Jump to content

Պատանեկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատանեկություն (այլ կիրառումներ)
Պատանեկության աստվածուհին

Պատանեկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որը նախապատրաստություն է հասուն կյանքի։ Փաստացի, պատանեկությունը համարվում է երրորդ աշխարհ մանկության և չափահասության միջև։ Այս ժամանակ մարդը հայտնվում է մեծահասակի իրական կյանքի սահմանին։

Վաղ պատանեկություն (15-17 տարեկան)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային տարիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

15 (կամ 14-16) տարեկանում դեռահասության և պատանեկության միջև անցումային տարիքն է։ Հաշվի առնելով 11-ամյա կրթությունը՝ այս տարիքը համապատասխանում է իններորդ դասարանին։ Հենց այս ժամանակ էլ որոշվում է հետագա կյանքի խնդիրը. ի՞նչ անել՝ շարունակել ուսումը դպրոցում, թե քոլեջում, թե աշխատել։ Ըստ էության, ավագ դեռահասից հասարակությունը պահանջում է մասնագիտական ինքնորոշում, թեև նախնական։ Դրա հետ մեկտեղ, նա պետք է կողմնորոշվի սեփական ընդունակություններում, հետաքրքրություններում, պատկերացում ունենալ ապագա մասնագիտության վերաբերյալ, մասնագիտական վարպետության հասնելու կոնկրետ միջոցների մասին։ Սա, ինքնին, չափազանց բարդ խնդիր է։

Ոչ բոլոր պատանիները կարող են իններորդ դասարանի վերջում ընտրել մասնագիտություն և նրա հետ կապված ուսման հետագա ուղի։ Նրանցից շատերը անհանգստացած են, հուզականորեն լարված և վախենում են ցանկացած ընտրությունից։ Դրա համար էլ հակված են ուսումը շարունակելու դպրոցում։ Այս որոշման վրա ազդում է և ուժեղ կապվածությունը դպրոցին, հաստատված ընկերական հարաբերությունները դասարանցիների հետ, ուսուցիչների հետ բարենպաստ հարաբերությունները։ Այս տարիքի աշակերտներից շատերը, գոհ չլինելով իրենց առաջադիմությամբ և դասարանում ունեցած դիրքից, ձգտում են շուտ ավարտել դպրոցը։ Բայց նրանց էլ մինչև վերջ պարզ չէ, թե ինչ է իրենց սպասվում, իսկ այսպիսի անորոշ ապագան վախ է ներշնչում։

Իններորդ դասարանում աճում է ինքնագնահատականի հետ կապված անհանգստությունը։

Անցումային տարիքում մեծ հետաքրքրություն են առաջացնում մեծահասակները, ում փորձը, գիտելիքները օգնում են կողմնորոշվել ապագա կյանքում։

Ապագա կյանքը նրանց հետաքրքրում է, առաջին հերթին, մասնագիտական տեսանկյունից։ Նրանք բավական հստակ ձևակերպում նե իրենց պատկերացումները հասարակական հարաբերությունների համակարգի մասին, այն մասին, թե ինչպես է ներգրավվում մարդը դրանց մեջ։

Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին, ընտանեկան հարաբերություններին, ապա դրանք դառնում են պակաս նշանակալից։ Իններորդ դասարանցիները հիմնականում կլանված են մասնագիտական ինքնորոշման հարցերով։

Զարգացման պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ պատանեկությունը համարում են բուռն տարիք՝ միավորելով այն դեռահասության տարիքի հետ։ Կյանքի իմաստի, աշխարհում իր տեղի որոնումները կարող են դառնալ հատկապես լարված։ Ի հայտ են գալիս ինտելեկտուալ և սոցիալական նոր պահանջմունքներ, որոնց բավարարումը հնարավոր կդառնա միայն ապագայում, երբեմն ներքին կոնֆլիկտեր և շրջապատողների հետ հարաբերությունների դժվարություններ։

Բայց ոչ բոլորի մոտ է այս փուլը լարված։ Ընդհակառակը, որոշ ավագ դպրոցականներ սահուն և աստիճանաբար մոտենում են իրենց կյանքի բեկումնային պահին, իսկ այնուհետև հեշտությամբ ներառվում հարաբերությունների նոր համակարգի մեջ։ Նրանց հատուկ չէ ռոմանտիկ զեղումները, որոնք սովորաբար ասոցացվում են պատանեկության հետ, նրանց ուրախացնում է հանգիստ, կարգավորված կենսաձևը։ Նրանք ավելի շատ հետաքրքրվում են համընդհանուր արժեքներով, մեծապես կողմորոշվում շրջապատողների գնահատականի վրա, հենվում հեղինակության վրա։ Նրանց մոտ, որպես կանոն, լավ հարաբերություններ են ծնողների, ուսուցիչներ հետ։

Այնուամենայնիվ, վաղ պատանեկության այսպիսի բարեհաջող ընթացքի դեպքում առկա են և բացասական կողմեր անձնային զարգացման մեջ։ Երեխաները պակաս ինքնուրույն են, առավել պասիվ, երբեմն էլ՝ առավել մակերեսային իրենց հետաքրքրություններում, կապվածություններում։

Հանդիպում են զարգացման ևս երկու տարբերակներ։ Դա, առաջին հերթին, արագ, թռիչքաձև փոփոխություններն են, որոնք ինքնակարգավորման բարձր մակարդակի շնորհիվ՝ լավ վերահսկվում են՝ կտրուկ հուզական բռնկումներ չառաջացնելով։ Երեխաները վաղ որոշում են իրենց կյանքի նպատակները և հաստատակամորեն ձգտում դրանց իրականացմանը։ Սակայն, բարձր կամայնության, ինքնադիսցիպլինայի հետևանքով նրանց մոտ թույլ է զարգացած հուզական ոլորտը և ռեֆլեքսիան։ Եվս մի տարբերակ կապված է իրենց ուղու տանջալից որոնումների հետ։ Այսպիսի երեխաներն անվստահ են և իրենց դժվար են հասկանում։

Ռեֆլեքսիայի անբավարար զարգացվածությունը, խոր ինքնաճանաչողության բացակայությունը այստեղ չի փոխհատուցվում բարձր կամայնությամբ։ Երեխաներն իմպուլսիվ են, անհետևողական արարքներում և հարաբերություններում, ոչ բավարար պատասխանատու։ Նրանք հաճախ են ժխտում ծնողների արժեքները, բայց դրա փոխարեն ի վիճակի չեն առաջարկելու ինչ-որ նոր բան։

