Jump to content

Ստեֆան Ցվայգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Ցվայգ
ավստր․ Stefan Zweig
Ծնվել էնոյեմբերի 28, 1881(1881-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էփետրվարի 22, 1942(1942-02-22)[5][4] (60 տարեկան)
Վախճանի վայրՊետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
ԳերեզմանԲրազիլիա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծ, գրական քննադատ, պատմաբան, կենսագիր, վիպասան, արձակագիր և ակնարկագիր
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ուշագրավ աշխատանքներՇախմատային նովել, The World of Yesterday?, Անծանոթուհու նամակը, The Post Office Girl? և Beware of Pity?
Պարգևներ
ԱմուսինՖրիդերիկ Մարիա Ցվայգ և Lotte Zweig?
Изображение автографа
Ստեֆան Ցվայգ Վիքիքաղվածքում
 Stefan Zweig Վիքիպահեստում

Ստեֆան Ցվայգ (գերմ.՝ Stefan Zweig; նոյեմբերի 28, 1881(1881-11-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 22, 1942(1942-02-22)[5][4], Պետրոպոլիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), հրեական ծագումով ավստրիացի գրող, գրաքննադատ, բազմաթիվ նովելների, բանաստեղծությունների, պիեսների և գեղարվեստական կենսագրությունների հեղինակ։ Տաղանդի ծաղկման շրջանում՝ 1920-1930-ական թվականներին համարվել է աշխարհում առավել շատ թարգմանվող և մեծ ժողովրդականություն վայելող գրողներից մեկը[7]: Ցվայգի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն[8][9][10][11][12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանագիտություն ու գերմանագիտություն է ուսումնասիրել Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Շատ է ճանապարհորդել։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ունեցել է պացիֆիստական դիրքորոշում։ 1934 թվականից ապրել է տարագրության մեջ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բրազիլիա)։ Չդիմանալով հայրենիքի կարոտին, մոլեգնող պատերազմի դեմ-հանդիման հույսը կորցրած՝ ինքնասպան է եղել։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցվայգը, Արթուր Շնիցլերի և Զիգմունդ Ֆրոյդի հետ, 1920-ական և 1930-ական թվականներին ավստրիացի առավել հանրահայտ գրողներից էր[13]: Նա չափազանց մեծ ժողովրդականություն էր վայելում Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում, և այդպիսին էլ մնում է մայրցամաքային Եվրոպայում[14]: Սակայն նա մեծ չափով անտեսվել է բրիտանական հանրության կողմից[15]: Նրա համբավը Ամերիկայում աստիճանաբար նվազել էր մինչև 1990-ական թվականները, երբ մի քանի հրատարակիչներ (մասնավորապես՝ Pushkin Press-ը, Hesperus Press-ը և The New York Review of Books-ը ) սկսեցին ջանքեր գործադրել Ցվայգի ստեղծագործությունը անգլիախոս հանրության լայն զանգվածներին վերադարձնելու համար[16] «Փլանքեթ Լեյք Փրես»-ը վերահրատարակել է նրա ոչ գեղարվեստական երկերի էլեկտրոնային տարբերակները։[17]: Այդ ժամանակից ի վեր նկատվել է զգալի փոփոխություն, և Ցվայգի մի շարք գործեր կրկին տպագրվում են։

Նրա ստեղծագործությունների վերաբերյալ քննադատների կարծիքները կտրուկ տարբերվում են. ոմանք գովաբանում են նրա հումանիզմը, պարզությունն ու էֆեկտիվ ոճը[16][18], ոմանք էլ քննադատում են նրա գրական ոճը՝ այն համարելով աղքատիկ, ոչ ծանրակշիռ ու մակերեսային[15] «Վերմիկուլյար տատանում» վերնագրով գրախոսականում գերմանացի բանավիճող Միխաել Հոֆմանը սուր քննադատության է ենթարկել ավստրիացու ստեղծագործությունը։ Հոֆմանը կարծիք է հայտնել, որ «Ցվայգը պարզապես կեղծիքի համ ունի։ Նա ավստրիական գրականության Պեպսին է»։ Հոֆմանը ենթադրություն է արել, որ նույնիսկ ինքնասպանության առնչությամբ Ցվայգի գրած նամակը կեսից առաջացնում է «ձանձրույթի գրգռող աճ և այն զգացումը, որ նա դա լուրջ չի անում, նրա սիրտը դրանում չէ (նույնիսկ իր ինքնասպանության մեջ չէ)»[19]:

Ցվայգը առավել հայտնի է իր նովելներով (հատկապես՝ Շախմատային նովելը», «Ամոկը» և «Անծանոթուհու նամակը», որը 1948 թվականին էկրանավորվել է Մաքս Օֆյուլսի կողմից), վեպերով (« Զգուշացե՛ք կարեկցանքից», «Զգացմունքների խառնաշփոթ» և հետմահու հրատարակված «Փոստատան աղջիկը» ) և գեղարվեստականացված կենսագրություններով (հիշարժան են հատկապես «Էրազմուս Ռոտերդամցի»-ն, «Ֆերդինանդ Մագելան»-ը և «Մերին՝ Շոտլանդիայի թագուհին», ինչպես նաև հետմահու հրատարակված Բալզակ-ը ): Ցվայգի նովելները՝ «Ամոկ»-ը (Der Amokläufer, 1922), «Զգացմունքների խռովք»-ը (Verwirrung der Gefühle, 1927), «Մենդելը՝ բուկինիստ»-ը (1929), «Շախմատային նովել»-ը (Schachnovelle, ավարտել է 1941 թ.), «Մարդկության աստեղային ժամերը» (Sternstunden der Menschheit, 1927) պատմական նովելների շարքը հանրահռչակել են հեղինակի անունը աշխարհով մեկ: Դրանք ապշեցնում են իրենց դրամատիզմով, հրապուրում են արտասովոր սյուժեներով, ստիպում են խորհել մարդկային ճակատագրերի վայրիվերումների մասին: Ցվայգն անխոնջ կերպով համոզում է, որ մարդու սիրտը չափազանց անպաշտպան է, կիրքը նրան կարող է մղել սխրանքների, երբեմն էլ՝ ոճրագործության:

Ցվայգն ստեղծել և մանրակրկիտ կերպով մշակել է նորավեպի իր ինքնատպ մոդելը: Նրա նովելների մեծ մասում իրադարձությունները ծավալվում են ճանապարհորդությունների ժամանակ, որոնք մերթ գրավիչ են, մերթ՝ հոգնեցուցիչ, իսկ առավել հաճախ՝ վտանգներով լեցուն: Հերոսների հետ դեպքերը սովորաբար տեղի են ունենում կարճատև կանգառների, շունչ քաշելու նպատակով արված դադարների ժամանակ: Դրամատիկ իրադարձությունները ծավալվում են հաշված ժամերի ընթացքում, և պարզ է դառնում, որ դրանք կյանքի կարևորագույն պահերն են, պահեր, երբ անձը փորձության է ենթարկվում, ստուգվում է ինքնազոհաբերության դիմելու նրա ունակությունը: Ցվայգյան նովելներում առանցքային տեղ է գրավում հերոսի մենախոսությունը, որն արտաբերվում է աֆեկտի վիճակում:

«Առաջին ապրումները» (1911), «Ամոկ» (1922), «Զգացմունքների խռովք» (1927) նորավեպերի ժողովածուներում հեղինակը դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումները։ Իր կոլորիտով նորավեպերին մոտ է «Սրտի անհամբերություն» (1939) վեպը։

Եղել է ժամանակ, երբ Ցվայգի երկերը անգլերեն հրատարակվել են առանց նրա համաձայնության, «Սթիվեն Բրենչ» կեղծանվամբ (իր իրական անվան թարգմանությունը). այդ ժամանակ հակագերմանական տրամադրությունները մոլեգնում էին։

Ցվայգն իր «Երեկվա աշխարհը», հուշագրությունը[20][21][22] ավարտվել է 1942 թվականին՝ իր ինքնասպանությունից մեկ օր առաջ։ Այն լայնորեն քննարկվել է Կենտրոնական Եվրոպայում՝ որպես «ինչ էր նշանակում ապրել 1881-1942 թվականների միջև» թեմայով իրադարձությունների ու հույզերի արձանագրություն: Գիրքն արժանացել է ինչպես գովասանքի[16], այնպես էլ անհաշտ մերժման[19]: Այդուհանդերձ՝ ճանաչվել է առավել հռչակված գիրքը Հաբսբուրգների կայսրությունում[23]:

Ցվայգի «Ամոկ» (1922) վեպի պահպանված օրինակը, վեպ, որն այրվել է նացիստների կողմից

Ցվայգը խոստովանել է իր տուրքը հոգեվերլուծությանը։ 1926 թվականի սեպտեմբերի 8-ի նամակում նա Ֆրոյդին գրել է. «Հոգեբանությունը իմ կյանքի մեծագույն զբաղմունքն է»։ Նա շարունակել է բացատրել, որ Ֆրոյդը զգալի ազդեցություն է գործել այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Մարսել Պրուստը, Դ.Հ. Լոուրենսը և Ջեյմս Ջոյսը, նրանց «քաջության» դաս է տվել և օգնել հաղթահարելու ծառացած խոչընդոտները։ «Ձեր շնորհիվ մենք շատ բաներ ենք տեսնում ։ – Ձեր շնորհիվ մենք շատ բաներ ենք ասում, որոնք այլապես չէինք տեսնի կամ ասի»։ Նա պնդում էր, որ մասնավորապես իր կենսագրական երկերը դարձել են «ավելի պարզ ու համարձակ»[24]:

Ցվայգը սերտ հարաբերություններ է ունեցել Ռիխարդ Շտրաուսի հետ և գրել է « Լռակյաց կինը» (Die schweigsame Frau) օպերայի լիբրետոն ։ Շտրաուսը բացահայտորեն մարտահրավեր նետեց նացիստական ռեժիմին՝ 1935 թվականի հունիսի 24-ին Դրեզդենում թույլ չտալով հեռացնել Ցվայգի անունը ստեղծագործության պրեմիերայի ծրագրից։ Արդյունքում Գեբելսը չեղարկեց իր մասնակցությունը պրեմիերային, և օպերան երեք ներկայացումից հետո արգելվեց։ Ավելի ուշ Ցվայգը համագործակցեց Յոզեֆ Գրեգորի հետ՝ 1938 թվականին նրա միջոցով Շտրաուսին տրամադրելով մեկ այլ օպերայի՝ «Friedenstag»- ի լիբրետոն։ Ցվայգի առնվազն[25] մեկ այլ ստեղծագործություն ևս ունեցել է երաժշտական կերպավորում. դաշնակահար և կոմպոզիտոր Հենրի Ջոլսը, որը, ինչպես Ցվայգը, փախել էր Բրազիլիա՝ նացիստներից ազատվելու համար, գրել է «Úultimo poema de Stefan Zweig» երգը՝ հիմնված «Letztes Gedicht» ստեղծագործության վրա, որը Ցվայգը գրել է իր 60-ամյակի առթիվ՝ 1941 թվականի նոյեմբերին:

Բրազիլիայում գտնվելու ընթացքում Ցվայգը գրեց «Brasilien, Ein Land der Zukunft» ( Բրազիլիա, ապագայի երկիր ) գիրքը, որը իր նոր օրրանը դարձած երկրի պատմության ու մշակույթի մասին էսսեների ժողովածու է։

Ցվայգը ձեռագրերի կրքոտ հավաքորդ էր։ Նա տևական նամակագրական կապ է պահպանել հունգարացի երաժշտագետ Գիզելա Սելդեն-Գոտի հետ. նամակներում նրանք հաճախ քննարկել են երաժշտական բնօրինակ պարտիտուրներ հավաքելու հետ կապված հարցեր։ Ցվայգի ստեղծած կարևոր հավաքածուներ կան Բրիտանական գրադարանում, Նյու Յորքի պետական համալսարանում և Իսրայելի ազգային գրադարանում։ Բրիտանական գրադարանին Ստեֆան Ցվայգի հավաքածուն նվիրաբերվել է նրա ժառանգների կողմից, 1986 թվականի մայիսին։ Դրանում ամփոփված են ինքնագիր երաժշտական ձեռագրեր, այդ թվում՝ Բախի, Հայդնի, Վագների և Մալերի ստեղծագործությունների։ Այն բնորոշվել է որպես «ձեռագրերի ամենամեծ հավաքածուներից մեկը աշխարհում»[26]: Առավել արժեքավոր նմուշներից է Մոցարտի «Verzeichnüß aller meiner Werke»-ն[27], այսինքն՝ կոմպոզիտորի թեմատիկ կատալոգը, որը ներառում է իր ստեղծագործությունների ձեռագիր ցանկը։

Եվրոպայի քոլեջի 1993–1994 ուսումնական տարին անվանակոչվել է Ցվայգի պատվին։

Ցվայգն այն վիպասաններից մեկն էր, ով նպաստել է այն բանի ի հայտ գալուն, որը հետագայում կոչվել է Հաբսբուրգյան առասպել[28]:

Ցվայգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, էսսեները, ակնարկները։ Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լև Տոլստոյ, Զիգմունդ Ֆրոյդ, Ֆրիդրիխ Նիցշե), որտեղ թեև փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն է մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմական կոլորիտ ստեղծելու և ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ թափանցելու կարողությամբ. Էմիլ Վերհառնի (1917), Ռոմեն Ռոլանի (1921) մասին Էսսեները, «Աշխարհը կառուցողները» (1920–1928) կենսագրությունների շարքը։

Ցվայգը մոտ երեսուն տարի աշխատել է Օնորե դը Բալզակի կենսագրության վրա (հրտ․ 1946)։

Ցվայգի հումանիստական հայացքների վերացականությունը հատկապես նկատելի է նրա «Երեկվա աշխարհը» (հրտ․ 1944) հուշերի գրքում և «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) ճառերի, Էսսեների, քննադատական ելույթների ժողովածուում։

«Մագելան» (1938) և «Ամերիգո» (հրտ․ 1942, հայերեն հրտ․ 1962) վեպերում մարդկային հանճարի խիզախումների նկատմամբ Ցվայգի հավատի վերջին բռնկումներն արդեն անկարող էին մեղմացնել նրա ստեղծագործության և աշխարհայացքի մեջ վաղուց ի վեր հասունացող ճգնաժամը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Цвейг Стефан (ռուս.) — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. http://orf.at/stories/2419396/
  7. Kavanagh, Julie (Spring 2009). «Stefan Zweig: The Secret Superstar». Intelligent Life. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Մարդկության աստեղային ժամերը։ Պատմական մանրապատումներ ; Շախմատային նովել / Ս. Ցվայգ ; Թարգմ.՝ Լ. Հախվերդյան, Լ. Պողոսյան ; Կազմ.՝ Օ. Պապոյան; Նկ.՝ Վ. Մանդակունի. - Երևան։ Լույս, 1986. - 207 էջ։
  9. Ընտիր նովելներ / Ս. Ցվայգ; Խմբ.՝ Ստ.Զորյան. - Երևան։ Հայպետհրատ, 1942. - 405 էջ։
  10. Ժոզեֆ Ֆուշե։ Մարի Ստյուարտ։ [Պատմավեպեր] / Ս. Ցվայգ; Թարգմ. ռուս.՝ Ա. Ասրյան, Վ. Վարդանյան. Երևան։ Հայաստան, 1986. - 728 էջ։
  11. Մագելանի սխրագործությունը։ [Վեպ] / Ս. Ցվայգ; Ռուս. թարգմ.՝ Ռ. Խալաթյան; Խմբ.՝ Վ.Մ. Վարդանյան. - Երևան։ Հայաստան, 1984. - 271 էջ։
  12. Մարդկության աստեղային ժամերը։ Պատմական մանրապատումներ / Ս. Ցվայգ; Թարգմ. և վերջաբ.՝ Լ. Հախվերդյան; Խմբ.՝ Գ.Պ. Սարգսյան. - Երևան։ Հայաստան, 1974. - 182 էջ։
  13. Fowles, John (1981). Introduction to "The Royal Game". New York: Obelisk. էջեր ix.
  14. Kavanagh, Julie (Spring 2009). «Stefan Zweig: The Secret Superstar». Intelligent Life. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. 15,0 15,1 Walton, Stuart (2010 թ․ մարտի 26). «Stefan Zweig? Just a pedestrian stylist». The Guardian. London.
  16. 16,0 16,1 16,2 Lezard, Nicholas (2009 թ․ դեկտեմբերի 5). «The World of Yesterday by Stefan Zweig». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. «Plunkett Lake Press». Stefan Zweig.
  18. Liukkonen, Petri (2008). «Stefan Zweig». Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին – via kirjasto.sci.fi.
  19. 19,0 19,1 Hofmann, Michael (2010). «Vermicular Dither». London Review of Books. 32 (2): 9–12. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  20. Jones, Lewis (2010 թ․ հունվարի 11), «The World of Yesterday», The Telegraph, Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին
  21. Lezard, Nicholas (2009 թ․ դեկտեմբերի 4), «The World of Yesterday by Stefan Zweig», The Guardian, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին
  22. Brody, Richard (2014 թ․ մարտի 14), «Stefan Zweig, Wes Anderson, and a Longing for the Past», The New Yorker, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին
  23. Giorgio Manacorda (2010) Nota bibliografica in Joseph Roth, La Marcia di Radetzky, Newton Classici quotation: "Stefan Zweig, l'autore del più famoso libro sull'Impero asburgico, Die Welt von Gestern
  24. Sigmund Freud, Stefan Zweig, Correspondance, Editions Rivages, Paris, 1995, 978-2869309654
