Կեցություն
Կեցություն, գոյական փիլիսոփայական տերմին, գործածվել է աշխարհի նախահիմքի, սուբստանցի ու նրա դրսևորման ձևերի հարցը քննելիս։ Արտահայտել է տարբեր, թեպետ իմաստով մոտ, հասկացություններ. պարզագույն իմաստը «լինելն» է։ Տարբերել են իսկական (ոչնչով չպայմանավորված՝ բացարձակ, ինքնաբավ, սուբստանցային) և անիսկական (կախյալ՝ հարաբերական) կեցություն։
Իդեալիստական-պլատոնիստական և ռեալիստական ավանդույթն իսկական գոյ է համարել մտահասու հավիտենական էությունները՝ «գաղափարները», իսկ զգայաբար տրվող աշխարհի առանձին իրերը՝ անիսկական գոյ։ Հեգելը «մաքուր»՝ որակական ու քանակական որոշակիությունից զուրկ Կեցությունից սկսում է կատեգորիաների ամբողջ համակարգը։ Նոմինալիստական և մատերիալիստական ավանդույթը Կեցությունը նույնացրել է իրական առարկայական աշխարհի՝ զգայաբար տրվող բնության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմը սուբստանցային Կեցությանը չի հակադրում երևութական Կեցությանը իբրև անիսկական, այլ գտնում է, որ «լինել» նշանակում է լինել ոչ այլ կերպ, քան մատերիական սուբստանցի որևէ առանձին առարկայական դրսևորման ձևով։ Կանտից սկզբնավորվել է և գիտաբանական ուսմունքներում քարոզվում է այն միտքը, որ Կեցության հարցը մտահայեցողական ու անլուծելի է, և որ գիտելիք են պարունակում ոչ թե «լինելը» պնդող ասույթները, այլ այն ասույթները, որոնց պրեդիկատը որոշակի հատկանիշ է վերագրում մտքի առարկային։ Սակայն բովանդակային տեսակետից այս մոտեցումը սխալ է, այն իմաստ ունի միայն գիտության տրամաբանական վերլուծության տեսության մեջ։ Պատմության մատերիալիստական ըմբռնման հիմնական գաղափարներից է հասարակական Կեցությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 394)։ |