Պատանեկության զարգացման դինամիկան կախված է մի շարք պայմաններից։ Առաջին հերթին, նշանակալից մարդկանց հետ հարաբերությունների առանձնահատկությունները, որոնք էապես ազդում են ինքնորոշման գործընթացի հետ։ Արդեն դեռահասությունից պատանեկություն անցումային տարիքում երեխաների մոտ հատուկ հետաքրքրություն է առաջանում մեծահասակների հետ շփման։ Ավագ դասարաններում այս միտումն ուժեղանում է։ Ինքնուրույնության ձգտման հետ մեկտեղ՝ երեխաները կարիք ունեն մեծահասակների օգնությանն ու կենսափորձին. ընտանիքը մնում է այն տեղը, որտեղ նրան իրենց առավել հանգիստ և վստահ են զգում։ Ծնողների հետ քննարկվում են կյանքի հեռանկարները, առաջին հերթին մասնագիտական։ Ընդգծվում են դրված նպատակներին հասնելու միջոցները, և բացի այդ վերլուծվում ուսման հետ կապված դժվարությունները։

Ավագ դպրոցականը մոտիկ մեծահասակին վերաբերում է որպես իդեալի։ Տարբեր մարդկանց մեջ նա գնահատում է նրանց տարբեր որակները, վերջիններս նրա համար հանդես են գալիս որպես էտալոններ տարբեր ոլորտներում՝ մարդկային հարաբերությունների, բարոյական նորմերի, գործունեության տարբեր տեսակների և այլն։ Պատանին նրանց է հարմարեցնում իր իդեալական Ես-ը. ինչպիսին է ինքը ցանկանում լինել և կլինի հասուն կյանքում։

Չնայած մեծահասակների հետ հարաբերությունները դառնում են վստահելի, այնուամենայնիվ, պահպանում են որոշակի դիստանցիա։ Այսպիսի շփման բովանդակությունը նշանակալից է երեխայի համար, բայց դա ինտիմ ինֆորմացի չէ։ Բացի այդ, մեծահասակի հետ շփման մեջ նրանց համար պարտադիր չէ հասնել խորը ինքնաբացահայտման, զգալ իրական հոգեբանական մերձություն։ Այն կարծիքներն ու արծեքները, որոնք ստանում են մեծահասակից, կարող են ստուգվել տարիքակիցների հետ շփման մեջ։

Հասակակիցների հետ շփումը նույնպես անհրաժեշտ է ինքնորոշման կայացման համար վաղ պատանեկության տարիքում, բայց այն ունի և այլ ֆունկցիաներ։ Եթե մեծահասկաների հետ շփմանը պատանին դիմում է հիմնականում խնդրային իրավիճակներում, երբ ինքնուրույն դժվարանում է որոշում կայացնել՝ կապված ապագայի պլանների հետ, ապա ընկերների հետ շփումը մնում է ինտիմ-անձնային, խոստովանային։ Նա, ինչպես դեռահասության տարիքում, ուրիշին հաղորդակից է դարձնում իր ներաշխարհին՝ իր մտքերի, զգացմունքերին, հետաքրքրություններին։ Մոտ ընկերոջ կամ ընկերուհու հետ քննարկվում են մեծ հիասթափությունների դեպքերը, որոնք ապրվում են ներկա պահին, հասակակիցների հետ հարաբերությունները՝ հատկապես հակառակ սեռի։ Այսպիսի շփման բովանդակությունը իրական կյանքն է, այլ ոչ թե կյանքի հեռանկարները, ընկերոջը փոխանցվող ինֆորմացիան շատ գաղտնի է։ Շփումը պահանջում է փոխըմբռնում, ներքին մերձություն, անկեղծություն։ Այն հիմնված է ուրիշի՝ որպես սեփական անձի նկատմամբ հարաբերության վրա, նրանում բացահայտվում է սեփական «ես»-ը։ Այն պահպանում է ինքնաընդունումը, ինքնահարգանքը։

Պատանեկան ընկերությունը եզակի է, այն բացառիկ տեղ է զբաղեցնում այլ կապվածությունների շարքում։ Սակայն ինտիմության պահանջմունքը այս ժամանակ գրեթե լեցուն է, բայց այն բավարարելը դժվար է։ Մեծանում է ընկերության նկատմամբ պահանջները, բարդանում են նրա չափանիշները։ Պատանեկությունը ընկերության արտոնյալ տարիքն է, բայց իրենք՝ ավագ դպրոցականները, իսկական ընկերությունը հազվադեպ են համարում։

Ընկերության հուզական լարվածությունը նվազում է սիրո առաջացմամբ։ Պատանեկան սերը ենթադրում է ինտիմության մեծ աստիճան, քան ընկերությունը, և այն, կարծես թե, ներառում է ընկերություն։ Դեռահասության տարիքի զվարճություններից հետո կարող է դրսևորվել առաջին իսկական սիրահարվածությունը։

Սիրո վերաբերյալ պատանեկան երազանքներն արտացոլում են, առաջին հերթին, հուզական ջերմության, հասկացման, հոգևոր միասնության պահանջմունքը։

Սիրո հակադրումը՝ որպես բարձրագույն զգացմունքի և կենսաբանական սեռական պահանջմունքի, հատկապես վառ արտահայտված է տղաների մոտ։ Սովորաբար, այսպիսի դեպքերում որպես հոգեբանական պաշտպանություն ծառայում են ասկետիզմը կամ ինտելեկտուալիզմը։ Իրենց զգայունույութունը վերահսկելու փոխարեն՝ նրանք ձգտում են այն ամբողջությամբ ճնշել։

Ավագ դպրոցականները, ինչպես դեռահասները, հակված են ընդօրինակել միմյանց և ինքնահաստատվել հասակակիցների աչքերում՝ իրական կամ «մտացածին» հաղթանակների միջոցով։

Ինտիմ պատանեկան ընկերության և ռոմանտիկ սիրո նկատմամբ ընդունակությունը այս տարիքում, ազդում է ապագա հասուն կյանքի վրա։ Այս՝ առավել խորը հարաբերությունները պայմանավորում են անձի զարգացումը, բարոյական ինքնորոշումը, և այն, թե ում, և ինչպես կսիրի արդեն հասուն մարդը։

