Ալմա Մալեր-Վերֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Մալեր-Վերֆել
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Alma Mahler-Werfel
Ի ծնե անունգերմ.՝ Alma Maria Schindler
Ծնվել էօգոստոսի 31, 1879(1879-08-31)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Ցիսլեյտանիա,  Ավստրիա[5] և  ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 11, 1964(1964-12-11)[1][2][3][…] (85 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, նկարչուհի, կենսագիր, մոդել, գրող և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՎալտեր Գրոպիուս, Գուստավ Մալեր և Ֆրանց Վերֆել
Կայքalma-mahler.com/engl/almas_life/almas_life.html
 Alma Mahler Վիքիպահեստում

Ալմա Մալեր-Վերֆել (գերմ.` Alma Maria Mahler-Werfel, ծնյալ Ալմա Մարգարետա Մարիա Շինդլեր (Alma Margaretha Maria Schindler), օգոստոսի 31, 1879(1879-08-31)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 11, 1964(1964-12-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ավստրիացի երգահան, գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ։

Վաղ հասակից դրսևորելով երաժշտական ձիրք՝ հեղինակել է առնվազն տասնյոթ երաժշտական ստեղծագործություն ձայնի և դաշնամուրի համար։

Պատանեկան տարիքում սիրահարվել է կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկուն, բայց նրանց հարաբերությունները երկար չեն ձգվել։ Ամուսնացել է կոմպոզիտոր Գուստավ Մալերի հետ, ով չէր խրախուսում նրա երգահանական փորձերը։ Երբ նրա արվեստագիտական ունակությունները խեղդվել են, վրա է հասել ընկճախտը։ Այդ շրջանում սիրարկած է ունեցել գերմանացի ճանաչված ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ։ Մալերն սկսել է քաջալերել Ալմայի կոմպոզիտորական փորձերը, նրա որոշ գործեր նախապատրաստել է հրատարակման, բայց հաշտեցման այդ շրջանը երկար չի տևել. 1911 թվականին Մալերը մահացել է։ 1915 թվականին Ալման ու Գրոպիուսն ամուսնացել են, ունեցել երկու դուստր։ Գրոպիուսի հետ ամուսնության ժամանակ ևս Ալման սիրարկած է ունեցել; Նրա սիրո առարկան այս անգամ Ֆրանց Վերֆելն էր՝ ժամանակի ճանաչված գրողներից մեկը։ Ի վերջո՝ Ալման բաժանվել է Գրոպիոուսից և ամուսնացել Վերֆելի հետ։

1938 թվականին՝ անշլյուսից հետո, զույգն ստիպված էր լքել Ավստրիան, քանի որ հրեաների վիճակն այստեղ ևս անապահով էր դարձել (Ֆրանց Վերֆելը հրեա էր)։ Ալման ու Վերֆելը հանգրվանել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կյանքի վերջին շրջանում Ալման հանդես է եկել որպես սալոնի տիրուհի, որը որոշակի դեր է խաղացել նախ՝ Նյու Յորքի ու Լոս Անջելեսի, այնուհետև՝ Վիեննայի արտիստական կյանքում։

Ունեցել է չորս երեխա` Մարիա Մալեր, Աննա Մալեր, Մանոն Գրոպիուս, Մարտին Գրոպիուս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Մալեր-Վերֆելը ծնվել է 1879 թվականի օգոստոսի 31-ին Վիեննայում` նկարիչներ Էմիլ Շինդլերի և Աննա Բերգենի ընտանիքում։ Ուսուցիչները տանն են դասավանդել նրան։ Տասնհինգ տարեկանում դպրոց են ուղարկել, բայց մի քանի ամիս անց թողել է դպրոցական պարապմունքները։ Վաղ մանկությունից դաստիարակվել է կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով։ Հոր մահից հետո կենտրոնացել է դաշնամուրի դասերի վրա։ 1895 թվականին մայրն ամուսնացել է ամուսնու նախկին աշակերտներից մեկի՝ Կարլ Մոլի հետ։ 1899-ին նրանք դուստր են ունեցել[6]:8–10: Խորթ հոր միջոցով Ալման ծանոթացել է նկարիչ Գուստավ Կլիմտի հետ, որը սիրահարվել է նրան։ Բայց աղջիկը կարճ ժամանակ անց սառել է նրա նկատմամբ (մինչև Կլիմտի մահը նրանք ընկերներ են մնացել)։

