Jump to content

Առաքինություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքինություն
հասկացություն, pattern of behavior, type of value Խմբագրել Wikidata
Ենթադաս• որակ
 • personality trait
  • moral quality Խմբագրել Wikidata
Մասն էհոգեբանության տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Պարունակում էՅոթ առաքինություններ Խմբագրել Wikidata
Բնութագրվում էԲարություն Խմբագրել Wikidata
Հակառակըարատ, Մեղք Խմբագրել Wikidata

Առաքինություն (լատիներեն՝ virtus), բարոյական, սոցիալական կամ մտավոր կատարելություն արտահայտող հատկանիշ։ Առաքինության մշակումն ու կատարելագործումը համարվում է «մարդկության բարությունը» և այդպիսով արժևորվում է որպես կյանքի վերջնական նպատակ կամ գոյության հիմնարար սկզբունք։ Մարդկային գործնական էթիկայում առաքինությունը բարձր բարոյական չափանիշներ ցուցաբերող գործողություններ ընտրելու հակվածությունն է․ անել այն, ինչ ասվում է, թե ճիշտ է, և խուսափել որոշակի գործունեության ոլորտում թույլ տված սխալից, նույնիսկ երբ դա անելը կարող է անհրաժեշտ չլինել ուտիլիտար տեսանկյունից։ Երբ ինչ-որ մեկը հաճույք է ստանում ճիշտ վարվելուց, նույնիսկ երբ դա դժվար է կամ սկզբում անհաճո, նա կարող է առաքինությունը դարձնել սովորություն։ Ասում են, որ նման մարդը առաքինի է նման հակվածություն մշակելու միջոցով։ Առաքինության հակառակ երևույթը մոլությունն է։

«Կարդինալ և աստվածաբանական առաքինություններ», Ռաֆայել Սանտի-ի 1511 թվականի դիմանկարը

Այս հասկացության այլ օրինակներ ներառում են ասիական ավանդույթներում դրսևորվող արժանիքի հայեցակարգ, ինչպես նաև Դեն (Չինարեն 德, «բնավորություն», «ամբողջականություն»)։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեացիները օգտագործել են լատիներեն virtus բառը (առաջացած vir բառից, որը նրանց լեզվով նշանակում էր տղամարդ), որպեսզի նշեն «տղամարդկանց բոլոր բացառիկ որակները, ներառյալ ֆիզիկական ուժը, քաջարի վարքագիծը և բարոյական ուղղամտությունը»։ Ֆրանսերեն vertu և virtu բառերը առաջացել են այս լատինական արմատից։ «Virtue» բառը անգլերենում փոխառվել է 13-րդ դարում[1]։

Մաատը հին եգիպտացիների համար անձնավորում էր ճշմարտության և արդարության առաքինությունը։ Նրա փետուրը ներկայացնում է ճշմարտությունը[2]

Մաատը (կամ Մա'ատ) ճշմարտության, հավասարակշռության, կարգուկանոնի, օրենքի, բարոյականության և արդարադատության հին եգիպտական աստվածուհին է եղել։ «Մաատ» բառն օգտագործվել է նաև այս հասկացություններին հղում անելու համար։ Մաատը պատկերվել է նաև որպես աստղերը, եղանակները և ինչպես մահկանացուների, այնպես էլ աստվածությունների գործողությունները կարգավորող։ Աստվածությունները ստեղծման պահին տիեզերքի կարգը սահմանել են քաոսից։ Նրա հակառակ պատկերն արտահայտող աստվածը եղել է Իսֆետը, որը խորհրդանշել է քաոսը, սուտը և անարդարությունը[3]։

Հունա-հռոմեական անտիկ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքինության անձնավորումը (Ἀρετή) Ցելսուսի գրադարանում՝ Եփեսոսում, Անատոլիա

Պլատոնյան առաքինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս դասական կարդինալ առաքինություններն են[4]․

  • Խոհեմություն (φρόνησις, phrónēsis; լատիներեն՝ prudentia; նաև Իմաստություն, Սոֆիա, sapientia)՝ տվյալ իրավիճակում պատշաճ պահին ձեռնարկվելիք գործողությունների ճիշտ ընթացքը տարբերակելու կարողությունը։
  • Ժուժկալություն (ἀνδρεία, andreía; լատիներեն՝ fortitudo )՝ կոչվում է նաև քաջություն, զսպվածություն, ուժ, տոկունություն և վախին, անորոշությանը ու ահաբեկմանը դիմակայելու կարողություն։
  • Զսպվածություն (σωφροσύνη, sōphrosýnē; լատիներեն՝ temperantia)՝ հայտնի է նաև որպես ինքնատիրապետում, ինքնազսպում, ողջամտություն և չափավորություն, որը մեղմացնում է ցանկությունները։ Պլատոնը sōphrosynē-ն, որը կարող է թարգմանվել նաև որպես ողջամտություն, համարում էր ամենակարևոր առաքինությունը։
  • Արդարություն (δικαιοσύνη, dikaiosýnē; լատիներեն՝ iustitia)՝ համարվում է նաև անաչառություն [5]. հունարեն բառն ունի նաև ուղղամտության/արտարության իմաստ։

Այս թվարկումը սկիզբ է առնում հունական փիլիսոփայությունից և թվարկվել է Պլատոնի աշխատություններում, որը ավելացրել է նաև բարեպաշտությունը (ὁσιότης, hosiotēs) և խոհեմությունը փոխարինել իմաստությամբ[6]։ Որոշ գիտնականներ վերը նշված չորս առաքինությունների միախառնումից յուրաքանչյուրը համարում են միմյանց փոխադարձաբար հանգեցնող և, հետևաբար, ոչ կարդինալ[7]:

Պարզ չէ, թե արդյոք Պլատոնը կողմնակից էր առաքինությունների միասնական տեսակետին[8]։ «Պրոտագորաս» և «Մենոն» երկերում նա նշում է, որ առանձին առաքինությունները չեն կարող գոյություն ունենալ անկախ և որպես ապացույց բերում է իմաստությամբ, բայց անարդար ձևով գործելու, կամ քաջությամբ (ժուժկալությամբ), բայց առանց իմաստության գործելու հակասությունները։ «Մենոն» երկում պատմությունը սկսվում է նրանով, որ համանուն կերպարը հարցնում է առաքինության մասին, բայց երբ Սոկրատեսը հարցնում է նրան «Ի՞նչ է առաքինությունը», նա պատասխանում է տարբեր ձևերով դրսևորվող առաքինությունների ցանկով[9]։

Արիստոտելյան առաքինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Նիկոմախյան էթիկա» երկում Արիստոտելը առաքինությունը սահմանել է որպես կետ հատկանիշի պակասի և ավելցուկի միջև[10]։ Ամենամեծ առաքինության կետը գտնվում է ոչ թե ճշգրիտ մեջտեղում, այլ ոսկե միջինում, որն երբեմն ավելի մոտ է ծայրահեղություններից մեկին, քան մյուսին։ Այս ոսկե միջինը ձեռք է բերվում ավելցուկի և պակասի միջև ցանկալի մեջտեղում։ Արիստոտելի համար ոսկե միջինում գտնվող հատկանիշի ցանկալիությունը (այն, ինչը այն դարձնում է առաքինություն) կայանում է նրանում, որ այն հակված է «ընտրվելու բանականության պատշաճ ուղղորդմամբ»[11]։