Պատանու (ավագ դպրոցականի)անձը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության համար բնորոշ է ապագային նպատակաուղղվածությունը։ Եթե 15 տարեկանում կյանքն արմատապես չի փոխվել, և ավագ դեռահասը մնացել է դպրոցում, նա այս կերպ երկարացրել է 2 տարով իր մուտքը հասուն կյանքը, հենց հետագա ուղու ընտրությունը։ Այս՝ հարաբերականորեն կարճ փուլում անհրաժեշտ է ստեղծել կենսական պլան. լուծել հարցերը՝ ինչ դառնալ՝ մասնագիտական ինքորոշում, և ինչպիսինը դառնալ՝ անձնային կամ բարոյական ինքնորոշում։ Կենսական պլանը դեռահասության տարիքի երազանքները չեն։ Ավագ դպրոցականը պետք է ոչ միայն ուղղակի պատկերացնի իրեն ապագայում ընդհանուր գծերով, այլև գիտակցի դրված նպատակներին հասնելու միջոցները։

Ավարտական դասարանում երեխաները կենտրոնանում են մասնագիտական ինքնորոշման վրա։ Դա ենթադրում է ինքասահմանափակում, դեռահասության ֆանտազիաներից հարաժարում, որոնցում երեխան կարող էր դառնակ ցանկացած գրավիչ մասնագիտության ներկայացուցիչ։ Ավագ դպրոցականը ստիպված է կողմոնրոշվել մի քանի մասնագիտությունների վրա, ինչը չափազանց դծվար է, քանի որ մասնագիտություններին նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է ոչ թե սեփական, այլ ուրիշի փորձը՝ ծնողներից, ընկերներից ստացած տեղեկությունները, որոնք չեն ապրվել երեխայի կողմից։ Այս փորձը սովորաբար աբստրակտ է։ Բացի այդ, անհրաժեշտ է գնահատել սեփական օբյեկտիվ հնարավորությունները, ուսումնական պատրաստվածության մակարդակը, առողջությունը, ընտանիքի նյութական պայմանները, իրենց ընդունակությունները և հակումները։

Մասնագիտության ընտրության վրա ազդում է նրա հեղինակությունը, այդ մասնագիտության հատուկ անձնային որակները, հարաբերությունների, արժեքների, նորմերի համակարգը, և իհարկե, ապագայում գումար վաստակելու հնարավորությունը։

Ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային ինքնորոշումը վաղ պատանեկության կենտրոնական նորագոյացությունն է։ Սա նոր ներքին դիրքորոշում է, որը ներառում է ինքն իրեն՝ որպես հասարակության անդամի գիտակցումը, նրանում սեփական տեղի ընդունումը։

Ինքնորոշումը կապված է ժամանակի նոր ընկալման հետ՝ անցյալի և ապագայի համադրման, ապագայի տեսանկյունից ներկայի ընկալման հետ։ Մանկության տարքիում ժամանակը գիտակցականորեն չէր ընկալվում և չէր ապրվում, հիմա գիտակցվում է ժամանակային հեռանկարը. «Ես»-ն ընդգրկում է իրեն պատկանող անցյալը և ձգտում դեպի ապագան։ Բայց ժամանակի ընկալումը հակասական է։ Ժամանակի անդառնալիության զգացումը հաճախ համադրվում է այն պատկերացման հետ, որ ժամանակը կանգ է առել։ Ավագ դպրոցականը մերթ իրեն երիտասարդ է զգում, մերթ մեծ, ամեն ինչ փորձած։ Միայն աստիճանաբար է կապ հաստատվում ներկայի և ապագայի միջև, «այն, ինչ ես կամ» և «այն, ինչ ես դառնալու եմ» միջև, ինչը կարևոր է անձնային զարգացման համար։

Ապագային ուղղվածությունը միայն այն ժամանակ է բարենպաստ ազդում անձի ձևավորման վրա, երբ կա բավարարավածություն ներկայով։ Այսպիսի պայմաններում պատանին ձգտում է ապագային ոչ թե նրա համար, որ ներկան վատ է, այլ, որ առջևում ավելի լավ է լինելու։

Ժամանակային հեռանկարի գիտակցումը և կենսական պլանների կառուցումը պահանջում են ինքնավստահություն։ Ինքնագնահատականը նշանակալիորեն կայուն է, բարձր, ադեկվատ։ Այս ամենն իահրկե կապված է «ես-կոնցեպցիայի» ձևավորման և ինքնորոշման անհրաժեշտության հետ։

Ավարտական դասարանում իրավիճակը դառնում է առավել լարված։ Կենսական ընտրությունը դառնում է բավական իրական։ Ավագ դպրոցականների մի մասը շարունակում է պահպանել օպտիմիստական ինքնագնահատականը, այն խիստ բարձր չէ, նրանում ներդաշնակորեն համդրվում են ցանկությունները հավակնությունները և սեփական հնարավորությունների գնահատականը։ Այլ դպրոցականների մոտ ինքնագնահատականը բարձր է և գլոբալ՝ ընդգրկելով կյանքի բոլոր կողմերը։ Մի մասն էլ առանձնանում է անվստահությամբ, հավակնությունների և հնարավորություների միջև անջրպետի ապրմամբ։ Նրանց ինքնագնհատկանը ցածր է, կոնֆլիկտային։

Ինքնագնահատակնի փոփոխությամբ պայմանավորված 11-րդ դասարանում ուժեղանում է տագնապայնությունը։


Դիտարկելով ավագ դասրաններում ինքնագնահատականի զարգացման միտումները՝ պետք է նշել, որ կոնկրետ աշակերտի ինքնագնահատականը կախված է ոչ միայն ընդհանուր իրավիճակից, այլև անհատական արժեքային կողմնորոշիչներից։

Ընդհանուր առմամբ, կարելի է այս տարիքում խոսել անձի ընդհանուր կայունացման մասին։ Ավագ դպրոցականները ավելի շատ են ընդունում իրենց, քան դեռահասները, նրանց ինքնահարգանքը ընդհանուր առմամբ բարձր է։ Ինտենսիվորեն զարգանում է ինքնակարգավորումը, մեծանում է վարքի, հույզերի նկատմամբ հսկողությունը։

Այս ընթացում սկսում է զարգանալ անձի բարոյական հաստատունությունը։ Իր վարքում ավագ դպրոցականը ավելի շատ է սկսում կողմնորոշվել սեփական հայացքների, համոզմունքերի վրա։ Շրջապատող աշխարհի մասին գիտելիքները և բարոյական նորմերը միավորվում են նրա գիտակցության մեջ մեկ միասնական պատկերի մեջ։ Դրա շնորհիվ բարոյական ինքնակարգավորումը դառնում է ամբողջական և իմաստավորված։

