Հոգեֆիզիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեֆիզիոլոգիա (հուն․՝ psyche - հոգի+ֆիզիոլոգիա), գիտություն, որն ուսումնասիրում է մարդու վարքագծի և հոգեկան գործընթացների ուղեղային ապահովումը։ Այն ֆիզիոլոգիայի և հոգեբանության սահմանագծում առաջացած և հոգեկանի նյութական հիմքը մեկնաբանող բնագավառն է։ Հոգեկանի գործառույթների և ուղեղի փոխհարաբերության խնդիրները մշտապես գրավել են մարդու միտքը։ Ժամանակակից գիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ուղեղը հանդիսանում է հոգեկանի բարձրագույն օրգան։ Ուղեղի նյարդաֆիզիոլոգիական հետազոտությունները, որոնք իրականացվում են գերբարձր տեխնիկական մակարդակում, թույլ են տալիս տարբեր հոգեկան գործընթացների և վարքային գործունեության փոփոխություններում ստանալ ուղեղի աշխատանքի օբյեկտիվ պատկերը։ «Հոգեֆիզիոլոգիա» տերմինը առաջարկել է ֆրանսիացի փիլիսոփա Ն. Մասիսը։

Հետազոտման նպատակ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեֆիզիոլոգիայի առարկան հոգեկան և ֆիզիոլոգիական գործառույթների համահարաբերակցության փաստն է։ Այն ունի բոլոր նախադրյալները ամենաբարդ հոգեկան գործընթացների ֆիզիոլոգիական համահարաբերականները նկարագրելու համար՝ շնորհիվ օբյեկտիվորեն գրանցվող ֆիզիոլոգիական գործառույթների այն տեղաշարժերի, որոնք ուղեկցում են ընկալման, հիշողության, մտածողության, հույզերի և այլ գործընթացներին։

Հոգեֆիզիոլոգիայի հիմնական խնդիրը հոգեկան գործընթացների պատճառների մեկնաբանությունն է՝ դրանց հիմքում ընկած նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների բացահայտման ճանապարհով։

Ժամանակակից հոգեֆիզիոլոգիայում կիրառվում են հետազոտության զանազան մեթոդներ և օբյեկտներ՝ վարքային մակարդակից մինչև մոլեկուլայինը (հոգեֆիզիոլոգիայի վերլուծության տիրույթն է), մարդու և կենդանիների համակեցություններից մինչև մոլեկուլային կառուցվածքները (փորձերի օբյեկտներն են)։

Հոգեբանական և ֆիզիոլոգիական համակարգերի միջև հարաբերակցության հիմնախնդրի մասին առաջին պատկերացումները կարելի է գտնել Լ.Ս.Վիգոտսկու աշխատանքներում (1920-ականներ), որոնք և որոշեցին հոգեֆիզիոլոգիայի զարգացման հիմնական ուղղությունը։ Ներկայումս հոգեֆիզիոլոգիան օգտագործում է ինչպես կենսաբանական գիտությունների՝ կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, իմունաբանության, գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, այնպես և մաթեմատիկայի ու ֆիզիկայի ամենավերջին նվաճումները։ Այդ պատճառով էլ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան կարող է բնորոշվել, որպես նոր գիտություն՝ հոգեկենսաբանություն։

Հոգեֆիզիոլոգիան որոշակի դիրք է գրավում այլ համահունչ գիտությունների շարքում, ինչպիսիք են ֆիզիոլոգիական հոգեբանությունը, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիան, նյարդահոգեբանությունը՝ կուտակելով ու ամբողջացնելով այդ գիտությունների հիմնական դրույթները։

Ի տարբերություն ֆիզիոլոգիական հոգեբանության, որի առարկան հոգեկանի հետ կապված առանձին ֆիզիոլոգիական գործառույթների ուսումնասիրությունն է, հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկան մարդու վարքն է, ընդ որում մարդը համարվում է անկախ փոփոխական, իսկ ֆիզիոլոգիական գործընթացները՝ կախյալ։

Բարձրագույն նյարդային գործունեության (ԲՆԳ) ֆիզիոլոգիան (հիմնադիր՝ Ի.Պ.Պավլով), ինչպես և հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է վարքի ուղեղային ապահովումը։ Սակայն ԲՆԳ ֆիզիոլոգիայի ուսումնասիրության ոլորտը ներառում է ֆենոտիպային վարքի ձևավորման ֆիզիոլոգիական մեխանիզմները՝ զուգորդական ուսուցման հիման վրա։