Այնուամենայնիվ, առաքինի գործողությունը պարզապես երկու հակադիր ծայրահեղությունների միջև գտնվող «միջինը» չէ։ Ինչպես Արիստոտելն ասում է «Նիկոմախյան էթիկայում»՝ «ճիշտ ժամանակին, ճիշտ առիթներով, ճիշտ մարդկանց նկատմամբ, ճիշտ նպատակով և ճիշտ եղանակով գործելը միջին և լավագույն ընթացքն է, և սրանք առաքինության հատկանիշներն են»[10]։ Օրինակ, առատաձեռնությունը առաքինություն է ագահության և շռայլության երկու ծայրահեղությունների միջև։ Լրացուցիչ օրինակները ներառում են քաջությունը վախկոտության և հանդգնության միջև, և վստահությունը ինքնաքննադատության և ինքնահավանության միջև։ Արիստոտելի իմաստով, առաքինությունը մարդ լինելու գերազանցությունն է։

Մտավոր առաքինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելը նաև առանձնացնում է գիտելիքի, արվեստի, գործնական դատողության, բնազդի և իմաստության «մտավոր առաքինությունները»։

Հռոմեական առաքինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաքինություն» տերմինն ինքնին առաջացել է լատիներեն virtus բառից (որի անձնավորումն էր Վիրտուս աստվածությունը) և ուներ «տղամարդկանցության», «պատվի», հարգալից հարգանքի արժանապատվության և քաղաքացիական պարտքի երանգներ՝ ինչպես որպես քաղաքացի, այնպես էլ որպես զինվոր։ Այս առաքինությունը ընդամենը մեկն էր այն բազմաթիվ առաքինություններից, որոնք լավ նկարագրով հռոմեացիները պետք է օրինակ ծառայեցնեին և փոխանցեին սերունդներին՝ որպես mos maiorum-ի մաս (նախնիների ավանդույթներ, որոնք սահմանում էին «հռոմեացիությունը»)։ Հռոմեացիները տարբերակում էին անձնական և հանրային կյանքի ոլորտները, և, հետևաբար, առաքինությունները նույնպես բաժանված էին անձնական ընտանեկան կյանքի տիրույթում գտնվողների (ինչպես ապրում և սովորեցնում էր ընտանիքի հայրը՝ paterfamilias) և ազնիվ հռոմեացի քաղաքացուց ակնկալվողների միջև։

Հռոմեական առաքինությունների մեծ մասը նաև անձնավորվում էր որպես նումինոզ աստվածություն (Նումեն)։ Հիմնական հռոմեական առաքինությունները[12], ինչպես հանրային, այնպես էլ անձնական, հետևյալն էին․

Լատիներեն Հայերեն Նկարագրություն
Abundantia Առատություն կամ Բարգավաճում Հասարակության բոլոր շերտերի համար բավարար սնունդ և բարգավաճում ունենալու իդեալը, որն անձնավորված է աբունդանտիայով։ Հանրային առաքինություն։
Auctoritas Հոգևոր իշխանություն Սեփական սոցիալական դիրքի զգացումը, որը ձևավորվում է փորձի, Պիետասի և Ինդուստրիայի միջոցով։ Սա էական էր համարվում պաշտոնյայի՝ օրենքն ու կարգուկանոնն ապահովելու կարողության համար։
Comitas Հումոր Վարվելակերպի հեշտություն, քաղաքավարություն, բացություն և բարեկամականություն։
Constantia Հարատևություն կամ Քաջություն Ռազմական տոկունություն, ինչպես նաև ընդհանուր մտավոր և ֆիզիկական դիմացկունություն դժվարությունների առջև։
Clementia Գթասրտություն Մեղմություն և քնքշություն, նախկին հանցանքները մի կողմ դնելու կարողություն, անձնավորված Կլեմենտիայով։
Dignitas Արժանապատվություն Ինքնարժեքի, անձնական ինքնահարգանքի և ինքնագնահատականի զգացում։
Disciplina Կարգապահություն Էական էր համարվում ռազմական գերազանցության համար․ նշանակում է նաև հավատարմություն իրավական համակարգին և քաղաքացիության պարտականությունների կատարում, անձնավորված Disciplina-ով։
Fides Բարեխղճություն Փոխադարձ վստահություն և փոխադարձ գործարքներ ինչպես կառավարման, այնպես էլ առևտրի (հանրային գործերի) մեջ, որոնք խախտելը առաջացնում էր իրավական և կրոնական հետևանքներ, անձնավորված Fides-ով։
Firmitas Վճռականություն Մտքի ուժ և առանց տատանվելու սեփական նպատակին հավատարիմ մնալու կարողություն։
Frugalitas Խնայողություն Տնտեսում և պարզություն կենսակերպում։
Gravitas Լրջություն Ձեռնարկված գործի կարևորության զգացում, պատասխանատվություն և լուրջ վերաբերմունք։
Honestas Հարգարժանություն Այն կերպարն ու պատիվը, որը մարդը ներկայացնում է որպես հասարակության հարգարժան անդամ։
Humanitas Մարդասիրություն Այն կերպարն ու պատիվը, որը մարդը ներկայացնում է որպես հասարակության հարգարժան անդամ։
Industria Աշխատասիրություն կամ Ջանասիրություն Ծանր աշխատանք
Innocencia Անձնուրացություն Նվիրաբերում՝ առանց ճանաչման կամ անձնական շահի ակնկալիքի։ Այս հայեցակարգի առանցքային տարրն էր անբեկանելի հավատարմությունը անաշառությանը, անձնական օգտի համար պետական պաշտոնի չարաշահումից խուսափելը, քանի որ դա համարվում էր հռոմեական արժեքների ծանր վիրավորանք՝ վնասակար թե՛ անհատական, թե՛ համայնքային բարօրության համար։
Laetitia Ուրախություն Շնորհակալության տոնակատարություն, հաճախ ճգնաժամի հանգուցալուծման առթիվ, հանրային առաքինություն։
Nobilitas Ազնվականություն Վայելչակազմ մարդ, պատվի արժանի, բարձր գնահատված սոցիալական դիրք և/կամ ազնվական ծագում, հանրային առաքինություն։
Justitia Արդարադատություն Գործողության բարոյական արժեքի զգացում․ անձնավորված է Iustitia աստվածուհու կողմից, ով հունական Թեմիսի հռոմեական համանմանն է։
Pietas Պարտաճանաչություն Ավելին, քան կրոնական բարեպաշտությունը․ հարգանք բնական կարգի նկատմամբ՝ սոցիալական, քաղաքական և կրոնական առումներով։ Ներառում է հայրենասիրության, աստվածների հանդեպ բարեպաշտ պարտքի կատարման և այլ մարդկանց պատվելու գաղափարները, հատկապես հովանավորի և հաճախորդի փոխհարաբերությունների համատեքստում, որոնք էական էին համարվում կարգապահ հասարակության համար։
Prudentia Խոհեմություն Նախատեսություն, իմաստություն և անձնական զգուշավորություն։
Salubritas Առողջություն Ընդհանուր առողջություն և մաքրություն, անձնավորված Salus աստվածության մեջ։
Severitas Խստություն Ինքնատիրապետում, որը համարվում էր անմիջականորեն կապված gravitas առաքինության հետ։
Veritas Ճշմարտացիություն Ազնվություն այլոց հետ հարաբերություններում, անձնավորված Վերիտաս աստվածուհու կողմից։ Վերիտասը, լինելով Վիրտուսի մայրը, համարվում էր բոլոր առաքինությունների արմատը․ ազնիվ կյանքով ապրող մարդը անպայմանորեն առաքինի էր։
Virtus Տղամարդկություն Քաջություն, գերազանցություն, արիություն, բնավորություն և արժեք։ Վիրը լատիներեն նշանակում է «տղամարդ»։