Անձի կայունացումը, ինքնորոշումը վաղ պատանեկության տարիքում կապված է աշխարհայացքի մշակման հետ։ Ինտելեկտուալ զարգացումը, որն ուղեկցվում է աշխարհի մասին գիտելիքների կուտակմամբ և համակարգմամբ, հետաքրքրությունն անձի նկատմամբ, ռեֆլեքսիան դառնում են պատանեկության տարիքում այն հիմքը, որով կառուցվում է աշխարհայացքը։ Իհարկե, աշխարհայացքային խդիրները շարունակվում են հետագա ամբողջ կյանքում։ Ընդ որում, ոչ բոլոր ավագ դպրոցականների մոտ է ձևավորվում աշխարհայացքը՝ կայուն, հստակ համոզմունքների համակարգը։ Սրա հետ կապված, ինչպես նշում է Էրիկ Էրիկսոնը, շատ կարևոր է պատանեկության տարիքում աշխարհայացքային ընտրությունը։ Այս ընտրության բացակայության դեպքում, արժեքների միախառնումը թույլ չի տալիս մարդուն գտնել իր տեղը մարդկային հարաբերությունների համակարգում և չի նպաստում նրա հոգեկան առողջությանը։

Ինքնորոշման հետ է կապված և ուսումնական մոտիվացիայի փոփոխությունը։ Ավագ դպրոցականները, որոնց առաջատար գործունեությունը ուսումնա-մասնագիտականն է, սկսում են ուսումը դիտարկել որպես անհրաժեշտ բազա, նախադրյալ ապագա մասնագիտական գործունեության համար։ Նրանց գլխավորապես հետաքրքրում են այն առարկաները, որոնք նրանց պետք են ապագայում, նրանց նորից սկսում է անհանգստացնել առաջադիմությունը։ Հենց այս տարիքում էլ դրսևորվում է ուսման նկատմամբ գիտակցական, ընտրողական վերաբերմունքը։

Այսպիսով, ավագ դպրոցականը հրաժեշտ է տալիս մանկությանը, սովորական կյանքին։ Հայտնվելով իսկական հասունության շեմին՝ նա ամբողջությամբ կողմնորոշված է ապագային, որը ձգում է նրան, անհանգստացնում։ Պատանեկությունն անձի կայունացման փուլն է, այս տարիքում հաստատվում է աշխարհի նկատմամբ կայուն հայացքների համակարգը, աշխարհայացքը։ Հայտնի է դրա հետ կապված՝ պատանեկան մաքսիմալիզմը գնահականներում։ Այս փուլի կենտրոնական նորագոյացությունը ինքնորոշումն է՝ մասնագիտական և անձնային։ Ավագ դպրոցականը որոշում է, ինչպիսին և ով լինել ապագայում։

Պատանեկություն (17-ից 20-23 տարեկան)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկությունը կյանքի ուղու ընտրության ժամանակն է։ Պատանիները կառուցում են պլաններ, որոնք կիրականան կամ չեն իրականա հասուն կյանքում։ Սկսվում է և դրված նպատակների իրացումը. ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ընտրած մասնագիտությամբ աշխատանքը, երբեմն էլ՝ ընտանիքի ստեղծումը։

Պատանեկությունը միայն հասուն կյանքի սկիզբն է։ Այն բանի զգացումը, որ ամբողջ կյանքն առջևում է, փորձելու, սխալվելու և որոնելու հնարավորություն է տալիս։ Բայց ուղիները, որոնք մենք ընտրում ենք այս ժամանակ, սովորաբար շատ բան են պայմանավորում հասուն մարդու կյանքում։

17 տարեկանի ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության ընթացքում տարիքային փուլերի սահմանները որոշակված են։ Երբ մանկությունը արդեն անցյալում է, բոլոր հոգեկան ֆունկցիաները հիմնականում ձևավորված են և սկսվել է անձի կայունացումը, առանձին տարիքիների շրջանակները դառնում է պայմանական։ Բայց 17 տարեկանի ճգնաժամը ծագում է դպրոցական և նոր հասուն կյանքի սահմանին։

Եթե վաղ պատանեկության տարիքում դեռահասը որոշում է չշարունակել ուսումը, ապա անցումային տարքիը (15 տարեկան) վերածվում է վառ արտահայտված ճգնաժամի, և 17 տարեկանի ճգնաժամն այս կերպ խառնվում է՝ ավելի վաղ սկսվելով։

15 տարեկանի ճգանժամը հիմնականում բնորոշ է նրանց, ովքեր ունեն ուժեղ հեդոնիստական դիրքորոշում, և որոշակիորեն էգոիստական ուղղվածությամբ դեռահասներին։

Այսպիսի դեռահասները հատկապես ճգնաժամի ժամանակ ցինիկ են և բավական անզուսպ՝ հստակորեն ձևակերպելով իրենց կյանքի կրեդոն։ Ապրելով ներկայով՝ նրանք ոչ միշտ են հստակ պլանավորում իրենց ապագան, պատանեկության տարիքը նրանց համար ավելի շուտ փորձի և սխալների շրջանն է։ Բայց նրանց սովորաբար բնորոշ է այն ոգեղենության տարրերը, որոնց նրանք դիմադրում են. օրինակ՝ խորքային զգացմունքի ձգտումը։ Եթե ինտելեկտը բարձր է նրանք բավական քննադատաբար են վերաբերվում իրենց բնավորությանը, ցածր առաջադիմության պատճառներին և դպրոցական կոնֆլիկտներին։

11-րդ դասարանն ավարտում են առավել բարեկեցիկ երեխաները։ Բայց 17 տարեկանի ճգնաժամն ընթանում է ոչ պակաս սուր, քան 15 տարեկանում։ Ինչպես նշում է Դ. Էլկոնինը, սա առավել ծանր ճգնաժամին փուլ է 3 և 11 տարեկանի ճգնաժամերի հետ միասին։

17 տարեկան դպրոցականների մեծանասնությունը կողմնորոշվում է կրթության շարունակմանը, որոշները աշխատանքի փնտրմանը։ Բարձրագույն կրթությունը նրանց պետք է մասնագիտությունը ստանալու համար, որը թույլ կտա «արժանավայել ապրել», «շատ գումար վաստակել», «ապահովել իրեն և ընտանիքին»։ Ինչ-որ մեկն էլ փայլուն կարիերայի հույս ունի։ Կրթության արժեքը մեծ բարիք է, բայց միևնույն ժամանակ դրված նպատակին հասնելը չափազանց դժվար է, և 11 դասարանի ավարտին հուզական լարվածությունը չափազանց ուժեղանում է։

