Զգայական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերլուծիչի աշխատանքը
Աչքը՝ տեսողության վերլուծիչ
Լեզու
Ականջ

Զգայական համակարգ (կենսաբանություն), վերլուծիչներ, բարձրակարգ կենդանիների և մարդու անատոմա-ֆիզիոլոգիական բարդ համակարգեր, որոնք ընդունում և նուրբ վերլուծության են ենթարկում արտաքին ու ներքին միջավայրի բոլոր գըրգիռները։ Ֆիզիոլոգիայում անալիզատոր հասկացությունը մտցրել է ռուս գիտնական Ի.Պ. Պավլովը (1909

Յուրաքանչյուր անալիզատոր բաղկացած է ծայրամասային ընկալող հարմարանքից՝ ընդունիչից, գրգիռը կենտրոնական նյարդային համակարգ փոխանցող հաղորդիչ ուղուց ե գլխուղեղի կեղեում տեղակայված բարձրագույն կենտրոնից, որտեղ նյարդային գրգիռը վերածվում է զգայունության։ Անալիզատոր են զգայարանները (լսողության, տեսողության, համի, շոշափելիքի, հոտառության) ե ներքին օրգանների ու մկանների հատուկ ընդունիչ գոյացությունները։

Անալիզատորի որոշ ընդունիչներ գրգիռներն ընկալում են տարբեր հեռավորությունից («դիստանտ ընդունիչներ»), մյուսները՝ միայն հպվելով («կոնտակտային ընդունիչներ»)։ Անալիզատորի համընդհանուր գործունեությամբ ապահովվում է կենդանական օրգանիզմների ճշգրիտ և նյարդային հարմարվողականությունը միջավայրի պայմաններին։ Անալիզատորի գործունեության ուսումնասիրությունն ունի տեսական ե գործնական նշանակություն ֆիզիոլոգիայի, փիլիսոփայության, հոգեբանության, բժշկության, ինչպես նաև տեխնիկայի առաջընթացի համար։ Տեխնիկայում անալիզատորով զբաղվում է ինժեներական հոգեբանությունը։

Կառավարող կետերում ինչպես տեղադրել սարքերը, ինչ գույնի, չափի, ձևի, հաճախականության ե ուժի ազդանշաններ ընտրել, որպեսզի դրանք ավելի արագ ու ճիշտ ընկալեն (օդաչուները, տիեզերագնացները, դիսպետչերները, օպերատորները)։ Տարբեր պայմաններում, ինչպիսին է մարդու ընկալման սահմանային ընդունակությունը ե ինչպես է այն փոխվում մարդու վիճակի ու պայմանների փոփոխության դեպքում՝ ահա այն պրոբլեմները, որոնք կապված են անալիզատորի ուսումնասիրության հետ։

Շրջապատող միջավայրի ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական նյարդային համակարգն արտաքին աշխարհի և օրգանիզմի ներքին միջավայրի վիճակի մասին տեղեկատվություն է ստանում հատուկ մասնագիտացված գոյացություններով՝ ընկալիչներով (ռեցեպտորներով)։ Բարձրակարգ կենդանիների և մարդու օրգանիզմում ընկալիչի դեր են կատարում մաշկում,լորձաթաղանթներում, ներքին օրգաններում, արյունատար անոթների պատերում տեղակայված բազմաթիվ նյարդային վերջույթները, մասնագիտացված բջիջները և զգայարանները՝ աչք,ականջ,լեզու, քիթ, անդաստակային ապարատ։ Այդ օրգաններից յուրաքանչյուրն ընկալում է միայն որոշակի գրգիռներ.աչքն ընկալում է լույսի ճառագայթներ, ականջը՝ ձայնային տատանումներ, մաշկը՝ ցավ, հպում, ճնշում, ջերմություն։ Սակայն զգայարանները կարող են գրգռվել նաև նրանց վրա շրջապատող միջավայրի ոչ յուրահատուկ ներգործությունից։ Այսպես, աչքի ուժեղ հարվածից առաջանում է լույսի բռնկման զգացում։ Զգայարաններն արտաքին միջավայրի ազդանշաններով (ձայն, լույս, հոտ) փոխարկվում են նյարդային ազդակի, որը զգացող նյարդաթելերով հաղորդվում է մեծ կիսագնդերի կեղևի որոշակի գոտի, որտեղ կատարվում է դրանց վերջնական վերլուծությունը և զանազանումը։ Ստացված ազդանշանները կեղևը վերամշակում է և պատասխան հրահանգներ ուղարկում կատարող օրգաններին։ Ընկալիչները, հաղորդող նյարդերը և կեղևի համապատասխան գոտին կազմում են միասնական ամբողջություն, որը Ի.Պ. Պավլովն անվանել է վերլուծիչ (անալիզատոր)։

