Մեծ կիսագնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ կիսագնդերի կեղևի հիմնական բլթերը
Կարմիրը՝ մեծ կիսագնդերի ճակատային բիլթը

Մեծ կիսագնդեր, գլխուղեղի ամենամեծ բաժինն են։ Բաղկացած են գալարապատ մակերեսով գորշ նյութից՝ կեղևից և նրա տակ գտնվող սպիտակ նյութից։ Վերջինիս մեջ տեղադրված են գորշ նյութի կուտակումներ՝ հիմային կորիզներ (ենթակեղևային կենտրոններ)։

Գլխուղեղի կեղևն ունի 3-4 մմ հաստություն, պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջներ ու առավել շատ ուղեկից բջիջներ։ Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ 2200 սմ² է։ Կիսագնդերի կեղևը ծալքավոր է, կան մեծ թվով գալարներ, ակոսներ, որոնք մեծացնում են նրա մակերեսը։ Յուրաքանչյուր կիսագունդ հիմնականում կազմված է 4 բլթերից՝ ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային։

Մեծ կիսագնդերի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի մեծ կիսագնդերը կարգավորում են օրգանների ու նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը, ապահովում օրգանիզմի ու արտաքին միջավայրի փոխհարաբերությունը, մարդու և բարձրակարգ կենդանիների վարքագիծը, նրանց անհատականությունը։ Ռուս ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովն այն անվանել է բարձրագույն նյարդային գործունեություն։ Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին զարգացրել է Է. Հ. Հասրաթյանը։ Ըստ նրա մեծ կիսագնդերի կեղևում ներկայացված են բոլոր ենթակեղևային բաժինները։ Ուստի կեղևն իրականացնում է օրգանիզմի բազմատեսակ ֆունկցիաներն ընդհանրացնող գործունեություն։ Մեծ կիսագնդերի կեղևում տարբերում են տեսողության, լսողության, խոսքի, հավասարակշռության, համի ու հոտի, մաշկային, մկանային զգայությունների կենտրոններ

Մեծ կիսագնդերի բաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկամկանային զգայության գոտին տեղավորված է գլխուղեղի կեղևի հետին կենտրոնական գալարում և ազդակներ է ստանում մարմնի հակառակ կեսից։ Այս գոտու հիմնական մակերեսը զբաղեցնում են ձեռքերից, կոկորդից ու լեզվից հաղորդվող ազդակներն ընկալող նեյրոնները, որը պայմանավորված է վարքագծում տվյալ օրգանի նշանակությունը։ Շարժողական գոտին զբաղեցնում է առջևի կենտրոնական գալարի շրջանը, որի մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին, այլ շարժումների բարդությանը։ Շարժողական գոտու գրգռումն ուղեկցվում է մարմնի հակառակ կեսի շարժումներով, իսկ մեծ մակերեսով նրա ախտահարումն առաջացնում է կաթված։

Տեսողական գոտին տեղադրված է ծոծրակային բլթում։ Նրա նեյրոնների քանակը գերազանցում է այլ զգայական կենտրոնների նեյրոններին։ Այս գոտու որոշ նեյրոնների վնասվելը հանգեցնում է կուրության, իսկ նեյրոնների մեկ այլ խմբի վնասվածքի դեպքում տեսողության պահպանում է, բայց անհետանում է տեսողական հիշողությունը։ Լսողական գոտին տեղադրված է քունքային բլթում։ Նրա երկկողմանի հեռացումն առաջացնում է խլություն։ Հոտառական գոտին տեղադրված է քունքային բլթի ներսի մակերեսին։ Համի զգայարանի ներկայացուցչությունը գտնվում է հետին կենտրոնական գալարի ստորին մասում, որտեղ ուրվագծվում է բերանի խոռոչի ու լեզվի զգայությունը։ Մեծ կիսագնդերի ճակատային և գագաթային բլթերում գտնվող նեյրոններն իրականացնում են տրամաբանական, մտածողության, հիշողությունը, վարքի նպատակահարմար ռեակցիաներ։

Մարդու ուղեղում կան գոյացություններ, որոնք բացակայում են կենդանիների ուղեղում։ Միաժամանակ որոշ բարձրագույն ֆունկցիաներ կատարվում են կիսագնդերի մեկի մասնակցությամբ։ Ձախ կիսագնդի ճակատային բլթում գտնվում է խոսքի շարժողական կենտրոնը, որը կարգավորում է խոսքին մասնակցող մկանների համաձայնեցված գործունեությունը։ Այս կենտրոնի քայքայումից առաջանում է համրություն։ Քունքային բլթում տեղադրված է բառերի իմաստը հասկանալու կենտրոնը։ Նրա վնասումից զարգանում է խոսքի լսողության խլություն։ Գրելու կենտրոնը տեղադրված է ճակատային բլթի հետին մասում, իսկ կարդալու կենտրոնը՝ գագաթային բլթի անկյունային գալարում։ Աջ կիսագունդը մասնակցում է պատկերավոր մտածողության գործընթացներում (դեմքերի ճանաչում, երաժշտական և գեղարվեստական գործունեություն)։

Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։