբերակցությունները) նոր ածանցյալ հարաբերակցություններ։ Տարբերում են բարդ կոնտրապունկտի շարժուն և հակադարձ (կամ հայելանման) տեսակները։ Շարժուն բարդ կոնտրապունկտում մեղեդիների նոր զուգակցումը կատարվում է մեղեդիների տեղափոխմամբ։ Տարբերում են շարժուն կոնտրապունկտի ուղղաձիգ-շարժուն և հորիզոնական-շարժուն (փոխվում է զուգակցվող մեղեդիների սկզբնական զուգակցման համեմատությամբ, մեկը մուտք է գործում փոքր-ինչ շուտ կամ ուշ) ենթատեսակներ։ Ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտում մեղեդիները տեղափոխվում են՝ ներքևինը՝ օկտավա, դուոդեցիմա կամ դեցիմա (հազվադեպ՝ նաև այլ ինտերվալով) վեր, կամ վերևինը՝ ներքև։ Ըստ մեղեդիների քանակի՝ կոնտրապունկտը լինում է կրկնակի, եռակի, քառակի այլն, նաև հորիզոնական, կրկնակի շարժմամբ և շրջվող։ Առավել գործածական տեսակներից է կրկնակի ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտը, որի յուրաքանչյուր մեղեդի կարող է լինել թե՛ վերևի (առաջին), թե՛ ներքևի (երկրորդ) ձայնում։ Տեսականորեն հնարավոր է յուրաքանչյուր ինտերվալով կրկնակի կոնտրապունկտ, սակայն գործնականում կիրառելի են օկտավային, դուոդեցիմայի և դեցիմայի կրկնակի կոնտրապունկտները։ Եռաձայնում կիրառված ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտը կոչվում է եռակի, եթե նրա մեջ զուգակցված 3 մեղեդիներից յուրաքանչյուրն օկտավային տեղափոխման միջոցով կարող է լինել թե՛ վերևի (առաջին), թե՛ միջին (երկրորդ), թե՛ ներքևի (երրորդ) ձայնում։ Քառաձայն ուղղաձիգ–շարժուն կոնտրապունկտում զուգակցված 4 մեղեդիներից յուրաքանչյուրն օկտավային տեղափոխման միջոցով կարող է հանդես գալ թե՛ վերևի (առաջին), թե՛ միջին (երկրորդ և երրորդ), թե՛ ներքևի (չորրորդ) ձայնում։ Եռաձայն և քառաձայն ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտները նվազ գործածական են։ Շարժուն կոնտրապունկտը, որտեղ ուղղաձիգ-շարժուն և հորիզոնական-շարժուն կոնտրապունկտներն ստացվում են միաժամանակ, կոչվում է կրկնակի շարժուն կոնտրապունկտ։ Հակադարձ (կամ հայելանման) է բարդ կոնտրապունկտի այն տեսակը, որտեղ մեղեդիների (ինտերվալային հաջորդականությունը և ռիթմը մնում են անփոփոխ) նոր զուգակցումը ստացվում է հակաշարժումով։
  2. Պոլիֆոնիկ երկերում՝ թեմայի հետ հնչող մեղեդի։
  3. Բազմաձայնություն, բաղկացած մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժամանակյա հնչողությունից։
  4. Երաժշտական տեսության գլխավոր բաժիններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտրապունկտ» հոդվածին։