Զիգմունդ Ֆրոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիգմունդ Ֆրոյդ
Sigmund Freud
Ծնվել էմայիսի 6, 1856(1856-05-06)[1][2][3][…]
Պրժիբոր, Margraviate of Moravia, Ավստրիական կայսրություն[4][5]
Մահացել էսեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[6][3][2][…] (83 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][4]
Էֆթանազիա[8]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Բնակության վայր(եր)Վիեննա, Լոնդոն և Birth house of Sigmund Freud?
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Գերմանական Ավստրիա,  Առաջին Ավստրիական Հանրապետություն,  Ավստրիայի դաշնային պետություն,  Նացիստական Գերմանիա,  Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա և  Ավստրիա
Դավանանքաթեիզմ[9]
Մասնագիտությունհոգեվերլուծաբան, նյարդաբան և ակնարկագիր
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն[10] և նյարդաբանություն[10]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][11]
Եղել է գիտական ղեկավարՕտտո Գրոսս և Մոիսեյ Վուլֆ
Հայտնի աշակերտներԱլֆրեդ Ադլեր
Ինչով է հայտնիՀոգեվերլուծության հիմնադիր
Ազդվել էԱրիստոտել, Պլատոն
Դարվին, Կանտ, Նիցշե
Ազդել էԱլֆրեդ Ադլեր, Աննա Ֆրոյդ,
Էրիխ Ֆրոմ, Քարեն Հորնի
Պարգևներ
Ամուսին(ներ)Մարտա Բերնայս[13]
Երեխա(ներ)Աննա Ֆրոյդ[13], Էրնստ Ֆրոյդ[13], Մարտին Ֆրոյդ[13][14], Օլիվեր Ֆրոյդ[13], Սոֆի Ֆրոյդ[13] և Մաթիլդա Ֆրոյդ[13]
ՀայրՅակոբ Ֆրոյդ[14][13]
ՄայրԱմալիա Ֆրոյդ[13]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Sigmund Freud Վիքիպահեստում

