Անգիտակցական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգիտակցական կամ չգիտակցված, հոգեկան գործընթացների և երևույթների համախումբ, որը դուրս է սուբյեկտի (մարդու) գիտակցության ոլորտից, այսինքն չի ղեկավարվում գիտակցության կողմից։ «Անգիտակցական» տերմինը կիրառվում է փիլիսոփայության, հոգեբանության, հոգեվերլուծության, հոգեբուժության, հոգեֆիզիոլոգիայի մեջ, իրավագիտության մեջ, արվեստաբանության և այլ բնագավառներում։ Հոգեբանության մեջ անգիտակցականը հակադրվում է գիտակցականին, սակայն հոգեվերլուծության շրջանակներում անգիտակցականն ու գիտակցականը տարբեր հարթությունների վրա են դիտարկվում։

Անգիտակցականի մի քանի դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անգիտակցականը այնպիսի գործընթաց է, որը կատարվում է ավտոմատ/ինքնավար կերպով, ռեֆլեքսային ձևով, երբ նրա պատճառը դեռ չի հասել գիտակցությանը (օր. պաշտոնական ռեակցիան և նման այլ երևույթներ), ինչպես նաև գիտակցության բանական կամ արհեստական անջատման ժամանակ (քնի մեջ, հիպնոսի, լուսնոտության դեպքում, ուժեղ հարբած վիճակում և այլն)։
  2. Անգիտակցականը ակտիվ հոգեկան պրոցես է, որը անմիջականորեն չի մասնակցում իրականության նկատմամբ սուբյեկտի գիտակցական վերաբերմունքին և այդ իսկ պատճառով տվյալ պահին չի գիտակցվում սուբյեկտի կողմից (ենթագիտակցական
  3. Անգիտակցականը այնպիսի հոգեկան բնագավառ է, որտեղ կենտրոնանում են հավերժական և անփոփոխ հակումներ, շարժառիթներ, ձգտումներ, որոնց իմաստը որոշվում է բնազդներով և անհասանելի է գիտակցությանը։ Անգիտակցականի մասին իդեալիստական ուսմունքն առավել ամբողջական զարգացում է ստացել Ֆրոյդիզմի մեջ։ Այդ կոնցեպցիայի համաձայն անգիտակցականը կազմված է երեք շերտից՝

Անգիտակցականը կազմում է հոգեկանի խոր հիմքը, որը որոշում է մարդու ամբողջ գիտակցական կյանքը և նույնիսկ անհատների ու ամբողջ ժողովուրդների ճակատագրերը։ Անգիտակցական մղումը դեպի հաճույք և մահ (ագրեսիայի բնազդը) բոլոր զգացմունքների և ապրումների իմաստային առանցքն է։

Ենթագիտակցականը կամ նախագիտակցականը կազմում է հատուկ սահմանային ոլորտ գիտակցության և անգիտակցության միջև։ Այդ բնագավառը ներխուժում են անգիտակցական հակումներ, և հենց այստեղ էլ մարդու հասարակական կյանքից ծնված մի հատուկ հոգեկան «ինստանցիան», նրա «գեր-եսը» կամ խիղճը ենթարկում է դրանք խիստ ցենզուրայի։

Գիտակցությունը հոգեկանի մակերեսային դրսևորումն է արտաքին աշխարհի հետ նրա շփման կետում և կախված է ամենից առաջ միստիկական անգիտակցական ուժերից։ Անգիտակցականը որպես գիտակցական ակտերի միստիկական անճանաչելի հիմք, հանդես է գալիս Հերբարտի, Շոպենհաուերի և մի քանի ուրիշ իդեալիստների կոնցեպցիաներում։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնը (անտիկ շրջան) անգիտակցականը մեկնաբանել է որպես վերհուշի տեսություն, երբ մարդը ծնված օրվանից իր անգիտակցականում ունենում է որոշակի գաղափարներ, որոնք կյանքի ընթացքում վերհիշում է։ Այս տեսակետը գոյատևեց մինչև նոր շրջանի ժամանակները։

Նոր շրջանում առաջինը գիտակցության խնդրին անդրադարձել է Դեկարտը, ըստ որի հոգու էությունը մտածողությունն է։ Դեկարտի գաղափարները պատկերացում տվեցին այն մասին, որ գիտակցականն ու հոգեկանը նույնական են։ Ըստ Դեկարտի՝ գիտակցությունից դուրս կարող է լինել միայն ուղեղի զուտ ֆիզիոլոգիական գործունեությունը, իսկ հոգեկանը գիտակցության մեջ է։