Հին Հնդկաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալլուվար (Արձանը Լոնդոնի համալսարանի SOAS-ում)

Թեև կրոնական տեքստերը ընդհանուր առմամբ դհարման կամ աոռամը (թամիլերեն տերմին առաքինության համար) համարում են աստվածային առաքինություն, Վալլուվարն այն նկարագրում է որպես ապրելակերպ, այլ ոչ թե հոգևոր ծես, ներդաշնակ ապրելու միջոց, որը տանում է համընդհանուր երջանկության[13]։ Այս պատճառով Վալլուվարը աոռամը պահում է որպես անկյունաքար Կուրալ գրականության ողջ ընթացքում[14]։ Վալլուվարը արդարադատությունը համարում էր աոռամի կողմ կամ արդյունք[13]։ Մինչ իրենից առաջ շատերը կարծում էին, թե արդարադատությունը չի կարող սահմանվել և որ դա աստվածային առեղծված է, Վալլուվարը ենթադրեց, որ արդարադատության հայեցակարգը սահմանելու համար աստվածային ծագում պետք չէ[13]։ Վ․ Ռ․ Նեդունչեժիյանի խոսքերով, արդարադատությունը, ըստ Վալլուվարի, «բնակվում է նրանց մտքում, ովքեր գիտեն ճշտի և սխալի չափանիշը․ նույն կերպ էլ նենգությունը բնակվում է այն մտքերում, որոնք խաբեություն են ծնում»[13]։

Ասպետական առաքինությունները միջնադարյան Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ 8-րդ դարում, որպես Սուրբ Հռոմի կայսր իր թագադրման առիթով, Կառլոս Մեծ-ը հրապարակել է ասպետական առաքինությունների ցանկ․

  • Սիրիր Աստծուն
  • Սիրիր ընկերոջդ
  • Ողորմություն տուր աղքատներին
  • Հյուրընկալիր օտարականներին
  • Այցելիր հիվանդներին
  • Գթասիրտ եղիր բանտարկյալների նկատմամբ
  • Ոչ ոքի չարիք մի արա և մի համաձայնիր նման բանի
  • Ներիր, ինչպես հույս ունես, որ քեզ կներեն
  • Փրկագնիր գերի ընկածին
  • Օգնիր ճնշվածներին
  • Պաշտպանիր այրիի և որբի գործը
  • Արդար դատիր
  • Մի համաձայնիր որևէ անարդարության
  • Մի հարատևիր բարկության մեջ
  • Խուսափիր չափից շատ ուտելուց և խմելուց
  • Խոնարհ և բարի եղիր
  • Հավատարմորեն ծառայիր քո տիրոջը
  • Մի գողանա
  • Սուտ երդում մի արա և թույլ մի տուր, որ այլոք անեն
  • Նախանձը, ատելությունն ու բռնությունը մարդկանց բաժանում են Աստծո Արքայությունից
  • Պաշտպանիր Եկեղեցին և նպաստիր նրա գործին[15]

Կրոնական ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքինությունները մարտնչում են արատների դեմ, ապակեպատուհան (14-րդ դար) Նիդերհասլախի եկեղեցում

Քրիստոնեության մեջ երեք աստվածաբանական առաքինություններն են հավատը, հույսը և սերը (Ագապե), ցանկ, որը բխում է Ա Կորնթացիս 13:13-ից (νυνὶ δὲ μένει πίστις pistis (հավատ), ἐλπίς elpis (հույս), ἀγάπη agape (սեր), τὰ τρία ταῦτα· μείζων δὲ τούτων ἡ ἀγάπη)։ Նույն գլուխը սերը նկարագրում է որպես երեքից ամենամեծը և հետագայում սահմանում է սերը որպես «համբերատար․․․ բարյացակամ․․․ չնախանձող, չգոռոզացող, չամբարտավանվող կամ անհարգալից վերաբերմունք չցուցաբերող» (սիրո քրիստոնեական առաքինությունը երբեմն կոչվում է բարեգործություն/գթասրտություն, իսկ այլ դեպքերում օգտագործվում է հունարեն Ագապե բառը՝ Աստծո սերը և մարդկության սերը այլ տեսակի սերերից, օրինակ՝ ընկերությունից կամ ֆիզիկական հակվածությունից հակադրելու համար)։

Քրիստոնյա գիտնականները հաճախ աստվածաբանական առաքինություններին ավելացնում են չորս դասական կարդինալ առաքինությունները (խոհեմություն, արդարություն, զսպվածություն և քաջություն)՝ ստանալով յոթ երկնային առաքինությունները․ օրինակ, այս յոթն են նկարագրված Կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսի 1803–1829 բաժիններում։ Քրիստոնեական ավանդույթում քաջությունը կամ տոկունությունը Սուրբ Հոգու պարգև է։

Մ․թ․ 410 թվականին Աուրելիոս Պրուդենտիոս Կլեմենսն իր «Psychomachia» (Հոգիների ճակատամարտ) գրքում թվարկեց յոթ «երկնային առաքինություններ», որը արատների և առաքինությունների միջև բախման այլաբանական պատմություն է։ Առաքինությունների թվում էին fides (հավատ), pudicitia (ժուժկալություն), paciencia (համբերատարություն), mens humilis (խոնարհություն), spes (հույս), sobrietas (զսպվածություն), ratio (բանականություն), operatio (նվիրվածություն), pax (խաղաղություն), concordia (ներդաշնակություն) և sapientia (իմաստություն)[16]։

Միջնադարյան և վերածննդի շրջաններում ի հայտ եկան մեղքի մի շարք մոդելներ, որոնք թվարկում էին յոթ մահացու մեղքերը և դրանց հակադրվող յոթ հիմնական առաքինությունները։

Արատ Լատիներեն Առաքրնություն Լատիներեն
Հպարտություն Superbia Խոնարհություն Humilitas
Նախանձ Invidia Բարություն Benevolentia
Որկրամոլություն Gula Զսպվածություն Temperantia
Ցանկասիրունթյուն Luxuria Ժուժկալություն Castitas
Բարկություն Ira Համբերություն Patientia
Ագահություն Avaritia Բարեգործություն Caritas
Ծուլություն Acedia Ջանասիրություն Industria

Իսլամում համարվում է, որ Ղուրանը Աստծո ուղղակի խոսքն է և առաքինության վերջնական նկարագրությունը, իսկ Մուհամմադը համարվում է առաքինության կատարյալ օրինակ մարդկային տեսքով։ Առաքինության իսլամական ընկալման հիմքը Ղուրանի ընկալումն ու մեկնաբանությունն էր և Մուհամմադի գործելակերպը։ Առաքինությունը դիտվում է համայնքի կողմից միասնաբար իրականացվող Աստծուն ակտիվ հպատակեցման համատեքստում։

