Jump to content

Հիստերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիստերիայի բուժումը ջրային մերսումով

Հիստերիա (հին հունարեն՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին արգանդի ախտահարման հետևանք[1][2]), նևրոզների խմբի հիվանդություն, բնորոշվում է հոգեկան աշխարհի, շարժողական ոլորտների, զգացողության և ներքին օրգանների գործունեության բազմատեսակ խանգարումներով։ Ժամանակակից բժշկության մեջ հիստերիա աշխտորոշումը համարյա չի օգտագործվում[3]։ Այն փոխարինվել է այլ ախտորոշումներով ինչպիսիք են՝ էպիլեպսիա, անձի հիսթերիկ խանգարում[4]։

Ըստ Իվան Պավլովի հիստերիան զարգանում է, երբ կենտրոնական նյարդային համակարգում դրդման գործընթացները գերակշռում են արգելակման գործընթացներին։ Գլխուղեղի կեղևի թուլությամբ և առաջին ազդանշանային համակարգի գերակշռությամբ է պայմանավորված ռեակցիաների քաոսայնությունը, դյուրագրգռությունը, իմպուլսիվությունը և այլն։

Հիստերիան դրսևորվում է հիստերիկ բնավորությամբ, հիստերիկ նոպաներով, գիտակցության հիստերիկ և ներքին օրգանների ֆունկցիաների խանգարումներով։ Հիստերիկ բնավորությամբ անձանց հատուկ է հոգեկան ոլորտի անկայունությունը, քմահաճությունը, փոփոխական հակումները, հուզականությունը, հակասական արարքները, սեթևեթանքը, սեփական ոչ լիարժեքության զգացումը, ուշադրություն գրավելու և շրջապատում որևէ դեր խաղալու ձգտումը, մտացածինը որպես իրականություն ըմբռնելը, բանականությունը և կամքը աֆեկտիվ (գերհուզիչ, գերզգայական) գրգիռներին ենթարկելը, շրջապատի հանդեպ դյուրափոփոխ վերաբերմունքը, համակրանքի և հակակրանքի ակնթարթային հերթափոխությունը։ Հոգեկան գործունեության խանգարումներն արտահայտվում են պսիխոտիկ երևույթներով, առաջանում է գերգրգռվածություն, ընկճվածություն, անշարժություն, շրջապատի հանդեպ անտարբերություն, կամային խանգարումներ։

Հաճախ առաջանում են պարոքսիզմային և հիստերիկ նոպաներ, որոնք սովորաբար սկսվում են որևէ գրգռող առիթից։ Հիստերիկ մեծ նոպայի դեպքում հիվանդը նախօրոք փնտրելով հարմար տեղ (իրեն չվնասելու համար)՝ ճչոցով վայր է ընկնում, ուժեղ սեղմում կոպերը (բիբերի ռեակցիան լույսի հանդեպ պահպանվում է), պոկում է մազերը, լաց է լինում, դեմքի մկանները և ձեռքերը ցնցվում են։ Առաջանում են գիտակցության խանգարման արտաքին նշաններ կամ լրիվ կորուստ։ Երբեմն հիստերիայի նոպան կարող են համարել էպիլեպտիկ նոպա։ Սակայն հիստերիայի նոպաները երբեք չեն հանգեցնում մարմնական ծանր վնասվածքների։ Զգացողության խանգարումներն ընդգրկում են մարմնի կեսը, երբեմն աոանձին վերջույթներ կամ դեմքը։ Նկատվում են շարժողության, խոսքի ֆունկցիոնալ փոփոխություններ, ժամանակավոր կուրություն և համրություն, ստամոքս–աղիքային, սիրտ–անոթային, շնչառական և միզասեռական համակարգերի խանգարումներ։ Ծանր դեպքերում առաջանում է գիտակցության մթագնում, որն ուղեկցվում է տեսողական վառ հալուցինացիաներով, զառանցանքներով։

Միջնադարյան ժամանակաշրջանում «թափառող արգանդի» այս գաղափարը, ինչպես նաև բուժման մեթոդները շարունակում էր գոյություն ունենար։ Կար նաև այն գաղափարը, որ հիվանդի արգանդում հեղուկ է առաջանում, որը անհրաժեշտ էր մաքրել՝ կին-հիվանդին բուժելու համար։ Ինքնաբուժությունը, որոնցից է ձեռնաշարժությունը, խորհուրդ չէր տրվում և համարվում էր տաբու։ Ամուսնությունը, և, հետևաբար, կանոնավոր սեռական հարաբերությունները համարվում է լավագույն երկարաժամկետ բուժման տարբերակը[5]։

Հոգեբանական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիստերիան հաճախականությամբ երկրորդ տարածված նևրոզն է՝ նևրասթենիայից հետո. ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ։ Հոգեբուժական հարացույցում հիստերիան առանձին նոզոլոգիական միավոր է՝ իրեն բնորոշ բազմապատճառ և փոփոխական սիմպտոմատիկայով, որը կարող է ներկայացվել առանձին խմբերով. աֆֆեկտիվ խանգարումներ, բեմական վարք, շարժողական, զգայական և վեգետատիվ-վիսցերալ խանգարումներ, հոգեծին ամենազիաներ և այլն։ Բնորոշ է ապրումների դեմոնստրատիվությունը, շինծու բնույթը, նրանց իրավիճակային պայմանավորվածությունը։ Էգոցենտրիկ են, կամակոր, հավակնոտ, թողնում են ինֆանտիլի տպավորություն։

Հիստերիայի կանխարգելումն ու բուժումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիստերիայի կանխարգելումը. ճիշտ դաստիարակություն ընտանիքում, դպրոցում և հասարակական միջավայրում։

Հիստերիայի բուժումը. հոգեթերապիա, աշխատանքային թերապիա, մտավոր-կամային մարզում, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ, ֆիզիոթերապևտիկ ընթացակարգ։ Հիստերիայի դեպքում, որպես կանոն, աշխատունակությունը պահպանվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Платон. Тимей = Τίμαιος. — Աթենք, 360 год до н. э.. — С. 91c.
  2. M.D.T. de Bienville. Нимфомания, или Трактат о бешенстве матки = La nymphomanie ou traité de la fureur utérine. — Ամստերդամ, 1771. — 198 с.
  3. Approaching Hysteria
  4. Slater, Eliot (1965 թ․ մայիսի 29). «Diagnosis of "Hysteria"». British Medical Journal. 1 (5447): 1395–1399. ISSN 0007-1447. PMC 2166300. PMID 14286998.
  5. Maines, Rachel (1999). The technology of Orgasm: ‘Hysteria’, the Vibrator, and Women’s Sexual Satisfaction. Baltimore: The Johns Hopkins University Press.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 424