Բնավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնավորություն անհատական կայուն հատկությունների համագումար, որոնցում արտահայտվում են անձի վարքի միջոցներն ու հուզական արձագանքման միջոցները։ Մարդու մոտ բնավորության առկայությունը ենթադրում է կյանքում նրա համար նշանակալից ինչ-որ բանի առկայություն, ինչից կախված են նրա արարքների դրդապատճառները, գործողությունների նպատակները, խնդիրները։ Բնավորության առանձնահատկությունն այն է, որ վերջինս միշտ դրսևորվում է գործունեության մեջ, այլ մարդկանց հետ հարաբերություններում։ Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, ընդ որում մարդու կենսաձևը, հասարակական պայմանները և կոնկրետ կենսական հանգամանքները կարևոր դեր են խաղում այդ գործընթացում։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորությունը ձևավորվում է մարդու կյանքի ընթացքում։ Նրա ծագման աղբյուրներն ու առաջին դրսևորումները պետք է փնտրել կյանքի ամենասկզբում։

Երեխայի բնավորության ձևավորման մեջ հիմնական դեր է խաղում նրա շփումը շրջապատի մարդկանց հետ։ Իրեն բնորոշ արարքներում և վարքի ձևերում երեխան առաջին հերթին ընդօրինակում է իր մոտիկներին։ Ընդօրինակման և հուզական ամրապնդման միջոցով նա յուրացնում է մեծահասակների վարքի ձևերը։

Բնավորության կայացման համար սենզիտիվ փուլը կարելի է համարել 2-3 տարեկանից մինչև 9-10 տարեկանը, երբ երեխաները բավական շատ և ակտիվ հաղորդակցվում են շրջապատող մեծահասակների, ինչպես նաև տարիքակիցների հետ։ Այս փուլում նրանք բաց են ազդեցության համար։ Այս տարիքում մեծահասակներն օգտվում են երեխայի վստահությունից, հնարավորություն ունեն ազդելու նրանց վրա խոսքով, արարքով, ինչն էլ բարենպաստ պայման է ստեղծում անհրաժեշտ վարքային ձևերի ամրապնդման համար։

Երեխայի բնավորության կայացման համար կարևոր են մեծահասակների՝ միմյանց հետ հաղորդակցվելու ոճը, ինչպես նաև երեխային մեծահասակի դիմելու միջոցը։ Առաջին հերթին, դա վերաբերում է ծնողներին։ Այն, թե ինչպես են նրանք վերաբերվում երեխային, շատ տարիներ հետո դառնում է իր երեխաների հետ նրա դիմելու միջոցը։

Մարդու բնավորության մեջ ամենից առաջ ամրապնդվում են այնպիսի գծեր, ինչպիսիք են բարությունը, շփվողականությունը, զգայունությունը և նրանց հակադիր որակները՝ եսասիրություն, անտարբերություն մարդկանց նկատմամբ։ Կան տվյալներ, որ այս գծերի ձևավորման սկիզբը տարիքն է։

Աշխատանքի մեջ առավել վառ դրսևորվող բնավորության գծերը՝ բարեխղճություն, պատասխանատվություն, աշխատասիրություն, ձևավորվում են վաղ մանկության և նախադպրոցական տարիքում։ Նրանք ձևավորվում և ամրապնդվում են երեխային հասանելի տնային աշխատանքի ձևերում։ Նրանց ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողնում մեծահասկաների խրախուսանքը։

Դպրոցական սկզբնական տարիներին ձևավորվում են մարդկանց հետ հարաբերություններում դրսևորվող բնավորության գծերը։ Դրան նպաստում է երեխայի հաղորդակցման ոլորտի ընդլայնումը։ Եթե այն, ինչ երեխան՝ որպես անձ, ձեռք է բերել ընտանիքում, աջակցություն է ստանում դպրոցում, ապա համապատասխան բնավորության գծերը ամրապնդվում են և հիմնականում պահպանվում հետագայում։

Դեռահասության տարիքում զարգանում և ամրապնդվում են բնավորության կամային գծերը, վաղ պատանեկությունում՝ բազային բարոյական որակները, անձի աշխարհայացքի հիմքերը։ Դպրոցն ավարտելիս կարելի է համարել, որ երեխայի բնավորությունը հիմնականում ձևավորված է։

