Օլոմոուց
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
չեխ․՝ Olomouc չեխ․՝ Statutární město Olomouc[1] ֆր.՝ Olmütz | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Bělidla?[2], Černovír?[2], Droždín?[2], Hejčín?[2], Hodolany?[2], Holice?[2], Chomoutov?[2], Chválkovice?[2], Klášterní Hradisko?[2], Lazce?[2], Lošov?[2], Nedvězí?[2], Nemilany?[2], Neředín?[2], Nová Ulice?[2], Nové Sady?[2], Nový Svět?[2], Pavlovičky?[2], Povel (Olomouc)?[2], Radíkov?[2], Řepčín?[2], Slavonín?[2], Svatý Kopeček?[2], Topolany?[2], Týneček?[2] և Olomouc? | ||||
Հիմնադրված է | 1017 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1055 | ||||
Մակերես | 103,334582 կմ² | ||||
ԲԾՄ | 219 մետր | ||||
Բնակչություն | ▼99 496 մարդ (հունվարի 1, 2022)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 779 00 | ||||
Ավտոմոբիլային կոդ | M | ||||
Պաշտոնական կայք | olomouc.eu(չեխ.) | ||||
| |||||
Օլոմոուց (չեխ․՝ Olomouc, գերմ.՝ Olmütz), քաղաք Չեխիայում, Օլոմոուցի շրջանի կենտրոնը: Գտնվում է Չեխիայի արևելյան մասում` Մորավիա պատմական կենտրոնում` Մորավա գետի երկու կողմերում: Քաղաքն ունի մոտ 100.000 բնակիչ, բնակչության խտությունը 993 մարդ է 1 կմ²-ում[4]: Բացի դրանից` Օլոմոուցում ապրում է ավելի քան 10.000 ուսանող, ովքեր սովորում են Պալացկու համալսարանում և ուսումնական այլ հաստատություններում: Օլոմոուցը Չեխիայի` մեծությամբ վեցերորդ քաղաքն է:
Քաղաքը հիմնադրվել է 1253 թվականին: Ժամանակին այն եղել է Մորավիա պետության մայրաքաղաքը:
Ներկայումս Օլոմոուցը համարվում է Չեխիայի պատմական ամենագեղեցիկ քաղաքներից մեկը` մշակութային հարուստ կյանքով: Հաճախ ասում են, որ Օլոմոուցը երկրորդ Պրահան է, բայց ավելի հանգիստ ու խաղաղ: Քաղաքում պատմական բազմաթիվ տեսարժան վայրեր կան:
Օլոմոուցը արքեպիսկոպոսական նստավայր է: Քաղաքում են գտնվում երկրի ամենահին համալսարանը` Պալացկու համալսարանը, Չեխիայի ցամաքային զորքերի շտաբը և մշակութային ու քաղաքական շատ այլ հաստատություններ: Քաղաքին յուրահատուկ գրավչություն են հաղորդում շատրվաններով ընդարձակ հրապարակները, որոնք կառուցվել են 18-րդ դարի սկզբին բարոկկո ոճով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ վերածննդի շրջանում ստեղծված լեգենդի` Օլոմոուցը հիմնել է Հուլիոս Կեսարը հռոմեական ճամբարի տեղում: Հիշատակվում է քաղաքի լատիներեն առաջին անվանումը` Juliomontium կամ Juliamons: Եվ չնայած լեգենդը պատմականորեն չի հաստատվել, սակայն պատմաբանները վստահությամբ պնդում են, որ քաղաքը Հուլիոս Կեսարը չի հիմնադրվել: Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է Ք. ա. II դարի հռոմեական ճամբար, որը Կենտրոնական Եվրոպայում ամենից հյուսիսայինն է:
Օլոմոուցը IX—X դարերում եղել է Մեծ Մորավական տերության կարևորագույն կենտրոն: Երկար ժամանակ գոյատևել է որպես ամրոց: 1253 թվականին Օլոմոուցն ստացել է արքայական քաղաքի կարգավիճակ: Մինչև 1641 թվականը քաղաքը եղել է Մորավիա պատմական շրջանի մայրաքաղաքը: Օլոմոուցի եպիսկոպոսությունը հիմնադրվել է 1063 թվականին և արքեպիսկոպոսության է վերածվել 1777 թվականին:
Չեխ Վացլավ III արքան Լեհական իշխանություն գնալու իր ճանապարհին կանգ է առել Օլոմոուցում: Հենց այստեղ էլ նա սպանվել է խորհրդավոր հանգամանքներում: Նրա մահով ավարտվում է չեխական Պրժեմիսլովիչների արքայատոհմի կառավարումը:
Երեսնամյա պատերազմի ժամանակ` 1640 թվականին Օլոմոուցը գրավվել է շվեդական բանակի կողմից: Ռազմակալումը տևել է 8 տարի: Շվեդները քաղաքը վերածել են ավերակների, ինչը հանգեցնում է մայրաքաղաքային դիրքերի զիջմանը: Այդ կարգավիճակը աստիճանաբար ձեռք է բերում Բռնո քաղաքը:
1758 թվականին Ֆրիդրիխ II-ը փորձում է գրավել Օլոմոուցի ամրոցը: Շրջապատումը տևում է 6 շաբաթ, սակայն ամրոցն այդպես էլ անառիկ է մնում:
1848 թվականին, Ավստրո-Հունգարիայում տիրող անհանգիստ վիճակից ելնելով, կայսերական պալատը ժամանակավորապես տեղափոխվում է Օլոմոուց: Կայսր Ֆերդինանդ I-ը հրաժարվում է գահից` հօգուտ իր զարմիկ Ֆրանց Յոզեֆ I-ի:
Քաղաքը, գտնվելով Ավստրիայի հարևանությամբ, միջնադարում կրել է գերմանական ազդեցություն: Քաղաքական հետագա փոփոխությունները, որոնք վրա հասան երեսնամյա պատերազմի հետևանքով, ուժեղացրին Հաբսբուրգների մշակութային ազդեցությունը: Օլոմոուցը իրեն էր գրավում բնակիչների ողջ Եվրոպայից: Չնայած գերմանական ազդեցությանը` գլխավոր լեզուն չեխերենն էր, սակայն ավելի ու ավելի շատ մարդիկ էին սկսում խոսել գերմաներենով. 19-րդ դարի վիճակագրական տվյալներով Օլոմոուցում գերմանախոս բնակչությունը երեք անգամ գերազանցում էր չեխախոս մասին[5]: Դրությունը փոխվում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ 1918 թվականին ձևավորվում է Չեխոսլովակիա պետությունը: Մերձակա բնակավայրերին ձուլվելու հանգամանքով պայմանավորված` քաղաքի բնակչությունն սկսում է աճել: Չեխ և գերմանացի բնակիչների միջև առկա հակասությունը հատկապես մեծանում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ գերմանախոս հատվածը հարում է նացիոնալիստներին: Պատերազմի վերջին օրերին գերմանական բանակը այրում է քաղաքապետարանի շենքի աստղագիտական ժամացույցը. այն ոչնչանում են: Ժամացույցից մնացած որոշ մասեր այժմ ցուցադրված են քաղաքային թանգարանում: Ներկայիս ժամացույցը պատրաստված է հնի օրինակով սոցռեալիզմի ոգով: Պատերազմի ավարտից հետո գերմանախոս բնակչության մեծ մասը լքում է քաղաքը:
Օլոմոուցը զբոսաշրջիկների շրջանում պակաս հետաքրքրություն է վայելում, քան Պրահան, Չեսկի Կրումլովը կամ Կառլովի Վարին` չնայած պատմական կենտրոնի պահպանման չափով երկրորդն է Պրահայից հետո:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլոմոուցն ունի ընդարձակ մի քանի հրապարակներ, որոնցից գլխավորը Վերին հրապարակն է (Horní Náměstí), որ զարդարված է Սուրբ երրորդությանը նվիրված ժանտախտի սյունով: Բարոկկո ոճով քանդակախումբը ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում: Սյան բարձրությունը 35 մ է: Սա համանման կառույցներից ամենից բարձրն է Կենտրոնական Եվրոպայում: Այն կառուցվել է 1716-1754 թվականներին` քաղաքում ժանտախտի համաճարակի վերացման առթիվ:
Մեկ այլ տեսարժան շինություն է քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է 15-րդ դարում: Նրա աշտարակը, որն ունի 75 մ բարձրություն, զարդարում է աստղագիտական ժամացույցը: Սուրբ Հիերոնիմի գոթական մատուռը, որ գտնվում է քաղաքապետարանի հարավային մասում, ներկայումս վերածվել է թանգարանի: Ներկայումս շենքում է գտնվում քաղաքային վարչության նիստերի դահլիճը և և հարսանիքների գրանցման սրահը:

Օլոմոուցը հնուց եղել է Մորավիայի հոգևոր և կրոնական կենտրոն: Նշանակալից է Սուրբ Վացլավի տաճարը, որը երկար պատմություն ունի. բազմիցս փոխվել է նրա արտաքին տեսքը: Վերջին նշանակալից վերանորոգումը կատարվել է 19-րդ դարի վերջին նեոգոթիկայի ոճով: Հարավային աշտարակի բարձրությունը 100.65 մ է: Այն Չեխիայի Հանրապետությունում երկրորդն է Սուրբ Վիտուսի մայր տաճարից հետո:
Եկեղեցու հարևանությամբ գտնվում է Պրժեմիսլովիչների պալատը և Արքեպիսկոպոսական թանգարանը, որը բացվել է 2006 թվականի հունիսի 1-ին: Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ Օլոմոուցի եպիսկոպոսության հարուստ հավաքածուին: Այն մորավիական յուրահատուկ «Լուվրն» է:
Սուրբ Մավրիկիոսի տաճարը Չեխիայի ևս մեկ ազգային հուշարձան է, որ կառուցված է գոթական ոճով: Տաճարում է գտնվում Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ երգեհոնը, որ կառուցել է վարպետ Ենգլերը:
Օլոմոուցում կան մի քանի այլ տաճարներ ևս` Սուրբ Միքայել հրեշտակապետի, Սուրբ Յան Սարկանդերի, Սուրբ կույս Մարիամի:
Օլոմոուցը ուսանողական և գիտական կարևոր կենտրոն է: Պալացկու համալսարանը հիմնադրվել է 1573 թվականին և հնագույն երկրորդ համալսարանն է երկրում Կարլի համալսարանից հետո: Այդ ժամանակ Չեխական թագավորության տասը բնակչից ինը բողոքականներ էին[6]: Համալսարանն իր 25.000 ուսանողներով երկրի կրթական համակարգում մեծ դեր է կատարում[7]:
Քաղաքի հպարտությունն են բարոկկո ոճով կառուցված շատրվանները: Միջնադարում դրանք քաղաքում ջրամատակարարման դեր են կատարել: Այն ժամանակ, երբ եվրոպական շատ քաղաքներում քանդվել են բազմաթիվ շատրվաններ, Օլոմոուցում որոշել են վերականգնել դրանք` որպես ջրի լրացուցիչ պաշար հրդեհների դեպքում: Շատրվաններում օգտագործվել են հռոմեական դիցաբանության տարրեր. շատ քանդակներում պատկերված են Յուպիտերը, Նեպտունը, Տրիտոնը, Մերկուրին, Հերկուլեսը: Մի շատրվան պատկերում է Հուլիոս Կեսարին, որը, ըստ ավանդության, հիմնադրել է քաղաքը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Administrativní registr ekonomických subjektů
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2022 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2022.
- ↑ Nařízení vlády č. 212/1997, kterým se vyhlašuje závazná část územního plánu velkého územního celku Olomoucké aglomerace
- ↑ Tichák, Milan (1997). Vzpomínky na starou Olomouc. Olomouc: Votobia. p. 13. ISBN 80-7198-184-2
- ↑ Václavík, David (2010). Náboženství a moderní česká společnost. Grada Publishing a.s
- ↑ mvso.cz
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2021-04-28 at the Wayback Machine.
- Օլոմոուցի մասի տեղեկատվական կայք
|