1900 թվականի աշնանը Ալման կոմպոզիցիա է սովորել Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկու մոտ։ Սկիզբ է առել փոխադարձ սեր, որը թաքուն են պահել[6]:10–16:

Գուստավ Մալեր
Վալտեր Գրոպիուս /1920 թ./
Ֆրանց Վերֆելը 1940 թ.
Ալմայի շիրիմը Գրինցինգ գերեզմանատանը

Հետագայում Ալման ձեռ է առել Ցեմլինսկուն, ասելով, թե ինքը ցանկացած պահի կարող է նրա պես տգեղի փոխարեեն տասը գեղեցիկ ու երիտասարդ սիրահարներ ունենալ, հայտարարել է նաև, որ բոլորովին մտադրություն չի ունեցել գաճաճ ու դեգեներատ ջհուդիկներ լույս աշխարհ բերել։

1901 թվականի նոյեմբերին Ալման սկսել է հաճախել Էմիլ Ցուկերկանդլի սալոնը, որտեղ սկսել է սիրահետել իրենից տասնինը տարով մեծ Գուստավ Մալերին (ընդ որում՝ Ցեմլինսկու հետ իր կապերը դեռ չէր խզել)։ Մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 8-ին գաղտնի նշանվել են, բայց այդ մասին պաշտոնապես հայտարարվել է դրանից երկու շաբաթ անցնելուց հետո միայն։

1902 թվականի մարտի 9-ին Ալման ամուսնացել է Վիեննայի արքունի օպերայի տնօրենի` կոմպոզիտոր Գուստավ Մալերի հետ[7]:45, ումից ունեցել է երկու դուստր (առաջնեկը՝ Մարիան, հինգ տարեկանում մահացել է դիֆթերիայից, երկրորդը՝ Աննան, հետագայում դարձել է քանդակագործ[6]:233,251)։ 1910 թվականի հունիսին, ավագ դստեր մահվան կապակցությամբ իր ընկճվածությունը հաղթահարելուց հետո, Ալման սիրախաղ է սկսել երիտասարդ ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ, ում հանդիպել էր SPA-ում հանգստանալիս[6]։ Մալերն այցելել է Զիգմունդ Ֆրոյդին, զրուցել, խորհրդակցել, և հիմա միայն ենթադրել կարելի է, թե ինչն է եղել նրանց զրույցի նյութը[8]։

Կնոջ ու Գրոպիուսի սիրային կապի մասին իմանալով՝ Մալերը զղջացել է նախկինում իր դրսևորած ժխտողական վերաբերմունքի համար և ջանալով հաղթահարել ամուսնական կյանքում սկիզբ առած ճգնաճամը՝ փոխել է վերաբերմունքը Ալմայի ստեղծագործական փորձերի նկատմամբ, խմբագրել է նրա երգերից մի քանիսը (Die stille Stadt, In meines Vaters Garten, Laue Sommernacht, Bei dir ist es traut, Ich wandle unter Blumen).[6]:111:85–89, և միասին նախապատրաստել են տպագրության հանձնելու։ Եվ հենց այդ նույն տարում ինքը՝ Մալերի հրատարակիչն էլ լույս է ընծայել Ալմայի երգերից հինգը[6]:113–119: Հաջորդ տարվա փետրվարին Գուստավն անկողին է ընկել և մի քանի ամիս անց՝ 1911 թվականի մայիսի 18-ին մահացել[7]:66: Ամուսնու վախճանից հետո Ալման ստանձնել է սիրող կնոջ և Մալերի արվեստը պրոպագանդողի դերը[6]:48–54[7]:43:

Նա անմիջապես չի վերսկսել հանդիպումերը Գրոպիուսի հետ. 1912-ից 1914 թվականներին բուռն սիրարկած է ունեցել նկարիչ Օսկար Կոկոշկայի հետ, ով, իր նոր մուսայով ոգեշնչված, կերպարվեստի մի շարք նշանակալից երկեր է ստեղծել, այդ թվում՝ նշանավոր «Քամու հարսնացուն» կտավը։ Սակայն Կոկոշկայի՝ իշխելու տենչը, հեղհեղուկ հույզերի փոթորկուն վայրիվերումները հոգնեցրել են սիրահար զույգին, հատկապես Ալմային։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Կոկոշկան զորակոչվել է ավստրոհունգարական բանակ, և Ալման վերսկսել է հանդիպել Վալտեր Գրոպիուսի հետ։ 1915 թվականի օգոստոսի 18-ին նրանք ամուսնացել են, ունեցել մեկ դուստր, որը հիվանդությունից մահացել է 18 տարեկանում։