  25. «Author: Stefan Zweig (1881–1942)». REC Music Foundation. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  26. «The Zweig Music Collection». bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
  27. Mozart's "Verzeichnüß aller meiner Werke" Արխիվացված 7 Սեպտեմբեր 2011 Wayback Machine at the British Library Online Gallery accessed 14 October 2009
  28. Thompson, Helen (2020). «The Habsburg Myth and the European Union». In Duina, Francesco; Merand, Frédéric (eds.). Europe's Malaise: The Long View. Research in Political Sociology. Vol. 27. Emerald Group Publishing. էջեր 45–66. doi:10.1108/S0895-993520200000027005. ISBN 978-1-83909-042-4. ISSN 0895-9935.
  29. Ստեֆան Ցվայգ - Ժոզեֆ Ֆուշե
  30. Ընտիր նովելներ - Ստեֆան Ցվայգ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elizabeth Allday, Stefan Zweig: A Critical Biography, J. Philip O'Hara, Inc., Chicago, 1972, 978-0879553012
  • Alberto Dines, Morte no Paraíso, a Tragédia de Stefan Zweig, Editora Nova Fronteira 1981, (rev. ed.) Editora Rocco 2004
  • Alberto Dines, Tod im Paradies. Die Tragödie des Stefan Zweig, Edition Büchergilde, 2006
  • Rüdiger Görner, In the Future of Yesterday: A Life of Stefan Zweig, Haus Publishing, 2024, 9781914979101
  • Randolph J. Klawiter, Stefan Zweig. An International Bibliography, Ariadne Press, Riverside, 1991, 978-0929497358
  • Martin Mauthner, German Writers in French Exile, 1933–1940, Vallentine Mitchell, London 2007, 978-0-85303-540-4
  • Oliver Matuschek, Three Lives: A Biography of Stefan Zweig, translated by Allan Blunden, Pushkin Press, 2011, 978-1906548292
  • Donald A. Prater, European of Yesterday: A Biography of Stefan Zweig, Holes and Meier, (rev. ed.) 2003, 978-0198157076
  • George Prochnik, The Impossible Exile: Stefan Zweig at the End of the World, Random House, 2014, 978-1590516126
  • Giorgia Sogos, Le Biografie di Stefan Zweig tra Geschichte e Psychologie: Triumph und Tragik des Erasmus von Rotterdam, Marie Antoinette, Maria Stuart, Firenze University Press, 2013, 978-88-6655-508-7
  • Giorgia Sogos, Ein Europäer in Brasilien zwischen Vergangenheit und Zukunft. Utopische Projektionen des Exilanten Stefan Zweig, in: Lydia Schmuck, Marina Corrêa (Hrsg.): Europa im Spiegel von Migration und Exil / Europa no contexto de migração e exílio. Projektionen – Imaginationen – Hybride Identitäten/Projecções – Imaginações – Identidades híbridas, Frank & Timme Verlag, Berlin, 2015, 978-3-7329-0082-4
  • Giorgia Sogos, Stefan Zweig, der Kosmopolit. Studiensammlung über seine Werke und andere Beiträge. Eine kritische Analyse, Free Pen Verlag, Bonn, 2017, 978-3-945177-43-3
  • Giorgia Sogos Wiquel, L’esilio impossibile. Stefan Zweig alla fine del mondo, in: Toscana Ebraica. Bimestrale di notizie e cultura ebraica. Anno 34, n. 6. Firenze: Novembre-Dicembre 2021, Cheshwan – Kislew- Tevet 5782, Firenze, 2022, ISSN 2612-0895
  • Marion Sonnenfeld (editor), The World of Yesterday's Humanist Today. Proceedings of the Stefan Zweig Symposium, texts by Alberto Dines, Randolph J. Klawiter, Leo Spitzer and Harry Zohn, State University of New York Press, 1983
  • Vanwesenbeeck, Birger; Gelber, Mark H. (2014). Stefan Zweig and World Literature: Twenty-First-Century Perspectives. Rochester: Camden House. ISBN 9781571139245.
  • Volker Weidermann. Ostend: Stefan Zweig, Joseph Roth, and the Summer Before the Dark. Translated from the German by Carol Brown Janeway. New York: Pantheon Books, 2016, 978-1-101-87026-6
  • Friderike Maria Zweig, Stefan Zweig, Thomas Y. Crowell Co., 1946 (account of his life by his first wife)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ցվայգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ցվայգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 168