Ֆիդելիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Ֆիդելիո
գերմ.՝ Fidelio
Fidelio.jpg
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրզինգշպիլ և օպերա[1]
ԿոմպոզիտորԼյուդվիգ վան Բեթհովեն
Լիբրետտոյի
հեղինակ
Յոզեֆ Զոնլեյթներ, Գեորգ Ֆրիդրիխ Թրեյչկե
Լիբրետտոյի
լեզու
գերմաներեն
Սյուժեի աղբյուրԺանի Նիկոլյա Բուի. «Լեոնորա կամ ամուսնական սեր» պիես
Գործողությունների քանակ2 արար[1]
Գործողության տեղԻսպանիա և Սևիլյա
Տևողություն2,5 ժամ
ԿերպարներSecond prisoner?, Florestan?, Jaquino?, Rocco?, Don Pizarro?, Marzelline?, Leonore?, Don Fernando? և First prisoner?
Ստեղծման տարեթիվ1804
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 20, 1805[1]
Առաջնախաղի վայրՎիեննա
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Fidelio Վիքիպահեստում

Ֆիդելիո (Op. 72; գերմ.՝ Fidelio), Լյուդվիգ վան Բեթհովենի հեղինակած օպերան է՝ երկու գործողությամբ։ Այն գերմանացի մեծ երգահանի գրած միակ օպերան է։ «Ֆիդելիոյի» սյուժեն փոխառնված է ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեռ Գավոյի «Լեոնորա, կամ Ամուսնական սեր» օպերայից՝ գրված ֆրանսիացի դրամատուրգ Ժան Նիկոլա Բուիի (1763-1842 թթ.) ֆրանսերեն լիբրետոյի հիման վրա: Գերմաներեն լիբրետտոյի հեղինակներն են Յոզեֆ Զոնլեյթները և Գեորգ Տրեյչկեն։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության հիմքում ընկած է իրական պատմություն՝ մի քաղաքական բանտարկյալի կնոջ անձնուրաց սխրանքի մասին, որով նա փրկեց իր ամուսնուն վերահաս մահից: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Իսպանիայում 13-րդ դարում, բայց ժամանակակիցներն առանց դժվարության օպերայում նկատեցին իրենց օրերի հեղափոխական իրադարձությունների արձագանքները: Սյուժեի բոլոր առանձնահատկությունները՝ դրամատիզմը, բարոյական պաթոսը, հերոսական սխրանքի գաղափարը, առաքինության փառաբանությունը և ամուսնական սիրո զորությունը, հոգեհարազատ էին Բեթհովենի գեղարվեստական ճաշակին ու անհատականությանը: Օպերայի կենտրոնական կերպարը նա դարձրեց համարձակ և հավատարիմ Լեոնորային, ում բոլոր մտքերն ուղղված են մեկ նպատակի՝ ազատել սիրելի ամուսնուն: Ներքին բախումը Լեոնորայի և Պիսառոյի միջև տեղի է ունենում դրամայի կուլմինացիոն զարգացման պահին: Ատելի Պիսառոյի մռայլ, վրեժխնդիր ու օրենքները ոտնահարող կերպարն անձնավորում է դաժան բռնակալությանը: Մեծ արտահայտչականությամբ է ուրվագծվում տառապող բանտարկյալ Ֆլորեստանը՝ բանտապահի ատելության զոհը: Բեթհովենն այս օպերայի երաժշտությունը սկսել է գրել 1803 թվականին` հիմնվելով Բուիի լիբրետոյի մշակման վրա, որ կատարել էր վիեննացի գրականագետ Ի. Զոնլեյտները (1765—1835): Առաջին ներկայացման ժամանակ, որ տեղի ունեցավ 1805 թվականի նոյեմբերի 20-ին՝ «Լեոնորա» անունով, օպերան հաջողություն չունեցավ: Դրանից հետո Բեթհովենն ընկերների խորհրդով վերամշակեց այս ստեղծագործությունը և կրճատեց որոշ տեսարաններ՝ դարձնելով օպերա երկու արարից (մինչ այդ այն բաղկացած էր երեք արարից): Սակայն այս խմբագրված տարբերակն էլ (1806 թ.) կարողացավ ապահովել միայն երկու ներկայացում: Ութ տարի անց Բեթհովենը կրկին անդրադարձավ այս ստեղծագործությանը: Լիբրետոյի նոր խմբագրված տարբերակը գրեց դրամատուրգ Գեորգ Տրեյչկեն (1776-1842): «Ֆիդելիոյի» (երրորդ խմբագրության վերնագիրն արդեն այսպես էր) բեմադրության 1814 թվականի մայիսի 22-ին ունեցավ զգալի հաջողություն: Օպերայի համար գրվել է չորս նախերգանք: Դրանցից առաջինը Բեթհովենին չի բավարարում և 1805 թվականի պրեմիերայի համար գրվեց ուրիշ նախերգանք՝ հայտնի «Լեոնորա N2» վերնագրով: Օպերայի երկրորդ խմբագրումը ևս սկսվեց նոր նախերգանքով՝ «Լեոնորա N3» վերնագրով, որ ուներ ուշագրավ խորություն և ուժեղ արտահայտչականություն՝ աստիճանաբար բացահայտելով ստեղծագործության գաղափարը: Չորրորդ նախերգանքը, որ կոչվում է «Ֆիդելիո», ավելի պարզ է ու կարճ և կատարվել է 1814 թվականի բեմադրության ժամանակ:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արար 1.