Պետք է նշել, որ բնավորությունը ձևավորվում և ձևափոխվում է մարդու ողջ կյանքի ընթացքում։ Բայց այնպիսին, ինչպիսին նա դառնում է ժամանակի ընթացքում, պայմանավորված է նրանով, թե ինչպիսին է նա եղել նախկինում։

Ակնհայտ է, մարդն ինքն է մասնակցում իր բնավորության մշակմանը, քանի որ բնավորությունը ձևավորվում է՝ կախված աշխարհայացքից, համոզմունքներից և վարքի բարոյական սովորույթներից, արարքներից, այսինքն՝ մարդու ամբողջ գիտակցական գործունեությունից, որում բնավորությունը ոչ միայն դրսևորվում է, այլև ձևավորվում։ Մարդու բնավորությունն, իհարկե կախված է օբյեկտիվ հանգամանքներից, բայց հանգամանքներն իրենք էլ փոխվում են մարդու արաքների արդյունքում. մարդն ինքն է մասնակցում իր բնավորության մշակմանը և ինքն է նրա համար պատասխանատվություն կրում։

Բնավորության ինքնադաստիարակությունը ենթադրում է, որ մարդն ունակ է ինքնաքննադատորեն մոտենալու իրեն, տեսնելու իր թերությունները, ինչը թույլ կտա առանձնացնելու այն գծերը, որոնցից կցանկանար ազատվել։ Բնավորության դաստիարակության մեջ մեծ դեր ունեն մեծերը։ Ընդ որում, ընդօրինակման առարկան պետք է իրական լինի։ Բնավորության ձևավորման վրա ակտիվ ազդեցություն է թողնում հասարակական գործունեությունը, այն առաջացնում է պատասխանատվություն, պարտքի զգացում, կազմակերպվածություն։ Բնավորության ձևավորման արդյունավետ միջոց է աշխատանքը։ Ուժեղ բնավորություն ունեն այն մարդիկ, ովքեր մեծ խնդիրներ են դնում աշխատանքում և հասնում դրանց լուծմանը։

Բնավորության ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորության ուսումնասիրության փորձեր իրականացվել են անհիշելի ժամանակներից։ Ձևավորվել է ինքնուրույն գիտություն բնավորության մասին, որն ունի զարգացման երկարատև պատմություն։ Վերջինիս կարևոր խնդիրը բնավորության տիպերի առանձնացումն է և նրանց սահմանումն արտաքին դրսևորումների հիման վրա։

Բնավորության տիպաբանություն, որպես կանոն, հիմնվում է որոշակի տիպական գծերի վրա։ Տիպական են այն գծերն ու բնավորության դրսևորումները, որոնք ընդհանուր են և հատկանշական մարդկանց որոշակի խմբի համար։ Բնավորության բոլոր տիպերը բխում են ընդհանուր գաղափարներից.

  • Մարդու բնավորությունը ձևավորվում է օնտոգենեզում հարաբերականորեն վաղ և կյանքի մնացած ընթացքում դրսևորվում է որպես այս կամ այն չափով կայուն, անձնային կազմավորում։
  • Մարդու բնավորության մեջ մտնող անձնային գծերի համադրությունը պատահական չէ։
  • Մարդկանց մեծամասնությունը՝ իրենց բնավորության հիմնական գծերի համապատասխան, կարող է բաժանվել տիպական խմբերի։

Պետք է նշել, որ բնավորության տիպաբանություն ստեղծելու փորձերը ոչ միշտ հիմնված գիտական մեթոդների վրա։ Այսպիսի փորձերից մեկը բնավորության և մարդու արարքների բացատրումն է նրա ծննդյան թվով։ Որոշ դեպքերում բնավորությունը կապում են նաև մարդու անվան հետ։

Բնավորության ուսումնասիրման վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆիզիոգնոմիկան. ուսմունք մարդու արտաքին կերպարանքի և անձի որոշակի տիպին պատկանելիության կապի մասին։ Այս ուսմունքի գլխավոր գաղափարն այն է, որ արտաքին հատկանիշների հիման վրա կարող են տրվել մարդու հոգեբական բնութագրերը։

