Երիտասարդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երիտասարդություն (20-23 տարեկանից-30 տարեկան), օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընդգրկում է պատանեկության ավարտից մինչև մոտավորապես 30 տարեկան, երբ մարդը այս կամ այն չափով հաստատվում է «հասուն» կյանքում։ Երիտասարդությունն, առաջին հերթին, ընտանիքի ստեղծման, ընտրած մասնագիտության յուրացման, հասարակական կյանքի և նրանում սեփական դերի նկատմամբ վերաբերմունքի որոշարկման ժամանակն է։

Երիտասարդությանը հատուկ է օպտիմիզմը։ Մարդը սկսում է իրացնել իր կյանքի մտահղացումը, նա լեցուն է ուժով և էներգիայով, իր նպատակներն ու իդեալներն իրագործելու ցանկությամբ։ Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական գործունեության ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ ընթանում է շփումը, առավել հեշտ հաստատվում և զարգանում են ընկերական և սիրային հարաբերությունները։

Paul Gibbs 2010 Media Photo Preferred.jpg

Երիտասարդությունը ինքնաիրացման համար ամենաօպտիմալ ժամանակն է. ակտիվորեն փնտրվում են նպատակների իրականացման նոր հնարավորություններ։

Երիտասարդությունը ամենարժեքավոր տարիքն է, որն իր սովորություններով, արժեքներով, ճաշակով ազդում է ամբողջ հասարակության արժեքների, սովորությունների վրա։ Երիտասարդությունը որպես տարիքային զարգացման փուլ ամենագրավիչն է։

Կյանքի գլխավոր կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և սեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդությունը հաճախ անվանում են սիրո տարիք։ Նրան բնորոշ է հոգեբանական, ֆիզիոլոգիական, սոցիալական և այլ գործոնների օպտիմալ համադրությունը, որոնք նպաստում են «կյանքի ընկերոջ» ընտրությանը ու ընտանիքի ստեղծմանը։ Այս փուլում մարդկանց մեծամասնությունը կայացնում է առաջին ամուսնությունները, սա սովորաբար սեռական ուժեղ ակտիվության տարիքն է, ժամանակահատված, երբ կնոջ օրգանիզմն առավել հարմարված է առաջին երեխայի ծնունդին։ Երիտասարդության տարիքում հեշտ է ծանոթանալ և ճանաչել, հարմարվել համատեղ կյանքի պայմաններին։

Իհարկե, կնորջ և տղամարդու միջև սերը հատուկ է ոչ միայն երիտասարդությանը։ Չնայած, որ երիտասարդությունը ամբողջական հիմնավորմամբ կարելի է համարել ընտանիքի ստեղծման սենզիտիվ տարիք։

Ընտանիքի ստեղծումը չափազանց կարևոր է անձնային զարգացման համար։ Մարդն իրացնում է իր կոչումը, ձեռք բերում նոր հասարակական կարգավիճակ՝ կապված սերնդի շարունակության և ապագա սերնդր դաստիարակության պատասխանատվության հետ, մտնում է իր կյանքի նոր փուլ։ Միաժամանակ նա բավարարում է իր գլխավոր պահանջմունքներից մեկը այլ մարդկանց հետ հարաբերությունների ոլորտում։ Այն, թե ինչպես է կառուցվում ընտանեկան կյանքը, մեծապես կախված է մարդու ընդհանուր զարգացվածությունից՝ նրա հոգևոր աճը, ընդունակությունների զարգացումը։

Kiss composite.jpg

Հատկապես կարևոր նշանակություն ունի երեխաների ծնունդը։ Երեխայի ծնունդից հետո կինն ու տղամարդը միաժամանակ հանդես են գալիս որպես մայր և հայր։ Նրանց ստեղծած ընտանիքը ստանում է նոր որակ, ձեռք բերում սոցիալական ինստիտուտի վերջնական կարգավիճակ։ Փոխվում է ընտանեկան կյանքի ամբողջ կառուցվածքը, ամուսինները ստանում են նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ասպեկտներ միմյանց ու իրենց երեխայի նկատմամբ։

«Կյանքի ընկերոջ» ընտրությունն ու ընտանիքի ստեղծումը զարգացման սոցիալական իրադրության կողմերից մեկն է երիտասարդության տարիքում։ Այս իրադրությանը համապատասխանող գործունեությունն էլ կյանքի կարևոր կողմերից մեկն է։

