Տաբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տաբու (պոլինեզ․՝ արգելք), նախնադարյան համայնական հասարակության մեջ տարածված և սրբագործված արգելքների համակարգ, որոնց խախտումն իբր ենթակա է «գերբնական ուժերի» պատժին։ Տաբուի սովորույթն առաջին անգամ (1771) Տոնգա կղզու (Պոլինեզիա) բնիկների օրինակով նկարագրել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը։ Հետագա ուսումնասիրություններից պարզվեց, որ տաբուի սովորույթները տարածված են եղել աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Տաբուացվել են մարդիկ, կենդանիներ, իրեր, տեղեր, գործողություններ, բառեր և այլն։ Նյութական առարկայի տաբուացման ցայտուն օրինակ է ուտեստային արգելքը՝ սկսած տոտեմին ուտելու արգելքից մինչև քրիստոնեական և իսլամական պահեցողությունները (պասքեր)։ Տաբուացմամբ երաշխավորվել են սրբավայրերի, տաճարների, բնակարանների անձեռնմխելիությունը, ամրապնդվել համայնքի անդամների իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել թաղման կանոնները, սննդի բաժանումը առաջնորդների, զինվորների, կանանց, երեխաների միջև և այլն։ Սեռատարիքային տաբուն հանրությունը խստորեն բաժանել է ամուսնական խմբերի և դրանով իսկ բացառել սեռական հարաբերությունները մերձավոր արյունակիցների միջև։ Զարգացման համեմատաբար ավելի բարձր աստիճանում հասարակության ներքին և արտաքին հակասությունները ցայտունորեն դրսևորվել են նաև տաբուի համակարգում, խստորեն տաբուացվել են առաջնորդները, քրմերը, զինվորները, նրանց իրերը։ Հայտնի են նույնիսկ անունների (աստվածների, ոգիների, առաջնորդների, ննջեցյալների) արտասանման արգելքները (օրինակ, Եհովա աստծու «անասելի անունը»)։ Տաբուի համակարգն առանձնապես զարգացած է եղել Պոլինեզիայում, որտեղ այն փոխարինել է պետական օրենքին։ Պոլինեզիայում «գերբնական պատիժը» փոխարինվել է իրական պատժով․ տաբուն խախտողները ենթարկվել են մարմնական խիստ պատիժների, անգամ՝ մահվան։ Կրոնական արգելքի խախտման համար «քարկոծությամբ սպանելու» պատվիրանը հաճախ է կրկնվում նաև Հին կտակարանում։ Ուշ կամ զարգացած կրոններում տաբու հասկացությունը մոտավորապես համապատասխանում է «մեղքի» գաղափարին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 538 CC-BY-SA-icon-80x15.png