Սպորտի հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպորտի հոգեբանություն, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում ու մշակում է ֆիզիկական դաստիարակության և մարզական վարպետության հոգեբանական հիմքերը։ Ֆիզիկական, տեխնիկական ու տակտիկական հատկանիշների հետ միասին նաև հոգեբանական պատրաստությամբ է պայմանավորված մարզիկի ելույթների հաջողությունը մրցումներում։ Սպորտի հոգեբանություն խնդիրներն են՝ ուսումնասիրել գործունեության այլ ձևերի համեմատությամբ սպորտի առանձնահատկությունները, առանձնացնել անձի հատկանիշներն ու հիմնական հոգեբանական ֆունկցիաները, պարզել այն գիտելիքների հոգեբանական կառուցվածքը, որոնք պետք է յուրացվեն ուսման և մարզումների ընթացքում։ Սպորտի հոգեբանության շատ պրոբլեմների (սպորտային կոլեկտիվներում օպերատիվ-տակտիկական մտածողության խմբակային գործողոլթյունների, բարդ և հոգեկան լարվածության իրադրություններում մարդու հոգեկան վիճակների ղեկավարման արդյունավետ եղանակների ընտրության) լուծումն ունի նաև ընդհանուր հոգեբանական նշանակություն։

Սպորտի հոգեբանության բնագավառը պատկանում է հոգեբանության երիտասարդ ճյուղերի շարքին։ Հասկացությունն առաջին անգամ ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբում Պիեռ դե Կուբերտենի հոդվածներում, ով ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիրն է։ 1913 թվականին նրա նախաձեռնությամբ Լոզանի միջազգային կոնֆերանսում կազմակերպվել է սպորտի հոգեբանության կոնգրես, և այն ստացել է պաշտոնական կարգավիճակ։ 1920-1940-ական թվականներին սպորտի հոգեբանության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվում էին ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԽՍՀՄ-ում և այլուր։

Սպորտի հոգեբանությունը բուռն զարգացում է ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դրա պատճառն էր նաև օլիմպիական խաղերում և միջազգային առաջնություններում ձեռք բերված հաջողությունները։ Վերջինս պայմանավորված էր նաև երկու քաղաքական համակարգերի պայքարով՝ կապիտալիսատական և սոցիալիստական, որոնք փորձում էին իրենց գերակայությունը ցույց տալ սպորտի ձեռքբերումներում։

1965 թվականին Իտալիայի սպորտի բժշկության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հռոմում կազմակերպվել է սպորտի հոգեբանության առաջին կոնգրեսը։ Ստեղծվել է սպորտի հոգաբանության միջազգային ընկերությունը։ Վերջինս սպորտի հոգեբանության միջազգային ճանաչման վկայությունն է։ 1970 թվականից հրատարակվում է սպորտի հոգեբանության միջազգային ամսագիրը։

1967 թվականին ստեղծվում է սպորտի հոգեբանության Հյուսիս-ամերիկյան ասոցացիան, իսկ 1969 թվականին՝ Եվրոպական ասոցացիան։

Ներլայումս սպորտի հոգեբանությունը ոչ միայն տեսական, այլև կիրառական գիտություն է, ինչը մեծ օգնություն է ցուցաբերում մարզիկներին և մարզիչներին բարձր արդյունքների հասնելու համար։

Ծագումն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտի հոգեբանությունը երիտասարդ գիտական ճյուղ է, բայց ունի իր պատմությունը։

  • Առաջին՝ ծագման փուլում, սպորտի հոգեբանությունը հիմնականում հանդես էր գալիս որպես ճանաչողական-նկարագրական գիտություն, որն անհրաժեշտ է սպորտային գործունեության նկարագրման համար։ Սկզբում ուսումնասիրվում էր այն հարցը, թե ինչ ազդեցություն են թողնում ֆիզիկական վարժությունները մարդու հոգեկանի վրա։ Հետագայում այս բնակավառն ընդլայնել է իր գործունեության ոլորտը։ Այս շրջանում մեծ ուշադրություն էր դարձրվում սպորտային գործունեության մեջ գիտակցության դերին, սպորտում ճանաչողական, հուզական և կամային գործընթացներին։ Այս շրջանում սկսվում է սպորտի տարբեր տարատեսակների ուսումնասիրումը։
  • Երկրորդ՝ կազմավորմավորման փուլում, սպորտի հոգեբանությունը ձեռք է բերում մասնագիտացված ուղղվածություն։ Սկզբում մեծ ուշադրություն էր դարձրվում կամային որակների զարգացմանը, իսկ հետո՝ գաղափար ձևավորվեց մարզիկների հոգեբանական նախապատրաստման համար։
  • Երրորդ՝ ժամանակակից փուլին, բնորոշ է սպորտի հոգեբանությունը ներկայանում է որպես ճանաչողական-կիրառական գիտության ճյուղ՝ համադրելով աշխատանքի նախկին ուղղվածությունը և ժամանակակից սպորտի խնդիրների ուսումնասիրումը։