ՉՆայած այս տարիքում ընտանեկան կյանքի ստեղծման բարենպաստ գործոններին՝ «կյանքի ընկերոջ»ընտրությունը ոչ միշտ է հաջող իրականացվում։ Երիտասարդության տարիքում բաժանությունների քանակը չափազանց բարձր է։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիքի զարգացման սոցիալական իրադրության երկրորդ կողմերից մեկը ընտրած մասնագիտության տիրապետումն է։ Պատանեկության տարիքում տեղի է ունենում անձնային և մասնագիտական ինքնորոշում, կյանքի ուղու ընտրություն։ Երիտասարդության տարիքում մարդը հաստատում է իրեն իր աշխատանքում, ձեռք բերում մասնագիտական վարպետություն։ Երիտասարդության տարիքում ավարտվում է մասնագիտական նախապատրաստությունը, որի ժամկետները ներկայում չափազանց ընդլայնվել են՝ կապված գիտատեխնիկական առաջընթացի հետ։ Երիտասարդը առավելագույնս աշխատունակ է, դիմացկուն ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության նկատմամբ, առավել ընդունակ ինտելեկտուալ գործունեության բաևդ ձևերի յուրացմանը։ Երիտասարդության տարիքում հեշտ են ձեռք բերվում ընտրված մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, զարգանում են պահանջվող անձնային և ֆունկցոնալ որակները։

BenToddJealousFamily.jpg

Կյանքի ուղու հաջող ընտրության դեպքում արդեն երիտասարդության տարիքում մարդն իր մասնագիտությամբ հասնում է բավական բարձր վարպետության և օբյեկտիվ ճանաչման։ Հաջող մասնագիտական ինքնորոշման և բարձր վարպետության միջոցով ձեռք է բերվում մասնագիտական կոմպետենտության զգացումը, ինչը շատ կարևոր է այս տարիքում անձնային զարգացման համար։ Հատկապես բարենպաստ է զարգացումն ընթանում այն դեպքում, երբ ընտրված մասնագիտությունը համապատասխանում է մարդու կոչմանը, դառնում է աշխարհի հետ էական կապ։

Այսպիսով, երիտասարդության տարքիում «կյանքի ընկերոջ» ընտրության և ընտանիքի ստեղմանը զուգահեռ մարդը զարգանում և իրացնում է ինքն իրեն՝ հաստատվելով իր գործում, ձեռք բերելով մասնագիտական վարպետություն և կոմպետենտություն։ Այս տարիքի կենտրոնական նորագոյացություններն են ընտանեկան հարաբերություններն ու մասնագիտական կոմպետենտությունը։

P1020177 (5349316438).jpg

Ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիքում կյանքի կարևոր կողմ է նաև ընկերական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը։ Այս տարքիում ընկերությունը, ինչպես և սերը, անցնում են նոր որակական մակարդակ։ Այս տարիքում ընկերությունը ենթադրում է այս կամ այն չափով հոգևոր մերձություն։ Ընկերությունը կարելի է սահմանել որպես կայուն, անհատական-ընտրողական միջանձնային հարաբերությունների տեսակ, որը բնութագրվում է նրա մասնակիցների փոխադարձ կապվածությամբ։

Ընկերության մեջ մարդը բացվում է, դառնում ինքն իրենով կյանքի իր համար նշանակալից կողմերի շրջանակներում։

Ըստ Կոնի՝ ընկերության համար սնուցող միջավայր է համատեղ գործունեության ընթացքում հաստատված մտերմիկ հարաբերությունները։

Որպես կանոն, ընկերներն ունեն միևնույն տարիքը, սոցիալական դիրքը, մշակութային մակարդակը, արժեքներն ու սոցիալական դիրքորոշումները։ Բացի այդ, ընկերությունը սովորաբար հաստավում է միևնույն սեռի ներկայացուցիչների մոտ։

Դրա հետ մեկտեղ բավական սովորական է երիտասարդների ընկերական հարաբերությունները բարձր տարիքի մարդկանց հետ։ Եվ այստեղ, և ընկերության այլ տեսակներում որոշիչ նշանակություն ունի կյանքի տարբեր կողմերի ներդաշնակությունը։ Պետք է նշել, որ ավագ սերնդակիցների հետ ընկերությունը հատուկ է հատկապես այն երիտասարդներին, որոնք չեն ունեցել համապատասխան հարաբերություններ ընտանիքում։

Bromances.jpg

Ընկերության սահմաանումը որպես աշխարհի հետ էական հարաբերությունների տեսակ, թույլ է տալիս խոսել նրա դրսևորման սպոնտանության, բնականության մասին։ Ընկերությունը, ինչպես նաև սերը, նրա սուբյեկտների նեևդաշնակության արդյունք է։