Ժակինոն՝ բանտի պահապանը, սիրահարված է Մարսելինային՝ վերակացուի դստերը: Բայց Մարսելինան երազում է երիտասարդ Ֆիդելիոյի՝ իր հոր նոր օգնականի սիրո մասին: Իրականում Ֆիդելիո անվան տակ (թարգմանաբար նշանակում է հավատարիմ), աշխատանքի է վարձվել Լեոնորան՝ բանտարկյալներից մեկի՝ Ֆլորեստանի կինը: Ֆլորեստանը ձերբակալվել էր բռնակալ Պիսառոյի դեմ ելույթ ունենալու համար և առանց դատ ու դատաստանի նետվել ստորգետնյա մի խոր, խոշտանգումների համար նախատեսված խուց: Լեոնորան հույս ունի ինչ-որ բան իմանալ Ֆլորեստանի մասին և ձգտում է ազատել նրան: Պիսառոն զեկուցում են, որ Սևիլյա ստուգումների է գալիս նախարար Դոն Ֆեռնանդոն, քանզի Մադրիդ լուրեր էին հասել քաղաքական շարժառիթներով բանտում հայտնված մարդկանց մասին: Որպեսզի կարողանա թաքցնել իր ամենամեծ հանցանքը, Պիսառոն Ռոկոյին հրամայում է հենց այդ գիշեր գաղտնի սպանել իր բանտարկյալներից ամենավտանգավորին՝ Ֆլորեստանին: Բայց Ռոկոն հրաժարվում է անել դա՝ ասելով, թե մահապատիժ իրականացնելն իր պարտականությունը չէ: Այդ ժամանակ Պիսառոն Ռոկոյին պատվիրում է մի գերեզման փորել, իսկ ինքն էլ կսպանի Ֆլորեստանին: Այդ խոսակցությանն ականջ է դնում Լեոնորան, ով մտադիր էր ամեն գնով ազատել իր սիրեցյալին, բայց թե ինչպես՝ դեռ չգիտե: Մարսելինան հորդորում է հորը՝ բանտարկյալներին թույլ տալ կարճ զբոսանքի դուրս գալ՝ ի պատիվ Թագավորի: Բանտարկյալները երանությամբ շնչում են թարմ օդը և գոհություն հայտնում Աստծուն՝ իրենց ազատություն դուրս գալու համար: Լեոնորան զննում է նրանց դեմքերը, բայց Ֆլորեստանը նրանց մեջ չկա: Հանկարծ հայտնվում է Պիսառոն և զայրույթով հրամայում է բոլոր բանտարկյալներին բանտախցեր տանել:

Գյունտեր Տրեպտովը՝ Ֆլորեստանի և Կարինա Կուցը՝ Լեոնորայի դերերում. Բեռլին, Գերմանական օպերային թատրոն, 1945 թ.:

Արար 2.

Ֆլորեստանը տառապում է մութ գետնախցում: Նա զգում է, որ իր օրերը հաշված են, բայց վստահ է, որ ճիշտ է վարվել՝ հանդես գալով անարդարության դեմ: Տենդագին զառանցանքի մեջ տեսիլքով նրան է այցելում երկնային հրեշտակը՝ իր սիրելի Լեոնորայի կերպարանքով: Ռոկոն ու Լեոնորան իջնում են գետնախուց: Լեոնորան հազիվ շարժվող տառապյալին տեսնելով՝ խղճահարությամբ նրան ջուր և հաց է տալիս, բայց չի կարողանում տեսնել նրա դեմքը, քանի որ բանտախցում խիստ մութ է: Հայտնվում է Պիսառոն՝ դաշույնը ձեռքին: Ֆլորեստանը, որպես վերջին խոսքեր՝ նրա դեմքին է շպրտում մեղադրական խոսքեր, և Լեոնորան վերջապես հասկանում է, թե ով էր այդ բանտարկյալը: Վճռական պահին նա նետվում է բանտարկյալի ու մարդասպանի մեջտեղը՝ Պիսառոյի վրա ուղղելով ատրճանակը և հայտնելով իր իսկական անունը: Այդ պահին վերևում հնչում է շեփորի ձայն՝ ազդարարելով Նախարար Դոն Ֆեռնանդոյի ժամանումն ամրոց: Պիսառոն հասկանում է, որ հանցագործության հետքերը թաքցնել այլևս չի կարող և շտապում է վեր: Լեոնորան և Ֆլորեստանը երջանիկ են, որ դարձյալ միասին են: Նրանք դուրս են գալիս հրապարակ՝ դեպի ցնծացող մարդիկ: Պիսառոյի չարագործություններն ավարտվում են, և քաղաքական բանտարկյալները դուրս են գալիս ազատություն: Ռոկոն Նախարարին պատմում է, թե ինչպես Լեոնորան խիզախությամբ փրկեց իր ամուսնուն: Դոն Ֆեռնանդոն հաճելիորեն զարմացած է. չէ՞ որ Ֆլորեստանն իր հին ընկերն է: Լեոնորան հանում է Ֆլորեստանի ձեռքերի շղթաները, և հավաքվածները փառաբանում են ամուսնական հավատարմությունը, որը մղում է սխրանքի:

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Fidelio, Playbill of the Worldpremiere, Vienna, Kärntnertortheater, May 23, 1814

«Ֆիդելիո» հերոսական օպերան համաշխարհային երաժշտական թատրոնի ամենախոշոր ստեղծագործություններից մեկն է: Նրա երաժշտությունը տարբերվում է ընդգծված պաթետիկ կառուցվածքով ու լարված դրամատիզմով: Նրանում նշանակալի դեր են խաղում օրատորիալ տեսարանները, դրանց փոխարինող կենցաղային տեսարանները, և այս ամենը` հաճախ համեմված նուրբ հումորով: Դրա հետ մեկ տեղ երաժշտության զարգացող դրվագները՝ արիաներով, խմբերգներով ու զարգացող ասերգներով (երաժշտությամբ ուղեկցվող խոսք), երկխոսություններով, «Ֆիդելիոն» կապում են երաժշտական դրամային: Կարճ նախերգանքն ունի կենսուրախ բնույթ: Առաջին գործողությունն ունի երկու տեսարան: Առաջինում, որ հանգիստ ու պարզ է, նկարագրվում է համեստ կյանքով ապրող, հասարակ մարդկանց պարզհոգի ու անաղարտ աշխարհը: Մարսելինայի ու Ժակինոյի զուգերգն ունի նուրբ ու զվարթ հնչողություն: Մարսելինայի «Չի կարելի ասել, թե ով է կատարյալ» արիայում բացահայտվում են սիրահար աղջկա բաղձանքները, նրա միամիտ ու պարզ զգացմունքի անկեղծությունը: Մեղեդու զարգացումն իր գագաթնակետին է հասնում գործող անձանցից չորսի՝ Մարսելինայի, Լեոնորայի, Ռոկոյի և Ժակինոյի միասին կատարվող երգում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, ասես քարացած` կատարվող կարևոր իրադարձությունների պատճառած հույզերից, կրկնում են երաժշտության մեկ հատված՝ դրանում ներդնելով, սակայն, սեփական վերաբերմունքն ու իմաստը: Լարված դրամատիզմով հարուստ երկրորդ տեսարանը կտրուկ հակադրվում է նախորդին: Պիսառոյի «Այո, վրեժխնդրության ժամը եկել է» արիայում ուրվագծվող մեղեդին փոթորկուն է, իսկ ուղեկցող ջղային նվագակցումը նրան հաղորդում է զայրույթ և սպառնալիք: Ռոկոյի և Պիսառոյի զուգերգը հարուստ է զսպված, թաքցված դրամատիզմով: Լեոնորայի «Օ, կատաղի գազան» արիայում իրար հաջորդում են կրքոտ զայրույթը, վառ հույսը և անսասան վճռականությունը: Խոր արտահայտչականությամբ է դրսևորվում բանտարկյալների խմբերգը. նվագախմբի թեթև ու թափանցիկ նվագակցումը, երգիչների, ասես, հալվող ձայները տոգորված են ուրախության մեղմ զգացումով: Երկրորդ արարը ևս կազմված է երկու տեսարանից: Ֆլորեստանի տառապանքն ու բողոքը հնչում են նրա «Աստված իմ, ինչ խավար է» արիայում, նվագախմբի ձայնակցմամբ: Մեղեդին չափազանց զուսպ է, մեղմ ու թախծալից, որ հետո փոխակերպվում է հիանալի զորեղ պոռթկումով: Լեոնորայի և Ռոկոյի զուգերգը համեմված է ճնշող տագնապի զգացումով: Գերեզմանափորների աշխատանքի ռիթմից ստացվող միալար հետնապատկերի վրա հնչում են հուզված Լեոնորայի պաթոսով լեցուն բացականչությունները: Գործողության կուլմինացիան զարգանում է քառյակի (Լեոնորայի, Ֆլորեստանի, Ռոկոյի և Պիսառոյի) երգում, որի արագ զարգացումն ընդհատվում է դրամատիկ պոռթկումներով: Անհուն ցնծություն է հնչում Լեոնորայի և Ֆլորեստանի զուգերգում: Ապա հաջորդում է օրատորիալ պատկերներով հարուստ երկրորդ տեսարանը: Ցնծացող երգչախմբի զորեղ հնչողությունը, քայլերգային ռիթմը, շեփորների տոնական նվագը, արտահայտում են համընդհանուր ուրախությունը, լույսի ու արդարության հաղթանակը: Օպերան համարվում է գերմանական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ այսօր էլ բեմադրվելով համաշխարհային օպերային թատրոնների կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.

  1. 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.