Բարձրագույն ուսումնական հաստատության հետ իրենց կյանքի պլանները կապող շրջանավարտները երբեմն բաժանում են իրենց երկու կատեգորիայի. առաջինները ծնողների օգնության հույսն ունեն և չեն կորցնում հոգեկան հավասարակշռություն, երկրորդները հիմնվում են իրենց ուժերի վրա։ Հենց նրանք են ավելի շատ աշխատում՝ յուրացնելով դպրոցկան ծրագիրը և լրացուցիչ նյութ՝ հաճախելով տարբեր նախապատրաստական դասընթացների։ Նրանք պետք է կարողանան հաղթահարել բուհ ընդունվելու մրցակցությունը և ավելի շատ զգայուն են ընդունելության հետ կապված սթրեսի նկատմամբ։ Նրանց մի մասը՝ հոգևոր-արժեքային ուղղվածությամբ պատանիները, պատրաստ են պայքարելու իրենց կոչման համար, մի մասն էլ՝ էգոիստական ուղղվածությամբ, ուժեղ հեղինակային մոտիվացիայով պատանիների համար կարևոր է ուղղակի ընդունվելը ցանկացած բուհ։

Նրանք, ծանր են ապրում 17 տարեկանի ճգնաժամը, բնորոշ են տարբեր վախեր։ Իրենց և հարազատների նկատմամբ պատասխանատվությունը, իրական ձեռքբերումները արդեն իսկ մեծ ծանրաբեռնվածություն է։ Դրան էլ միանում է և վախը նոր կյանքի, սխալի հավանականության, բուհ ընդունվելու անհաջողության, պատանիների մոտ վախ բանակի նկատմամբ։ Բարձր տագնապայնությունը և դրա ֆոնին արտահայտված վախը կարող են հանգեցնել նևրոտիկ ռեակցիների, ինչպիսիք են ջերմության բարձրացումը քննություններից առաջ, գլխացավերը և այլն։ Կարող է սկսվել և գաստրիտի սրացում, նեյրոդերմիտ և այլ քրոնիկ հիվանդություններ։

17 տարեկանի ճգնաժամի ապրման անհատական տարբերությունները մեծ են։ Նույնիսկ եթե շրջանավարտը քիչ անահանգիստ է և նրա համար ամեն ինչ հաջող է ընթանում, կենսաձևի փոփոխությունը գործունեության նոր տեսակների մեջ ներգրավումը, նոր մարդկանց հետ շփումը առաջացնում են ուժեղ տագնապայնություն։ Նոր կենսական իրավիճակը պահանջում է ադապտացիա։ Ադապտացիային օգնում են հիմնականում երկու գործոններ. ընտանիքի աջակցությունը և վստահությունն ինքն իրեն, կոմպետենտության զգացումը։

Զարգացման պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկությունը անձի զարգացման մեջ երկրորդ անցումային տարիքն է։ Պատանին, ինչպես և դեռահասը, դեռ հասուն մարդ չէ։ Բայց դեռահասը սերտ կապված է անցնող մանկության հետ, իսկ պատանին ձգտում է երիտասարդության և հասունության, ավելի բարձր տարիքային փուլերի։

Տարիքը կոնկրետ պատմական կատեգորիա է։ Եվ դեռահասության, և պատանեկության տարիքը ի հայտ են եկել այն ժամանակ, երբ հասուն կյանքին նախապատրաստությունը հասարակության մեջ դարձել են առավել բարդ ու երկարատև։ Պատանեկության հետ է կապված ուսման շարունակությունը կամ մասնագիտության յուրացման սկիզբը։ Հոգեբանական պլանում պատանեկությունը լուծում է ինքնորոշման և մեծահասկաների հասարակության ինտեգրացիայի վերջնական խնդիրները։

Զարգացման սոցիալական իրադրությունը, ինչպես ավագ դպրոցական տարիքում կյանքի ուղու ընտրության իրավիճակն է։ Սկսվում է 16-17 տարեկաններում ձևավորված պլանների իրականացումը, երբեմն հաջող, բավարարվածություն պատճառող, երբեմն էլ՝ հիասթափեցնող, ինչը հանգեցնում է սխալ ընտրության գիտակցմանը, նոր նպատակների ձգտմանը։ Այս փուլում արված ընտրության սխալը չափազանց մեծ է, սա բաց թողնված տարիներ են, ամեն ինչ նորից սկսելու անհրաժեշտություն. 19-20 տարեկան պատանիներն իրենց կյանքի հիմնական դժվարությունները կապում են պատասխանատվության ի հայտ գալու հետ, որն նախկինում չկար։ Միևնույն ժամանակ, նրանք արժևորում են իրենց տարիքը, որը բերում է ոչ միայն խնդիրներ, այլև նոր, առավել լայն հնարավորություններ։ Պատանեկության համար բնորոշ են կյանքի ուսում երեք հիմնական տարբերակներ. ուսում բուհում, աշխատանքի որոնում, պատանիների համար բանակում ծառայություն։

Ուսումը բուհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհը տալիս է անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ, այսինքն՝ որոշակի մասնագիտացում, և դևանով իսկ պատրաստում է հասուն կյանքին, հնարավորություն տալիս երկարացնելու «վերջնական ընտրությունը» և «դեռ մի փոքր երեխա մնալու»։ Բայց շարունակելով ուսումը՝ պատանին դեռ ձեռք չի բերում «պրակտիկ փորձ», և որ ամենակարևորն է՝ մնում է ծնորղներից կախված։

Աշխատանքը գրավում է, առաջին հերթին ձեռք բերված նյութական անկախությամբ, ինքնուրույնությամբ, ինչը բավարարում է մեծահասակ զգալու պահանջմունքը, բացի այդ տալիս է կենսական փորձ, պրակտիկ հմտություններ։

Աշխատանքը մեջ վաղ ներգրավման թերություններ են բարձր պատասխանատվությունը, հետաքրքիր աշխատանք գտնելու անհնարինությունը՝ կապված որակավորման բացկայության հետ։

Երբեմն ուսանողները համադրում են ուսումն աշխատանքի հետ՝ վաստակելով այս կամ այն չափով։

Այն, թե ինչ ընտրություն կարվի պատանեկության շրջանում՝ գնալու այս կամ այն բուհը, կախված է անձի ուղղվածությունից, գերակայող դրդապատճառներից, հիմնական արժեքային կողմնորոշիչներից։ Բուհ ընդունվելու դրդապատճառները պայմանավորում են և ուսանողական կյանքի ոճը։

Արևմտյան հոգեբանության մեջ ուսանողական կյանքի ոճը կապում են հատուկ ենթամշակույթի հետ։ Ֆ. Ռայսը առանձնացնում այդպիսի ենթամշակույթների 4 տեսակ.