Օնտոգենեզի հիմնական ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիքում կյանքի գլխավոր կողմերը տարբեր կերպ են զարգանում և տարբեր բովանդակություն ունեն օնտոգենեզի տարբեր ուղիների դեպքում։

Անձի հեդոնիստական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդն ընդունակ չէ ոչ բովանդակային ընտանեկան հարաբերությունների, ոչ մասնագիտության յուրացման։ Նույնիսկ եթե ընտանիք է ստեղծվում, աշխատանք ձեռք բերվում, այնուամենայնիվ, միանգամայն բացակայում է պատասխանատվությունը ամուսնու, երեխաների և աշխատանքի նկատմամբ։

Սովորաբար այս ուղղվածությունը կապված է «մակաբուծային» ապրելակերպի հետ, որը բնորոշվում է ալկոհոլիզմով, քրեական մանր գործողություններով։ Այս պայմաններում բացակայում են և բովանդակային ընտանեկան հարաբերությունները, լուրջ աշխատանքը, իրական ընկերությունը։

«Մակաբուծային» ապրելակերպը սովորաբար իրականացվում է կամ ծնողների կամ ամուսնության հաշվին։ Հակառակ դեպքում գործում է հեդոնիստական հաճույքը բավարարվում է այս կամ այն մանր գործունեությունների միջոցով։ Ընկերներն էլ դիտարկվում են ոչ թե շփման պահանջմունքի բավարարման տեսանկյունից, այլ որպես հեդոնիստական հաճույքի իրացման հնարավոր գործոն։

Անձի էգոիստական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի ստեղծման ժամանակ որոշիչ է դառնում գերակայող էգոիստական դրդապատճառը։ Այսպես, հաշվարկով իրկանացված շատ ամուսնություններ կապված են ոչ թե հեդոնիսատական դիրքորոշման, այլ էգոիստական դրդապատճառների հետ՝ նյութական բարեկեցության կամ հարստության, հեղինակության, իշխանության։ Ամուսնության կայացման էգոիստական դրդապատճառներից մեկը կարող է լինել սեփական գործի համար ժառանգորդ ունենալու անհրաժեշտությունը։

Էգոիստական ուղղվածությամբ անձի մասնագիտական ընտրությունը սովորաբար որոշվում է էգոիստական դրդապատճառով, որն ունի «նշանակալիի» և «հասանելիի» օպտիմալ հարաբերակցություն։ Դրան համապատասխան մասնագիտությունը, որպես կանոն, համարվում է ոչ թե արժեք ինքն իրենով, այլ հադես է գալիս որպես էգոիստական դրդապատճառի իրացման միջոց։

Սեփական աշխատանքի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը անհնարին է դարձնում ստեղծագործական ընդունակությունների դրսևորումը։ Այսպիսի ուղղվածությամբ մարդը՝ նույնիսկ մասնագիտական բարձր որակներով ու արդյունավետությամբ, չի կարող ստեղծել ոչ մի նոր և օրիգինալ բան։

Համանման զարգացում ունեն և ընկերական հարաբերությունները։ Դրանք նույնպես հանդես են գալիս որպես էգոիստական դրդապատճառի, այդ թվում և ինքնահաստատման, ինքնահարգանքի, հեղինակության իրացման միջոց։

Անձի հոգևոր-բարոյական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրսևորվում է ձգտում կյանքի գլխավոր կողմերի էական բովանդակության նկատմամբ։

Պետք է նշել, որ երիտասարդության գլխավոր խնդրիներից մեկը՝ ընտանիքի ստեղծումը, լուծվում է ոչ բոլորի կողմից։ Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ իրացնում այլ փուլի բարենպաստ հնարավորությունները և մնում են առանց «կյանքի ընկերոջ»։

Կյանքի մյուս կարևոր կողմը մասնագիտական գործունեությունն է, որն այս ուղղվածությամբ մարդկանց մոտ ուղեկցվում է մեծ հետաքրքրությամբ։

Friendship 4.jpg

Ընկերական հարաբերութուններն՝ իրենց իրևական, էական դրսևորմամբ բնորոծ են հենց հոգևոր-բարոյական ուղղվածությամբ մարդկանց։ Ընկերության մեջ որոշիչ է հենց երկու մարդկանց ներդաշնակությունը, հարաբերությունների էականությունը։ Հոգևոր-բարոյական ուղղվածությամբ ընկերությունը ծագում է մասնակիցների համար նշանակալից գործունեության, կյանքի կողմերի հիման վրա։