Զիգմունդ Ֆրոյդ (գերմ.՝ Sigmund Freud, իսկական անունը՝ Սիգիզմունդ Շլոմո մայիսի 6, 1856(1856-05-06)[1][2][3][…], Պրժիբոր, Margraviate of Moravia, Ավստրիական կայսրություն[4][5] - սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[6][3][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7][4]), հրեական ծագում ունեցող ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիրը։ Ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին ավստրո-հունգարական փոքրիկ Ֆրայբերգ քաղաքում (այժմ՝ Պրիշբոր՝ ժամանակակից Չեխիայի տարածքում)։ Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է Վիենա։ Ֆրոյդը մշտապես ապրում էր Վիեննայում, իսկ 1938 թվականին՝ մահից մի տարի առաջ արտագաղթում է Անգլիա[15]։ Դեռ գիմնազիայում Ֆրոյդը տարվում է բնական գիտություններով և արդյունքում, 1873 թվին ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 19-րդ դարի 80-ական թվականներին Ֆրոյդը աշխատել է գործնական բժշկության ոլորտում, ապա 1897-1920 թվականներին մշակել է հոգեվերլուծության տեսությունը։ Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է 1895 թվականին (Ի. Բրոյերի հետ համատեղ)։ Այդ աշխատությունը վերաբերում էր հիստերիայի առաջացման և հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։ Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ զուգորդումների, երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ֆրոյդի ամբողջական անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդ է։ 1860 թվականին Զիգմունդ Ֆրոյդի ընտանիքը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ապագա հանրաճանաչ գիտնականը ապրում է շուրջ 80 տարի։ Ընտանիքի 8 երեխաներից միայն նա էր աչքի ընկնում իր յուրահատուկ ընդունակություններով և ուսման հանդեպ ծարավով։ Այդ իսկ պատճառով ծնողները ձգտում էին ստեղծել նրա համար առավելագույնս լավ պայմաններ, որպեսզի վերջինս կարողանար ամբողջովին տրվել ուսմանը։ Գերազանց ավարտելով գիմնազիան նա 17 տարեկանում ընդունվում է Վիեննայի հանրահռչակ համալսարանը։ Նա հիշում է, որ մանուկ հասակում նա ուզում էր դառնալ զինվորական կամ գեներալ, բայց քանի որ նա հրեա էր, իսկ հրեաների իրավունքները սահմանափակ էին, նա դառնում է բժիշկ։ Նրա համար յուրահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում բնական գիտությունները. հայտնագործությունները, որոնք 19-րդ դարի կեսերին մեծ հեղափոխություն կատարեցին գիտական ասպարեզում՝ գցելով օրգանիզմի և կենդանի բնության մասին գիտելիքների հիմքը։ Այդ ժամանակի հայտնագործություններից՝ էներգիայի պահպանման օրենքից և Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքից, Ֆրոյդը համոզվում էր նրանում որ գիտական իմացությունը դա երևույթի պատճառականության իմացությունն է՝ փորձի խիստ հսկողության տակ։ Օրգանիզմը նա պատկերացնում էր որպես էներգիայով լիցքավորված մի ապարատ, որը լիցքաթափվում է կամ նորմալ կամ ախտաբանական հակազդումներով։ Ֆրոյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին։ Ֆրոյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա՝ զարգացրեց հոգեկանի գործընթացների մասին իր տեսությունը։ Ֆրոյդը ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար։ 1881 թվականին Ֆրոյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինստիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով։ Քանի որ գիտական բնագավառում նա առաջ գնալու հանրավորություններ չուներ այդ ժամանակ առկա հակասեմիտիզմի պատճառով և նաև այն, որ նրան այդքան էլ դուր չէր գալիս փորձարարական բժշկությունը, նա սկսեց զբաղվել նյարդաախտաբանությամբ։ Բացի այդ Ֆրոյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել։ 1888 թվականին Ֆրոյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ։ Նա տեղափոխվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևտ Ժան Մարտեն Շառկոյի հետ։ Շառկոն ուսումնասիրում էր հիստերիայի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում։

Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում։ Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և հիպնոսի մեթոդները։ Չնայած նրան, որ Ֆրոյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոսի և ներշնչման օգտագործման առկայությունը հոգեթերապիայում։ Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևտ։ 1886 թվականին Ֆրոյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ։ Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը՝ Աննա Ֆրոյդը, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը։ 1880-ական թվականներին Ֆրոյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ։ Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895 թվականին տպագրված «Հիսթերիայի հետազոտություն» գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են։

Սակայն նրանց ընկերությունը հենց այդ գրքի թողարկմամբ էլ ավարտվեց։ Նրանք այլևս որպես ընկերներ չհանդիպեցին, և այդ մտերիմ ընկերության այդպիսի կտրուկ ավարտի պատճառները մինչև օրս էլ պարզ չեն։ Էռնեստ Ջոնսի կարծիքով նրանց մեջ տարաձայնությունները սկսեցին Ֆրոյդի կողմից սեքսուալության դերի ներմուծմամբ հիսթերիայի էտալոգիայի մեջ։ Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Բրեյերը փորձում էր ստանձնել երիտասարդ Ֆրոյդի հոր դերը։ Ֆրոյդի պնդումները այն մասին, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ, պատճառ հանդիասցավ 1986 թվականին Վիեննայի բժշկական հասարակությունից նրան դուրս հանելու համար։ Այդ ժամանակ Ֆրոյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ «հոգեվերլուծություն տեսություն» անունը։

1896 և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրոյդի մենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա։ Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել երազների վերլուծությամբ։ Նա հոր մահից հետո՝ 1886 թվականին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն։ Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Երազների մեկնաբանությունը», որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա։ Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում։ Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկների ցուցակը։ 1902 թվականին ստեղծվում է «Հոգեբանական շրջապատ» հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրոյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները։ 1908 թվականին այս կազմակերպությունը վերանվանվեց «Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն»։ Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ։