Որպես բնավորության ուսումնասիրման առանձին ուղղություն այն մոտեցումն է, որը մարդու առանձնահատկությունները որոշում է մարմնի դիրքերով։ Կարևոր դեր է ունեցել հիրոմանտիան՝ բնավորության գծերի և մարդու ճակատագրի կանխատեսում ափի ռելիեֆի միջոցով։ Երբեմն բնավորության ուսումնասիրման համար օգտագործվում են գրաֆոլոգիական (ձեռագրաբանական) տվյալներ։ Կասկած չկա, որ յուրաքանչյուր մարդ օժտված է իրեն հատուկ ձեռագրով։ Այս փաստը թույլ է տալիս դիտարկել բնավորության և ձեռագրի միջև։

Բնավորության ուսումնասիման հետաքրքիր նկարագրություններ ծագել են սահմանային մի ոլորտում՝ հոգեբանության և հոգեբուժության միջև։ Այս տեսանկյունից հայտնի են Կրեչմերի, Յունգի, Լեոնգարդի, Լիչկոյի, Գանուշկինի աշխատանքները։

Բնավորության ակցենտուացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորության տիպաբանության գրեթե բոլոր հեղինակները ընդգծել են բնավորության արտահայտվածության տարբեր աստիճանի մասին։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է առանձնացնել երեք գոտիներ, որոնք արտացոլում են բնավորության դրսևորումների ինտենսիվությունը։

  1. «Նորմալ» բնավորություններ
  2. Արտահայտված բնավորություններ՝ ակցենտուացիաներ
  3. Խիստ շեղված բնավորություններ՝ պսիխոպաթիաներ։

Այս կերպ, բնավորության ակցենտուացիները դիտարկվեն որպես նորմայի ծայրահեղ տարբերակներ, որոնք իրենց հերթին, բաժանվում են բացահայտ և թաքնված ակցենտուացիաների։ Ակցենտուացված բնավորության առաջին ուսումնասիրություններն իրականացվել են հոգեբուժության մեջ։ «Ակցենտուացիա» հասկացությունը ներմուծվել է Կառլ Լեոնգարդի կողմից։ Ըստ նրա՝ անձի ակցենտուացիաներն, առաջին հերթին, դրսևորվում են այլ մարդկանց հաղորդակցության մեջ։ Դրա համար էլ գնահատելով հաղորդակցության ոճերը՝ կարելի է առանձնացնել ակցենտուացիաների որոշակի տիպեր։