Տեղն այլ գիտությունների համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով այլ գիտությունների շարքում հոգեբանության զբաղեցրած կենտրոնական դիրքը՝ կարելի է առանձնացնել սպորտի հոգեբանության դիրքը. փիլիսոփայական հիմքեր, որոնք առանձնացնում են սպորտային գործունեության փիլիսոփայական կողմը, սոցիալական՝ օգտագործում է հոգեբանական ուսումնասիրություններ սպորտի սոցիալական խնդիրների լուծման համար, ճշգրիտ՝ հաշվի առնելով սպորտային գործունեության հոգեբանական օրինաչափությունները, առանձնացնում մարդու օրգանիզմի կարևոր կողմերը։ Այս կերպ սպորտի հոգեբանությունը կապված է երկու գիտությունների հետ՝ սպորտ և հոգեբանություն։

Սպորտի գիտությունները, որոնք ուղղված են ստեղծելու մարզիկի գործունեության ֆիզիկական, տեխնիկական և տակտիկական կողմերը։ Իսկ հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու գործունեության, վարքի օրինաչափությունները։ Ընդ որում, սպորտային գործունեությունը կախված է հոգեբանական գործոններից՝ մարդու անհատական հնարավորություններ, հուզական վիճակ, կամային որակներ, մտածողության, հիշողության ունակություններ, դրդապատճառային համակարգի առանձնահատկություններ և այլն։

Այս կերպ, սպորտի հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու գործունեության հատուկ ոլորտը՝ սպորտը։

Գիտության բնագավառի առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտի հոգեբանության առարկան սպորտային գործունեության հոգեբանական յուրահատկություններն են և մարզիկի անհատական առանձնահատկությունները։ Սպորտը մեծ դեր է կատարում ժամանակակից հասարակության կյանքում։ Այն ոչ միայն ապահովում է մարդու ֆիզիկական զարգացումը, այլև նպաստում է նրա մոտ հոգևոր-կամային որակների ձևավորմանը։

Սպորտը մարդկային գործունեության հատուկ տեսակ է, ինչպես և սոցիալական երևույթ, որը նպաստում է ոչ միայն առանձին անհատների, այլև պետության հեղինակության բարձրացմանը։ Ներկայումս սպորտային գործունեությունը բաժանվում է երեք կատեգորիաների՝ զանգվածային, բարձր ձեքբերումների սպորտ, պրոֆեսիանալ սպորտ։ Զանգվածային սպորտով զբաղվողների գլխավոր նպատակը առողջության ամրապնդումն է, ֆիզիկական և հոգեկան զարգացումը, բարձր ձեռքբերումների սպորտում գլխավորը տարբեր մարդկանց ֆիզիկական և հոգեկան հնարավորությունների համեմատումն է, պրոֆեսիոնալ սպորտում, ընդհակառակը առողջության մասին խոսք գնալ չի կարող։

Չնայած սպորտի այս տարատեսակների միջև էական տարբերությանը՝ սպորտային գործունեությունն իր հիմնական բնութագրերով նույնն է։ Մարզիկների գործունեությունը կրում է մրցակցային բնույթ, առանց որի այն կորցնում է իր նշանակությունը։ Դրա հետ կապված՝ մարզիկների փոխհարաբերությունների առաջնության ժամանակ ունի երկու ասպեկտ՝ հակառակորդի նկատմամբ որպես հակամարտություն, իսկ թիմի անդամների հետ՝ համագործակցություն։

Մարզիկների գործունեությունը ֆիզիկական զարգացման և ուսուցման տարիների անընդհատ գործընթաց է, այսինքն՝ մարզումներ, որոնք պահանջում են մեծ և հաճախ առավելագույն ֆիզիկական ծանրաբեռնվածություն։

Սպորտային գործունեությունը մարզիկից պահանջում է հետևել ամբողջ կյանքի սպորտային ռեժիմին, այլ ոչ թե միայն մարզումների և առաջնությունների ժամանակ։ Մարզիկի կյանքի ռեժիմը կապված է շատ սահմանափակումների հետ՝ կյանքի հաճույքներից զրկում, այդ թվում և հարազատների հետ շփումը։

Սպորտային գործունեության պրոդուկտը մարզիկի՝ որպես անհատականության, փոփոխումն է, սպորտային ձեռքբերումները (ռեկորդներ, չեմպիոնական կոչումներ)։

Սպորտային գործունեությանը բնորոշ են հետևյան առանձնահատկությունները.