Նրանց շարքում էին Էռնեստ Ջոնսը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Հանս Սակսը, Օտտո Ռանկը և Շանդոր Ֆերենցին։ Հետագայում նրանցից Յունգը, Ադլերը և Ռանկը սկսեցին ղեկավարել իրար հետ մրցակցող գիտական դպրոցներ։ 1905-1907 թվականները Ֆրոյդը տպագրեց իր մի քանի աշխատանքներ «Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն» (1901), «Երեք ակնարկ սեքսուալության մասին» (1905) և «Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ»։ «Երեք ակնարկում….» Ֆրոյդը խոսում էր այն մասին, որ երեխան ծնվում է սեռական ցանկություններով, իսկ նրա ծնողները հանդիս են գալիս առաջնային սեռական օբյեկնտների դերում։ Այս պնդումը ունեցավ հասարակական մեծ արձագանք և անհամաձայնություն։ Շատերը բողոքեցին և դեմ դուրս եկան Ֆրոյդին։ 1909 թվականին Գ. Ստենլի Խոլը Ֆրոյդին հրավիրում է Ուորչեստերի Կլարկի համալսարան դասախոսություն կարդալու համար։ Դասախոսությունը շատ լավ է ընդունվում, և Ֆրոյդին շնորհում են պատվավոր դոկտորի կոչում։

Կարծես թե հոգեվերլուծությունը այդ ժամանակ իր մեռյալ կետից սկսում է շարժվել դեպի բարգավաճում։ Ֆրոյդի մոտ հոգեբանական խորհրդատվության համար սկսում են հերթագրվել աշխարհի տարբեր ծայրերից։ Բայց դրա հետ մեկտեղ Ֆրոյդի կյանքում տեղի ունեցան անդառնալի կորուստներ։ Նա կորցրեց իր 26 տարեկան աղջկան 1920 թվականին, իսկ 2 երիտասարդ որդիներն էլ զոհվեցին պատերազմի դաշտում։ Հուսալքված Ֆրոյդը գտնվելով Առաջին համաշխարհային պատերազմի և հակասեմիտիզմի ազդեցության տակ 64 տարեկան հասակում ստեղծեց համընդհանուր մարդկային բնազդի՝ մահվան ձգտման մասին տեսությունը։ Ֆրոյդը, ապրելով իր կյանքի ամենամեծ դժբախտությունը, չի կորցնում իրեն, դրսևորում է մեծ կամքի ուժ և շարունակում աշխատել։ Նա հիանալի գրող էր և 1930 թվականին գրականության ոլորտում պարգևատրվում է Պ. Գյոթեի կողմից։ 1930 թվականին Հիտլերի կողմից կազմակերպված զանգվածային հարձակումները բոլոր հրեաների հանդեպ գնալով ավելի մեծ թափ էր ստանում, նույնիսկ Ֆրոյդի մի քանի գիրք մասսայական այրում են։ Այս ամենի մասին Ֆրոյդը միայն ասում է. «Ի՜նչ առաջխաղացում, միջնադարում կվառեին հենց ինձ, իսկ հիմա հիանում են գրքերս այրելով»։

Միայն բավականին ազդեցիկ քաղաքացիների միջնորդությամբ նրան թույլ են տալիս լքել քաղաքը, մինչ 1938 թվականին նացիստների կողմից քաղաքի գրավումը։ Ֆրոյդի կյանքի վերջին տարիները շատ ծանր էին։ Նա տառապում էի կոկորդի քաղցկեղով (նա օրական 20 հատ սիգար էր ծխում), բայց հրաժարվում էր բժշկական թերապիայից։ Չնայած նրա, որ Ֆրոյդը տարել էր 33 բարդ վիրահատություններ, նա շարունակում էր համառորեն աշխատել։ Հաջորդ հարվածը այն էր, որ 1938 թվականին կալանավորում են նրա աղջկան՝ Աննային։ Միայն պատահականության շնորհիվ Աննան կարողանում է ազատվել և փախչել, միավորվում է իր ընտանիքի հետ Անգլիայում։ Ֆրոյդը մահանում է 1939 թվականի սեպտեմբերի 23-ին Լոնդոնում։

Ուսմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտակցության մակարդակներ. տոպոգրաֆիկ մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյդն իր մասնագիտական գործունեության համեմատաբար վաղ շրջանում առաջ քաշեց այն գաղափարը, որ մարդու հոգեկանը հանդես է գալիս իբրև երեք տարբեր մակարդակների փոխազդեցություն։ Դրանք Ֆրոյդը կոչում էր՝ գիտակցություն, նախագիտակցություն և անգիտակցական։

Գիտակցական մակարդակը բաղկացած է զգայություններից և ապրումներից, որոնք մենք գիտակցում ենք ժամանակի տվյալ պահին։ Ֆրոյդը պնդում էր, որ հոգեկան կյանքի միայն մի փոքր մասն է ներառվում գիտակցականի ոլորտում։ Այն, ինչը ժամանակի տվյալ պահին չի ապրվում մարդու գիտակցականի ոլորտում, պետք է դիտարկել որպես ընտրողական դասակարգման գործընթացի արդյունք, որը մեծ մասամբ պայմանավորված է արտաքին ազդանշաններով։ Ավելին, որոշակի բովանդակությունը գիտակցվում է կարճ ժամանակահատվածում։

Նախագիտակցականը, որը հաճախ անվանում են «հասանելի հիշողություն», ներառում է այն ամբողջ փորձը, որը տվյալ պահին չի գիտակցվում, սակայն կարող է հեշտությամբ գիտակցություն վերադառնալ կա՛մ սպոնտան, կա՛մ մինիմալ ջանքերի արդյունքում։ Ֆրոյդի տեսանկյունից այն կամուրջ է հոգեկանի գիտակցական և անգիտակցական ոլորտների միջև։

Անգիտակցականը մարդկային բանականության ամենախորը և նշանակալի ոլորտն է։ Այն իրենից ներկայացնում է պրիմիտիվ բնազդների և այն հույզերի ու հիշողությունների պահոց, որոնք այնքան են սպառնում գիտակցությանը, որ ճնշվել կամ դուրս են մղվել անգիտակցական ոլորտ (օրինակ՝ մանկության մոռացված տրավմաներ, ծնողի հանդեպ թաքնված թշնամական զգացումներ, ճնշված սեռական ցանկություններ)։

Ֆրոյդն առաջինը չէր, ով ուշադրություն էր դարձրել մարդու վարքում անգիտակցական գործընթացների վրա։ Սակայն, ի տարբերություն նախորդների, նա անգիտակցական կյանքի կոնցեպցիային տալիս էր էմպիրիկ նշանակություն։ Նա ընդգծում էր, որ անգիտակցականը պետք է ուսումնասիրել ոչ թե որպես հիպոթեթիկ վերացարկում, այլ որպես իրականություն, որը կարելի է ցույց տալ և ստուգել։ Նա պնդում էր, որ մարդու վարքի նշանակալի ասպեկտները ձևավորում և ուղղորդվում են գիտակցական ոլորտից դուրս գտնվող մղումնեով և իմպուլսներով։ Այդ ազդեցությունները չեն գիտակցվում, դեռ ավելին, եթե սկսում են գիտակցվել և ակնհայտորեն դրսևորվել կյանքում, վարքում, ապա հանդիպում են անհատի ուժեղ ներքին դիմադրության։ Անգիտակցական ապրումները, ի տարբերություն նախագիտակցականի, ամբողջապես հասանելի չեն գիտակցության համար, սակայն նշանակալիորեն պայմանավորում են մարդկանց գործողությունները։ Սակայն չգիտակցվող նյութը կարող է «դիմակավորված» արտահայտվել երազներում, ֆանտազիաներում։

