8-րդ դաշնամուրային սոնատ (Բեթհովեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյուդվիգ վան Բեթհովենի 8-րդ դաշնամուրային սոնատ, դո մինոր, օպ․ 13։ Հայտնի է որպես Պաթետիկ սոնատ, գրվել է 1798 թվականին, երբ կոմպոզիտորը 27 տարեկան էր, և հրատարակվել է 1799 թվականին։ Այն մնացել է նրա ամենահայտնի ստեղծագործություններից[1]։ Բեթհովենն այս գործը նվիրել է իր ընկեր Կարլ վոն Լիխնովսկուն։ Չնայած, որ այն հայտնի է որպես Բեթհովենի այն քիչ գործերից, որոնք անվանվել են հենց նրա կողմից, իրականում այն անվանվել է Մեծ պաթետիկ սոնատ (Բեթհովենի հավանությամբ) նրա հրատակողի կողմից, ով շատ տպավորված էր սոնատի ողբերգական հնչողությամբ[2]։

Ականավոր երաժշտագետները բանավիճում են, թե արդյոք Պաթետիկը գրելիս Բեթհովենը ներշնչվել է Մոցարտի K. 547 դաշնամուրային սոնատից, քանի որ երկու ստեղծագործություններն էլ գրված են դո մինոր տոնայնության մեջ և ունեն միմյանց շատ նման 3 շարժումներ։

Բեթհովենի ժամանակակիցների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաթետիկը կարևոր հաջողություն էր Բեթհովենի համար, որը լավ վաճառվեց և օգնեց նրան ճանաչվել որպես կոմպոզիտոր, այլ ոչ թե միայն հիանալի դաշնակահար[3][4]։ Այն ոչ միայն անմիջապես հայտնի դարձավ, այլև ծանոթացրեց աշխարհին իր երաժշտության այն հատկանիշներին, որոնք շարունակելու էր զարգացնել առաջիկա տարիներին։ Երբ դաշնակահար և կոմպոզիտոր Իգնազ Մոշելեսը 1804 թվականին հայտնաբերեց այդ աշխատանքը, նա տասը տարեկան էր։ Չկարողանալով գնել այն՝ նա արտագրեց գրադարանի օրինակից։ Նրա երաժշտության ուսուցիչը, իմանալով այդ մասին, «նախազգուշացրեց ինձ չնվագել և չսովորել էքսցենտրիկ գործեր, քանի դեռ ես չէի զարգացրել իմ ոճն ավելի պատկառելի գործերի միջոցով։ Առանց ուշադրություն դարձնելու նրա հանձնարարությանը, ես, այնուամենայնիվ, դրեցի Բեթհովենի նոտաները դաշնամուրի վրա՝ իրենց արտաքին տեսքի կարգով, և գտա նրանց մեջ այնպիսի մխիթարություն և հաճույք, որ ոչ մի այլ կոմպոզիտոր երբևէ ինձ չէր պատճառել»։

Անտոն Շինդլերը՝ մի երաժիշտ, ով Բեթհովենի ընկերն էր նրա վերջին տարիներին, գրել է․ «Այն, ինչ Պաթետիկ սոնատն էր Բեթհովենի ձեռքերում, մի բան էր, որ մարդը պետք է անընդհատ լսած լիներ, որպեսզի միանշանակ համոզված լիներ, որ դա այն նույն, արդեն շատ հայտնի գործն է։ Առաջին հերթին, յուրաքանչյուր բան Բեթհովենի ձեռքերում դառնում էր մի նոր ստեղծագործություն, որտեղ միշտ լեգատո նվագելը՝ իր կատարման առանձնահատկություններից մեկը, շատ կարևոր դեր էր խաղում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beethoven Pathetique Sonata Op. 13 Արխիվացված 2017-03-15 Wayback Machine All About Beethoven. Retrieved May 1, 2008.
  2. Burkhart, Charles: Anthology for Musical Analysis, p. 233. Schirmer 2004.
  3. Maynard Solomon, Beethoven, p. 80. Revised Edition, Schirmer Trade Books.
  4. Jan Swafford, Beethoven: Anguish and Triumph, p. 219. Houghton Mifflin Harcourt