Պաշտպանական մեխանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պաշտպանական մեխանիզմից)

Պաշտպանական մեխանիզմներ (հոգեբանական պաշտպանություն), խորքային հոգեբանության հասկացություն: Պաշտպանական մեխանիզմ հասկացության տակ հասկացվում է այն չգիտակցվող հոգեկան գործընթացը, որն ուղղված է նեգատիվ ապրումները նվազագույնին հասցնելուն։ Պաշտպանական մեխանիզմները ընկած են դիմադրության պրոցեսների հիմքում: Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից: Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը: Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները (կոնֆլիկտները) վերացնելուն: Սա յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի բնական պահանջմունքն է և նույն կերպ յուրաքանչյուր հոգեկան պրոցես կարելի է համարել այս նպատակին հասնելու ձգտում: Հոգեվերլուծության մեջ պաշտպանական մեխանիզմները անգիտակցականից եկող հագեբանական ռազմավարություններ են իրականությունը փոխելու, ժխտելու, աղավաղելու համար: Սա նպատակ ունի նվազեցնել լարվածությունը, անընդունելի իմպուլսները[1]: Պաշտպանական մեխանիզմների թվին են պատկանում արտամղումը, ռացիոնալիզացիան, սուբլիմացիան և այլն: Հոգեվերլուծության մեջ արտամղումը համարվում է մնացած մեխանիզմների հիմքը:

Առողջ մարդիկ իրենց կենսագործունեության ընթացքում օգտագործում են մեխանիզմների տարբեր տեսակները: Դրանց կիրառումը հասնում է պաթոլոգիկ աստիճանի, երբ դա բերում է ոչ ադեկվատ վարքի, որն էլ բացասաբար է ազդում անհատի ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա: Պաշտպանական մեխանիզմների նպատակներից է Ես-ի պաշտպանումը լարվածությունից, սոցիալական սանկցիաներից, խուսափումը այն իրավիճակներից, որը Ես-ը չի կարողանում է հաղթահարել:

Կառուցվածքային մոդել ՝ Այն, Ես, Գեր Ես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանական մեխանիզմները հասկանալու համար նախ և առաջ պետք է իմանանք Ֆրոյդի ներկացրած կառուցվածքային մոդելը: Այս կառուցվածքային մոդելը ընկած է Զիգմունդ Ֆրոյդի տեսության հիմքում: Վերջինիս համաձայն Այն-ից եկող ազդակները հիմնվում են հաճույքի սկզբունքի վրա (ցանկություններ, երազանքներ, պահանջմունքներ): Ըստ Ֆրոյդի Իդ-ը ներառում է մարդու բնազդային դրսևորումները, ինչպես օրինակ Թանատոսը կամ մահվան բնազդը և Երոսը կամ սեռական բնազդը:

Հոգեկանի Կառույցներ

Ֆրոյդը անձի մեջ առանձնացնում էր 3 հիմանական կառույց՝

  • Այն, լիբիդոյի անգիտակցական պահեստը, անձի եսասեր, երեխայական, դեպի հաճույքը կողմնորոշված կառույցն է:
  • Գեր Ես, անձի հոգեկանի այս կառույցը ներառում է սոցիալական և ծնողական ներքնայնացված ստանդարտները, օրինակ ՝ «սխալ» կամ «ճիշտ», «լավ» կամ «վատ» վարք: Հետևաբար սա ներառում է բարոյական նորմեր, կանոններ, արժեքներ:
  • Ես հանդես է գալիս որպես վերոնշյալ 2 կառույցների միջնորդ: Այն ճանապարհներ է փնտրում բախումը լուծելու համար:

Օրինակ երբ Նա-ից եկող իմպուլսը (սեռական կապի մեջ մտնել անծանոթի հետ) բախվում է Գեր Ես-ին ( համոզմունքը այն մասին, որ ճիշտ չէ սեռական կապի մեջ մտնել անծանոթի հետ) առաջանում է լարվածությւոն, տագնապ, անհանգստություն, դիսկոմֆորտ: Այս դեպքում այս բախումը լուծելու, տհաճությունը նվազեցնելու համար Ես-ը դիմում է պաշտպանական մեխանիզմների օգնությանը:

Հասկացության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը 1894 թվականին ներմուծել է Զիգմունդ Ֆրոյդը «Պաշտպանական նյարդապսիխոզներ» գրքում և հետագայում այն օգտագործվել է իր մյուս աշխատանքներում՝ Ես-ի և իր հիվանդագին մտքերի և աֆֆեկտների միջև պայքարը նկարագրելու համար: Ի սկզբանե Զիգմունդ Ֆրոյդը դրա տակ նկատի ուներ արտամղումը: Հետագայում մնացած մեխանիզմները մշակվեցին այլ հոգեվերլուծողների կողմից՝ առաջին հերթին Աննա Ֆրոյդի: Այսօր այս հասկացությունը կիրառվում է համարյա բոլոր հոգեթերապևտների պրակտիկայում, անկախ այն հոգեբանական ուղղվածության, որին նրանք հետևում են:

Հասկացության բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական պաշտպանության նպատակը և ֆունկցիոնալ իմաստը կայանում է ներանձնային կոնֆլիկտի նվազեցման մեջ, որը պայմանավորված է սոցիալական փոխազդեցության ընթացքում առաջացած անգիտակցականի բնազդային ազդակների և արտաքին աշխարհի կողմից ներկայացվող պայմանների միջև հակասություններով: Թուլացնելով այդ կոնֆլիկտը` պաշտպանությունը կարգավորում է մարդուն, բարձրացնում նրա հարմարվողական ընդունակությունները, հոգեկանի հավասարակշռությունը:

Հոգեվերլուծաբաններ Կեվին Հոլը և Հարդներ Լինդսին առանձնացրել են պաշտպանական մեխանիզմների 2 հիմնական բնութագրումներ՝

  • իրականության աղավաղում և արտամղում,
  • գործողությունները անգիտակցական մակարդակում

Առավել հաճածխ մարդիկ օգտագործում են այս մեխանիզմները միասին: Բայց մարդիկ կարող են որոշները «նախընտրել» մյուսներից ավելի շատ, այնպես կարծես դա տեղի է ունենում սովորության համաձայն:

Հիմնական պաշտպանական մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հոգեբանների մեծ մասը ընդունում են պաշտպանկան մեխանիզմների որոշակի հավաքածու, որոնք համարյա ունիվերսալ են դարձել: Նենսի-Մակ Ուիլյամսի գրքում ըստ պրիմիտիվության առանձնացված են պաշտպանական մեխանիզմների 2 մակարդակ կախված նրանից, թե որքան ուժեղ է դրա կիրառումը խանգարում անհատին ադեկվատ ընկալել իրականությունը: Համաձայն Զիգմունդ Ֆրոյդի Ես-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Գեր Ես, Այն), գործածում է մի շարք պաշտպանական մեխանիզմներ: Դրանք են՝ արտամղում, պրոյեկցիա, տեղափոխում, ռացիոնալիզացիա, ռեակտիվ գոյացություն, ռեգրեսիա, սուբլիմացիա, բացասում։

Արտամղում, Զիգմունդ Ֆրոյդը արտամղումը դիտում էր որպես Ես-ի առաջնային պաշտպանություն, ոչ միայն այն պատճառով որ վերջինս հիմք է հանդիսանում ավելի բարդ պաշտպանական մեխանիզմների առաջացման համար, այլև նրա համար, որ այն ապահովում է տագնապից հեռանալու ավելի ուղիղ և պարզ ճանապարհ։ Արտամղումը, որը երբեմն նկարագրվում է որպես “կանխամտածված մոռացում”, իրենից ներկայացնում է գիտակցության՝ իրեն ցավ պատճառող մտքերից և զգացմունքներից հեռացում։ Արտամղման գործունեության արդյունքում անհատները չեն գիտակցում իրենց տագնապահարույց կոնֆլիկտները և չեն հիշում անցյալի տրավմատիկ իրադարձությունները։ Զիգմունդ Ֆրոյդը գտնում էր, որ ճնշված, արտամղված մտքերն ու գրգիռները չեն կորցնում իրենց ակտիվությունը անգիտակցականում, և դրանց պոռթկման կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի ծախսում (այստեղ ֆրոյդը նկատի ունի, որ արտամղված ապրումները պետք է արտահայտվեն, ծախսվեն այլ ոլորտներում): Առօրյա կյանքում արտամղումը հեշտությամբ բացահայտվում է: Օրինակ մենք ասում ենք՝ «ես հեռուստացույց եմ նայում, որպեսզի ցրվեմ, մոռանամ»: Արտամղումը դերակատարում ունի ամեն տեսակ նևրոտիկ վարքում, փսիխոսոմատիկ հիվանդություններում, հոգեսեռական խանգարումներում։ Սա հիմնական և ավելի հաճախ հանդիպող պաշտպանական մեխանիզմն է։ Արտամղման մեխանիզմով մոռացվածը մեծ մասամբ վերականգնվում է հիշողության մեջ հոգեվերլուծության ընթացքում:

Պրոյեկցիա, անդրադարձ, որպես պաշտպանական մեխանիզմ իր տեսական նշանակությամբ պրոյեկցիան հետևում է ճնշմանը։ Վերջինս իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի միջոցով անհատը սեփական անընդունելի մտքերը, զգացմունքները և վարքը վերագրում է այլ մարդկանց կամ շրջապատին։ Այսպիսով, պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անլիարժեքության կամ սխալների մեղքը բարդել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Պրոյեկցիայով են բացահայտվում է նաև սոցիալական նախապաշարմունքները և “քավության նոխազի” երևույթը, քանի որ էթնիկական և ռասային կարծրատիպերը իրենցից ներկայացնում են ինչ-որ մեկ ուրիշին սեփական նեգատիվ անձնական առանձնահատկությունները վերագրելու հարմար թիրախ։

Տեղափոխում, այս անունը ստացած պաշտպանական մեխանիզմում ի հայտ է գալիս ավելի շատ սպառնալի օբյեկտից կամ անձնավորությունից ավելի քիչ սպառնալիին վերահասցեավորվելու բնազդային իմպուլս։ Տարածված օրինակ է, երբ երեխան, որը ծնողների կողմից պատժվելուց հետո հրում է իր փոքրիկ քույրիկին կամ կոտրում է վերջինիս խաղալիքները։ Քիչ տարածված է տեղափոխման այն տարատեսակը, երբ վերջինն ուղղված է դեպի սեփական անձը. ուրիշներին հասցեագրված թշնամական գրգիռները վերահասցեավորվում են սեփական անձին, որն էլ առաջ է բերում ճնշվածության զգացում և ինքնադատապարտում։

Ռացիոնալիզացիա, Ֆրուստրացիայի և տագնապի դեմ պայքարի մեկ այլ միջոց է իրականության աղավաղումը, դրանով իսկ ինքնագնահատականի պահպանումը։ Ռացիոնալիզացիան վերաբերվում է այն կեղծ փաստարկներին, որոնց միջոցով իռացիոնալ վարքը ներկայացվում է այնպես, որ շրջապատի աչքերում երևում է ամբողջովին տրամաբանական և արդարացի։

Ռեակտիվ գոյացություն, երբեմն ես-ն արգելված գրգիռներից կարող է պաշտպանվել վարքում և մտքերում ամբողջովին հակառակ ուղղվածություն ցուցաբերելով։ Այստեղ մենք գործ ունենք Ռեակտիվ գոյացության հետ։ Այս պաշտպանական մեխանիզմը իրագործվում է երկաստիճան ձևով՝ անընդունելի գրգիռը ճնշվում է և հետո գիտակցական մակարդակում ի հայտ է գալիս ամբողջովին հակառակը։ Նմանատիպ օրինակ է այն, երբ սեփական հոմոսեքսուալ մղումներից պաշտպանվելով շատ տղամարդիկ ծաղրում են հոմոսեքսուալիստներին։

Ռեգրեսիա, բնորոշ է վերադարձը վարքի երեխայական մոդելներին։ Սա տագնապի թեթևացման միջոց է՝ վաղ մանկության տարիքին վերադառնալով, որն ավելի անվտանգ ու հաճելի է։ Մեծահասակների մոտ այն դրսևերվում է նաև անզսպությամբ, անգոհունակությամբ, հեղինակություններին հակառակվելով և այլն։