Անգիտակցական հասկացությունը Ֆրոյդն օգտագործում էր մի քանի իմաստներով. առաջինը ՝ գիտակցության դաշտից դուրս գտնվող բովանդակությունների հավաքակազմի իմաստով, երկրորդը՝ որպես համակարգ՝ կազմված ճնշման հետևանքով նախագիտակցություն և գիտակցություն մուտքի «իրավունք» չստացած բովանդակությունից։ Նախագիտակցությունը ներառում է իր մեջ այն նյութը, որը չի գտնվում գիտակցության էական դաշտում (անգիտակցականի վերը նշված պատկերացման 1-ին իմաստ)։ Բայց և միևնույն ժամանակ այն տարբերվում է անգիտակցական համակարգի բովանդակությունից նրանով, որ մնում է հասանելի գիտակցության համար[16]։

Իդ, Ես, Գեր-Ես. հոգեկանի կառուցվածքային մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյդն իր ստեղծագործական կյանքի վերջին շրջանում ուղղումներ մտցրեց իր տեսության մեջ, որոնք էլ արտահայտեց իր մի շարք աշխատություններում («Խմբի հոգեբանություն և Ես-ի վերլուծություն» 1921, «Ես և Այն» 1923)։ Այժմ անձի կառուցվածքը ներկայացվում էր մի մոդելի տեսքով, որն ներառում էր հետևյալ բաղադրիչները՝ Այն (Id), Ես (Ego) և Գեր-Ես (Super Ego)։ Ֆրոյդը գտնում էր, որ նրանց ավելի շատ պետք է դիտարկել որպես գործընթացներ, քան «կառուցվածքներ»։

Id, ամբողջապես գործում է անգիտակցականում և սերտորեն կապված է բնազդային կենսաբանական մղումների հետ, որոնք մեր վարքը լսնում են էներգիայով։ Իդը մութ է, քաոտիկ, օրենքներ չճանաչող և կանոններին չենթարկվող։ Անհատի ողջ կյանքի ընթացում իդը պահում է իր կենտրոնական նշանակությունը։ Իր հիմքում լինելով պրիմիտիվ՝ իդը չունի սահմանափակումներ։ Հանդիսանալով հոգեկանի ամենահին, ելակետային կառուցվածքը՝ իդն արտացոլում է ողջ մարդկային կյանքի առաջնային սկզբունքը՝ հոգեկան կյանքի՝ կենսաբանական մղումներով պայմանավորված էներգիայի միանգամից լիցքաթափում։ Եթե նրանք զսպվում և չեն լիցքաթափվում, առաջանում է ընդհանուր լարվածություն։ Իդը գործում է բավարարման սկզբունքին համապատասխան։ Ֆրոյդը գտնում էր, որ իդը գտնվում է օրգանիզմի հոգեկան և սոմատիկ գործընթացների միջև։ Ֆրոյդը գրում է, որ իդն ուղղակիորեն կապված է սոմատիկ գործընթացների հետ, գալիս է բնազդային պահանջմունքներից և նրանց հաղորդում է հոգեկան էքսպրեսիա, սակայն մենք չենք կարող ասել, թե որ սուբստրատում է իրականանում այդ կապը։ Ֆրոյդը նկարագրել է երկու մեխանիզմներ, որոնց միջոցով իդը անձին ազատում է լարվածությունից՝ ռեֆլեկտոր գործողություններ և առաջնային գործընթացներ։ Առաջին դեպքում իդը ավտոմատ պատասխանում է գրգռման ազդանշաններին և միանգամից ինջեցնում լարվածությունը։ Ռեֆլեկտոր մեխանիզմի օրինակ է հազը՝ ի պատասխան վերին շնչուղիների գրգռման։ Սակայն ռեֆլեկտոր գործողությունները միշտ չէ, որ իջեցնում են գրգռման կամ լարվածության աստիճանը։ Երբ ռեֆլեկտոր գործողությունը չի կարող իջեցնել լարվածությունը, հանդես է գալիս իդի այլ ֆունկցիա, որը կոչվում է պատկերացման առաջնային գործընթացներ։ Իդը ստեղծում է օբյեկտի հոգեկան պատկեր, որը կապված է հիմնական պահանջմունքի բավարարման հետ։ Օրինակ քաղցած երեխայի մոտ կարող է առաջանալ մոր կրծքի կամ կաթի շշի պատկերը։ Առաջնային գործընթացները մարդկային պատկերացումների ոչ տրամաբանական, իռացոնալ և երևակայական ձև է, որը բնութագրվում է իմպուլսները ճնշելու, իրականը ոչ իրականից,«Ես»-ի և ոչ «Ես»-ի տարբերակման անընդունակությամբ։ Խնդիրն այն է, որ մարդը չի կարողանում տարբերակել ակտուալ օբյեկտը, որը կարող է բավարարել իր պահանջմունքը, և նրա պատկերը։ Սա կարող է հանգեցնել մահացու ելքի, եթե առաջ չգան պահանջմունքի բավարարման արտաքին աղբյուրներ։ Նորածնի համար անիրականալի է առաջնային պահանջմունքի բավարարման հետաձգելը սովորելը։ Հետաձգված բավարարման ունակությունը գալիս է այն ժամանակ, երբ երեխան հասկանում է, որ բացի իր պահանջմունքներից և ցանկություններից գոյություն ունի նաև արտաքին աշխարհ։ Այս գիտելիքի առաջացման հետ առաջանում է անձի երկրորդ կառուցվածքը՝ էգոն։

