Մաքս Ռայնհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Ռայնհարդ
Max Reinhardt.jpg
Ծնվել է սեպտեմբերի 9, 1873({{padleft:1873|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3]
Բադեն, Baden District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4]
Երկիր Flag of Austria.svg Ավստրիա
Մահացել է հոկտեմբերի 30, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}})[4][3] (70 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մասնագիտություն կինոռեժիսոր, դերասան, համալսարանի պրոֆեսոր և թատրոնի դերասան
Աշխատավայր Deutsches Theater
Ամուսին Helene Thimig

Մաքս Ռայնհարդ (իսկական անուն և ազգանունը՝ Մաքսիմիլիան Դոլդման) (Սեպտեմբերի 9, 1873, Բադեն, Ավստրիա-Հոկտեմբերի 30, 1943, Նյու Յորք), ավստրո-գերմանացի ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ։ 1894 թվականին ավարտել է Վիեննայի կոնսերվատորիային կից թատերական դպրոցը, խաղացել Բրատիսլավայի, Զալցբուրգի թատրոններում։ 1894-1904 թվականներին եղել է Բեռլինի Գերմանական թատրոնի դերասան, խաղացել գլխավորապես ծերունիների դերեր՝ Էնգստրանդ (Իբսենի «Ուրվականներ»), Ակիմ (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը») և այլն։ Ըմբռնելով նատուրալիզմի գաղափարական ու գեղարվեստական սահմանափակությունը՝ 1898 թվականից նոր ուղիներ է որոնել բեմարվեստում։ Ռեժիսուրայի անդրանիկ փորձերն արել է 1890-ական թվականների վերջերին, Բեռլինում՝ «Ակնոցներ», «Սեցեսսիոնս բյունե» թատերախմբերում։ 1901 թվականին Բեռլինում բացել է «Աղմուկ և ծուխ» կաբարե-թատրոնը՝ երգիծական մանրապատումներից կազմված խաղացանկով, որ 1902 թվականին վերակառուցվել և անվանվել է «Փոքր թատրոն»։ Այս թատրոնում, Գերմանիայում առաջին անգամ (Ռ․ Վալենաինի հետ), բեմադրել է «Դիշերօթևան» (Մ․ Գորկու «Հատակում») պիեսը, որն ունեցել է մեծ հաջողություն (Ռայնհարդը խաղացել է Լուկայի դերը)։ Այս ներկայացման մեջ Հ․ Լաուբեի և Օ․ Բրամի ռեժիսուրայից ժառանգած ռեալիստական ավանդույթները Մաքս Ռայնհարդ զուգակցել է նատուրալիստական մանրամասերին, ֆանտաստիկային և միստիկային։ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1905) պիեսի բեմադրությամբ նա հասել է համաշխարհային ճանաչման։ Հետագայում հիմնադրել ու ղեկավարել է՝ «Նոր թատրոն» (1903-1906), «Կամերային թատրոն» (1906), «ժողովրդական բեմ» (1915-1916), «Խոշոր թատերասրահ» (1919-1920), «Կոմեդիա» (1924), «Յոզեֆշտադթեատր» (Վիեննա, ընդմիջումներով՝ 1923-1937) թատերախմբերը։ Միաժամանակ, Օ․ Բրամից հետո, գլխավորել է Բեռլինի Գերմանական թատրոնը (ընդմիջումով՝ 1905-1933)։ Մաքս Ռայնհարդ հեղինակ է մոտ 500 բեմադրությունների (անտիկ դրամատուրգներից մինչև ժամանակակիցները, այդ թվում՝ մոռացված հեղինակների՝ Յա․ Լենցի «Զինվորները», Գ․ Բյուխների «Դանթոնի մահը» և այլն, ինչպես և ոչ բեմական համարվող՝ Գյոթեի «Ֆաուստ» և այլն ու անտիկ դրամատուրգների՝ Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոֆանի երկերը), առանց խտրություն դնելու ուղղությունների, ոճերի, ժանրերի, երկրների, դարաշրջանների միջև։ Բեմադրել է Շեքսպիրի գրեթե բոլոր պիեսները, նորովի՝ «Համլետը» (1904, 1910), «Ամառային գիշերվա երազը» (1915), «Վենետիկի վաճառականը» (1915)։ Անդրադարձել է նաև օպերետին և մնջախաղին։ Մաքս Ռայնհարդի ռեժիսորական արվեստին բնորոշ է իրականության կոնկրետ պատմական, մանրակրկիտ վերարտադրությունից անցումը տոնահանդես-թատրոնին։ Դրական ատաղձի թատերական համարժեք, հարուստ և տպավորիչ հանդիսանք ստեղծելու համար առատորեն օգտվել է բեմարվեստի հազարամյա զինարանից (այլաբանություն, սիմվոլիկա, ֆանտաստիկա և այլն)։ Մաքս Ռայնհարդի ռեժիսորական վարպետությունը խարսխված է թատերական բոլոր բաղադրիչների վրա, որով հասել է անսամբլի բարձրագույն արտահայտչականության։ Համագործակցել է համախոհ տաղանդավոր դերասանների, դրամատուրգների, նկարիչների, բալետմայստերների, երաժիշտների հետ։ Մաքս Ռայնհարդը թատրոնի անկյունաքար է համարել ճշմարտացի հոգեբանությամբ օժտված բնավորություններ ստեղծող դերասանին։ Նրա համար խիստ կարևոր էր դերասանի արտաքին պլաստիկան, որը երբեմն հասցրել է բալետային գեղեցկության կամ ակրոբատիկ ճկունության։ Բեմական խոսքի իմաստային և ռիթմիկ մշակումը հաճախ ձեռք է բերել ի հաշիվ չափածոյի պահանջների (հատկապես շեքսպիրյան բեմադրություններում)։ Ավելի հասուն շրջանում կարևորել է մասսայական տեսարանների շարժուն, հուզիչ կոմպոզիցիաները (Մաքս Ռայնհարդը այն կոչել է «երգչախմբային ռեժիսուրա»)։ Մաքս Ռայնհարդ ունեցել է դերասանական ձիրքեր բացահայտելու անսովոր կարողություն, դրանք բազմակողմանիորեն դաստիարակելու տաղանդ։ 20-րդ դարի գերմանական և ավստրիական թատրոնի և կինոյի լավագույն դերասանները եղել են նրա աշակերտները (Պ․ Վեգեներ, Գ․ Էյզոլդ, Ա․ Զորմա, Ֆ․ Կայսլեր, Ա․ Մոիսի, Ա․ Բասերման, Վ․ Կրաուս, Է․ Ցանինգս և ուրիշներ)։ Իր թատրոններին կից ունեցել է դերասանական ստուդիաներ։ 1928 թվականին Վիեննայում հիմնադրել է Արևմտյան Եվրոպայում աոաջին՝ «Ռայնհարդ-սեմինարիում» ռեժիսորական դպրոցը։ Համաշխարհային թատրոնի անցյալի ու ներկայի փայլուն իմացությունը, անկաշկանդ, վառ երևակայությունը, ձևաստեղծման հնարանքների որոնումները, հանդուգն փորձերը Մաքս Ռայնհարդի արվեստը դարձրել են հույժ թատերային, նորարարական, բազմապիսի, գունեղ։ Որոշ բեմադրությունների համար իբրև բեմահարթակ օգտագործել է կրկեսը (անտիկ պիեսներ), տաճարը և նրա գավիթը (միստերիայի և միրաքլի համար), քաղաքային այգի, հրապարակ և այլն։ Մաքս Ռայնհարդը եղել է Զալցբուրգում թատերական փառատոն կազմակերպելու նախաձեռնողը (1920), ուր տաճարի հրապարակում բեմադրել է «Յուրաքանչյուր մարդ» (Հոֆմանստալի մշակմամբ) միստերիան։ Մաքս Ռայնհարդը ստեղծել է բազմաթիվ բարձրարվեստ ներկայացումներ, սակայն բուրժուազիական մշակույթի ճգնաժամը նրան հեռացրել է ժամանակակից պրոբլեմներից, որոշ ներկայացումներ ուղեկցվել են հոռետեսական, նույնիսկ միստիկական մոտիվներով։ Մաքս Ռայնհարդը իր լավագույն ներկայացումներով շրջել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։ Մաքս Ռայնհարդը կինոարվեստին առնչվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նկարահանել է իր լավագույն ներկայացումներից, ինչպես և ինքնուրույն ֆիլմեր («Երանելիների կղզին», 1913 և այլն)։ 1933 թվականին նա ստիպված հեռացել է Գերմանիայից։ Մինչև 1938 թվականը աշխատել է Ավստրիայում, ապա՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Հոլիվուդում հիմնել է թատերական դպրոց, նկարահանել ֆիլմեր։ Մաքս Ռայնհարդի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային, մասնավորապես գերմանական թատրոնի վրա։ Ազդել է նաև հայկական՝ հատկապես 1920-ական թվականների թատերարվեստի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png