Ալման լույս աշխարհ է բերել նաև արու զավակի։ Գրոպիուսն սկզբում հավատացել է, որ դա իր տղան է, սակայն Ալմայի շարունակվող սիրային կապը Ֆրանց Վերֆելի հետ և քաղաքում տարածված խոսակցությունները կասկած են գցել նրա սիրտը, և մեկ տարվա ընթացքում նրանք բաժանվել են։ Մանչուկը, որ անհաս էր ծնվել, այդ ժամանակամիջոցում մահացել է։

Պրահայում ծնված գերմանալեզու բանաստեղծ և արձակագիր Ֆրանց Վերֆելի հետ Ալման սկսել էր հանդիպել դեռևս 1917 թվականի աշնանից, երբ ամուսինը զինվորական ծառայության պարտադրանքով բացակայել է Վիեննայից։ Սակայն իրենց ամուսնությունը նրանք պաշտոնապես ձևակերպել են 1929 թվականին։

1938-ին՝ անշլյուսից հետո, ամուսնական զույգը հարկադրված լքել է Ավստրիան, քանի որ Վերֆելը հրեա էր, և մեկնել է Ֆրանսիա, 1938-ի ամռանից մինչև 1940-ի գարուն բնակություն հաստատել Ռիվիերայում՝ Սանարի սյուր Մերում։ Այն բանից հետո, երբ գերմանացի ֆաշիստները գրավել են Ֆրանսիան, ամուսինները, բավականին դժվարություններ հաղթահարելով, արտագաղթել են նախ՝ Իսպանիա, ապա՝ Պորտուգալիա և այնուհետև, վերջապես, ԱՄՆ[9]:148[9]:148: Նյու Յորքում որոշ ժամանակ ապրելուց հետո տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Ալման, իր դերի մեջ մտնելով, սալոնային հանդիպումներ է կազմակերպել Առնոլդ Շոնբերգի, Իգոր Ստրավինսկու, Թոմաս Մանի և բազմաթիվ այլ գրողների ու արվեստագետների հետ։ Վերֆելը, որ ԱՄՆ-ում որոշակի ճանաչման էր հասել այնտեղ լույս տեսած և 1943 թվականին էկրանավորված «Բեռնադետի երգը» վեպի (իսկ հայերի շրջանում՝ Մեծ եղեռնի տարիներին մի բուռ մուսալեռցիների ինքնապաշտպանության մասին պատմող «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի) շնորհիվ, հաճախ, սրտի հիվանդության պտճառով, չէր կարողանում մասնակցել կնոջ կազմակերպած հավաքույթներին։ 1945-ին նա ինֆարկտից մահացել է Կալիֆոռնիայում[9]:150–154:

Ալման մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Նյու Յորք քաղաքում[10]։ Աճյունը տեղափոխվել է Վիեննա և հաջորդ տարվա փետրվարի 8-ին հուղարկավորվել Գրինցինգ գերեզմանատանը՝ իր դուստր Մանոնի շիրմի կողքին և առաջին ամուսնու՝ Գուստավ Մալերի գերեզմանից մի քանի քայլ հեռավորության վրա։

Իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում նա ճանաչել է, ուղեկցել, հաճախ՝ աջակցել եվրոպական ու ամերիկյան գրականության և արվեստի բազմաթիվ գործիչների, նրանց թվում՝ Լեոնարդ Բերնսթայնին, Բենջամեն Բրիտտենին, Ֆրանց Թեոդոր Չակորին, Էժեն դ՛Ալբերին, Լիոն Ֆոյխտվանգերին, Վիլհելմ Ֆուրտվենգլերին, Գերհարդ Հաուպտմանին, Հուգո Հոֆմանստալին, Մաքս Ռայնհարդին, Կարլ Ցուկմայերին, Յուջին Օրմանդիին, Մորիս Ռավելին, Օտտո Կլեմպերերին, Հանս Պֆինցերին, Հայնրիխ Մանին, Թոմաս Մանին, Ալբան Բերգին, Էրիխ Մարիա Ռեմարկին, Ֆրանց Շրեկերին, Վալտեր Բրունոյին, Ռիխարդ Շտրաուսին, Իգոր Ստրավինսկուն, Առնոլդ Շյոնբերգին... Իր կյանքի պատմությունը Ալմա Մալեր-Վերֆելը գրի է առել «Իմ կյանքը» ինքնակենսագրական գրքում; Լույս են տեսել նաև նրա օրագրությունները։ Գիրքն ու օրագրությունները արժեքավոր աղբյուր կարող էին ծառայել նրա նշանավոր ամուսինների ու ծանոթների կենսագրություններն ու ստեղծագործություններն ուսումնասիրողների համար, սակայն դրանք օգտագործելիս վերջիններս գրեթե միշտ բախվում են այսպես կոչված՝ «Ալմայի հիմնախնդրին»։ Բանն այն է, որ Ալման բազմաթիվ դեպքերում աղավաղում է, կեղծում, ընկնում հակասությունների մեջ... Հյու Վուդը մինչև անգամ եկել է այսպիսի եզրահանգման. «Այն ամենը, ինչին դիպել է նրա ձեռքը, արդեն իսկ արատավորված է»[11]։