Կարլ Լեոնգարդի դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիպերտիմ տիպ. նրան բնութագրում են չափազանց շփվողականությունը, ժեստերի, միմիկայի, պանտոմիմիկայի արտահայտվածությունը։ Այսպիսի մարդը հաճախ ինքնաբերաբար շեղվում է խոսակցության սկզբնական թեմայից։ Նրա մոտ ծագում են էպիզոդիկ կոնֆլիկտներ շրջապատի մարդկանց հետ իրենց պարտականությունների նկատմամբ ոչ լուրջ վերաբերմունքի պատճառով, նրանք հաճախ են դառնում կոնֆլիկտների նախաձեռնողներ։ Նրանց դրական գծերից են հատկապես հաղորդակցման ոլորտում էներգետիկությունը, գործունեության ծարավը, օպտիմիզմը, նախաձեռնողականությունը։ Դրա հետ մեկտեղ նրանք օժտված են որոշակի վանող գծերով՝ թեթևամտությամբ, ամորալ արարքների նկատմամբ հակվածությամբ, գերգրգռվածությամբ։ Նրանք դժվար են տանում միապաղաղ գործունեությունը, պարտադրված մենակությունը։
  • Դիսթիմ տիպ. նրան բնութագրում է ցածր շփվողականությունը, քչախոսությունը, դոմինանտող հոռետեսական տրամադրությունը։ Այսպիսի մարդիկ հազվադեպ են կոնֆլիկտ ունենում շրջապատի հետ։ Բարձր են գնահատում իրենց հետ շփվողներին և պատրաստ են նրանց ենթարկվել։ Նրանց բնորոշ է լրջությունը, բարեխղճությունը, արդարությունը, բացասական գծերից՝ պասիվությունը, ինդիվիդուալիզմը, մտածողության դանդաղությունը։ Միջավայրում գրեթե չեն մասնակցում զրույցին, միայն հազվադեպ են նկատառումներ անում երկարատև դադարներից հետո։
  • Ցիկլոտոմիկ կամ աֆեկտիվ-լաբիլ տիպ. բնորոշ է տրամադրության հաճախակի փոփոխությունները, ինչի արդյունքում հաճախ փոխվում է այլ մարդկանց հետ շփվելու եղանակները։ Բարձր տրամադրության ժամանակ այս մարդիկ շփվող են, իսկ ցածրի ժամանակ՝ ինքնամփոփ, փակ։ Հոգևոր վերելքի ժամանակ իրենց պահում են գիպերտիմային ակցենտուացիայով, իսկ անկման դեպքում՝ դիսթիմային։
  • Բռնկվող տիպ. բնորոշ է ցածր շփվողականությունը, վերբալ և ոչ վերբալ ռեակցիաների դանդաղությունը։ Նրանք հակված են կոնֆլիկտների, խարդախությունների, իշխող են ընտանիքում։ Հուզական հանգստության վիճակում այս մարդիկ հաճախ բարեխիղճ են, կոկիկ, սիրում են փոքրիկ երեխաների։ Սակայն հուզական գրգռման ժամանակ բռնկվում են, դժվար են ղեկավարում իրնեց վարքը։
  • Խցկվող տիպ. բնորոշում են չափավոր շփվողկանությունը, չխոսկանությունը։ Կոնֆլիկտներում այսպիսի մարդը սովորաբար հանդես է գալիս ակտիվ, նախաձեռնող դերում։ Ձգտում է հասնել բարձր ցուցանիշների ցանկացած գործում, իրեն առաջադրում է բարձր պահանջներ, զգայուն է սոցիալական արդարության նկատմամբ, մյուս կողմից վրեժխնդիր է, խանդոտ, մաքրասեր։