Նյարդահոգեբանությունը (հիմնադիր՝ Ա.Ռ.Լուրիա) ձևավորվել է մի քանի հարակից գիտությունների (հոգեբանություն, բժշկագիտություն՝ նյարդավիրաբուժություն, նյարդաբանություն) սահմանագծում։ Ի տարբերություն հոգեֆիզիոլոգիայի՝ ուղղված է բարձրագույն հոգեկան գործընթացների ուղեղային մեխանիզմների ուսումնասիրմանը՝ գլխուղեղի տեղային վնասվածքների վերաբերյալ փաստերի հիման վրա։

Հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրություններում լայնորեն կիրառվում են ինչպես դասական մեթոդները, այնպես էլ գիտատեխնիկական նորագույն նվաճումները։ ԷՈւԳ մեթոդը հնարավորություն տվեց ներթափանցել հոգեկան գործընթացների և վարքի հիմքում ընկած նուրբ ֆիզիոլոգիական մեխանիզմների մեջ։ Միկրոէլեկտրոդային մեթոդով գլխուղեղի տարբեր գոյացությունների ուսումնասիրությունները բջջային մակարդակում ցույց տվեցին, որ հոգեկան գործընթացների ձևավորումը ունի իր մոլեկուլային հիմքը։ Ներկայումս առանձնացվել են նեյրոնների նոր դասեր, որոնք յուրահատուկ կերպով կապված են հոգեկան տարբեր գործընթացների հետ։ Գլխուղեղում այդ նեյրոնների հայտնաբերումը թույլ տվեց հասկանալ վարքի նեյրոնային մեխանիզմները։

Բնագավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հոգեֆիզիոլոգիան ներառում է մի շարք բնագավառների հետազոտություններ։

  • Զգայությունների և ընկալման հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է վերլուծիչներում ընթացող նյարդային գործընթացները՝ սկսած ընկալիչներից, վերջացրած կեղևային բաժիններով։ Բացահայտվել են գունային տեսողության յուրահատուկ մեխանիզմները, շոշափելիքի ու ցավի զգացողության յուրահատուկ ընկալիչները և հաղորդող ուղիները, հայտնաբերվել են նեյրոններ, որոնք արձագանքում են տեսողական, լսողական գրգռիչների առանձին հատկանիշներին։
  • Շարժման հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է կամային գործողությունների ֆիզիոլոգիական կառուցվածքը և դրանց իրականացման մեխանիզմները։
  • Խոսքի և մտածողության հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է խոսքային գործընթացների իրականացման մեջ ուղեղի տարբեր բաժինների գործառնական դերը և դրանց փոխադարձ կապերը։ Սկզբունքորեն կարևորվում է մտածողական գործընթացների հետ խոսքաշարժողական վերլուծիչի սերտ կապի բացահայտումը։
  • Հույզերի հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է հուզական վիճակների ծագման նյարդահումորալ մեխանիզմները։ Բացահայտվել են ուղեղի ենթակեղևում տեղադրված հաճույքի և տհաճության «նյարդային» կենտրոնները։ Հուզական վարքի մեջ կարևոր դերը պատկանում է ներզատիչ գեղձերի (հիպոֆիզի, կեղևի, մակերիկամների ուղեղային շերտի և այլն) հորմոններին և տարբեր կենսաբանորեն ակտիվ նյութերին։
  • Ուշադրության հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է ուշադրության նյարդաֆիզիոլոգիական համահարաբերականները (ԷՈւԳ-ի և հրահրված պոտենցիալների, մաշկ-գալվանական և այլ հակազդումների փոփոխությունները)։ Ուշադրության հոգեֆիզիոլոգիան սերտորեն կապված է կողմնորոշային ռեֆլեքսի և երկրորդ ազդանշանային համակարգի ուսումնասիրման հիմնախնդիրների հետ։

Բացի վերը նշված բաժիններից, ընդհանուր հոգեֆիզիոլոգիան ներառում է նաև հիշողության, ուսուցման, սթրեսի, գիտակցության, քնի և այլնի հոգեֆիզիոլոգիան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության շրջանակներում հոգեֆիզիոլոգիայի առանձնացումը հնարավոր դարձավ շնորհիվ հոգեբանության մեջ փորձարարական մեթոդի ներմուծման՝ գերմանացի հոգեբան Վ. Վունդտի կողմից։ Նա այդ ուղղությունն անվանեց ֆիզիոլոգիական հոգեբանություն. սա ընկալվում էր որպես հոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում էր հոգեկան գործընթացների ֆիզիոլոգիական մեխանիզմները։

1970 թվականին տպագրվեց հոգեֆիզիոլոգիայի ասպարեզում մեծ ներդրում ունեցած կանադացի հոգեբան Պ. Միլների «Ֆիզիոլոգիական հոգեբանություն» դասագիրքը, որում նշված էին նոր տվյալներ ուղեղի կառուցվածքի, գործառնական կազմակերպման սկզբունքների, դրդապատճառների, հույզերի ֆիզիոլոգիական մեխանիզմների, ուղեղի ինքնագրգռման մեթոդների և այլնի վերաբերյալ։ Հանրահայտ դարձավ նաև հիշողության և ուսուցման մեխանիզմների ուսումնասիրման ոլորտում բազմաթիվ հետազոտություններ ծավալած Ռիչարդ Թոմսոնի (1975) «Ֆիզիոլոգիական հոգեբանության ներածություն» դասագիրքը։