Այսբերգը սովորաբար օգտագործվում է հոգեկանի կառուցվածքային մոդելի պատկերավոր ներկայացման համար

Ego-ն հոգեկան ապարատի այն բաղադրիչն է, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար։ Նա ձգտում է արտահայտել և բավարարել իդի ցանկությունները՝ արտաքին աշխարհից եկող սահմանափակումներին համապատասխան։ Այն իր կառուցվածքը և ֆունկցիան ստանումն է իդից, զարգանում է նրանից և փոխառում է իդի էներգիայի մի մասը։ Էգոն ձգտում է ապահովել օրգանիզմի անվտանգությունը և ինքնապահպանումը։ Արտաքին սոցիալական աշխարհի և իդի բնազդային պահանջմունքների դեմ պայքարում էգոն մշտապես պետք է դիֆերենցացիա իրականացնի հոգեկան պլանում իրադարձությունների և արտաքին աշխարհում իրական իրադարձությունների միջև։ Էգոն ենթարկվում է իրականության սկզբունքին, որի նպատակն է օրգանիզմի ամբողջականության պահպանումը բնազդների բավարարման հետաձգման եղանակով այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չկա համապատասխան ձևով հասնել լիցքաթափման կամ արտաքին միջավայրում կառաջանան համապատասխան պայմաններ։ Իրականության սկզբունքը հնարավորություն է տալիս անհատին արգելակել, հասցեափոխել կամ աստիճանաբար դուրս թողնել իդի էներգիան սոցիալական սահմանափակումների և անհատի խղճի սահմաններում։ Իրականության սկզբունքը մեր վարքում ներմուծում է բանականության չափ։ Հենվելով տրամաբանական մտածողության ուժի վրա, որը Ֆրոյդն անվանել է երկրորդային գործընթաց՝ էգոն ունակ է վարքն ուղղել անհրաժեշտ հունով։ Այսինքն էգոն հանդիսանում է «կատարողական օրգան», ինտելեկտուալ գործընթացների և պրոբլեմների լուծման իրականացման վայր։

