Դիրքորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիրքորոշում, անձի ներքին և առավելապես ենթագիտակցական պատրաստակամությունը ակտիվության որևէ տեսակ իրագործելու համար։

Համառոտ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքորոշման առաջացումը, ըստ Դմիտրի Ուզնաձեի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ իրադրության մեջ օրգանիզմն ունի ակտիվ պահանջմունք, և կան նրա բավարարման համար անհրաժեշտ օբյեկտիվ պայմաններ։ Դիրքորոշումն ուղղվածություն է հաղորդում մարդու գործունեությանը և նախորդում է գիտակցական հոգեկան գործընթացներին։ Այն հոգեկան երևույթ է և չի կարող հանգեցվել իր ֆիզիոլոգիական հիմքերին։

Դիրքորոշումը կարող է լինել կարճատև հոգեվիճակ (այս դեպքում նրա սուբյեկտիվ և մասամբ գիտակցական դրսևորումը ուշադրությունն է) կամ անձի կայուն առանձնահատկություն (սևեռված դիրքորոշում՝ ըստ Դ. Ուզնաձեի), որը մշտական ուղղվածություն է հաղորդում նրա ակտիվությանը։

Սոցիալական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա անձի ներքին կողմնորոշման այն հատուկ տեսակն է, որն ուղղված է դեպի այլ անձինք, սոցիալական խմբերը կամ ողջ հասարակությունը։

Հիմնական բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական դիրքորոշման հիմնական բաղադրամասներն են՝

  • իմացական (կոգնիտիվ) տարրերը, այսինքն՝ դիրքորոշման օբյեկտի մասին անձի ունեցած մտքերն ու մտապատկերները
  • հուզական տարրերը, այն զգացմունքները, որ տվյալ դիրքորոշումն ունեցող անձը տածում է դեպի օբյեկտը և այդ զգացմունքների իրադրական դրսևորումները (սեր, ատելություն, հիացմունք, նախանձ, խանդ, հարգանք և այլն)
  • գործնական մոտիվացիոն տարրեր․ դիրքորոշման օբյեկտի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելու միտումներն ու այն գործողությունները, որ մարդը կատարում է կոնկրետ իրադրույթուններում օբյեկտին հանդիպելիս։

Սոցիալական դիրքորոշման բաղադրիչները կազմում են դինամիկական համակարգ, որի տարրերից մեկի փոփոխությունը հանգեցնում է ողջ համակարգի փոփոխությունների կամ նույնիսկ տվյալ դիրքորոշման փոփոխմանը՝ մեկ այլ դիրքորոշման։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս տպ.). Երևան. էջ 240.