Jump to content

Թմրամոլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թմրամոլություն
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, Թմրաբանություն և կախվածությունների բժշկություն
ՀՄԴ-9304
 Substance dependence Վիքիպահեստում

Թմրամոլություն, թմրամիջոցների չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։

Հայտնի է թմրամիջոցների հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղամիջոցի (հոգեներգործուն նյութի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կերպ թմրամիջոցի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։

Երկրորդ ուղին թմրամիջոցային հարբեցում առաջացնելու նպատակով հոգեներգործուն նյութերի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում հոգեներգործուն նյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է և ելքը որպես կանոն ողբերգական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 206