  • Պեդանտ տիպ. հազվադեպ է կոնֆլիկտի մեջ մտնում՝ հանդես գալով որպես պասիվ կողմ։ Ծառայության մեջ շրջապատողներին առաջադրում է ձևական պահանջներ, բայց լիդերությամբ զիջում է ուրիշներին։ Գրավիչ գծեր են մաքրասիրությունը, լրջությունը, բարեխղճությունը, հուսալիությունը գործերում, իսկ բացասական գծերից են ձևականությունը, դժգոհությունը։
  • Տագնապային տիպ. բնորոշ է անվստահությունը, ցածր շփվողականությունը, երկչոտությունը։ Հազվադեպ եմ կոնֆլիկտների մեջ մտնում՝ լինելով պասիվ դերում, փնտրում են աջակցություն և հենարան։ Դրական գծերից են ընկերասիրությունը, ինքնաքննադատությունը, կատարողականությունը։
  • Էմոտիվ տիպ. նախընտրում են նեղ շրջապատի հետ շփում, որի հետ լավ կապ են հաստատում։ Հազվադեպ են կոնֆլիկտի մեջ մտնում՝ պասիվ դեր խաղալով։ Վիրավորանքը իրենց ներսում են տանում։ Գրավիչ գծերից են բարությունը, կատարողականությունը, պարտքի զգացումը, բացասականներից են՝ չափազանց զգայունակությունը, լացկանությունը։
  • Դեմոնստրատիվ տիպ. բնորոշ է շփում հաստատելու հեշտությունը, լիդերության ձգտումը, գովեստի, իշխանության ծարավը։ Այսպիսի մարդը ցուցադրում է բարձր հարմարվողականություն։ Բնորոշ է ինքնավստահությունը, անընդհատ կոնֆլիկտներ են նախաձեռնում և դրա հետ մեկտեղ ակտիվ պաշտպանվում։ Արտիստիկ են, ունակ գրավելու ուրիշներին, եսասեր են, ինքնագովան, օժտված մտածողության բազմազանությամբ։
  • Հուզավառ կամ աֆեկտիվ-էկզալտիվ տիպ. բնորոշ է բարձր շփվողականությունը, սիրահարությունը։ Հաճախ վիճում են, սակայն կոնֆլիկտի չեն հասնում։ Կոնֆլիկտային իրավիճակում և ակտիվ են, և պասիվ։ Ուշադիր են և կապված մտերիմների հետ։ Մարդասեր են, լավ ճաշակ ունեն։ Բնորոշ է հույզերի անկեղծութունը, վառ են։ Բացասական գծերից են հակվածությունը խուճապին։
  • Էքստրավերտ տիպ. առանձնանում են բարձր շփվողականությամբ, շատ ընկերներ ունեն, շատախոս են, բաց ցանկացած ինֆորմացիայի նկատմամբ, հազվադեպ են կոնֆլիկտի մեջ մտնում, հաճախ են զիջում լիդերությունը, նախընտրում ենթարկվել և թաքուն մնալ։ Դրական գծերից են պատրաստակամությունը լսելու ուրիշներին, անելու այն, ինչ խնդրում են, կատարողականությունը, բացասական գծերից են՝ զվարճությունների նկատմամբ հակումը, թեթևամտությունը, բամբասանքները, անմտածել վարքը։
  • Ինտրավերտ տիպ. բնորոշ է շատ ցածր շփվողականությունը, իրականությունից կտրվածությունը, ինքնամփոփվածությունը, փիլիսոփայելու հակումը։ Սիրում են մենակություն։ Իրենց անձնական կյանք մտնելու դեպքում կոնֆլիկտի են դիմում։ Օժտված են զսպվածությամբ, ամուր համոզմունքներով, սկզբունքայնությամբ։ Բացասակն գծերից են համառությունը, մտածողության ռիգիդությունը, իրենց գաղափարներից հրաժարումը։