Վերլուծիչի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած վերլուծիչ կազմված է երեք հիմնական բաժիններից՝ ծայրամասային, հաղորդող և կենտրոնական։ Ծայրամասային բաժինը կազմում են զգացող նյարդային վերջույթները, ընկալիչները, որոնք ընդունում են որոշակի գրգիռներ և վերափոխում նյարդային ազդակի։ Հաղորդող բաժինը զգացող նյարդաթելերն ու համապատասխան վերընթաց հաղորդչական ուղիներն են, որոնք նյարդային ազդակները հաղորդում են գլխուղեղի բաժիններին։ Կենտրոնական բաժինը, կամ, ինչպես նշել է Ի.Պ. Պավլովը, ուղեղային բաժինը, կազմում է կիսագնդերի կեղևի համապատասխան գոտին։ Օրինակ, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը աչքն է, հաղորդող ուղին՝ տեսողական նյարդը, կենտրոնական բաժինը՝ մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային բիլթը։ Վերլուծիչի երեք բաժիններից որևէ մեկի վնասման դեպքում կորչում է գրգիռներ ընդունելու և տարբերելու ընդունակությունը։

Մարմնի յուրաքանչյուր հատվածում տեղադրված են տարբեր տեսակի ընկալիչներ, օրինակ, բերանի խոռոչում տեղակայված են ոչ միայն համազգաց, այլև շոշափական, ջերմազգաց, ցավազգաց ընկալիչներ։ Ուստի առաջանում են ոչ թե առանձին, այլ զգայությունների զուգակցումներ, և վերլուծիչներն աշխատում են սերտ փոխներգոծված։

Շրջապատող աշխարհի ընկալումը պայմանավորված է բազմաթիվ ընկալիչների համաձայնեցված գործունեությամբ։

Ընկալիչների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրգռիչի հետ փոխազդեցության բնույթից կախված տարբերում են արտաքին ընկալիչներ, որոնք ընդունում են արտաքին միջավայրի փոփոխությունները (տեսողական, լսողական ընկալիչներ), և ներքին, որոնք ընկալում են օրգանիզմի ներքին միջավայրից եկող ազդակները (մկանահոդային և ներքին օրգանների ընկալիչներ)։

Ընկալիչները դասակարգվում են՝

  • ըստ տեղադրության՝ արտաքին ընկալիչներ (էքստերոռեցեպտորներ) և ներքին ընկալիչներ (ինտերոռեցեպտորներ)։

Էքստերոռեցեպտորներ են տեսողական, լսողական, հոտառական, համի և շոշափական ընկալիչները։ Ինտերոռեցեպտորների խմբին են դասվում ընղերաընկալիչները, որոնք ազդանշանում են ներքին օրգանների վիճակի մասին և մկանահոդային սեփական ընկալիչները (պրոպրիոցեպտորները), որոնք ազդանշանում են մկանների և հոդերի վիճակի մասին։

  • ըստ ազդանշանի ազդման հեռավորության ընկալման բնույթի՝ հպումային և հեռազգաց (դիստանտային)։

Հպումային են համարվում համի ընկալիչները, իսկ հեռազգաց ընկալիչները (տեսողական, հոտառական, լսողական) տեղեկատվությունը կարող են ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ գրգռիչի աղբյուրից գտնվում են որոշակի հեռավորության վրա։

  • ըստ գրգռիչների բնույթի՝ մեխանաընկալիչներ, ջերմաընկալիչներ, քիմիաընկալիչներ, ձայնաընկալիչներ, լուսաընկալիչներ, ցավազգաց ընկալիչներ։
    • մեխանաընկալիչներ, ընկալում են գրգռիչի մեխանիկական էներգիան։ Մեխանաընկալիչներ են մկանահոդային, լսողական, մարմնական, անդաստակային զգայական համակարգերի ծայրամասային բաժինները
    • ջերմաընկալիչներ, ընկալում են ջերմային գրգիռը, գտնվում են մաշկում,ներքին օրգաններում և լինում են տաքազգաց ու սառնազգաց
    • քիմիաընկալիչներ, զգայում են քիմիական գրգռիչների նկատմամբ, այս խմբին են պատկանում համի, հոտառական, անոթային ընկալիչներ
    • լուսաընկալիչներ, այս խմբին են պատկանում ցանցաթաղանթի տեսողական ընկալիչները
    • ձայնաընկալիչները ներքին ականջի լսողական բջիջներն են
    • ցավազգաց ընկալիչները հիմնականում մերկ նյարդային վերջույթներ են, որոնք ընկալում են ցավային գիգիռները։
  • ըստ ընկալվող գրգռիչների քանակի՝ միաբնույթ և բազմաբնույթ։