  • Առաջին տեսակի ուսանողական ենթամշակույթը բուհը վերածում է «ակումբի»։ Կյանքի հիմնական բովանդակությունը դառնում են ժամադրությունները, խնջույքները, սպորտը, մեքենաները, ուսումնական առարկաներն անցնում են երկրորդ պլան։
  • Երկրորդ տեսակը՝ մասնագիտական ենթամշակույթը, ենթադրում է ուսման մեջ նպատակաուղղվածություն, ցանկություն՝ ապահովելու մասնագիտական պատրաստվածություն, կրթությունը ձեռք է բերվում այնպես, ինչպես խանութում ապրանքները։
  • Երրորդ տեսակը՝ ակադեմիական ենթամշակույթ, նրա արժեքը ոչ թե դիպլոմն է, այլ գիտելիքներն ու գաղափարները, առարկաների խորացված ուսուցումը դուրս է գալիս ուսումնական ծրագրի սահմաններից։
  • Չորրորդ տեսակը նոնկոնֆորմիստական ենթամշակույթն է, որն առանձնանում է այլախոհությամբ, այստեղ ներառված են վառ անհատականությունները։
Ուսանողը որպես ուսումնական գործունեության սուբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիքը մարդու կյանքի առանձնահատուկ փուլն է՝ կազմելով սկսզբնական օղակ ավելի հասուն տարիքների շղթայում։ Ուսանողին կարելի է բնութագրել որպես ուսումնական գործունեության յուրահատուկ սուբյեկտ սոցիլա-հոգեբանական և սոցիալ-մանկավարժական դիրքերից։

Ուսանողությունը հատուկ սոցիալական կատեգորիա է, մարդկանց սպեցիֆիկ հանրույթ՝ կազմակերպված բարձրագույն կրթական հաստատություններում։ Պատմականորեն այս սոցիալ-մասնագիտական կատեգորիան հաստատվել է ժամանակի մեջ՝ առաջին համալսարանների ի հայտ գալով՝ 12-13-րդ դարերում։ Ուսանողները նպատակաուղղված են՝ օժտված համակարգված գիտելիքներով և մասնագիտական կարողություններով։ Որպես սոցիալական խումբ՝ այն բնութագրվում է մասնագիտական ուղղվածությամբ, ապագա մասնագիտության նկատմամբ կայուն վերաբերմունքով։ Մասնագիտության մասին ուսանողի պատկերացումներն անմիջականորեն հարաբերակցվում են ուսման նկատմամբ վերաբերմունքի մակարդակի հետ։

Սոցիալ-հոգեբանական ասպեկտում ուսանողությունն առանձնանում է բարձր կրթական մակարդակով, առավել ակտիվ մշակութային ներգրավվածությամբ և ճանաչողական մոտիվացիայի բարձր մակարդակով, այսինքն՝ ինտելեկտուալ և սոցիալական հասունության ներդաշնակ համադրությամբ։ Անձնային-գործունեական մոտեցման տեսանկյունից ուսանողը դիտարկվում է որպես մանկավարժական փոխազդեցության, ակտիվ, իր գործունեությունը ինքնուրույն կազմակերպող սուբյեկտ։ Նրան բնորոշ է ճանաչողական և կոմմունիկատիվ ակտիվության սպեցիֆիկ ուղղվածություն։

Ուսման հիմնական ձևը նշանային-կոնտեքստային է։

Այս փուլը կապված է հարաբերական տնտեսական ինքնութրույնության հետ, հայրական տնից հեռանալու և սեփական ընտանիքի կազման հետ։ Ուսանող լինելը մարդու կայացման կենտրոնական շրջանն է, անձի և նրա բազմազան հետաքրքրություների դրսևորման փուլը։

Ուսանողական տարիքը ինտելեկտի բարդ կառուցվածքավորման փուլն է, ինչը շատ անհատական և վարիատիվ է։ Ուսումնական առաջադրանքները ուղղված են հասկացման, իմաստավորման, ինչպես նաև մտապահման և ուսանողի հիշողության մեջ յուրացվող նյութի կառուցվածքավորմանը, նրա պահպանմանը, նպատակաուղղված ակտուալացմանը։

Ուսանողի ուսումնական գործունեությունը պայմանավորված է դրդապատճառներով՝ ճանաչողական և ձեռքբերման։ Ճանաչողական մոտիվացիան համապաատսխանում է ուսանողի մտավոր գործունեության բնույթին։ Այդ գործունեությունը ծագում է խնդրային իրավիճակում և զարգանում ուսանող-դասախոս ճիշտ փոխազդեցության դեպքում։ Բուհում սովորելու ընթացքում ձևավորվում է ամուր աշխատանքային, մասնագիտական գործունեության հիմք։ Ուսանողի՝ որպես ուսումնական գործունեության սուբյեկտի, էական ցուցանիշը նրա կարողությունն է՝ կատարելու նրա բոլոր տեսակները և ձևերը։

Դասախոսն ունի պատասխանատու հոգեբանա-մանկավարժական խնդիր՝ ձևավորելու ուսանողին՝ որպես ուսումնական գործունեության սուբյեկտ, սովորեցնելու նրան իր գործունեությունը կազմակերպելու, պլանավորելու, հաղորդակցվելու։ Ուսանողի նոր արժեքային կողմնորոշիչների, մոտիվացիայի ձևավորման գործում դասախոսի դերը անգնահատելի է։

Ուսանողի աշխարհայացքի ձևավորումը նշանակում է նրա ռեֆլեքսիայի զարգացում, ինքն իրեն՝ որպես հասարակական արժեքների կրողի, սոցիալական օգտակար անձի գիտակցումը։ Սա իր հերթին նշանակում է, որ դասախոսը հնարավորություն տա ուսանողին՝ արտահայտելու իր հայացքները, նպատակները, դիրքորոշումները ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի ընթացքում։

Աշխատանքի որոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շրջանավարտները, ովքեր որոշել են աշխատել կամ չընդունվել բուհ, բախվում են տարբեր դժվարությունների հետ։ Նրանցից շատերի համար դժվար է ընտրել որոշակի գործունեություն։