Անդրեյ Լիչկոյի դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիչկոյի կողմից առաջադրված բնավորության ակցենտուացիաների դասակարգումը հիմնված է դեռահասների դիտարկումների վրա։ Բնավորության ակցենտուացիան, ըստ Լիչկոյի, բնավորության առանձին գծերի չափազանց սրությունն է, որոնց դեպքում մարդկանց վարքում դիտվում է նորմայից շեղումներ՝ սահմանկից պաթոլոգիայի հետ։ Այսպիսի ակցենտուացիները, որպես հոգեկանի ժամանակավոր վիճակներ, դիտվում են դեռահասության տարիքում։ Դեռահասների բնավորության ակցենտուացիների դասակրգումն՝ ըստ Լիչկոյի հետևյալն է.

  • Հիպերտիմ տիպ. այս տիպի դեռահասներն առանձնանում են շարժունությամբ, շփվողականությամբ, հակված են անկարգության։ Շրջապատում նրանք միշտ աղմուկ են ներմուծում, սիրում են անհանգիստ միջավայր։ Սովորում են անհավասարաչափ, ունեն ոչ բավարար կարգուկանոնություն։ Տրամադրությունը նրանց մոտ միշտ բարձր է։ Մեծահասակների հետ հաճախ են կոնֆլիկտի մեջ մտնում։ Այսպիսի դեռահասներն ունեն բազմազան հակումներ, որոնք մակերեսային են, արագ մարում են։ Հաճախ գերագնահատում են իրենց հնարավորությունները, դնում չափազանց օպտիմալ պլաններն ապագայի համար, ձգտում ցույց տալի իրենց՝ տպավորություն գործելու համար։
  • Ցիկլոիդ տիպ. բնորոշվում են բարձր գրգռվողականությամբ և հակված են ապատիայի։ Դեռահասները ձգտում են տանը մենակ մնալ, դժվար են տանում նույնիսկ փոքր անհաջողությունները։ Տրամադրությունը հաճախակի փոփոխվում է՝ բարձրից ցածր։ Տրամադրության անկումները տևում են 2-3 շաբաթ։
  • Լաբիլ տիպ. օժտված են տրամադրության չափազանց փոփոխայնությամբ, հաճախ անկանխատեսելի, ընդ որում վերջինիս պատճառները հաճախ նշանակալից չեն։ Նրանց վարքը կախված է րոպեական տրամադրությունից։ Կապված նրանից՝ ներկան և ապագան կարող են ընդունվել կամ լուսավոր կամ մութ։ Ճնշված տրամադրության մեջ այս դեռահասները աջակցության կարիք ունեն։ Նրանք հասկանում են շատ լավ շրջապատի վերաբերմունքն իրենց նկատմամբ։
  • Աստենո-նևրոտիկ տիպ. քմահաճ են, բնորոշ է հոգնածությունը, գրգռվողականությունը, բայց հազվադեպ են հոգնում ինտելեկտուալ գործունեության ժամանակ։ Նրանք դծգոհում են վատ ինքնազգացողությունից, գիշերային վատ քնից, քնկոտությունից։ Ապագային ուղղված մտքերում կենտրոնական տեղ է զբաղեցնում սեփական առողջության մասին հոգատարությունը։
  • Սենզիտիվ տիպ. բնորոշ է բարձր զգայունակությունը ամեն ինչին։ Չեն սիրում մեծ միջավայրեր, շարժուն խաղեր։ Սովորաբար ամաչկոտ են, հաճախ ընկալվում են որպես ինքնամփոփ։ Բաց են և շփվող միայն նրանց հետ, որոնք լավ ծանոթ են։ Տարիքակիցների շփումից նախընտրում են շփումը մեծահասակների և փոքրահասակների հետ։ Մեծ կապվածություն ունեն ծնողների հետ։ Պատանեկության տարիքում այսպիսի դեռահասների մոտ կարող են դժվարություններ առաջանալ տարիքակիցների հետ ադապտացիայում, ինչպես նաև թերարժեքության զգացում։ Նրանց մոտ բավական վաղ ձևավորվում է պարտքի զգացումը։ Իրենց ընդունակությունների անբավարարությունը փոխհատուցում են գործունեության բարդ տեսակների ընտրությամբ։ Պաշտում են իրենցից մեծ ընկերներին։
  • Պսիխաստենիկ տիպ. բնորոշվում են ինտելեկտուալ զարգացմամբ, հակված են մտածողության, դատողականության, ինքնավերլուծության, ուրիշների վարքը գնահատելուն։ Ինքնավստահությունը նրանց մոտ համադրվում է անվճռականության հետ։ Բնորոշ են կպչուն վախերը, տագնապը։
  • Շիզոիդ տիպ. բնորոշ է ինքնամփոփվածությունը, նախընտրում են մենակ մնալ, լինել մեծահասակների շրջապատում։ Հաճախ են ցուցադրում անտարբերություն շրջապատի նկատմամբ, վատ են հասկանում ուրիշների ներքին ապրումները։ Նրանց ներաշխարհը լեցուն է ֆանտազիաներով, ծայրահեղություններով։ Արտաքին հուզական դրսևորումներում զսպված են։ Օժտված են ոչ բավարար ինտուիցիայով հաղորդակցության մեջ։
  • Էպիլեպտոիդ տիպ. այս դեռահսաները հաճախ են լացում՝ հատկապես վաղ մանկական տարիքում։ Սիրում են ծիծաղել անօգնականների վրա, տանջել կենդանիներին։ Երեխաների միջավայրում իրենց պահում են դիկտատորի նման։ Բնորոծ գծեր են իշպանությունը, ինքնասիրությունը, խստությունը։ Այս տիպը ամենադժվարին է սոցիալական ադապտացիայի համար։
  • Հիստերոիդ տիպ. գլխավոր գիծը էգոցենտրիզմն է, սեփական անձի նկատմամբ ուշադրության ծարավ։ Այսպիսի երեխաները դժվար են տանում իրենց ներկայությամբ գովում են իրենց ընկերներին։ Նրանց համար պահանջմունք է գրավելու ուրիշների ուշադրությունը։ Դրա համար հաճախ խմբում հանդես են գալիս պաշտպանների դերում։ Ընդ որում, ապագայում չդառնալով լիդերներ, կազմակերպիչներ՝ նրանք արագ են տանում ձախողումները։
  • Անկայուն տիպ. այս տիպի դեռահասները մեծ հակում ունեն զվարճանքների նկատմամբ։ Նրանց մոտ բացակայում են լուրջ մասնագիտական հետաքրքրությունները, գրեթե չեն մտածում ապագայի մասին։ Անկամային են, ընդ որում կամազրկությունը հանդես է գալիս այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ուսուցմանը, աշխատանքին, պարտականությունների կատարմանը։
  • Կոնֆորմ տիպ. այսպիսի դեռահասները հաճախ անմտածված ենթարկվում են տարբեր հեղինակությունների։ Նրանք հակված են կոնսերվատիզմի, իսկ կյանքի գլխավոր կրեդոն է «լինել, ինչպես բոլորը»։ Իրենց հետաքրքրությունների համար պատրաստ են դավաճանել ընկերոջը, լքել դժվարին պահին, բայց միշտ գտնում են բարոյական պատասխան իրենց արարքին։

