Jump to content

Տիեզերագնաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկացի տիեզերագնաց

Տիեզերագնաց կամ աստղագնաց, տիեզերանավով կամ օդանավով տիեզերք ուղևորված մարդ։ Մինչև տիեզերք ճամփորդելը, տիեզերագնացը երկար ճանապարհ է անցնում։ Մեծ մասամբ նա կրթությամբ օդաչու է, հաճախ (նաև) գիտնական է։ Տիեզերագնացից պահանջվում է ֆիզիկական և մտավոր բարձր ներուժ։ Նախքան թռիչքը՝ նա երկարատև մարզումներ է անցնում։

Առաջին տիեզերագնացները Երկրի վրա ընդունվում էին որպես հերոսներ։ Վերադարձից հետո նրանք մասնակցում էին շքերթների իրենց պետության և դաշնակից պետությունների մայրաքաղաքներում։ Սա պայմանավորված էր մասնավորապես այն հանգամանքով, որ Սառը պատերազմի ընթացքում տիեզերագնացության ոլորտի նվաճումները գերտերությունների համար (հիմնականում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի) ունեին ռազմական նշանակություն և օգտագործվում էին պրոպագանդական նպատակներով։

Այս ամենը որոշակիորեն փոխվել է Ապոլո նախագծի ավարտից հետո, և հատկապես՝ Սփեյս Շաթլ ծրագրի մեկնարկով, երբ արդեն այնքան մարդիկ էին տիեզերքում հայտնվել, որ դա որոշ չափով սովորական երևույթ էր դարձել։

ԱՄՆ օդուժի սահմանմամբ տիեզերքի «շեմը», սկսվում է 80,5 կմ (50 մղոն) բարձրությունից, իսկ ըստ Օդագնացության միջազգային ֆեդերացիայի (ՕՄՖ)՝ 100 կիլոմետրից։ Այս տարբերության պատճառով, 1962-1968 թթ. X-15 օդանավերով թռիչք կատարած որոշ օդաչուներ ԱՄՆ օդուժի կողմից համարվում են տիեզերագնացներ։ ՕՄՖ-ն այդ օդաչուներին տիեզերագնաց չի համարում, բացառությամբ Ջոզեֆ Ուալկերի, ով երկու անգամ հատել է 100 կիլոմետրը։

Առաջին ամերիկացի կին տիեզերագնացը՝ Սալի Ռայդը։
Նիլ Արմստրոնգը և Դեյվիդ Սքոթը «Գեմինի 8» թռիչքից հետո (1966 թ.)
Հրթիռի մեկնարկին սպասող տիեզերագնացներ

2011 թ. հունիսի 20 դրությամբ, 523 մարդ (32 երկրից) եղել է 100 կմ կամ ավելի բարձր, նրանցից միայն 24-ն են դրանից բացի դուրս եկել նաև Երկիր մոլորակի ուղեծրից (Ապոլո նախագծի տիեզերագրանցները)։

Առաջին տիեզերագնացների ճամփորդությունը տևում էր ընդամենը մի քանի ժամ։ Այժմ դա հաճախ շատ ավելի երկար է՝ կախված տիեզերագնացության նպատակից։ Գիտահետազոտություններ և փորձեր կատարելու նպատակով, տիեզերագնացները հաճախ ամիսներ շարունակ անց են կացնում տիեզերակայանում։ Ամենաերկար տիեզերքում մնացած մարդը՝ Սերգեյ Կրիկալևն է. նա տիեզերքում մնացել է 803 օր, 9 ժամ և 39 րոպե (կամ 2,2 տարի)։