Հավատացյալները պետք է «պատվիրեն այն, ինչ առաքինի է, և արգելեն այն, ինչ արատավոր է» (al-amr bi-l-maʿrūf wa-n-nahy ʿani-l-munkar) կյանքի բոլոր ոլորտներում (Ղուրան 3:110)։ Մուսուլմանները սովորեցնում են, որ մարդկությանը տրվել է Աստծո կամքը տարբերակելու և դրան հետևելու կարողություն։

Ուշ շրջանի մուսուլման գիտնականները մանրամասնորեն ընդլայնեցին սուրբ գրքերի կրոնական էթիկան[17]։

Հադիսներում (իսլամական ավանդույթներ) Ան-Նավվաս բին Սամանը հայտնում է․

«Մուհամմադ մարգարեն ասել է․ «Առաքինությունը լավ վարվելակերպն է, իսկ մեղքն այն է, ինչը կասկած է առաջացնում, և դուք չեք ցանկանում, որ մարդիկ իմանան դրա մասին»»։
-  Sahih Muslim, 32:6195, Sahih Muslim, 32:6196

Վաբիսահ բին Մաաբադը հայտնել է․

«Ես գնացի Աստծո Առաքյալի մոտ, և նա հարցրեց ինձ․ «Եկե՞լ ես առաքինության մասին հարցնելու»։ Ես դրական պատասխան տվեցի։ Հետո նա ասաց․ «Հարցրու քո սրտին դրա մասին։ Առաքինությունն այն է, ինչը գոհացնում է հոգին և հանգստացնում սիրտը, իսկ մեղքն այն է, ինչը կասկածներ է հարուցում և անհանգստացնում սիրտը, նույնիսկ եթե մարդիկ դա օրինական են հայտարարում և նման հարցերում կրկին ու կրկին վճիռներ են տալիս քեզ»»։
-  Sunan al-Darimi, 2533

Առաքինությունը, որը դիտվում է մեղքին հակադրվելու լույսի Ներքո, կոչվում է թավաբ (հոգևոր արժանիք կամ վարձատրություն), բայց կան այլ իսլամական տերմիններ առաքինությունը նկարագրելու համար, ինչպիսիք են ֆադլ («առատաձեռնություն»), տաքվա («բարեպաշտություն») և սալահ («արտարություն»)։ Ըստ մուսուլմանական հավատալիքների՝ Աստված կների անհատական մեղքերը, սակայն մարդկանց հանդեպ վատ վերաբերմունքը և այլոց նկատմամբ անարդարությունը կարող են ներվել միայն զոհերի, այլ ոչ թե Աստծո կողմից։

Հուդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստծուն սիրելը և նրա օրենքներին, մասնավորապես Տասնաբանյային հնազանդվելը առանցքային են առաքինության հրեական ընկալումների համար։ Իմաստությունը անձնավորված է Առակաց գրքի առաջին ութ գլուխներում և ոչ միայն առաքինության աղբյուրն է, այլև պատկերված է որպես Աստծո առաջին և լավագույն արարչություն (Առակաց 8:12–31 {{{3}}})։

Ոսկե կանոնի դասական ձևակերպումը տրվել է առաջին դարի ռաբբի Հիլլել Ավագի կողմից։ Հռչակված լինելով հրեական ավանդույթում՝ նա կապված է Միշնայի և Թալմուդի զարգացման հետ և, որպես այդպիսին, հրեաների պատմության ամենակարևոր դեմքերից մեկն է։ Հարցնելով հրեական կրոնի ամենասեղմ ամփոփման մասին՝ Հիլլելը պատասխանել է (ըստ ավանդույթի՝ մեկ ոտքի վրա կանգնած)․ «Այն, ինչ ատելի է քեզ համար, մի արա քո ընկերոջը։ Դա է ամբողջ Թորան։ Մնացածը մեկնաբանություն է․ գնա և սովորիր»[18]։

Արևելյան կրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդայական պրակտիկան, ինչպես նկարագրված է Ազնիվ Ութակի ճանապարհում, կարող է դիտարկվել որպես առաքինությունների առաջադեմ ցանկ[19]։

  1. Ճշմարիտ հայացք – Չորս ազնիվ ճշմարտությունների գիտակցում (samyag-vyāyāma, sammā-vāyāma)։
  2. Ճշմարիտ ուշադրություն – մաքուր գիտակցությամբ իրերն իրենց իրական լույսի ներքո տեսնելու մտավոր կարողություն (samyak-smṛti, sammā-sati)։
  3. Ճշմարիտ կենտրոնացում – մտքի բարերար միակետություն (samyak-samādhi, sammā-samādhi)։

Բուդդայականության չորս բրահմավիհարաները («Աստվածային վիճակներ») կարող են ավելի ճշգրիտ դիտարկվել որպես առաքինություններ եվրոպական իմաստով։ Դրանք են․

  1. Մետտա/Մայտրի․ բարյացակամություն բոլորի հանդեպ․ հույս, որ մարդը լավ կլինի․ բարյացակամությունը ցանկությունն է, որ բոլոր զգայուն էակները, առանց բացառության, լինեն երջանիկ[20]։
  2. Կարունա․ կարեկցանք․ հույս, որ մարդու տառապանքները կնվազեն․ կարեկցանքը բոլոր զգայուն էակների տառապանքից ազատվելու ցանկությունն է։[20]
  3. Մուդիտա․ ալտրուիստական ուրախություն մարդու, սեփական անձի կամ այլոց ձեռքբերումներով․ համակրանքի ուրախությունը բոլոր զգայուն էակների երջանկությամբ և առաքինություններով ուրախանալու բարերար վերաբերմունքն է[20]։
  4. Ուպեկխա/Ուպեկշա․ անդորրություն կամ կորուստը և ձեռքբերումը, գովասանքը և մեղադրանքը, հաջողությունն ու ձախողումը չեզոքությամբ, հավասարապես ընդունել սովորելը՝ թե՛ սեփական անձի, թե՛ այլոց համար։ Անդորրությունը նշանակում է չտարբերակել ընկերոջը, թշնամուն կամ օտարին, այլ յուրաքանչյուր զգայուն էակի դիտարկել որպես հավասար։ Դա մտքի պարզ և հանգիստ վիճակ է՝ չընկճված մոլորություններից, մտավոր թուլությունից կամ հուզմունքից (անհրաժեշտ է ավելի լավ աղբյուր)[21]։

Կան նաև Պարամիտաներ («կատարելություններ»), որոնք որոշակի առաքինություններ ձեռք բերելու գագաթնակետն են։ Թերավադա բուդդայականության կանոնական Բուդդավամսայում կան Տասը կատարելություններ (dasa pāramiyo)։ Մահայանա բուդդայականության մեջ՝ Լոտոսի Սուտրանում (Saddharmapundarika), կան Վեց կատարելություններ, մինչդեռ Տասը փուլերի (Dasabhumika) Սուտրանում թվարկված են ևս չորս Պարամիտաներ։

Դաոսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաքինությունը», որը թարգմանվում է չիներեն դե (德 ) բառից, նույնպես կարևոր հայեցակարգ է չինական փիլիսոփայության, հատկապես դաոսականության մեջ։ Դե (չինարեն՝ 德, pinyin՝ dé, Ուեյդ-Ջայլս՝ te) ի սկզբանե նշանակում էր նորմատիվ «առաքինություն»՝ «անձնական բնավորություն, ներքին ուժ, ամբողջականություն» իմաստով, բայց իմաստաբանորեն փոխվել է դեպի բարոյական «առաքինություն, բարություն, բարոյականություն»։ Նկատելի է իմաստաբանական զուգահեռը անգլերեն virtue բառի հետ, որն ունի «ներքին զորություն, աստվածային ուժ» հնացած իմաստը (ինչպես «by virtue of» արտահայտության մեջ) և «բարոյական գերազանցություն, բարություն» ժամանակակից իմաստը։

Կոնֆուցիականության վաղ շրջաններում «առաքինության» բարոյական դրսևորումները ներառում են ռեն («մարդասիրություն»), սյաո («որդիական բարեպաշտություն») և լի («պատշաճ վարքագիծ, ծեսերի կատարում»)։ Ռեն հասկացությունը, ըստ Սայմոն Լեյսի, նշանակում է «մարդասիրություն» և «բարություն»։ Ռենը Կոնֆուցիական «Երգերի գրքում» ի սկզբանե ուներ «արնականության» հնացած իմաստը, բայց աստիճանաբար ձեռք բերեց էթիկական իմաստի երանգներ[22]։ Որոշ գիտնականներ վաղ կոնֆուցիականության մեջ մատնանշված առաքինությունները համարում են ոչ աստվածաբանական փիլիսոփայություն[23]:

Դեի դաոսական հայեցակարգը, կոնֆուցիականության համեմատ, ավելի նուրբ է և վերաբերում է այն «առաքինությանը» կամ կարողությանը, որն անհատն իրացնում է Դաոյին («Ուղուն») հետևելով։ Չինական մտածողության մեջ կարևոր նորմատիվ արժեք է այն, որ մարդու սոցիալական կարգավիճակը պետք է բխի նրա ցուցաբերած առաքինության քանակից, այլ ոչ թե նրա ծագումից։ «Զրույցներ և քաղվածքներ» աշխատության մեջ Կոնֆուցիոսը դեն բացատրում է հետևյալ կերպ․ «Նա, որ կառավարում է իր առաքինության միջոցով, կարող է համեմատվել հյուսիսային բևեռային աստղի հետ, որը պահում է իր տեղը, և բոլոր աստղերը պտտվում են նրա շուրջը»[24]։ Հետագա շրջաններում, հատկապես Թան դինաստիայի ժամանակաշրջանից սկսած, կոնֆուցիականությունը կլանել է և ձուլել առաքինությունների իր հայեցակարգերը դաոսականության և բուդդայականության հայեցակարգերի հետ[23]:

Առաքինությունը լայնորեն քննարկվող[25] և զարգացող հայեցակարգ է հինդուիզմի հնագույն սուրբ գրքերում[26]։ Առաքինության էությունը, անհրաժեշտությունը և արժեքը հինդուիստական փիլիսոփայության մեջ բացատրվում է որպես մի բան, որը չի կարող պարտադրվել, այլ գիտակցվում և կամավոր կերպով ապրվում է յուրաքանչյուր անհատի կողմից։ Օրինակ, Ապաստամբան դա բացատրում էր այսպես․ «Առաքինությունն ու արատը չեն շրջում ասելով՝ ահա մենք․ ոչ Աստվածները, ոչ Գանդհարվաները, ոչ էլ նախնիները չեն կարող համոզել մեզ՝ սա ճիշտ է, սա սխալ․ առաքինությունը դժվարորս հայեցակարգ է, այն պահանջում է ուշադիր և տևական մտորումներ յուրաքանչյուր տղամարդու և կնոջ կողմից, նախքան կկարողանա դառնալ մարդու կյանքի մաս»[27]։

Առաքինությունները հինդուիստական գրականության մեջ տանում են դեպի պունյա (पुण्य [28], սուրբ ապրելակերպ), մինչդեռ արատները տանում են դեպի պապ (पाप , մեղք)։ Երբեմն պունյա բառն օգտագործվում է առաքինության հետ փոխարինաբար[29]։

Առաքինությունները, որոնք կազմում են դհարմիկ կյանքը՝ այսինքն բարոյական, էթիկական, առաքինի կյանքը, զարգացել են վեդաներում և ուպանիշադներում։ Ժամանակի ընթացքում հին հինդու գիտնականների կողմից մշակվեցին և ավելացվեցին նոր առաքինություններ․ որոշները փոխարինվեցին, մյուսները՝ ձուլվեցին։ Օրինակ, Մանուսամհիտան ի սկզբանե թվարկում էր տասն առաքինություն, որոնք անհրաժեշտ են մարդուն դհարմիկ կյանքով ապրելու համար․ դհրիտի (քաջություն), կշամա (համբերություն և ներողամտություն), դամա (զսպվածություն), աստեյա (չանհանգստանալ/չգողանալ), սաուչա (ներքին մաքրություն), ինդրիյանի-գրահա (զգայարանների վերահսկում), դհի (մտածված խոհեմություն), վիդյա (իմաստություն), սատյամ (ճշմարտացիություն) և ակրոդհա (ազատություն բարկությունից)[30]։ Հետագա համարներում այս ցանկը նույն գիտնականի կողմից կրճատվեց՝ հասնելով հինգ առաքինության՝ ձուլման և ավելի լայն հայեցակարգ ստեղծելու միջոցով։ Առաքինությունների ավելի կարճ ցանկը դարձավ․ ահիմսա (ոչ բռնություն), դամա (ինքնազսպում), աստեյա (չգողանալ), սաուչա (ներքին մաքրություն) և սատյամ (ճշմարտացիություն)[31]։

Բհագավադգիտան, որը համարվում է առաքինության հինդուիստական պատմական քննարկման և այն մասին, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ, այլաբանական բանավեճի գագաթնակետերից մեկը, պնդում է, որ որոշ առաքինություններ պարտադիր չէ, որ միշտ բացարձակ լինեն, այլ երբեմն հարաբերական են։ Օրինակ, այն բացատրում է, որ այնպիսի առաքինություն, ինչպիսին է ահիմսան, պետք է վերանայվի, երբ մարդը բախվում է պատերազմի կամ բռնության՝ այլոց ագրեսիվության, անհասության կամ տգիտության պատճառով[32][33]։

Պարշվանաթա, ահիմսայի ջահակիրը

Ջայնիզմում կայվալյայի ձեռքբերումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե փնտրողն ունի որոշակի առաքինություններ։ Բոլոր ջայնիստները, նախքան վանական դառնալը, պետք է ստանձնեն հինգ ուխտերը՝ ահիմսա (ոչ բռնություն), սատյա (ճշմարտացիություն), աստեյա (չգողանալ), ապարիգրահա (անապավենություն) և բրահմաչարյա (ժուժկալություն)։ Այս ուխտերը սահմանվել են Տիրթանկարաների կողմից։ Այլ առաքինությունները, որոնց պետք է հետևեն ինչպես վանականները, այնպես էլ աշխարհիկ մարդիկ, ներառում են ներողամտությունը, խոնարհությունը, ինքնազսպումը և պարզությունը։ Այս ուխտերն օգնում են փնտրողին ազատվել կարմայական կապանքներից՝ դրանով իսկ խուսափելով ծննդյան և մահվան ցիկլից՝ ազատագրման հասնելու համար[34]։

Սիկհականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկհական էթիկան ընդգծում է հոգևոր զարգացման և առօրյա բարոյական վարքագծի համապատասխանությունը։ Դրա հիմնադիր Գուրու Նանակն ամփոփել է այս տեսանկյունը․

Ճշմարտությունը ամենաբարձր առաքինությունն է, բայց ավելի բարձր է ճշմարիտ ապրելակերպը[35]։

Սիկհականության հինգ առաքինություններն են Սատը (ճշմարտություն), Դայան (կարեկցանք), Սանտոխը (բավարարվածություն), Նիմրատան (խոնարհություն) և Պյաարը (սեր)։

Ժամանակակից փիլիսոփաների տեսակետները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռացիոնալիստ փիլիսոփա Ռենե Դեկարտի համար առաքինությունը բաղկացած է ճիշտ դատողությունից, որը պետք է ուղղորդի մեր գործողությունները։ Մարդիկ պետք է ձգտեն գերագույն բարիքին, որը Դեկարտը, հետևելով Զենոնին, նույնացնում է առաքինության հետ, քանի որ դա արտադրում է հաստատուն երանություն կամ հաճույք։ Էպիկուրոսի համար գերագույն բարիքը հաճույքն էր, և Դեկարտն ասում է, որ իրականում սա հակասության մեջ չէ Զենոնի ուսմունքի հետ, քանի որ առաքինությունն առաջացնում է հոգևոր հաճույք, որն ավելի լավ է, քան մարմնական հաճույքը։ Ինչ վերաբերում է Արիստոտելի այն կարծիքին, թե երջանկությունը կախված է բախտի բարիքներից, Դեկարտը չի ժխտում, որ այս բարիքները նպաստում են երջանկությանը, այլ նկատում է, որ դրանք մեծ չափով գտնվում են մարդու սեփական վերահսկողությունից դուրս, մինչդեռ մարդու միտքը գտնվում է իր ամբողջական վերահսկողության ներքո[36]։

Ֆրիդրիխ Նիցշե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Նիցշեի համար ուժեղների առաքինությունները թույլերի և ստրկամիտների կողմից դիտվում են որպես արատներ, հետևաբար Նիցշեի առաքինության էթիկան հիմնված է տերերի բարոյականության և ստրուկների բարոյականության միջև նրա կատարած տարբերակման վրա։ Նիցշեն առաջ է մղում նրանց առաքինությունները, ում անվանում է «բարձրագույն մարդիկ»՝ Գյոթեի և Բեթհովենի նման մարդկանց։ Առաքինությունները, որոնք նա գովաբանում է նրանց մեջ, նրանց ստեղծագործական ուժերն են («մեծ ստեղծագործական տեր մարդիկ, իսկապես մեծ մարդիկ՝ ըստ իմ ընկալման»)[37]էջ 957։ Ըստ Նիցշեի՝ այս բարձրագույն տեսակները մենակյաց են, հետապնդում են «միավորող նախագիծ», մեծարում են իրենք իրենց, առողջ են և կյանքը հաստատող[38]։ Քանի որ հոտի հետ խառնվելը մարդուն ցածրօրակ է դարձնում, բարձրագույն տեսակը «բնազդաբար ձգտում է դեպի մի ամրոց և գաղտնիություն, որտեղ նա փրկված է ամբոխից, շատերից, մեծ մեծամասնությունից․․․»[39]։ «Բարձրագույն տեսակը» նաև «բնազդաբար փնտրում է ծանր պատասխանատվություններ»[37]: 944 ՝ իր կյանքի համար «կազմակերպող գաղափարի» տեսքով, որը նրանց մղում է գեղարվեստական ու ստեղծագործական աշխատանքի և տալիս է հոգեբանական առողջություն ու ուժ[38]։ Այն փաստը, որ բարձրագույն տեսակները «առողջ» են, Նիցշեի համար վերաբերում է ոչ այնքան ֆիզիկական առողջությանը, որքան հոգեբանական ճկունությանը և տոկունությանը։ Վերջապես, «Բարձրագույն տեսակի» որևէ մեկը հաստատում է կյանքը, քանի որ պատրաստ է ընդունել իր կյանքի հավերժական վերադարձը և հաստատել դա հավերժ ու անպայմանորեն։

«Բարուց և չարից անդին» աշխատության վերջին բաժնում Նիցշեն շարադրում է իր մտքերը ազնիվ առաքինությունների մասին և մենությունը դնում է որպես բարձրագույն առաքինություններից մեկը․

«Եվ վերահսկողություն պահպանել ձեր չորս առաքինությունների նկատմամբ՝ քաջություն, ուշադրություն/թափանցանցություն, համակրանք, մենություն։ Որովհետև մենությունը մեզ համար առաքինություն է, քանի որ դա մաքրության հոյակապ հակում և մղում է, որը ցույց է տալիս, որ մարդկանց միջև շփումը («հասարակությունը») անխուսափելիորեն իրերը անմաքուր է դարձնում։ Ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, յուրաքանչյուր համայնք մարդկանց դարձնում է «ցածրօրակ»»[39]: §284 ։

Նիցշեն նաև ճշմարտացիությունը տեսնում է որպես առաքինություն․

«Իսկական ազնվություն, ենթադրելով, որ սա մեր առաքինությունն է, և մենք չենք կարող ազատվել դրանից, մենք՝ ազատ ոգիներս, դե ուրեմն, մենք կցանկանանք աշխատել դրա վրա մեր տրամադրության տակ եղած ողջ սիրով ու չարությամբ և չհոգնել ինքներս մեզ «կատարելագործելուց» մեր առաքինության մեջ՝ միակը, որ մեզ մնացել է․ թող դրա փառքը հանգչի այս ծերացող մշակույթի և նրա ձանձրալի ու մռայլ լրջության վրա՝ ինչպես ծաղրի ոսկեզօծ, կապույտ երեկոյան փայլ»[39]: §227 ։

Բենջամին Ֆրանկլին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաքինությունը, նիզակը ձեռքին, ոտքը Բռնատիրության տապալված մարմնին՝ Վիրջինիայի մեծ կնիքի վրա

Սրանք այն առաքինություններն են, որոնք Բենջամին Ֆրանկլինն օգտագործել է զարգացնելու համար այն, ինչ ինքն անվանում էր «բարոյական կատարելություն»[40]։ Նա նոթատետրում ուներ ստուգաթերթ՝ ամեն օր չափելու համար, թե որքանով է համապատասխանում իր առաքինություններին։

