Աշխարհայացք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tawa chakana.svg

Աշխարհայացք ֊ Կյանքի, բնության ու հասարակության մասին ունեցած հայացքների ամբողջություն է: Մարդ-աշխարհ հարաբերությունների շրջանակներում աշխարհի մասին և այդ աշխարհում մարդու տեղի ու դերի մասին տեսական-քննադատական առավել ընդհանուր հայացքների համակարգ է։ Աշխարհայացքի մեջ բացառիկ տեղ ունեն բազմաբնույթ գիտելիքները, որոնք ընկած են աշխարհայացքային կողմնորոշման հիմքում, արժևորում-գնահատումը՝ որպես մարդու համար աշխարհի և իրերի նշանակելիության բացահայտում և արժևորում։ Աշխարհայացքը շրջապատող միջավայրի ընկալման, ըմբռնման, գիտակցման ու գնահատման ձև ու եղանակ է, որի միջոցով մարդիկ ձևակերպում են սեփական դիրքորոշումները այդ աշխարհի նկատմամբ։ Ուրեմն, աշխարհայացքում բազիսային են ընդհանրացված այնպիսի գիտելիքներ և գաղափարներ, իդեալներ ու նորմեր, որոնք մարդու կյանքի ու կենսագործունեության համար առավել կարևոր ու ճակատագրական են։ Աշխարհայացքի կառուցվածքային կարևոր բաղադրիչ են հավատն ու համոզմունքը՝ որպես մարդու մտավոր, հոգեկան ու հուզական կայուն վիճակ ու դիրքորոշում։ Իրենց հայացքների նկատմամբ կայուն համոզմունքների շնորհիվ մարդիկ ձեռք են բերում սեփական գաղափարների, հայացքների և սկզբունքների նկատմամբ մեծ վստահություն և նպատակին հասնելու վստահելի հաստատակամություն։ Աշխարհայացքի հոգևոր տարրերի մեջ ուրույն տեղ ունեն իդեալները, արժեքները և դավանանքը։ Իդեալները սուբյեկտի կողմից իրականության արտացոլման և իմաստավորման յուրահատուկ ձևեր են, դրա կատարելության նմուշ են, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Այս պարագայում առավել ընդգծվում են աշխարհայացքային արժեքները՝ որպես իրականության նկատմամբ դրական կամ բացասական հարաբերություններ՝ կապված մարդկանց բնական պահանջմունքների ու շահերի հետ։ Աշխարհայացքը ընդգծված արժեքային է և եթե հիմքում ունի իրականության ճշմարտացի արտացոլումն ու հավատը այդ աշխարհի բանական էության մասին, ապա իր արժեքային չափորոշիչներով այն ցուցադրում է մարդկանց վերաբերմունքը աշխարհի նկատմամբ, որը խստիվ դետերմինավորված է նրանց ձգտումներով, շահերով ու պահանջմունքներով։ Աշխարհայացքի կարևորագույն բաղադրիչներ են մարդկանց կյանքի ու կենսագործունեության նորմերն ու սկզբունքները՝ որպես նրանց ակտիվության դրսևորման նմուշներ ու չափորոշիչներ, մարդկանց վարքի ու վարվելակերպի կանոններ։ Աշխարհայացքը բազմաֆունկցիոնալ հոգևոր կազմավորում է, որի հիմքում ընկած են աշխարհի իմացության և նրա նկատմամբ մարդու կողմնորոշման հոգեբանական բազում գործոններ, այն է՝ մտավոր կարողությունների խորությունն ու լայնությունը, կամային կայուն հատկանիշները, զգացմունքների խորության աստիճանը և հուզական այլ գործոններ։ Դրանց հիմքի վրա աշխարհայացքը կարելի է ներկայացնել ենթկառուցվածքային որոշակի ձևերով՝ աշխարհզգացում՝ որպես աշխարհի հոգևոր-հուզական մակարդակ, աշխարհընկալում՝ այն է՝ աշխարհի մասին իմացական պատկերացումների համակարգ և աշխարհըմբռնում, այն է՝ աշխարհի ճանաչողական-հասկացական մակարդակ։

Աշխարհայացքի հիմնական հարցը սուբյեկտի և օբյեկտի հարաբերությունն է։ Մարդը, որպես բանական էակ, հետաքրքրվել է, թե ինչ է աշխարհը, ինչ է ընկած նրա հիմքում և այլն։ Ձևավորվող ընդհանուր պատկերացումն էլ, հենց աշխարհայացքն է։ Որպեսզի ձևավորվի աշխարհայացքը, մարդը պետք է ունենա լայն հայացքներ ինչպես աշխարհի (օբյեկտի) մասին, այնպես էլ մարդու (սուբյեկտի) մասին։ Օբյեկտի մասին գիտելիքները ձևավորվում են բնության, հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների ուսումնասիրմամբ։ Սուբյեկտի մասին գիտելիքները ձևավորվում են անհատի, նրա արժեհամակարգի ուսումնասիրման արդյունքում։ Ուսումնասիրման ընթացքում անձը տալիս է գնահատականներ, եթե գնահատականը դրական է, ապա անձն ընդունում է տվյալ գաղափարները, բացասականի դեպքում՝ գաղափարները մերժվում են նրա կողմից։ Այդ գնահատականների արդյունքում էլ կարող է ձևավորվել աշխարհայացքը։ Մարդն ապրում և գործում է, ըստ իր աշխարհայացքի։ Սուբյեկտների միջև տեղի ունեցող կոնֆլիկտը ևս բխում է աշխարհայացքից։


Աշխարհայացքն ունի 4տեսակ

  • Առօրեական աշխարհայացք
  • Դիցաբանական աշխարհայացք
  • Կրոնական աշխարհայացք
  • Փիլիսոփայական աշխարհայացք

«Աշխարհայացքի մասին բյոգային գրառում»։ գրվելու թվական 

«Աշխարհայացքի մասին ռուսերեն»