30 Տարեկանի Ճգնաժամ. կյանքի իմաստի հիմնախնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 30 տարեկանում, երբեմն մի փոքր ուշ, մարդկանց մեծ մասը ապրում է ճգնաժամային վիճակ։ Այն դրսևորվում է սեփական կյանքի մասին պատկերացումների փոփոխության մեջ, երբեմն այն ամենի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ, որը կարևոր էր նախկինում, որոշ դեպքերում նույնիսկ կյանքի նախկին կենսակերպի վերացմամբ։ Իսկ ի՞նչն է այսպիսի անբավարարվածության պատճառը։

Ըստ Իգոր Կոնի՝ ոչ ոք չի կարող իրացնել ինքն իրեն ամբողջությամբ. հասուն մարդուն բնորոշ ինքնավերլուծությունը դուրս է բերում այդ չիրացվածությունը։ «Մարդու համար 30 տարեկանի սահմանում ինքնավերլուծությունը ունի հատուկ նշանակություն։ Հետ նայելով անցած կյանքի ուղուն, սեփական ձեռքբերումներին, անհաջողություններին ՝ նա տեսնում է, որ արտաքնապես կայացած իր կյանքում դեռ չի կայացել իր անձը։ Ինչքան քիչ բան է արվել, չնայած անցել է կյանքի ուղու մի ահռելի մաս։ Տեղի է ունենում արժեքների գերագնահատում, սեփական անձի քննադատական վերանայում»։

Միաժամանակ մարդը տեսնում է, որ արդեն ամեն ինչ անել հնարավոր չէ։ Գտնելով ինքն իրեն հասուն կյանքում, կայանալով որպես տղամարդ, հայր (կին, մայր), մասնագետ, հասարակական գործիչ, մարդը գիտակցում է, որ կանգնած է նույն խնդրի առաջ՝ գտնելու ինքն իրեն նոր հանգամանքներում, նոր հեռանկարներում։

Եթե կյանքի ուղին ճիշտ է ընտրված, ապա որոշակի գործունեության, կենսակերպի, արժեքների, կողմնորոշիչների նկատմամբ կապվածությունը չի սահմանափակում, այլ, ընդհակառակը, զարգացնում է նրա երիտասարդի անձը։ Չէ՞ որ կյանքի հաջող ուղու ընտրության դեպքում այլ հնարավորություններ քիչ են պատասխանում են մարդու ընդունակություններին, անձնային զարգացմանը։

30 տարեկանի ճգնաժամը հաճախ կապում են կյանքի իմաստի ճգնաժամի հետ։ Հենց կյանքի իմաստի որոնումն էլ պայմանավորում է անցումը երիտասարդությունից հասունություն։

Միևնույն ժամանակ, կյանքի իմաստի խնդիրը ծագում է ոչ միայն այս տարիքային փուլում։ Այն կարող է դրսևորվել և դեռահասության տարիքում։ Այս խնդիրը կարող է առաջ գալ նաև հասունության տարիքում։

Կյանքի իմաստի հիմնախնդրին լայն դրսևորմամբ նվիրված են Վիկտոր Ֆրանկլի հետազոտությունները։ Ըստ Ֆրանկլի՝ «իմաստն այն է, ինչ նկատի ունի այդ հարցը բարձրացնող մարդը, կամ իրավիճակով, որ նույնպես ենթադրում է պատասխան պահանջող հարց»։ Այս ձևակերպումը լավագույնս համաձայնեցված է իմաստի ֆենոմենոլոգիայի հետ, որը բխում է գործունեության հոգեբանական տեսությունից։ Իմաստը՝ որպես հոգեբանական ֆենոմեն, ծագում է այն ժամանակ, երբ գործունեության կազմում հայտնվում են օպերացիաները և նրանց համապատասխանող նպատակները, որոնք չեն համընկնում դրդապատճառների հետ։ Օպերացիան գործողություն է, որն իրականացվում է որոշակի միջոցով՝ կախված իրավիճակի պայմաններից։ Գործունեությունից զատ՝ այն կազմող գործողությունները սովորաբար ուղղված են ոչ թե պահանջմունքի առարկային՝ դրդապատճառին, այլ նպատակներին, որոնցով միջնորդավորվում է նրա ձեռքբերումը։ Նպատակի ձեռքբերումը միջնորդավորում է դրդապատճատի իրացում. դրդապատճառի միջնորդավորում նպատակով։ Իմաստն, այս կերպ, այն է, ինչը կապում է նպատակն ու նրա հիմքում ընկած դրդապատճառը, սա նպատակի հարաբերությունն է դրդապատճառին, եթե նպատակն ու դրդապատճառը չեն համընկնում։