Ալմայի օրագրությունները, մյուս ձեռագրերը, երաժշտական ստեղծագործությունների բնագրերը պահվում են Փենսիլվանիայի համալսարանում, Ավստրիայի ազգային գրադարանում (Վիեննա), Բավարիայի պետական գրադարանում (Մյունխեն)[12]։ Սկսած 1980-ական թվականներից՝ նրա երգերը պարբերաբար կատարվում են, ձայնագրվում, հրատարակվում[13][14][15]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հինգ երգ՝ ձայնի և դաշնամուրի համար (հրատարակված 1911 թ. հունվարին)
    • (i) Die stille Stadt (Խաղաղ քաղաքը. Richard Dehmel)
    • (ii) In meines Vaters Garten (Իմ հոր այգում. Erich Otto Hartleben)
      Note: Բանաստեղծության բնագրային վերնագիրն է Französisches Wiegenlied կամ Volkslied
    • (iii) Laue Sommernacht (Ամռան մեղմ գիշեր. Bierbaum)
      Note: Բանաստեղծության բնագրային վերնագիրն է Gefunden.
    • (iv) Bei dir ist es traut (Հաճելի է քեզ հետ. Rilke)
    • (v) Ich wandle unter Blumen (Թափառում էի ծաղիկների մեջ. Heine)
  • Չորս երգ՝ ձայնի և դաշնամուրի համար (հրատարակված 1915 թ. հունիսին)
    • (i) Licht in der Nacht (Լույս՝ գիշերվա մեջ. Bierbaum)
    • (ii) Waldseligkeit (Անտառային երանություն. Dehmel)
    • (iii) Ansturm (Փոթորիկ; Dehmel)
    • (iv) Erntelied (Բերքահավաքի երգ; Gustav Falke)Բանաստեղծության բնագրային վերնագիրն է Gesang am Morgen (Վերջալույսի երգ).
  • Հինգ երգ՝ ձայնի և դաշնամուրի համար (հրատարակված 1924 թ. ապրիլին)
    [փա՞ստ][Ն 1]
    • (i) Hymne (Օրհներգ. Novalis)
    • (ii) Ekstase (Էքստազ. Bierbaum)
    • (iii) Der Erkennende (Ճանաչողը. Werfel)
    • (iv) Lobgesang (Գովերգություն ; Dehmel)
    • (v) Hymne an die Nacht (Օրհներգ՝ գիշերին. Novalis)

Հետմահու հրատարակություններ

    • Leise weht ein erstes Blühn (Softly Drifts a First Blossom; Rilke), ձայնի և դաշնամուրի համար (2000 թ. հրատարակել է Սյուզան Ֆիլլերը)
    • Kennst du meine Nächte? (Իմ գիշերները դու գիտե՝ս արդյոք. Leo Greiner), ձայնի և դաշնամուրի համար (2000 թ. հրատարակել է Սյուզան Ֆիլլերը)
    • Einsamer Gang (Միայնակ զբոսանք. Leo Greiner), ձայնի և դաշնամուրի համար (2018 թ. հրատարակել է Բարրի Միլինգտոնը)

Բացի պահպանված 17 երգերից, Ալման գրել է մոտավորապես երկու տասնյակ դաշնամուրային ոչ մեծածավալ ստեղծագործութհուններ, կամերային երաժշտության մի քանի կտոր և օպերային մեկ տեսարան։