Սուբլիմացիա, ըստ Զիգմունդ Ֆրոյդի, սուբլիմացիան մեխանիզմ է, որը մարդուն հնարավորություն է տալիս փոխել իր գրգիռները այնպես, որ այն ընդունվի հասարակության կողմից, համապատասխանում է այնտեղ առկա նորմերին և կանոններին: Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները ենթագիտակցորեն փոփոխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կողմից ընդունված ձևերի: Սուբլիմացիան դիտվում է որպես անցանկալի գրգիռների սանձահարման միակ առողջ և կառուցողական(կոնստրուկտիվ) ռազմավարություն (ստրատեգիա), քանի որ վերջինս թույլ է տալիս փոխել գրգիռների նպատակը կամ օբյեկտը՝ առանց նրանց դրսևորումը զսպելու։ Այսինքն այս մեխանիզմի կիրառումը փոքրացնում է նևրոզի առաջացման ռիսկը:

Բացասում, երբ մարդ հրաժարվում է ընդունել այն փաստը որ տհաճ բան է կատարվել, ապա դա նշանակում է որ նա գործի է դնում պաշտպանական այնպիսի մի մեխանիզմ, ինչպիսին է բացասումը։ Իրականության բացասումը առկա է նաև այն դեպքում, երբ մարդիկ ասում կամ պնդում են՝ «նարավոր չէ որ ինձ հետ այսպիսի բան կատարվի», չնայած դրան հակառակ փաստի ակնհայտ ապացույցների։ Համաձայն Ֆրոյդի, բացասումը բնորոշ է փոքր երեխաներին և ցածր ինտելեկտի մակարդակ ունեցող հասուն մարդկանց։ Բացասումը և նկարագրված մյուս բոլոր մեխանիզմները ներկայացնում են իրենցից արտաքին և ներքին սպառնալիքների դեմ օգտագործվող միջոցներ։ Պաշտպանություն ստեղծելու յուրաքանչյուր մասնավոր դեպքում ծախսվում է հոգեբանական էներգիա, որի արդյունքում սահմանափակվում է Ես-ի ուժն ու ճկունությունը։

Հոգեբույժ Ջորջ Էման Վալենթը ներկայացրեց պաշտպանական մեխանիզմների 4 մակարդակային բնութագրում՝ [2]

  • Մակարդակ I- պաթոլոգիկ պաշտպանություն (պսիխոտիկ Ժխտում, զառանցանքային Պրոյեկցիա)Առաջին մակարդակում մեխանիզմները գրեթե միշտ պաթոլոգիկ են: Օրինակ դրանցից զառանցանքային ժխտումը այն վիճակն է, երբ մարդը զառանցանքներ ունի իրականության հետ կապված: Ժխտման դեպքում մարդը չի ընդունում իրականությունը, քանի որ այն չափազանց սպառնալի է: Մարդը ժխտում է գիտակցել, ընկալել կյանքի տհաճ ասպկետները:
  • Մակարդակ II- անկատար պաշտպանություն (երևակայություն, Պրոյեկցիա, պասիվ ագրեսիա): Այս մեխանիմզները կոչվում են չհասունացած, քանի որ նրանց հետ գործ ունենալը դժվար է: Սրանք չափից դուրս շատ կիրառումը բերում է մարդու արդյունավետ հարմարման լուրջ խնդիրների: Սրանք շատ հաճախ հանդիպում են անձնային խանգարումների, դեպրեսիայի դեպքում: Երևակայության դեպքում, մարդը կոնֆլիկտը լուծելու համար դիմում է երևակայության: Պրոյեկցիան այս մակարդակում պարանոյայի պարզագույն ձևերից է:
  • Մակարդակ III- նևրոտիկ պաշտպանություն (Ռեսպրեսիա, դիսոցացիա): Օրինակ Իզոլացիայի դեպքում նկատվում է օտարացում զգացմունքներից, դեպքերից: Օրինակ՝ մարդը մանրամասնորեն նկարագրում է մարդասպանության դեպքում, առանց հուզական ռեակցիա ցուցադրելու:
  • Մակարդակ VI- հասուն պաշտպանություն ( հումոր, սուբլիմացիա, ալտրուիզմ): Ավելի կոնստրուկտիվ պաշտպանության ձև է: Ալտրուիզմի դեպքում, օրինակ, մարդը ծառայություններ է մատուցում այլոց՝ դրա հետ մեկտեղ հաճույք և բավարարվածություն ստանալով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «archive of: www.3-S.us What is a self-schema?»։ Info.med.yale.edu։ Արխիվացված օրիգինալից-ից February 4, 2013-ին։ Վերցված է 2013-05-05 
  2. Vaillant, George E. (1977). Adaptation to life. Boston: Little, Brown. ISBN 0-316-89520-2.