Միաբնույթ են համարվում այն ընկալիչերը, որոնք զգայուն են գերազանցապես մեկ տեսակի գրգռիչի նկատմամբ, իսկ բամաբնույթ ընկալիչները դրդվում են տարբեր բնույթի գրգռիչներից։ Արտաքին ընկալիչները հիմնականում միաբնույթ են, իսկ ներքին ընկալիչները՝ գերազանցապես բազմաբնույթ։

  • ըստ կառուցվածքային առանձնահատկություների՝ առաջնազգայական և երկրորդազգայական։

Ի տարբերություն առաջնազգայականի՝ երկրորդազգայական ընկալիչների զգայական նեյրոնի վերջույթի և ազդանշանի ազդման տեղի միջև տեղադրված է մասնագիտացված և նյարդային ծագում չունեցող ընկալչական բջիջ, որում ծագող ազդակը սինապսով հաղորդվում է նեյրոնին։ Առաջնազգայական ընկալիչների խմբին են պատկանում հոտառական, շոշափողական, ջերմազգաց և մկանահողային ընկալիչները։ Երկրորդազգայական են համի, տեսողական, լսողական և անդաստակային համակարգերի ընկալիչները։

Ընկալիչների հարմարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարողական ընդունակությամբ օժտված են գրեթե բոլոր ընկալիչները, բացառությամբ անդաստակայինի և մկանահոդայինի։ Հարմարման (ադապտացիա) օրինակ է վառ և թույլ լուսավորվածության պայմաններում իրականացվող տեսողությունը։ Շատ ուժեղ ձայները կարող են որոշ ժամանակ հետո չլսվել, քանի որ խխունջի ընկալիչներն աստիճանաբար հարմարվում են այդ ձայնին։ Գիշերային լռության մեջ լսելի են այն ձայները, որոնք ցերեկային աղմուկի պայմաններում հնարավոր չէ լսել։ Ձեռքի ժամանացույցն առաջին անգամ օգտագործելիս մաշկի վրա զգում են դրա առկայությունը, ապա աստիճանաբար դադարում են ընկալելուց, քանի որ մաշկի շոշափական մեխանաընկալիչները հարմարվում են։

Վերլուծիչների փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս բազմաթիվ փաստեր հաստատում են մեկ վերլուծիչի դրդման ազդեցությունը մյուսի դրդունակության վրա։ Առօրյա կյանքում մենք հանդիպում ենք վերլուծիչների փոխազդեցության բազմաթիվ օրինակների։ Երաժիշտներին վաղուց հայտնի է, որ նվագախմբի ձայներն ավելի լավ են ընկալվում, եթե համերգասրահը լուսավորված է։ Վատ լսող մարդիկ պնդում են, որ լուսավորության դեպքում իրենք ավելի լավ են լսում։ Այս դեպքում տեսողական ընկալիչների գրգռումը բարձրացնում է լսողական վերլուծիչի զգայությունը։ Հայտնի է նաև, որ որոշ ձայներ առաջացնում են մաշկի վրայով «մրջյունների վազքի» անդուր զգայություն։ Դա պայմանավորված է մաշկային վերլուծիչի դրդունակության բարձրացմամբ։ Վերլուծիչների փոխազդեցությունը կարող է հագեցնել նաև արգելակման։ Օրինակ, ֆիզիկական ուժեղ լարումը թուլացնում է ցավային զգայությունը։ Բավական է ուժեղ սեղմել մատները, և ատամի ցավը բթանում է։ Այս դեպքում շարժողական վերլուծիչի դրդումն առաջացնում է կեղևի այլ շրջանների արգելակում։ Զգայական համակարգում գործում է նաև փոխհատուցման երևույթը.եթե զգայարաններից մեկը չի գործում, մնացած զգայարաններն իրենց վրա են վերցնում նրա գործառույթը։ Օրինակ՝ կույրերի մոտ լավ են զարգացած լսողության և շոշափելիքի զգայարանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 358 CC-BY-SA-icon-80x15.png