Հետմահու գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Մալեր-Վերֆելի մասին հասարակական կարծիքը երբեք միանշանակ չի եղել։ Ինքը՝ Ալման իրեն համարում էր ներշնչանքի աղբյուր, մուսա, ով ստեղծագործական սխրանքների է մղել տաղանդավոր տղամարդկանց, և ժամանակակիցներից ոմանք կիսել են այդ կարծիքը։ Ալմայի կենսագիրներից Բեռնդ Վեսլինգը նրան անվանել է «այս հարյուրամյակի պատմության խորհրդանշական կերպար»։ Կլաուս Մանը նրան համեմատել է գերմանական ռոմանտիզմի ինտելեկտուալ մուսաների և ֆրանսիական ոսկեդարի՝ Մեծ դարի վսեմ և կուրացուցիչ պայծառ տիկնոջ հետ։

Սակայն շատերն էլ Ալմայի մեջ տեսնում էին սեքսաքաղցով բռնված ու բռնկված, ճակատագրական կնոջ, որը հմտորեն օգտագործել է իր կյանքի նշանավոր ուղեկիցներին։ Տեսնում էին նաև հակասեմիտի, ով իր օրագրում գրել է, որ հրեաների հետ կարելի է գործ բռնել, բայց ամուսնանալ՝ երբե՛ք։ Եվ Ֆրանց Վերֆելի հետ ամուսնանալուց առաջ ստիպել է հրաժարվել հուդայականությունից[16][17]։ Կին գրող Գինա Կաուսը հայտարարել է, որ Ալման իր ճանաչած անձանցից ամենավատթարագույնն էր; Բանաստեղծ Իվան Գոլի կինը՝ Կլեռը, գրել է, որ Ալմայի հետ ամուսնացողին շուտափույթ մահ է սպասում, իսկ Ալմայի ընկերուհիներից Մարիա Տորբերգը գտնոււմ էր, որ Ալման և՛ մեծագույն կին էր, և, միժամանակ, մեծագույն կոյանոց։