  • հասարակայնություն և այստեղից բխող շատ հետևանքներ (հանդիսատեսի, ԶԼՄ-ների գնահատական)։ Դա է պատճառը, որ սպորտով զբաղվելը դարձել է ամբողջ աշխարհում հայտնի դառնալու հնարավորություն։
  • սպորտային գործունեության նշանակությունը մարզիկի համար, քանի որ նա ձգտում է կամ հաղթանակի կամ ռեկորդի։
  • ստուգարքային փորձերի քանակի սահմանափակություն, ուստի հաճախ չկա հնարավորություն թույլ տված սխալն ուղղելու համար։
  • ժամանակի սահմանափակություն, որի ընթացքում մարզիկը պետք է գնահատի ստեղծված մրցակցային իրավիճակը և ինքնուրույն որոշում ընդունի։
  • պայմաննների փոփոխության անսովորություն. կլիմայական, ժամային նոր գոտիներ, նոր սպորտային դահլիճներ, պիտույքներ և այլն։

Այս ամենը հանգեցնում է մարզիկների նյարդա-հոգեբանական վիճակի լարվածությանը, ինչը սովորական մարզումների ժամանակ բացակայում է։ Կան տվյալներ, որ տղամարդիկ ավելի լավ են հարմարվում առաջնությունների պայմանների, քան կանայք։

Ժամանակակից սպորտում բացի մարզիկներից՝ ներառված են նաև մարզիչներ, սպորտային ղեկավարներ, բժիշկներ, հոգեբաններ և այլք։ Այդ պատճառով էլ ապագա մարզիկի նախապատրաստումը պահանջում է ֆինանսական մեծ ներդրումներ։

Խնդիրներն ու նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտի հոգեբանության հիմնական նպատակն է մարզիկների և սպորտային թիմերի վարպետության և որակների ձևավորման օրինաչափությունների ուսումնասիրումը ր մարզման ու առաջնությունների նախապատրաստման հոգեբանական մեթոդների ստեղծումը։ Այս նպատակներին հասնելու համար պետք է լուծել հետևյալ կոնկրետ խնդիրները.

  • Մարզիկների հոգեկանի վրա սպորտային գործունեության ազդեցության ուսումնասիրումը

ա) առանձին սպորտաձևերի առաջնությունների հոգեբանական վերլուծություն,

բ) մարզիկների վրա առաջնության ազդեցության բացահայտումը,

գ) առաջնությունների ընթացքում հաջող ելույթ ունենալու համար մարզիկի կամային հոգևոր և հոգեբանական որակների ուսումնասիրում,

դ) սպորտային կենցաղի և մարզման պայմանների հոգեբանական վերլուծություն։

ե) Սպորտային մարզումների արդյունավետության բարձրացման համար հոգեբանական պայմանների ստեղծում։ Սպորտի հոգեբանությունը ուղղված է բացահայտելու սպորտային վարպետության կատարելագործման մեխանիզմները և օրինաչափությունները, հատուկ գիտելիքների, պայմանների և վարժությունների տեղծման մկիջոցները, որոնք ապահովում են մարզիների կոլեկտիվ գործունեության հաջողությունը։

  • Առաջնությունների շեմին մարզիկների պատրաստվածության հոգեբանական հիմքերի ստեղծում։ Մրցումներում հաջող հանդես գալու համար բավական չէ ֆիզիկական և տակտիկական պատրաստվածության բարձր մակարդակը։ Զգայաշարժողական ընդունակություններին են միանում ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ կոլեկտիվ գործունեության ունակությունները։ Դա է պատճառը, որ նախամրցութային պատրաստության մեջ մեծ դեր են սկսում խաղալ տարբեր հոգեկան գործընթացներ։ Նախապատրաստական մեթոդների ստեղծումը սպորտի հոգեբանության գլխավոր գործառույթներից է։
  • Սպորտային կոլեկտիվում սոցիալ-հոգեբանական երևույթների ուսումնասիրումը։ Սպորտի հոգեբանությունն ուսումնասիրում է սպորտային կոլեկտիվների ձևավորման յուրահատկությունները և տալիս է նրանց գործունեությունը ղեկավարող հոգեբանական կանոնների բնութագիրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ильин Е. Психология спорта. СПб. Питер, 2008.
  • Журавлёв Д.В. Психологическая регуляция и оптимизация функциональных состояний спортсмена. - М., 2009. - 120 с.
  • Сопов В.Ф. Теория и методика психологической подготовки в современном спорте. - М.,2010-120с.
  • Психотерапия в спорте Байкова И.А., Головач А.А., Тарасевич Е.В., Порахонько С.А., Чистов А.В. Учебно-методическое пособие. - Минск, 2006. - 71 с.
  • Родионов А.В. Психология физической культуры и спорта. - 204 с.
  • Гогунов Е.Н., Мартьянов Б.И. Психология физического воспитания и спорта։ Учеб. пособие для студ. высш. пед. учеб. заведений. - М.։ Издательский центр "Академия", 2000.
  • Акимова Л.Н. Психология спорта։ Курс лекций. – Одесса։ Студия «Негоциант», 2004. – 127 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 82 CC-BY-SA-icon-80x15.png