Որակավորմամբ պաշտոնի թեկնածու լինելով՝ պատանին պետք է կարողանա շփվել մարդկանց հետ, որոնցից կախված է նրա ապագան, այսինքն՝ տիրապետի գործնական շփման տեխնիկային և բարենպաստ տպավորություն թողնելու կարողությանը։ Այս երկու խնդիրները՝ հատկապես ինքնաներկայացմանը, սրվում են փորձի, ինքնավստահության բացակայության պատճառով։

Աշխատատեղի գտնելը, մրցակիցներին հաղթելը նշանակում է համաձայնվել որոշակի աշխատավարձի։ Ամենամեծ դժվարությունը ապրելու համար գումար վաստակելն է, ծնողներից նյութական անկախության հասնելը։ Գումարի վաստակումը դառնում է անհրաժեշտություն, եթե ծնողական ընտանիՔը ապահովված չէ կամ ստեղծվում է սեփական ընտանիքը։ Այս ժամանակ իրականացված ամուսնություններն ընդունված է անվանել վաղ։ Վաղ ամուսնության դեպքում կտրուկ փոխվում է կենսաձևը, պատանին ստիպված թողնում է կրթությունը։

Ինչքան փոքր է ամուսնության տարիքը, այնքան մեծ է բաժանության հավանականությունը։ Պատանի ամուսինները բախվում են մեծ դժվարությունների հետ. նրանք դեռ ամբողջովին հասուն չեն, միանգամայն չեն հասկանում ուրիշին, հակված են թեթև տարվածությունը սեր համարել, բավարար պատասխանատու չեն, հույս ունեն ուրիշի օգնությանը։ Ֆինանսական խնդիրներն ու կենցաղային չկայացվածությունը, ընտանիքին ապահովելու անհրաժեշտությունը, երեխային հոգ տանելը, նրանց սովորաբար ճնշում են։ Լավ վճարվող աշխատանք գտնելու փորձերի ձախողումը, ծնողներից ֆինանսական կախվածությունը, որոնք հետ հաճախ կոնֆլիկտներ են առաջանում, ընդունակ են վերջնականապես կործանել հարաբերությունները, եթե նրանց հիմքում ընկած չէ խորը զգացմունք։ Եթե աշխատավարձն այնքան էլ կարևոր չէ և աշխատանքը գտնված է, պատանին կարիք ունի նոր աշխատավայրում ադապտացիայի։ Պրակտիկ կարողությունների ձեռքբերումը, մեծահասակների կոլեկտիվին և նոր պահանջներին հարմարումը տարբեր չափով է դժվար տարբեր բնավորությամբ և ինտելեկտով պատանիների համար։ Ադապտացիան հեշտացնում է մասնագիտության նկատմամբ կողմնորոշումը, որոշակի հմտությունների առկայությունը։

Պատանեկությանը բնորոշ է «ինքն իրեն որոնումը»։

Բանակում ծառայությունը կենսաձևի ևս մեկ կտրուկ փոփոխություն է։ Խիստ ռեժիմը, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և անվերապահ ենթարկվածությունը կոչումով ավագներին շատերի համար դառնում են լուրջ փորձություն։ Միևնույն ժամանակ, բանակային կյանքը որոշակիորեն հեշտ է, պարզ քաղաքացիական կյանքից։ Այն հստակ կանոնակարգված է, զինվորը կարիք չունի ինքնուրույն պլանավորելու իր գործողությունները, պատասխանելու նրանց հետևանքների համար։

Որոշակի բնավորությամբ պատանու համար բանակային կյանքը հեշտ է ընթանում, իհարկե, ծառայության բարենպաստ պայմանների ներքո։

Ավելին, բանակային կյանքը չափազանց դժվարեցնում են հենց զինվորների շրջանում հիերարխիկ հարաբերությունները։ Այս տեսանկյունից հայտնի են զորամասից փախչելու, ինքնասպանության դեպքեր։ Բանային կյանքի արդյունավետության վրա էապես ազդում է և ծառայության վայրը. Սահմանին մոտ բնակավայրեր, քաղաքային բնակավայրեր և այլն։ ]

Եթե պատանին անցնում է այս բոլոր փորձությունների միջով նա փոխվում է անձնապես. դառնում հասուն և հոգեբանորեն ուժեղ։

Փախուստ հասարակությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիքում կյանքի կազմակերպման ձևերից մեկն է։ Անկախ այն բանից, պատանին սովորում է, թե աշխատում, նա կարող է ընտրել այս ճանապարհը. փախուստ դեպի թմրանյութեր, կրոնական սեկցիաներ, նարցիսական ներառվածություն ինքն իր մեջ և այլն։ Եթե այսպիսի ձգտումը դառնում են գերակայող, պատանին թողնում է ուսումն ու աշխատանքը։

Այս տարբերակը չի կարելի համարել կյանքի գիտակցական ընտրություն։ Այս դեպքերում ինքնորոշման հիմնախնդիրը սովորաբար լուծված չէ և վերը նշված որոնումները անհաջողությունների կամ ձևավորված վակուումի հետևանք են. մանկությունն ավարտվել է, մեծահասակ չես զգում ինքդ քեզ, և չգիտես, ինչ անես։ Թմրանյութերի կարող են դրդել ձանձրույթը, նոր տպավորությունների ցանկությունը, չաշխատելու անկարողությունը և այլն։

Փախուստի ծայրահեղ, ողբերգական ձև է ինքնասպանությունը, կյանքից հեռանալը։

Օնտոգենեզի հիմնական ուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնտոգենեզի հիմնական ուղիները պայմանավորված են վաղ պատանեկության տարքիում ձևավորված կենսաշխարհի տիպերով։

Անձի հեդոնիստական ուղղվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես չի ենթադրում ինքնորոշում, «ընտրությունը» կանխորոշված է հենց հեդոնիստական դիրքորոշմամբ։ Պարզ և հեշտ կյանքի դեպքում այն իրացվում է մակաբուծային գոյության միջոցով։ Տարբերակներից մեկը ծնողների հաշվին գոյատևելն է։ Համակարգված աշխատանքի նկատմամբ անընդունակությունը՝ ձևավորված նախորդ տարիքային փուլերում, հանգեցնում է սեփական կյանքն ինքնուրույն ապահովելու անկարողության։ Այն անընդունակության հետ համատեղ՝ աշխատանք գտնելու փորձերը սովորաբար ավարտվում են անհաջողությամբ։

Այս ուղու այլ տարբերակ կապված է ամուսնության հետ՝ կապված ամուսնու հաշվին մակաբուծային գոյությունն ապահովելու նպատակի հետ։ Այս տարբերակն առավել բնորոշ է աղջիներին։

