Jump to content

Վերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերինգ

Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԿարգավիճակՎիեննայի շրջաններ
Մտնում էՎիեննա
Ամենաբարձր կետSchafberg?
ԲԾՄ247 մետր
Բնակչություն51 497 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք6,28 կմ²
Սահմանակցում էԴյոբլինգ, Ալզերգրունդ, Հերնալս, Alsergrund?, Neuwaldegg?, Dornbach?, Hernals?, Salmannsdorf?, Neustift am Walde? և Oberdöbling?
Փոստային ինդեքսներ1180
wien.gv.at/bezirke/waehring/

Վերինգ (գերմ.՝ Währing), Վիեննայի 18-րդ շրջանը։ Գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։ Շրջանում գտնվում են արտասահմանյան մի քանի դեսպանատներ։ Բացի դրանից, Վերինգում են ի սկզբանե հուղարկավորվել Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը։

Վերինգը գտնվում է Վիեննայի հյուսիս-արևմուտքում և Վիեննական անտառի լանջերին, զբաղեցնում է 6.29 կմ² տարածք Գյուրտել և Հյոենշտրասե շրջանաձև մայրուղիների միջև։ Հյուսիսում սահմանակցում է 19-րդ շրջանին` Դյոբլինգին, արևելքում` 9-րդ շրջանին` Ալզերգրունդին և հարավում ու արևմուտքում` 17-րդ շրջանին` Հերնալսին։ Շրջանը սփռված է Վերինգի վտակի (Währingerbach) երկու կողմերում։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Վերինգ շրջանը հիշատակվել է 1170 թվականին՝ Warich անվանումով։ Այս անվան ծագման մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Հնարավոր է, որ այն ունի սլավոնական ծագում։ Որոշ ուսումնասիրողներ Warich անվանումը վերագրում են գետակի կամ ջրային տարածքի` *varika սլավոներեն varъ բառից, որ նշանակում է տաք ջուր[2]։ Վերինգ անվան ծագման մյուս արժանահավատ տարբերակի համաձայն` այն ծագում է գերմաներեն Warich բառից, որը մեկ օրավար հողի նշանակություն ունի։ Անվան ծագման մեկ այլ տարբերակ է Werigandus անվանումը. Werigandus-ը եղել է հարևան Ալզերգրունդ շրջանում գտնվող Միհելբոերն վանքի վանահայրերից մեկը[3]։

Գերեզմանատուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտական ոճով տապանաքար Վերինգի հրեական գերեզմանատանը

Վերինգում են գտնվում Վիեննայի մի քանի հայտնի գերեզմանոցներ։ Նրանցից առաջինը Վերինգի գերեզմանոցն է, որը ներկայումս հայտնի է Շուբերտի այգի անունով։ Այստեղ են ի սկզբանե հուղարկավորվել Լյուդվիգ վան Բեթհովենն ու Ֆրանց Շուբերտը։ Հետագայում` 1888 թվականին, երկու կոմպոզիտորների գերեզմաններն էլ տեղափոխվել են Վիեննայի կենտրոնական գերեզմանոց։ Սակայն այստեղ` նրա առաջին հուղարկավորման տեղում է մնացել Շուբերտի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Յոզեֆ Դիալերն է։ Տապանագիրը, որի հեղինակն ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆրանց Գրիլպարցերն է, վկայում է. «Այստեղ է թաղված անգին գանձը, բայց ավելի շատ հույսեր նա տարել է իր հետ» (գերմ.՝ Die Tonkunst begrub hier einen reichen Besitz aber noch viel schönere Hoffnungen)[4]:

Վերինգի Հրեական գերեզմանոցը (Jüdischer Friedhof Währing) բացվել է 1784 թվականին և եղել է Վիեննայի հրեական մշակույթի միավորման (Israelitische Kultusgemeinde Wien) ներկայացուցիչների հուղարկավորման գլխավոր վայրը։ Նախկինում գերեզմանոցը գտնվել է Վերինգի սահմաններում, բայց ներկայումս, շրջանի սահմանների փոփոխությամբ պայմանավորված, այն հայտնվել է Դյոբլինգ շրջանում, չնայած պահել է իր պատմական անվանումը։ Բացառությամբ Սուրբ Մարկի գերեզմանոցի` այն եղել է Վիեննայի վերջին գերեզմանատունը, որ ձևավորվել է բիդերմայեր ոճով։ 1880-ական թվականներին նրա փակումից հետո այն մասամբ ավերվել է Երրորդ Ռայխի կողմից և ներկայումս մասամբ է հասանելի խարխլվածության պատճառով։ Սկսած 2006 թվականից` տեղական և ֆեդերալ քաղաքական գործիչները և մի շարք մասնագետներ բարձրացրել են գերեզմանատան վերականգնման հարցը[5][6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերինգի բնակչության թիվը վերջին հարյուրամյակներում խիստ տատանվել է։ 20-րդ դարի առաջին տասնամյակներին նկատվել է արագ աճ, սակայն դրան հաջորդել է բնակիչների թվաքանակի կայուն կրճատում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից շարունակվում է մինչ օրս։ Ամենից քիչ բնակչություն շրջանն ունեցել է 1869 թվականին (17.879 մարդ), ամենից շատ բնակչություն` 1910 թվականին (87.658 մարդ)։ 2006 թվականին շրջանի բնակչությունը կազմել է 47.391 մարդ[7]։

Վերինգի անունով է կոչվել (226) Վերինգիա աստերոիդը, որը բացահայտվել է 1882 թվականի հուլիսի 19-ին Վիեննայի աստղադիտարանում ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսայի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020) (German)
  2. H.D. Pohl (13.2.2002). «Slawische und slowenische (alpenslawische) Ortsnamen in Österreich». Graz, Urania.
  3. «История района Веринг на сайте музея района Веринг (немецкий)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. CR-074. Шуберт. Вера Горностаева — Classical records — онлайн магазин компакт дисков с классической музыкой
  5. Bernstein, richard. «Vienna Journal; A Cemetery Mirroring the History of a City's Jews». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.
  6. «One of Europe's oldest Jewish cemeteries awaits salvation». European Jewish Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Population Statistics for Währing (in German)» (PDF). Statistik Austria. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերինգ» հոդվածին։