Անգիտակցականի առաջին խիստ մատերիալիստական բացատրությունը փորձել է տալ անգլիացի փիլիսոփա Հարթլին, անգիտակցականը կապելով նյարդային համակարգի գործունեության հետ։

Գերմանական դասական փիլիսոփայությունը անգիտակցականին հիմնականում մոտենում էր գնեոսոլոգիական/իմացաբանանական տեսանկյունից։ Ի. Կանտը անգիտակցականը կապում էր ինտուիցիայի խնդրի հետ (անգիտակցական ապրիորի սինթեզ)։

Ռոմանտիզմի տեսաբանները հակադրվելով ռացիոնալիզմին՝ ստեղծագործության հոգեբանության հիմքում տեսնում էին անգիտակցականը։

Անգիտակցականի իռացիոնալիստական ուսմունքն առաջ քաշեց Ա. Շոպենհաուերը, իսկ Հարթմանը հետագայում զարգացնելով այդ ուսմունքը անգիտակցականը բարձրացրեց ներկայացնելով որպես ունիվերսալ սկզբունք, կեցության հիմք և համաշխարհային գործընթացների պատճառ։

Հոգեկերտվածքի տարրերի դիագրամ–այսբերգ, ըստ Զիգմունդ Ֆրեյդի

19-րդ դարում սկսվեց անգիտակցականի հոգեբանական ուսումնասիրությունը։ 1824 թ. Հերբարտը տալիս է անգիտակցականի դինամիկ բնութագիրը, ըստ որի անհամատեղելի գաղափարները հնարավոր է, որ իրար հետ կոնֆլիկտ ունենան, հակադրվեն իրար, ընդ որում ավելի թույլերը ճնշվելով հանդերձ չեն դադարում ազդել գիտակցության վրա, չկոցնելով իրենց դինամիկ ընդունակությունները։

Հոգեպաթոլոգիայի բնագավառում անգիտակցականի ուսումնասիրությունը նոր թափ ստացավ, որտեղ թերապևտիկ նկատառումներով սկսեցին օգտագործել հիպնոսը՝ որպես անգիտակցականի վրա ազդելու միջոց։

Անգիտակցականը ըստ Զիգմունդ Ֆրոյդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգիտակցականի մեջ մտնում են մարդու գաղտնի ցանկություններն ու ֆանտազիաները, որոնք հակասության մեջ են հասարակական կարծիքի և վարքի հասարակական չափանիշների հետ։ Այդ իսկ պատճառով ճնշվել են և մղվել անգիտակցականի մեջ, բայց շարունակում են անհանգստացնել։ Լինելով բուժող բժիշկ, նա իր պրակտիկայում հաճախ բախվել է նման դեպքերի, երբ չգիտակցված ապրումները կարող են լուրջ բարդություններ առաջացնել մարդու կյանքում և կարող են նյարդա-հոգեկան հիվանդությունների պատճառ դառնալ։ Նա իր աշխատանքի նպատակն էր դարձրել գտնել և չեզոքացնել խորքային հակասությունը գիտակցության և կույր անգիտակցականի միջև։ Այդպես ծնվեց ֆրոյդիզմը՝ հոգին բուժելու Ֆրոյդի մեթոդը, որը անվանվեց հոգեվերլուծություն։

Անգիտակցականը ըստ Կարլ Գուստավ Յունգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Յունգը լայնորեն ընդարձակեց անգիտակցականի հասկացությունը՝ ստեղծելով անալիտիկ հոգեբանությունը, ներմուծեց «կոլեկտիվ անգիտակցական» տերմինը և էականորեն փոխեց անգիտակցականի իմաստը հոգեվերլուծության համեմատ։ Ըստ Յունգի ոչ միայն գոյություն ունի սուբյեկտի անգիտակցականը, այլ նաև կա ընտանեկան, սեռային, ազգային, ռասսայական, կրոնական և կոլեկտիվ անգիտակցական, որը կրում է իր մեջ հասարակության հոգեկան աշխարհի ինֆորմացիան[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ., էջ 13
  2. Фрейд З. Психология бессознательного. — М., 2006. — С. 25-38.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лекция О. Телемского «Структура психики по Юнгу»