Հայտնի տիեզերագնացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տիեզերքում հայտնված առաջին մարդը խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինն էր։ 1961 թ. ապրիլի 12-ին նա Վոստոկ 1 հրթիռով 108 րոպե անց է կացրել Երկրի մթնոլորտից դուրս։
  • Երկրորդ մարդը տիեզերքում ամերիկացի Ալան Շեպարդն էր։ 1961 թ. մայիսի 5-ին նա Մերկուրի MR-3 հրթիռով այսպես կոչված բալիստիկ թռիչք կատարեց կարողանալով հաղթահարել 100 կմ սահմանը
  • Երրորդ մարդը՝ Վիրջիլ Գրիսոմը, նույնպես ամերիկացի էր։ Մերկուրի MR-4-ով նա բալիստիկ թռիչք է կատարել 1961 թ. հուլիսի 21-ին։
  • Չորրորդ մարդը տիեզերքում ռուս Գերման Տիտովն էր։ Տիեզերքում գտնվելու 24 ժամվա ընթացքում նա տասնյոթ պտույտ գործեց Երկրի շուրջ։
  • Ջոն Գլենը երրորդ ամերիկացին էր տիեզերքում։ Նա առաջին ամերիկացին էր, որ պտույտ գործեց Երկրի շուրջ։ Ջին Գլենը տիեզերք է թռել նաև 1988 թ, հոկտեմբերի 29-ին՝ Դիսքավերի տիեզերանավով՝ դառնալով ամենատարեց տիեզերագնացը (77 տարեկանում)։
  • Առաջին կինը տիեզերքում Վալենտինա Տերեշկովան էր։ 1963 թ. հունիսի 16-ին նա թռիչք կատարեց Վաստոկ 6 տիեզերանավով։ 19 տարի շարունակ նա միակ կին տիեզերագնացն էր։ 1982 թ. օգոստոսի 19-ին Սվետլանա Սավիցկայան դարձավ երկրորդ կին տիեզերագնացը։
  • Բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը Ալեքսեյ Լեոնովն էր՝ 1965 թ. մարտի 18-ին։
  • Առաջին ամերիկացի կին տիեզերագնացը Սալի Ռայդն էր։ 1983 թ հունիսի 18-ին նա մասնակցել է Սփեյսշաթլ Չալենջերի թռիչքին։
  • Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը ամերիկացի Նիլ Արմստրոնգն էր 1969 թ. հուլիսի 21-ին։ Նրա հետ միասին Լուսին է իջել Էդվին Ալդրինը, իսկ այդ ընթացքում Լուսնի շուրջ պտտվող «Հրահանգող և սպասարկող մոդուլի» մեջ նրանց սպասում էր Մայքլ Քոլինսը։
  • Մեկ այլ լուսնագնաց՝ Ջեյմս Իրվինը Երկիր վերադառնալուց հետո դարձել է ավետարանիչ և երկար տարիներ փնտրել է Նոյան տապանը Արարատի գագաթին։
  • Առաջին եվրոպացի տիեզերագնացը (որ նաև առաջին ոչ-ամերիկացի կամ խորհրդային տիեզերագնացն էր) չեխ Վլադիմիր Ռեմեկն էր։ Նա տիեզերք է ուղևորվել 1978 թ. մարտի 2-ին Սոյուզ 28 հրթիռով և համարյա մեկ օր անց է կացրել ռուսական Սալյուտ 6 տիեզերակայանում։
  • Հայազգի առաջին տիեզերագնացը ամերիկացի Ջեյմս Բաղյանն էր։ 1989 թ. մարտի 13-ին նա թռիչք է կատարել Դիսքավերի տիեզերանավով։
  • Յուրի Մալենչենկոն 2003 թ. օգոստոսի 10-ին, գտնվելով Միջազգային տիեզերակայանում ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվում էր Հյուսթոնում։
  • Առաջին չինացի տիեզերագնացը Յանգ Լիվեյն էր։ Նա տիեզերք է թռչել 2003 թ. հոկտեմբերի 15-ին Շենժու 5-ով։ Դրանով Չինաստանը դարձավ երրորդ պետությունը, որ սեփական միջոցներով մարդատար տիեզերանավ էր տիեզերք դուրս բերում։
  • Առաջին զբոսաշրջիկ տիեզերագնացը Դենիս Տիտոն էր։ Նա 2001 թ. ապրիլի 28-ին Սոյուզ TM-32 տիեզերանավով ուղևորվել է Միջազգային տիեզերակայան։
  • Առաջին մասնավոր տիեզերագնացը Մայքլ Մելվինլն էր։ Նա տիեզերք է թռչել ՍփեյսՇիփՈւան տիեզերանավով, որը առանց պետական աջակցության կառուցվել է Սքեյլդ Կոմպոսայթս ընկերության կողմից։