Ալմայի կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմայի կյանքն ու բնավորությունը շատ արվեստագետների է հետաքրքրել, և նրանք կերտել են այդ ինքնատիպ կնոջ կերպարը իրենց ստեղծագործություններում։ 1974 թվականին էկրան է բարձրացվել կինոռեժիսոր Քեն Ռասելի «Մալեր» ֆիլմը, որտեղ Ալմայի դերը կատարում է Ջորջինա Հեյլը[18]։ 1996 թվականին իսրայելցի գրող Ջոշուա Սոբոլն ու ավստրիացի ռեժիսոր Պաուլյուս Մանկերն ստեղծել են «Ալմա» դրամատիկ թատերախաղը, որը վեց տարեշրջան անընդմեջ մեծ հաջողությամբ ներկայացվել է Վիեննայում; Դրան գումարվել են չորս հարյուրից ավելի հյուրախաղային ներկայացումները Վենետիկում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Երուսաղեմում, Պրահայում՝ վայրեր, որտեղ ապրել է Ալմա Մալեր-Վերֆելը։ Թատերախաղը հաջորդ տարում վերածվել է հեռուստատեսային եռամաս մինի-սերիալի, ցուցադրվել նաև հեռուստատեսությամբ[19]։ 2001 թվականին ավստրալիացի կինոռեժիսոր Բրյուս Բերեսֆորդի նկարահանած «Քամու հարսնացուն» (անգլ.՝ Bride of the wind) ֆիլմում(տե՛ս՝ [1]) Ալմայի կերպարը մարմնավորել է Սառա Ուինթերը[20]։ Այդ նույն տարում էկրան է բարձրացել «Մանի ընտանիքը։ Դարի սիրավեպը» հեռուստասերիալը, որտեղ Ալմայի դերի կատարմամբ հանդես է եկել Ֆրանկ Վեդեքինդի թոռնուհին՝ Կարոլա Ռենիեն։ Նույն՝ 2001 թվականին Մաքս Ֆիլիփսի լույս ընծայած «Արվեստագետի կինը» վեպի գլխավոր հերոսուհին նույնպես Ալմա Մալերն է[21]։ 2010 թվականին գերմանացի կինոռեժիսոր Պերսի Ադլոնն ու նրա որդին՝ Ֆելիքսը, նկարահանել են Mahler auf der Couch (Մալերը բազմոցին) կինոնկարը՝ անվանի կոմպոզիտորի ու նրա կնոջ բարդ, տառապալի հարաբերությունների, Զիգմունդ Ֆրոյդի հետ Մալերի՝ 1910 թվականին կայացած հանդիպման մասին[22]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nos. 1, 3 and 4 were orchestrated by Paul von Klenau and/or Alban Berg in 1924 and were premiered in Vienna on 22 September 1924 by tenor Laurenz Hofer and conductor Leopold Reichwein (de). The songs were performed again at a broadcast in the Vienna Radio on 17 February 1929 by tenor Anton Maria Topitz and conductor Rudolf Niliusde (). On this occasion an interview with Alma Mahler was broadcast. Scores and parts are presumably lost.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Marx E. 210 österreichische Komponistinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart (գերմ.): Biographie, Werk und BibliographieSalzburg, Wien, F: Residenz Verlag, 2001. — S. 251—256. — ISBN 978-3-7017-1215-1
  5. LIBRIS — 2012.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Monson, Karen (1983). Alma Mahler Muse to Genius. Boston: Houghton Mifflin Company. ISBN 978-0-395-32213-0.
  7. 7,0 7,1 7,2 Hilmes, Oliver (2015). Malevolent Muse: The Life of Alma Mahler. Boston, Massachusetts: Northeastern University Press. ISBN 978-1-55553-789-0.
  8. Burr, Ty (2012 թ․ նոյեմբերի 29). «Movie review: Mahler on the Couch». Boston.com. Boston Globe Media Partners. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  9. 9,0 9,1 9,2 Giroud, Françoise (1991). Alma Mahler or the Art of Being Loved. Oxford University Press. ISBN 978-0-19-816156-1.
  10. «La Grande Veuve (1945–1964)». alma-mahler.at. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  11. Hugh Wood (2010). «Part Three: Reviews for The Times Literary Supplement – 7 Gustav Mahler to Alma» (PDF). Staking Out the Territory and Other Writings on Music. էջեր 189–192. ISBN 9780955608711. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  12. «Mahler-Werfel Papers». Penn Libraries. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «The Alma problem». The Guardian. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  14. «Zemlinsky: Songs (complete, orch. Julian Reynolds) (Charlotte Margiono ; Members of the…) | Classical music review from Classical-Music.com». www.classical-music.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  15. O'Connor, Patrick (2013 թ․ հունվարի 9). «Mahler, A Complete Songs». www.gramophone.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  16. Saltzwedel, Johannes (27.05.2002). «Witwe im Wahn». Legenden (գերմաներեն). Der Spiegel. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  17. Fischer J. M. Gustav Mahler = Gustav Mahler: Der fremde Vertraute. — Yale University Press, 2011. — P. 364. — ISBN 978–0–300–13444–5
  18. «Festival De Cannes». Festival Cannes. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  19. «Joshua Sobol». ALMA. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  20. Koehler, Robert (2001). «BRIDE OF THE WIND». Variety. 383 (4).
  21. Boxer, Sarah. «The Merry Widow». New York Times. New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  22. DeWitt, David. «When Mahler Met Freud Mahler on the Couch, Directed by Percy and Felix Adlon». The New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alma Mahler, My Life, My Loves: Memoirs of Alma Mahler Vermilon Books, reprint edition (February 1989) 978-0312025403
  • Alma Mahler-Werfel, Diaries 1898–1902 (ed. and translator, Antony Beaumont and Susanne Rode-Breymann) Faber and Faber (1 February 1999) 978-0571193400
  • Alma Mahler-Werfel, 'And the bridge is love' Hutchinson of London, first published September 1959,third impression April 1960
  • Gustav Mahler, Letters to his Wife [1901–11]. Edited by Henry-Louis de La Grange and Günther Weiss, in Collaboration with Knud Martner. First complete edition, revised and translated by Antony Beaumont (Faber and Faber, London 2004)
  • Susanne Rode-Breymann, Die Komponistin Alma Mahler-Werfel (Hanover, 1999)
  • Susanne Rode-Breymann, Alma Mahler-Werfel. Muse, Gattin, Witwe (C. H. Beck, Munich 2014)
  • Susanne Keegan, The Bride of the Wind. The Life and Times of Alma Mahler-Werfel. (Houghtin Mifflin Company, Boston 1983; Secker & Warburg, London 1984,348 pages).
  • "Walter Gropius" in Nicholas Fox Weber, The Bauhaus Group: Six Masters of Modernism (New York : Alfred A. Knopf, 2009.) 978-0300169843 The chapter opens with her story. pp. 1–5; 11–15; 27–42
  • Сьюзен Кигэн «Невеста ветра. Жизнь и время Альмы Малер-Верфель». Композитор — Санкт-Петербург, 2008.
  • Hilmes O. Witwe im Wahn. Das Leben der Alma Mahler-Werfel. München: Siedler, 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Մալեր-Վերֆել» հոդվածին։