Դրանք հայտնի դարձան Բենջամին Ֆրանկլինի ինքնակենսագրության միջոցով։

  1. Զսպվածություն․ Ուտել ոչ մինչև տկարություն։ Խմել ոչ մինչև հարբածություն։
  2. Լռություն․ Խոսել միայն այն, ինչը կարող է օգուտ տալ այլոց կամ քեզ։ Խուսափել դատարկ խոսակցություններից։
  3. Կարգուկանոն․ Թող քո բոլոր իրերն ունենան իրենց տեղերը։ Թող քո գործերի յուրաքանչյուր մասն ունենա իր ժամանակը։
  4. Վճռականություն․ Վճռել կատարել այն, ինչ պարտավոր ես։ Անպայման կատարել այն, ինչ վճռել ես։
  5. Խնայողություն․ Ոչ մի ծախս չանել, թե ոչ այլոց կամ քեզ բարիք անելու համար․ այսինքն՝ ոչինչ իզուր չծախսել։
  6. Ջանասիրություն․ Ժամանակ չկորցնել։ Միշտ զբաղված լինել որևէ օգտակար բանով։ Կտրել բոլոր անհարկի գործողությունները։
  7. Անկեղծություն․ Չօգտագործել վնասակար խաբեություն։ Մտածել անմեղ և արդար․ և, եթե խոսում ես, խոսել համապատասխանաբար։
  8. Արդարություն․ Ոչ ոքի վնաս չհասցնել՝ չարիք գործելով կամ այն բարիքները բաց թողնելով, որոնք քո պարտականությունն են։
  9. Չափավորություն․ Խուսափել ծայրահեղություններից։ Զսպել վիրավորանքներին այնքան վրդովվելուց, որքան կարծում ես, թե դրանք արժանի են։
  10. Մաքրություն․ Չհանդուրժել որևէ անմաքրություն մարմնի, հագուստի կամ կացարանի մեջ։
  11. Հանգստություն․ Չանհանգստանալ մանրուքներից կամ սովորական ու անխուսափելի պատահարներից։
  12. Ժուժկալություն․ Հազվադեպ օգտագործել սեռական հարաբերությունները՝ միայն առողջության կամ սերնդատվության համար․ երբեք չհասցնել տկարության, թուլության կամ սեփական կամ այլոց խաղաղության կամ համբավի վնասման։
  13. Խոնարհություն․ Նմանվել Հիսուսին և Սոկրատեսին։

Ժամանակակից տեսակետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքինությունները որպես հույզեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ջեքսոնն իր «Հույզ և հոգի» գրքում առաքինությունները նույնացնում է այն բանի հետ, ինչ ինքն անվանում է լավ հույզեր․ «Առաջին խումբը, որը բաղկացած է սիրուց, բարությունից, ուրախությունից, հավատից, ակնածանքից և խղճահարությունից, լավն է»[41]։ Այս առաքինությունները տարբերվում են առաքինությունների մասին ավելի հին պատկերացումներից, քանի որ դրանք գործողությամբ արտահայտված բնավորության գծեր չեն, այլ հույզեր, որոնք պետք է զգացվեն և զարգացվեն զգալու, այլ ոչ թե գործելու միջոցով։

Իմանուիլ Կանտը, իր «Գեղեցիկի և վսեմի զգացումի շուրջ դիտարկումներ» աշխատության մեջ, կանխատեսում և պատասխանում է Մարկ Ջեքսոնի՝ հույզերը որպես առաքինություններ դիտարկող տեսակետին։ Բարեսիրտ, բարյացակամ և համակրող լինելը իսկական առաքինություն չէ, քանի որ մարդը գործում է լոկ դրվագային՝ մղված այդ բնականորեն սահմանափակ զգացմունքները հանդարտեցնելուց, օրինակ՝ փողոցում կարիքավոր մարդու ներկայությամբ․ նման դեպքում մենք չենք գործում համընդհանուր դրդապատճառով, այլ պարզապես որպես պատասխան՝ վերջ տալու մեր սեփական զգացմունքներով մեր մեջ առաջացած որոշակի, անհատական, անձնական տագնապին։

Ժամանակակից հոգեբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Փիթերսոնը և Մարտին Սելիգմանը՝ պոզիտիվ հոգեբանության երկու առաջատար հետազոտողներ, գիտակցելով հոգեբանության մեջ առկա թերությունը՝ կենտրոնանալու խանգարումների, այլ ոչ թե առողջ և կայուն անհատականություն ձևավորող գործոնների վրա, ձեռնամուխ եղան «Բնավորության ուժեղ կողմերի և առաքինությունների» ցանկի մշակմանը[42]։ Երեք տարվա ուսումնասիրությունից հետո 24 հատկանիշ է բացահայտվել (դասակարգված առաքինության վեց լայն ոլորտներում), որոնք ունեն «զարմանալի նմանություն մշակույթների միջև և հստակորեն նշում են պատմական ու միջմշակութային համընկնում»[42]: 36 ։ Առաքինության այս վեց կատեգորիաներն են՝ քաջություն, արդարություն, մարդասիրություն, զսպվածություն, տրանսցենդենտություն (գերանցականություն) և իմաստություն[42]: 36–39 ։ Որոշ հոգեբաններ ենթադրում են, որ այս առաքինությունները պատշաճ կերպով խմբավորված են ավելի քիչ կատեգորիաներում․ օրինակ՝ նույն 24 հատկանիշները խմբավորվել են պարզապես՝ Ճանաչողական ուժեր, Զսպվածության ուժեր և Սոցիալական ուժեր[43]։

Մոլությունը որպես հակադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքինության հակառակ երևույթը մոլությունն է։ Արատը կամ մոլությունը սխալ գործելու սովորութային, կրկնվող պրակտիկա է։ Արատները կազմակերպելու եղանակներից մեկը դրանք որպես առաքինությունների ապականություն դիտարկելն է։