«Հոգեֆիզիոլոգիա» վերնագրով առաջին գիտական ամսագիրը լույս է տեսել ԱՄՆ-ում, 1970-ականներին, որտեղ տպագրվում էին միաժամանակ հոգեբանությանն ու ֆիզիոլոգիային վերաբերող աշխատանքներ։ Այդ ժամանակվանից «հոգեֆիզիոլոգիա» տերմինը սկսում է լայնորեն կիրառվել. ստեղծվում է գործնական հիմք հոգեֆիզիոլոգիայի՝ որպես առանձին ճյուղի առանձնացման համար։ Սակայն հոգեֆիզիոլոգիան նոր ուղղության կարգավիճակը պաշտոնապես ստացավ միայն 1982 թվականին մայիսին, երբ Մոնրեալում տեղի ունեցավ հոգեֆիզիոլոգների առաջին միջազգային վեհաժողովը։ Այնտեղ է հիմնադրվել Հոգեֆիզիոլոգիական միջազգային կազմակերպությունը (International Oragization of Psychophysiology - IOP)։ Հոգեֆիզիոլոգիական միջազգային կազմակերպությունը ներկայացված է Միացյալ ազգերի կազմակերպությունում, որի հիմնական խնդիրը միջազգային համագործակցության զարգացումն է։

Հոգեֆիզիոլոգիայի ինտենսիվ զարգացմանը նպաստեց նաև այն փաստը, որ ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպությունը 20-րդ դարի վերջին տասնամյակը հռչակեց որպես «Ուղեղի տասնամյակ»։ Այդ ծրագրի սահմաններում անցկացվեցին ուղեղի և նրա աշխատանքի սկզբունքներին վերաբերող գիտելիքների բոլոր տեսակետների ամբողջացմանն ուղղված համալիր հետազոտություններ։ Հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկայի հարցի շուրջ քննարկման ընթացքում արվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում նաև այն, որ մարդկանց հետ անցկացվող հոգեֆիզիոլոգիական հետազոտություններում անհրաժեշտ է կիրառել միայն ոչ ինվազիոն (մաշկի մակերեսից ներս չթափանցող) մեթոդներ։ Քննարկումներ արդյունքում հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկա պաշտոնապես համարվեց հոգեկան գործընթացների ու վիճակների ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրումը մակրոմակարդակում։ Սակայն հետագայում գիտության զարգացումը հանգեցրեց նաև միկրոմակարդակում իրականցավող ուսումնասիրությունների ներառմանը։ Արդյունքում հոգեֆիզիոլոգների գիտական հետաքրքրությունների ոլորտի մեջ մտան այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ընկալման, հիշողության ու ուսուցման, դրդապատճառների ու հույզերի, մտածողության ու խոսքի, գիտակցության ու քնի նեյրոնային մեխանիզմները։

Հոգեֆիզիոլոգիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարանում «Հոգեֆիզիոլոգիա» առարկայից դասախոսություններ կարդացվել են սկսած 1979 թվականից։ Դասախոսությունների համար նյութ են հանդիսացել Պ. Միլների «Ֆիզիոլոգիական հոգեբանություն», Ն. Պ. Բեխտերևայի «Մարդու ուղեղի գործունեության մեխանիզմները.Մարդու նյարդաֆիզիոլոգիա», Ա. Ռ. Լուրիայի «Նյարդահոգեբանություն», Ջ. Հեսետի «Հոգեֆիզիոլոգիայի ներածություն», Չ. Շահասի «Մարդու հրահրված պոտենցիալները նորմայում և պաթոլոգիայում», Ֆ. Բլյում և ուրիշ. «Ուղեղ, բանականություն, վարքագիծ», Յու. Ի. Ալեքսանդրովի խմբագրությամբ «Հոգեֆիզիոլոգիա», Ն. Ն. Դանիլովայի «Հոգեֆիզիոլոգիա», Ռ. Կոմերի «Վարքագծի ախտաֆիզիոլոգիա. հոգեկանի խանգարումները և ախտաբանությունը» և այլ աշխատանքներ[1]։

Հայերեն լեզվով հոգեֆիզիոլոգիայի առաջին դասագիրքը հանդիսանում է Վ. Հ. Գրիգորյանի «Հոգեֆիզիոլոգիա» աշխատությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիգորյան Վ.Հ., Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007