Super Ego-ն զարգացող անձի կառուցվածքում վերջին բաղադրիչն է, որն իրենից ներկայացնում է հասարակական նորմերի և վարքի ստանդարտների ներքնայնացված տարբերակ։ Երեխաների մոտ այն ձևավորվում է ծնողների, ուսուցիչների, այլ մարդկանց հետ փոխազդեցության արդյունքում։ Ֆորմալ սուպերէգոն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան սկսում է տարբերել լավը վատից, ճիշտը սխալից (3-5 տ.)։ Սկզբանպես սուպերէգոն արտացոլում է միայն ծնողական սպասումները այն բանի հարաբերությամբ, թե ինչն է հանդիսանում լավ և վատ արարք։ Երեխան իր յուրաքանչյուր արարքը փորձում է կազմակերպել այնպես, որ խուսափի ծնողի հետ կոնֆլիկտից և պատժից։ Սակայն երեխայի սոցիալական աշխարհի ընդլայնմանը զուգընթաց, սուպերէգոյի ոլորտը մեծանում է մինչև այնպիսի վարքի սահմաններ, որն ընդունելի է այդ նոր սոցիալական խմբերի կողմից։ Ֆրոյդը սուպերէգոն բաժանել է երկու ենթահամակարգերի՝ խիղճ և էգո-իդեալ։ Խիղճը ձեռք է բերվում ծնողական պատիժների արդյունքում։ Այն կապված է այնպիսի արարքների հետ, որոնք ծնողները համարում են «չլսող վարք», և որոնց համար երեխան պատժվում է։ Խիղճը ներառում է քննադատական ինքնագնահատման ունակություն, բարոյական արգելքների առկայություն և երեխայի մոտ մեղքի զգացման առաջացում այն ժամանակ, երբ նա չի անում այն, ինչ պետք է աներ։ Սուպերէգոյի խրախուսող կողմը էգո-իդեալն է, որը ձևավորվում է այն ժամանակ, երբ երեխաների վարքը խրախուսվում կամ բարձր է գնահատվում։

Սուպերէգոն համարվում է վերջնականապես ձևավորված այն ժամանակ, երբ ծնողական վերահսկողությանը փոխարինելու է գալիս ինքնավերահսկողությունը։ Սուպերէգոն, փորձելով լիովին արգելակել իդի իմպուլսներից ցանկացածը, որը քննադատվում է հասարակության կողմից, փորձում է մարդուն ուղղորդել բացարձակ կատարելության մտքերում, բառերում և արարքներում։

Համաձայն Ֆրոյդի Ego-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Super Ego, Id), կիրառում է մի շարք պաշտպանական մեխանիզմներ։ Ֆրոյդը էգոյի պաշտպանական մեխանիզմները սահմանում էր որպես ռազմավարություններ, որոնց անհատն օգտագործում է իդի իմպուլսների բացահայտ արտահայտումից և սուպերէգոյի կողմից եկող ճնշումից պաշտպանության համար։ Էգոյի պաշտպանական մեխանիզմներն են՝ Արտամղում, Պրոյեկցիա, Տեղափոխում, Ռացիոնալիզացիա, Ռեակտիվ գոյացություն, Ռեգրեսիա, Սուբլիմացիա, Բացասում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Фрейд Зигмунд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/full/10.1080/10481885.2014.911601
  8. https://www.psicolinea.it/la-morte-di-sigmund-freud/
  9. https://www.verywellmind.com/freud-religion-2795858
  10. 10,0 10,1 Deutsche Nationalbibliothek Record #118535315 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  11. CONOR.Sl
  12. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 130.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Kindred Britain
  14. 14,0 14,1 Lundy D. R. The Peerage
  15. Ларри Хьелл, Дэниел Зиглер. Теории личности.К.: PSYLIB, 2006 (ռուս.)
  16. Фрейд З. Психология бессознательного. СПб.: Питер, 2010.
  17. Фрейд З. Избранное. – Ростов-на-Дону: Феникс, 1998.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Զիգմունդ Ֆրոյդ հոդվածին