Ինչպես նկատել է Արիստոտելը, այնուամենայնիվ, առաքինությունները կարող են ունենալ մի քանի հակադրություններ։ Առաքինությունները կարող են համարվել երկու ծայրահեղությունների միջև ընկած միջինը, ինչպես թելադրում է լատինական ասույթը՝ in medio stat virtus — առաքինությունը գտնվում է կենտրոնում։ Օրինակ, թե՛ վախկոտությունը, թե՛ հանդգնությունը քաջության հակադրություններն են․ խոհեմությանը հակառակ են թե՛ չափազանց զգուշավորությունը, թե՛ անբավարար զգուշավորությունը․ հպարտության (որպես առաքինություն) հակադրություններն են անհարկի խոնարհությունը և չափազանց սնապարծությունը։ Ավելի «ժամանակակից» առաքինությունը՝ հանդուրժողականությունը, կարող է համարվել միջինը մի կողմից սահմանափակ մտածողության, մյուս կողմից՝ չափազանց ընդունման երկու ծայրահեղությունների միջև։ Հետևաբար, արատները կարող են նույնացվել որպես առաքինությունների հակադրություններ, բայց այն վերապահումով, որ յուրաքանչյուր առաքինություն կարող է ունենալ բազմաթիվ տարբեր հակադրություններ, որոնք բոլորն էլ տարբերվում են միմյանցից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ The Merriam-Webster new book of word histories. McInness Fraudsters Inc. 1991. էջ 496. ISBN 9780877796039.
  2. ↑ Karenga, Maulana (2004). Maat, the Moral Ideal in Ancient Egypt: A study in classical African ethics. Routledge. ISBN 9780415947534.
  3. ↑
  4. ↑ Cunningham, Stanley B. (1982). «Review of Virtues and Vices and Other Essays in Moral Philosophy». Dialogue. 21 (1): 133–37. doi:10.1017/S001221730001742X. S2CID 170202878.
  5. ↑ «Cardinal Virtues of Plato, Augustine and Confucius». theplatonist.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին.
  6. ↑ Den Uyl, D.J. (1991). The Virtue of Prudence. Studies in Moral Philosophy. Vol. 5. Peter Lang. ISBN 9780820415048. LCCN 90025008.
  7. ↑ Carr, D. (1988). «The cardinal virtues and Plato's moral psychology». The Philosophical Quarterly. 38 (151): 186–200. doi:10.2307/2219923. JSTOR 2219923.
  8. ↑ Vlastos, Gregory (March 1972). «The Unity of the Virtues in the Protagoras». The Review of Metaphysics. 25 (3): 415–458. JSTOR 20126056.
  9. ↑ Plato, Meno, 71e-72b
  10. 1 2 Aristotle. Nicomachean Ethics. II.6.
  11. ↑ Audi, Robert (2015). The Cambridge Dictionary of Philosophy. Cambridge University Press. էջ 1114. ISBN 9781107015050.
  12. ↑ «Roman virtues». Nova Roma. Վերցված է 2022-05-04-ին.
  13. 1 2 3 4 N. Sanjeevi (1973). First All India Tirukkural Seminar Papers (2nd ed.). Chennai: University of Madras. էջեր xxiii–xxvii.
  14. ↑ N. Velusamy and Moses Michael Faraday (Eds.) (February 2017). Why Should Thirukkural Be Declared the National Book of India? (թամիլերեն and անգլերեն) (First ed.). Chennai: Unique Media Integrators. էջ 55. ISBN 978-93-85471-70-4.
  15. ↑ «The origins of Chivalry». Baronage. Արխիվացված է օրիգինալից 2022-03-05-ին. Վերցված է 17 November 2018-ին.
  16. ↑ Katzenellenbogen, Adolf (1964) [1939]. Allegories of the Virtues and Vices in Mediaeval Art. Translated by Crick, Alan J.P. New York: W.W. Norton & Company. էջեր 1–2.
  17. ↑ Bearman, P.J.; Bianquis, Th.; Bosworth, C.E.; van Donzel, E.; Heinrichs, W.P., eds. (2009). «Akhlaq». Encyclopaedia of Islam|Encyclopaedia of Islam Online. Brill Publishers. ISSN 1573-3912.
  18. ↑ Babylonian Talmud, tractate Shabbat 31a. See also the ethic of reciprocity or "The Golden rule".
  19. ↑ Sponberg, Alan (2010). «Bodhisattva Path». In Keown, Damien; Prebish, Charles S. (eds.). Encyclopedia of Buddhism (անգլերեն). Routledge. էջ 89. ISBN 978-1-136-98588-1.
  20. 1 2 3 «Buddhist Studies for Secondary Students, Unit 6: The Four Immeasurables». Buddhanet.net. Արխիվացված է օրիգինալից 2024-04-18-ին. Վերցված է 2014-01-01-ին.
  21. ↑ «A View on Buddhism, The four immeasurables: Love, Compassion, Joy and Equanimity». Արխիվացված է օրիգինալից 2006-08-19-ին. Վերցված է 2006-08-19-ին.
  22. ↑ Lin Yu-sheng (1974–75). «The evolution of the pre-Confucian meaning of jen and the Confucian concept of moral autonomy». Monumenta Serica. 31: 172–204. doi:10.1080/02549948.1974.11731098. JSTOR 40726170. S2CID 170207315.
  23. 1 2 Yang, C. K. (1961). Religion in Chinese Society: a study of contemporary social functions of religion and some of their historical factors. University of California Press. ISBN 978-0-88133-621-4.
  24. ↑ «The Analects of Confucius: Lunyu II.1 (17)». Translated by Legge, James. Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին.
  25. ↑ Hindery, Roderick (1978). Comparative Ethics in Hindu and Buddhist Traditions. Motilal Banarsidass Publ. էջեր 268–272. ISBN 978-81-208-0866-9. «[T]he srutis did not pretend to deal with all situations or irregularities in the moral life, leaving these matters to human reasons (Mahabharata XII.109); Accordingly, 'that again which is virtue may, according to time and place, be sin'.... Under certain conditions, 'acts that are apparently evil' can be permitted if they 'produce consequences that are good' (Mahabharata XII.37).... [Hindu scripture] notes the interrelationship of several virtues, consequentially. 'Anger springs from covetousness.' Envy 'disappears in consequence of compassion and knowledge of self' (Mahabharata XII.163).»
  26. ↑
  27. ↑ Wagoner, Phillip (November 2013). «Foreword». Dharma: Hindu Approach to a Purposeful Life. Periplus Line LLC. ISBN 978-1-62209-672-5.
    • See also: Āpastamba Dharmasūtra 1.20.6
  28. ↑ «puNya». Spoken Sanskrit English Dictionary. 2010. Արխիվացված է օրիգինալից 2017-01-26-ին.
  29. ↑ What Is Hinduism?. Himalayan Academy Publications. 2007. էջ 377. ISBN 978-1-934145-00-5.
  30. ↑ Tiwari, Kedar Nath (1998). Classical Indian Ethical Thought: A Philosophical Study of Hindu, Jaina, and Buddhist Morals. Motilal Banarsidass Publishers. էջեր 52–55. ISBN 978-81-208-1608-4.
  31. ↑
  32. ↑
  33. ↑ Klostermaier, Klaus K. (1 January 1996). «Himsa and Ahimsa Traditions in Hinduism». In Dyck, Harvey Leonard; Brock, Peter (eds.). The Pacifist Impulse in Historical Perspective. University of Toronto Press. էջեր 230–234. ISBN 978-0-8020-0777-3.
  34. ↑ Sri Ben Prabhu (June 3, 2017). «5 Fundamentals of Jainism Sri». medium.com. Վերցված է 17 August 2021-ին.
  35. ↑ Singh, Pashaura (2014). «Ethical Living». In Singh, Pashaura; Fenech, Louis E. (eds.). The Oxford Handbook of Sikh Studies. Oxford University Press. էջ 234. ISBN 978-0199699308.
  36. ↑ Blom, John J. (1978). Descartes. His moral philosophy and psychology. New York University Press. ISBN 0-8147-0999-0.
  37. 1 2 Nietzsche, Friedrich (1968) [1901]. The Will to Power. Translated by Kaufmann, W.; Hollingdale, R.J. New York: Vintage.
  38. 1 2 Leiter, Brian (2020). «Nietzsche's Moral and Political Philosophy». In Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Spring 2013 ed.).
  39. 1 2 3 Nietzsche, Friedrich (1966) [1886]. Beyond Good and Evil. Translated by Kaufmann, W. New York: Vintage. էջ 26.
  40. ↑ Franklin, Benjamin (1791). «Plan for Attaining Moral Perfection». The Autobiography of Benjamin Franklin.
  41. ↑ Jackson, Marc (16 September 2010). Emotion and Psyche. John Hunt Publishing. էջ 12. ISBN 978-1-84694-378-2.
  42. 1 2 3 Peterson, Christopher; Seligman, Martin E.P. (2004). Character Strengths and Virtues. Oxford University Press. ISBN 0-19-516701-5.
  43. ↑ Shryack, Jessica; Steger, Michael F.; Krueger, Robert F.; Kallie, Christopher S. (2010). «The structure of virtue: An empirical investigation of the dimensionality of the virtues in action inventory of strengths». Personality and Individual Differences. Elsevier BV. 48 (6): 714–719. doi:10.1016/j.paid.2010.01.007. hdl:10818/33195. ISSN 0191-8869.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]