Ապատիա
Ապատիա (հուն․՝ ἀπάθεια; a- "առանց" and pathos- տառապանք, կիրք), անկիրքություն, ինքնատիրապետում, անտարբերության վիճակ, ակտիվության խիստ նվազում, որևէ գործողության մղման բացակայություն (հաճախ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության խախտման արդյունք), նաև՝ շրջապատող իրականության խնդիրներից և վախերից լիակատար ազատվածության վիճակ։
Ապատիա տերմինի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմված է հունարեն ἀ բացասական մասնիկից և πάθεια աֆեկտ բառից։ Տերմինը շրջանառության մեջ է մտել անտիկ շրջանի փիլիսոփաների կողմից անկիրքություն, աֆեկտի բացակայություն (աֆեկտի չենթարկվող)[1] իմաստով։ Ֆունկցիոնալ անալոգն է ատարաքսիան։ Համարվել է բարձրագույն առաքինություն, այնպիսի փիլիսոփայական աշխարհընկալում, որը հատուկ է միայն իրենց անձնապաշտ կրքերը սանձելու ընդունակ իմաստուններին։
Որպես էթիկայի հասկացություն սկիզբ է առնում Պլատոնից[2], աստիճանաբար ձևավորվում է Կինիկների (Անտիսթենես[3]) և Մեգարյան դպրոցի (Ստիլպոն[4]) հայացքներում, հիշատակվում է Արիստոտելի[5] կողմից, հատուկ նշանակություն է ստանում ստոիցիզմի էթիկայում, հետագայում, սկեպտիցիզմի փիլիսոփայության էթիկայում։
Ըստ Մեգարյան դպրոցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ որպես էթիկայի առանցքային հասկացություն կիրառվել է Մեգարյան դպրոցի ներկայացուցիչներից Ստիլպոնի կողմից, հետագայում Զենոն Էլեացու կողմից (մ.թ.ա. 4—3 դդ.)։ Մեգարյան դպրոցի էթիկայում ապատիան մեկնաբանվել որպես գիտակցության գրեթե լիակատար կորուստ։
Ըստ ստոիկների[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստոիկների էթիկայի/բարոյագիտական ուսմունքում կարևոր, առացքային հասկացություններից մեկն է։ Ապատիայի տակ հասկացվում է առաքինության կարևոր հատկանիշ՝ անկիրքություն, կրքերից լիակատար ազատ վիճակ, այնպիսի վիճակ, երբ զգացմունքները չեն խանգարում բանականության գործունեությանը։ Ապատիայով օժտված է իմաստունը։ Ըստ ստոիկների, ապատիան իդեալական վիճակ է, պայման է խորհրդածությունների համար։ Արտաքին իրականությունը սխալ գնահատելու արդյունքում առաջացող աֆեկտները (հատկապես չորս հիմնական՝ կիրք, տխրություն, վախ, ցանկություն/տռփանք և հաճույք) հաղթահարելու դրական ընդունակություն։ Ակներևաբար ստոիկների վրա ազդեցություն են գործել արևելյան կրոնա-փիլիսոփայական հայացքները, մասնավորապես բուդդայականության և ջայնիզմի ուսմունքներում բացարձակ հանգստի՝ նիրվանայի, որպես մարդկային հոգու բարձրագույն վիճակի մասին հայացքները։
Ավելի ուշ շրջանի ստոիկների (Սենեկա[6], Էպիկտետոսի[7], Մարկոս Ավրելիոս[8]) ապատիան կամային բնույթ է ձեռք բերում (երբեմն կիրառվում է ատարաքսիայի հետ զուգահեռ) և նշանակում էր ինքդ քեզ տիրապետելու ընդունակություն։ Փիլոն Ալեքսանդրացու[9] միջոցով ապատիա տերմինը յուրացվում է նախաքրիստոնեական էթիկայի կողմից և կիրառվում է սրբությունը[10] բնութագրելու նպատակով։ Նոր ժամանակներում ապատիայի էթիկական իմաստը օգտագործել է Սպինոզան[11], հետագայում Կանտոնը[12]։
Ըստ սկեպտիկների[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապատիայի անկիրքությունը և ատարաքսիայի անվրդովությունը սկեպտկները դիտում էին երանության հասնելու միջոց։ Անկիրքություն ու անվրդովություն ասելով հասկացվում էր ամեն կարգի դատողություններից զերծ մնալ, որն իր հերթին հանգեցնում էր գիտակցության փաստարկների աջակցությունից հրաժարվելուն։
Բժշկական տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդագին վիճակ, որն արտահայտվում է անտարբերությամբ, շրժապատող իրականութան նկատմամբ անմասնակից՝ ինքնամփոփ վարքով, զգայության ազդակների արտաքին դրսևորումների բացակայությամբ (հույզերի կաթված)։ Երբեմն ապատիան ուղեկցվում է աբուլիայով (ապատո-աբուլիական համախտանիշ), հոգեկան-մտավոր գործունեության ընդհանուր անկմամբ։ Նման հիվանդները նախաձեռնություն չեն ցուցաբերում, քիչ են խոսում, քիչ են շարժվում։ Ապատո-աբուլիական սինդրոմը (համախտանիշը) դիտվում է որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում, նաև նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։
Առօրեական կիրառման տեսանկյունից ապատիան ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի նկատմամբ անտարբերություն, անուշադրություն է նշանակում, ինքնամփոփ, կամազուրկ վիճակ է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
- Новая философская энциклопедия|АПАТИЯ [1]
- Словари и энциклопедии на Академике [2]
- Столяров А.А. Стоя и стоицизм. М., 1995;
- Rieth О. Grundbegriffe der Stoischen Ethik. В., 1933;
- Rist J.M. The Stoic concept of detachment. – The Stoics, ed. J.M.Rist. Berkeley – Los Angeles, 1978, p. 259–272.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Arist. De an. 429 а 29; Phys. 217 b 26 cf. Plat. Phileb. 33 de; Phaedr. 250 с
- ↑ Phileb. 21 е; 33 b
- ↑ Diog,. L. VI 2; 15
- ↑ Sen. Ер. 9,1
- ↑ Eth. Nic. 1104 b 24; Eth. Eud. 1222 a 3 cf. II An. 97 b 23
- ↑ трактат De tranquillitate animi
- ↑ Diss. I 4,3; III 15,12; 26,13
- ↑ XI 18 cf. I 9
- ↑ Leg. alleg. II 101; III 129; De plant. 98
- ↑ Clem. Alex. Strom. IV 7,55,4; VI 9,74,1; VII 2,10,7
- ↑ Ч. 4, 5 «Этики»
- ↑ «Антропология» § 73–75; «Метафизика нравов», ч. II, введение, § 16–17