Ախտաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պաթոլոգիաից)
Մելանոմայի բջիջ
Գլխուղեղի լայնական հատումը, պարզ երևում է գագաթային հատվածի մեծ մասը զբաղեցնող երակազարկերակային ձևափոխություն։

Ախտաբանություն, պաթոլոգիա, հունարեն՝ (pathos+logos), բժշկական գիտություն հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է ընդհանուր ախտաբանություն, առանձին հիվանդություններինը՝ մասնավոր ախտաբանություն։ Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկական բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկական ախտաբանություն)։ Պաթոլոգիայի մեջ մտնում են հիվանդությունների 4 հիմնական հասկացությունները՝ էթիոլոգիան (հիվանդության պատճառը), պաթոգենեզը (հիվանդության զարգացման մեխանիզմը), մոլեկուլյար և մորֆոլոգիական փոփոխությունները (օրգանիզմի բջիջների և օրգանների բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունները), կլինիկական պատկերը (օրգանիզմի բջիջների և օրգանների բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հյուսվածքների և օրգանների փոփոխությունները)[1]։

Ախտաբանություն ընդգրկում է ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան։

Հիմնական հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն միտքը, որ յուրաքանչյուր հիվանդություն կամ ախտանիշ ունի իր պատճառը, բավականին հին է։ Արկադիայի բնակիչները մ.թ.ա երրորդ հազարամյակի կեսին համարում էին, որ եթե ինչ-որ մեկը հիվանդանում է, ապա ինքն է մեղավոր, որովհետև մեղք է գործել։

Ներկայումս էթիոլոգիական գործոնները բաժանում են երկու տեսակի՝ ժառանգական և ձեռքբերովի։ Այն միտքը, որ յուրաքանչյուր հիվանդություն ունի իր պատճառը, առաջացել է ինֆեկցիաների և մեկ գենի մուտացիայով պայմանավորված հիվանդությունների ուսումնասիրության արդյունքում և չի կարող կիրառվել շատ հիվանդությունների դեպքում։ Փաստացի, բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ աթերոսկլերոզը և չարորակ ուռուցքները բազմապատճառային են և առաջանում են գենետիկորեն նախատրամադրված օրգանիզմի վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության պատճառով[1]։

Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաթոգենեզը բջջում կամ հյուսվածքում կատարվող իրար հաջորդող երևույթների ամբողջություն է, որոնք առաջանում են էթիոլոգիական գործոնի ազդեցության պատճառով։ Նույնիսկ, երբ հայտնի է հիվանդության պատճառը, մինչ հիվանդության արտահայտվելը կան դեռ բազմաթիվ փուլեր։ Օրինակ՝ մուկովիսցիդոզի (ցիստիկ ֆիբրոզ) բնույթը հասկանալու համար բավարար չէ միայն մուտանտ գենը իմանալը, նաև հարկավոր է բիոքիմիական և մորֆոլոգիական պրոցեսների իմացությունը, որոնք բերում են կիստաների և ֆիբրոզի զարգացմանը թոքերում, ենթաստամոքսային գեղձում և այլ օրգաններում։

Մոլեկուլյար և մորֆոլոգիական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունկցիոնալ խանգարումներ և կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Վիրխով

Գենետիկ, բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունները բջջում և հյուսվածքներում առաջացնում են որոշակի ֆունկցիաների խանգարում, ինչը բերում է կլինիկական պատկերի առաջացման (ախտանիշներ և նշաններ)։ Կարելի է ասել, որ բոլոր հիվանդությունները սկիզբ են առնում բջջում մոլեկուլյար և կառուցվածքային փոփոխություններից։ Այս տեսությանը սկիզբ է դրել Ռուդոլֆ Վիրխովը 19-րդ դարում, ով հայտնի է որպես ժամանակակից պաթոլոգիայի հայր։ Հիվանդությունները հասկանալու համար շատ կարևոր է բջջի վնասման մեխանիզմների հասկանալը[2]։

Ախտաբանության բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ախտաբանական լաբորատորիա

Ախտաբանական անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական անատոմիան ուսումնասիրում է մարդու բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցվածքի փոփոխությունները հիվանդությունների ժամանակ։ Այդ դեպքերում, ախտորոշումը ճշտելու նպատակով, հետազոտվում են վիրահատությունների ժամանակ մարդու օրգանիզմից հեռացված առանձին օրգանները կամ հիվանդ մարդուց, դիակից վերցրած օրգանների մասերը։

Ախտաբանական ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական ֆիզիոլոգիան հետազոտում է ախտաբանական գործընթացների առաջացման և ընթացքի օրինաչափությունները, ֆունկցիոնալ խանգարումները, պաշտպանական և հարմարվողական հակազդեցությունները՝ առավելապես կենդանիների վրա (փորձարարական ախտաբանություն)։ Հիվանդությունների ժամանակ կենսաքիմիական գործընթացները և նյութափոխանակության խանգարումները ախտաբանաքիմիայի և մոլեկուլային ախտաբանության ոաումնասիրության առարկան են։ Սակայն այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ հյուսվածքների, բջիջների և դրանց գործունեության փոփոխությունները սերտորեն կապված են միմյանց։ Ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան դասավանդվում են բժշկական բուհերում և ուսումնարաններում։ Դրանք բժշկական մտածողության, հիվանդության էությունը բացահայտելու հիմքն են։

Համեմատական ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոլեյկոմիա ունեցող հիվանդի ոսկրածուծի քսուք, որում երևում է բազմակորիզ էրիթրոբլաստ՝ մեգաբլաստոիդ կորիզային քրոմատինով

Համեմատական ախտաբանություն հետազոտում է մարդու և կենդանիների հիվանդությունների առաջացման և ընթացքի օրինաչափությունները՝ դրանց համադրմամբ։

Տարբերում են մասնագիտական ախտաբանություն, որի խնդիրն այս կամ այն արտադրությունում աշխատողների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ներգործության ուսումնասիրությունն է, ինչպես նաև աշխարհագր. ախտաբանություն, որն ուսումնասիրում է աշխարհագր. պայմանների ազդեցությունն այս կամ այն հիվանդության առաջացման վրա։

«Ախտաբանություն» հասկացությամբ նշում են օրգանների (լյարդ, նյարդային համակարգ և այլն) հիվանդագին փոփոխությունները, օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր հասակային խանգարումները (հասակային ախտաբանություն) և այլն։

Ախտաբանությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային։ Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը)։ 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ Ազգային առողջապահության ինստիտուտ) ինստուտում։ ԵԲՀ-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան)։ 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Основы патологии заболеваний по Роббинсу и Котрану. Москва: Elsevier Inc., ООО «Логосфера». 2008, 2014. ISBN 978-5-98657-052-5. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Robbins & Cotran Pathologic Basis of Disease 9th Edition. Canada: Elsevier Inc. 2015. ISBN 978-1-4557-2613-4. {{cite book}}: |first= has generic name (օգնություն); |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 202
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։