Էրիխ Ֆրոմմ. սոցիալական բնավորության տիպաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիխ Ֆրոմմի սոցիալական բնավորության տիպաբանությունը հիմնված է կյանքի, հասարակության և բարոյական արժեքների նկատմամբ մարդու վերաբերմունքի վրա։ Հեղինակի կարծիքով սոցիալական բնավորությունը պայմանավորում է մտածողությունը, հույզերը և անհատների գործողությունները։ Տարբեր դասեր, հասարակության տարբեր խմբեր ունեն սոցիալական իրենց բնավորությունը, որոնց հիման վրա զարգանում են տարբեր մշակութային, սոցիալական, ազգային գաղափարներ։

Ֆրոմմն առանձնացրել է սոցիալական բնավորության տիպերը.

  • Մազոխիստ-սադիստ. Մարդու այն տիպն է, որը հակված է իր կյանքի անհաջողությունների, ինչպես նաև սոցիալական իրադարձությունների պատճառները տեսնել մարդկանց մեջ։ Այդ պատճառները վերացնելու համար նրանք ագրեսիայի են դիմում այլ մարդկանց նկատմամբ։ Այսպիսի մարդը շատ է զբաղվում ինքնակատարելագործմամբ, ինքնաձևավորմամբ։ Այսպիսի մարդը վտանգավոր է հատկապես այն ժամանակ, երբ իշխում է։ Ըստ Ֆրոմմի՝ մազոխիստ մարդիկ միտում ունեն նվաստացնել իրենց, խորասուզվել ինքնաքննադատության մեջ՝ իրենց ուղղելով անիմաստ մեղադրանքներ։ Նրանց մոտ առկա են նաև սադիստական միտումներ։ Ձգտում են մարդկանց կախվածության մեջ դնել իրենցից՝ նրանց ցավ պատճառելով և հաճույք ստանալով։ Մարդու այս տիպը հեղինակավոր անձն է։ Օրինակ՝ այսպիսի հատկություններ բնորոշ են Հիտլերին, Ստալինին և այլոց։
  • Կործանող տիպ. բնորոշվում է արտահայտված ագրեսիվությամբ և օբյեկտի կործանման ակտիվ ձգտմամբ։ Ըստ Ֆրոմմի՝ կործանարարությունը միջոց է անկարողության զգացումից ազատվելու համար։ Վերջինիս դիմում են մարդիկ, ովքեր տագնապային են, անկարող, սահմանափակված իրենց ինտելեկտուալ և հուզական հնարավորություններն իրագործելու համար։
  • Կոնֆորմիստ-ավտոմատ. սոցիալական և անձնական դժվարություններին բախվելով՝ այսպիսի անհատը դադարում է ինքն իրենով լինել։ Ենթարկվում է հանգամանքներին, ցանկացած սոցիալական խմբի պահանջներին՝ յուրացնելով վարքի և մտածողության այն տիպը, որը բնորոշ է մարդկանց մեծամասնությանը։ Այսպիսի մարդը չունի սեփական կարծիք, հեշտությամբ փոխում է իր համոզմունքները։ Այս տիպը անգիտակցականորեն կամ գիտակցականորեն հարմարվողական է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гиппенрейтер Ю. Б. Введение в общую психологию. М.։ Изд-во МГУ, 1988. С. 257-280.
  • Райгородский Д. Психология и психоанализ характера. ИЗд.БАХРАХ 1997.
  • Нартова-Бочавер С.К. Дифференциальная психология. Учебное пособие. - СПб.։ 2000. - 129 с.
  • Ильин Е.П. Дифференциальная психология профессиональной деятельности. Спб.։ Питер, 2008. - 432 с. - Серия։ Мастера психологии.
  • Леонгард Карл Акцентуированные личности. Изд.дом феникс, 2000.
  • Личко А.Е. Подростковая психиатрия (Руководство для врачей). - Л.։Медицина,1979.-336с.։ил.
  • Личко А.Е. Психопатии и акцентуации характера у подростков. Л.։Медицина, 1983.
  • Личко А.Е., Иванов М.Я. Патохарактерологический диагностический опросник для подростков и опыт его практического применения. – Л. 1976. – 57 с.; М.։«Фолиум», 1995, 64 с., 2–е изд.
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «բնավորություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։