Պարզ և դժվար կենսաշխարհի ատավիստական համարժեքի դեպքում հեդոնիստական դիրքորոշումը իրացվում է համբերատարության մեխանիզմի միջոցով։ Կենսակերպը ենթարկված է իրականության սկզբունքին՝ որպես հետաձգված հաճույքի սկզբունք։ Գոյության ապահովման, հաճույքի և զվարճանքների համար պատանին ստպված դիմում է այս կամ այն գործունեությանը, ակտիվությանը։

Օնտոգենզի այս ուղու տարբերակներից մեկը մանր խուլիգանության կամ քրեական կառույցներում պարզ կատարողի դերում հանդես գալն է։ Մյուս տարբերակը պատասխանատվություն չպահանջող, պարզ աշխատանքն է՝ առանց հատուկ որակավորման։ Երկու տարբերակների համար բնորոշ է այս կամ այն չափով ալկոհոլիզմը։ Շատ հաճախ այս տարբերակները համդրվում են միմյանց հետ. բարոյական սկզբունքների բացակայությունը պայմանավորում է ձգտումը գումար հայհայթելու ամեն միջոցի ընտրության։

Անձի էգոիստական ուղղվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղին բնորոշվում է արժեքների բավարար ձևավորված հիերարխիայով, և հետևաբար, այս կամ այն էգոիստական դրդապատճառների գերակայմամբ։

Տարբերակներից մեկը համապատասխանում է հեղինակային մոտիվացիային։ Կյանքի ուղին ընտրվում է՝ ելնելով կարիերայի ստեղծման, գիտության, արվեստի տեխնիկային և այլ ոլորտներում հաջողության հասնելու, ճանաչված մասնագիտություն ստանալու ձգտումից։ Ընտանիքի նյութական հնարավորություններից, ծնողների մասնագիտական և այլ կապերից, սեփական ընդունակություններից կախված՝ ընտրվում է համապատասխան մասնագիությունն ու բուհը։ Ընտրության գլխավոր սկզբունքը սովորաբար պարամետրերի հաջող համադրությունն է. կենսական նպատակների նշանակալիություն, նրանց հասանելությունը։

Այս տարբերակի շրջանակներում ինքնորոշումը առավել ենթակա է նորաձևությանը, այլ արտաքին պայմանների ու հանգամանքների։

Հեղինակային մոտիվացիայի դեպքում կյանքի ուղուն հասնելու ևս մեկ տարբերակ է ամուսնությունը համապատասխան մարդու հետ, ով ունի ազդեցություն ու հեղինակություն համապատասխան ոլորտում։ Այսպիսի ամուսնություններ հատկապես տարածված են դերասանների միջավայրում։ Համանման դեպքեր հայտնի են և գիտական միջավայրում։

Էգոիստական ուղղվածությամբ ուղիներում կարող են տեղ ունենալ և էական, բավական նշանակալից դրդապատճառներ։

Էգոիստական ուղղվածության ևս մե տարբերակ կապված է իշխանության, գերակայության դրդապատճառի հետ։ Բնավորության առանձնահատկություններից, կոնկրետ հետաքրքրություններից, ֆիզիկակական և ուսումնական պատրաստվածությունից, ինչպես նաև ծնողների հնարավորություններից կախված՝ այս մոտիվացիայով պատանիները ձգտում են դիմել կառավարման կադրեր նախապատրոստող կրթական հաստատություններ, ընտրում են այս կամ յան ռազմական հաստատությունները, հատուկ զորքերում ծառայությունը և այլ։

Էգոիստական ուղղվածության ևս մեկ տարածված տարբերակ է կյանքի նյութական կողմի վրա առավելագույն կողմնորոշվածությունը, հարստություն, նյութական արժեքներ կուտակելը։ Իհարկե այս դրդապատճառը այս կամ այն չափոց բնորոշ է անձի Էգոիստական ուղղվածության բոլոր տարբերակներին։ Այստեղ այն գերակայում է և որոշիչ դեր խաղում կյանքի ուղու ընտրության գործում։

Նյութական բարեկեցության դրդապատճառը պետք է տարբերակել հեդոնիստական դիրքորոշումից՝ կապված հաբերատարության մեխանիզմի հետ։ Այս դեպքում կարելի է խոսել ինքնորոշման, կոնկրետ կյանքի ուղու ընտրության, կոնկրետ պլաների առկայության մասին, ինչը բացակայում է անձի հեդոնիստական ուղղվածության դեպքում։

Հարստանալու դրդապատճառը երբեք մաքուր ձևով հանդես չի գալիս։ Փողերը, ինչպես և ցանկացած նյութական արժեք, իշխանության և զորության արտահայտություն են։ Եթե դա իրական իշխանություն է, որն իրացվում է որոշակի գործունեության մեջ, ապա հարստանալու դրդապատճառը դառնում է իշխանության դրդապատճառի դրսևորումներից մեկը։ Բայց եթե հարստությունը հանդես է գալիս միայն պոտենցիալ իշխանության աղբյուր, ապա փաստացի արժեք է ինքն իրենով։

Անձի հոգևոր-բարոյական ուղղվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրում է պատանեկության տարիքում կոչման որոնում, մասնագիտության ընտրություն, որն առավել պատասխանում է հակումներին։ Եթե կոչումը հայտնաբերված է. ապա մասնագիտության ընտրության հետ կապված դժվարությունները հաղթահարվում են համառությամբ և հաստատակամությամբ։

Դրա հետ մեկտեղ այս դեպքում ևս մասնագիտության ընտրությունը կարող է դժվարություններ առաջացնել։ Այստեղ այն կապված չէ հեղինակության, նորաձևության, այլ արտաքին հանգամանքների հետ, այլ պայմանավորված է հետաքրքրությունների լայն շրջանակով։ Սակայն սա ոչ միշտ է երաշխավորում ընտրության օպտիմալ տարբերակ։ Այն, թե կատարված ընտրությունը կհամարվի մարդու առաքելությունը, կախված է շատ ու շատ, հաճախ պատահական պատճառներից։

Օնտոգենզի այս ուղու դեպքում նույնիսկ մարդու ոչ բոլոր էական կողմերն են բացահայտվում կյանքի ուղու ընտրության ժամանակ։ Երբեմն վերջանական ընտրություն իրականացվում է ավելի ուշ, պատանեկության ավարտին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Adolescence by Stephen Paget
  • Эриксон Э. Идентичность։ юность и кризис. М., 1996.
  • Формирование личности старшеклассника / Под ред. И.В. Дуброви¬ной. М., 1989.