Այստեղից հետևում է, որ իմաստի խնդիրը՝ իր բոլոր դրսևորումներով, ծագում է այն ժամանակ, երբ նրա ձեռքբերումը չի հանգեցնում պահանջմունքի առարկայի ձեռքբերմանը, այսինքն՝ երբ նպատակը ճիշտ չի դրված։ Եթե խոսք է գնում կյանքի իմաստի մասին, ապա սխալ է դրված կյանքի նպատակը, մտահղացումը։ Իրապես, մենք ունենք ոչ թե հենց իմաստի խնդիր որպես այդպիսին, այլ դրդապատճառի դեպրիվացիայի խնդիր։ Այն ծագում է ոչ ճիշտ դրված նպատակների պատճառով, որոնց ձեռքբերումը պետք է իրացնի դրդապատճառը։

Կյանքի մտահղացումն իրենից ներկայացնում է նպատակների համագումար՝ ուղղված ներաշխարհի բարդության և արտաքին աշխարհի դժվարությունների հաղթահարմանը, այսիսնքն՝ կյանքի հնարավոր ներդաշնակեցմանը։ Ըստ էության, խոսք է գնում աշխարհի հետ համաձայնության ձեռքբերման նպատկաների մասին, թեև իրենց սուբյեկտիվ հասկացմամբ ոչ միշտ ադեկվատ մարդու բնությանը։

Adi Holzer Werksverzeichnis 850 Lebenslauf.jpg

Աշխարհի հետ համաձայնությունը, ինքն իրենով լինելը հենց այն դրդապատճառն է, որի դեպրիվացիան հանգեցնում է կյանքի իմաստի կորստին։ Կյանքի իմաստի ամբողջական կորուստը՝ էքզիստենցիալ վակուումը, հնարավոր է այն ժամանակ, երբ կենսաշխարհում չկա ոչ մի էական դրդապատճառ։ Միայն էական դրդապատճառներն են ադեկվատ աշխարհի հետ համաձայնեցվածությանը։ Ինչքան շատ են մարդու կյանքում էական կողմերը, այնքան քիչ են էքզիստենցիալ խնդիրները։ Քննարկելով կյանքի իմաստի խնդիրը՝ Ֆրանկլն ընդգծում է, որ հենց նրա կորուստն է հանգեցնում ալկոհոլիզմի և թմրամոլության։

Դրա հետ մեկտեղ այս պաթոլոգիաների դեպքում հաճույքի ստացման սուբյեկտիվ ապրումը նա նույնալանացնում է երջանկության զգացման հետ, այսինքն՝ հենց այն՝ «ֆունդամենտալ դրդապատճառի» իրացման ապրման հետ, որն իմաստավորում է ամբողջ կյանքը։

Այսպիսով, երիտասարդը սկսում է հաստատել իրեն կյանքում, իրագործել դրված նպատակները։ Շատ բան է որոշարկվել պատանեկության տարիքում, երբ լուծվել են ինքնորոշման հնդիրները։ Սակայն, հետագա կյանքի համար երիտասարդության նշանակությունը դժվար է գերագնահատել։ Երիտասարդ տարիքում մարդկանց մեծամասնությունը հանդիպում է «կյանքի ընկերոջը» և ստեղծում ընտանիք՝ սկիզբ դնելով նոր սերնդի։ Երիտասարդության տարիքում պրակտիկորեն ստուգվում է ավելի վաղ իրականացված կյանքի ուղու ընտրությունը, ձեռք է բերվում մասնագիտական վարպետություն։ Երիտասարդությունը սիրո և ընկերության հարաբերությունների ծաղկունքի տարիքն է։

Այս տարիքայի փուլի կենտրոնական նորագոյացություններն են ընտանեկան հարաբերությունները և մասնագիտական կոմպետենտությունը։ Տարիքի վերջում՝ հասունության սահմանին, մարդը լուծում է էքզիստենցիալ խնդիրներ, պարզում իր կյանքի իմաստը, առաջին եզրակացությունները կատարում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кулагина И.Ю., Колюцкий В.Н.Возрастная психология։ Полный жизненный цикл развития человека. Учебное пособие для студентов высших учебных заведений. — М.։ ТЦ «Сфера», 2001
  • Самоукина Н.В. Парадоксы любви и брака. М., 1998.
  • Кон И.С. Дружба. М., 1987.
  • Сергеев М.Д. Подвиг любви бескорыстной. Декабристки. М., 1976.
  • Смирнова Л.Н. Моя любовь. М., 2000.
  • Соловьев B.C. Смысл любви // Русский эрос, или Философия любви в России. М., 1991.
  • Стендаль. О любви // Собр. соч.։ В 12 т. М., 1978. Т. 7.
  • Франкл В. Человек в поисках смысла. М., 1990.
  • Фромм Э. Искусство любить. М., 1990.