Jump to content

Բիդերմայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիդերմայեր ոճի սենյակ Կրժանովի թանգարանում, Լեհաստան

Բիդերմայեր (գերմ.՝ Biedermeier), գեղարվեստական ոճ, ուղղություն գերմանական և ավստրիական արվեստում (ճարտարապետություն և դիզայն), որ տարածված է եղել 1815-1848 թվականներին։

Ոճն իր անունն ստացել է Գոտլիբ Բիդերմայեր կեղծանունից, որ կիրառում էր գերմանացի բանաստեղծ Լյուդվիգ Այխրոդտը` այդ անունով ամսագրերում տպագրելով մակագրեր (էպիգրամ)[1]։ Bieder բառը թարգմանվում է «պարզամիտ, քաղքենիական»։ Ընդհանուր առմամբ կեղծանունը նշանակում է «պարզամիտ պարոն Մայեր»։

Բիդերմայերը ռոմանտիզմի պատասխանն էր, որը փոխարինել էր ամպիր ոճին։ Այդ պատճառով այն երբեմն անվանում են ամպիրի և ռոմանտիզմի խառնուրդ։ Բիդերմայեր ոճում արտացոլվել են բյուրգերական միջավայրի պատկերացումները. ամպիր ոճը վերափոխվել է տնային հարմարավետության։ Բիդերմայերին բնորոշ է ինտերիերի նուրբ, բծախնդիր ձևավորումը` բնության ու կենցաղի տարրերի օգտագործմամբ։ Ամենից առաջ ոճը դրսևորվել է գեղանկարչության մեջ։ Բիդերմայերի ներկայացուցիչներից են գերմանացի նկարիչներ Լյուդվիգ Ռիխտերը, Կարլ Շպիցվեգը, Գ. Կերստինգը, ավստրիացի նկարիչներ Մորից ֆոն Շվինդը և Ֆերդինանդ Վալդմյուլլերը։ Բիդերմայերի շրջանի նկարիչների ամենամեծ հավաքածուն պահվում է Վիեննայի Բելվեդեր դղյակում[2]։

Ոճի գաղափարական ուղղվածության հիմքում ընկած է Գերմանիայի և Ավստրիայի քաղաքական անկայուն իրավիճակը, երբ իշխում էին հետադիմությունն ու լճացումը։ Տագնապային դրությունն ու մելամաղձությունը իրականությունից խուսափելու ցանկություն էին առաջացնում։ Այդ դրությունից դուրս գալու ելքը ընտանիքում ամփոփվելն էր, ռոմանտիկայի փնտրումը կենցաղային մանր հարցերում։ Ռոմանտիկ ձգտումները վերափոխվում են ռեալիզմի։ Ոճը բնարաշ էր ոչնչով աչքի չընկնող միջին դասի պահպանողական

Բիդերմայերի բնորոշ գիծը իդեալականացումն է։ Գեղարվեստում գերակշռում են կենցաղային տեսարանները։ Այն ձգտում է «փոքր մարդու» աշխարհում գտնել իդեալական գրավչության գծեր։ Այս միտումը արմատներով գալիս է գերմանական կենցաղի ազգային առանձնահատկություններից են` առաջին հերթին բյուրգերությունից։

Բիդերմայեր ոճը ներկայացնող ականավոր նկարիչներից Կարլ Շպիցվեգը պատկերում էր փոքր-ինչ տարօրինակ տեղաբնակներին` ինչպես Գերմանիայում էր ընդունված կոչել «ֆիլիստերներին»։ Նրա հերոսները սահմանափակ են. նրանք փոքր մարդիկ են գավառներից, որնք պատշգամբում ծաղիկ են ջրում, փոստատար են, խոհարար կամ գրագիր։ Շպիցվեգի նկարներում զգացվում է հումոր. նա կարծես մեղմ, բարեկամական հումորով է վերաբերվում իր կերպարներին։ Նկարիչն ինքը առաջադեմ մարդ է եղել, մասնակցել է 1848 թվականի հեղափոխական շարժումներին։

Աստիճանաբար «բեդերմայեր» հասկացությունը տարածվում է նորաձևության, կիրառական արվեստի, գրաֆիկայի, ինտերիերի, կահույքի մեջ։ Կիրառական արվեստում մեծ տարածում են գտնում ճենապակու և ապակու գեղազարդումը։ 1900 թվականին այդ բառով բնորոշվում են «հին, բարի ժամանակները»։ 1927 թվականին գերմանական գրականագիտության մեջ ևս կիրառվում է այս եզրույթը բնորոշելու համար 1815-1840 թվականների գերմանական գրականությունը։

Կարլ Շպիցվեգ, «Գրքի որդ», 1850

Բիդերմայերը գավառային ոճ է, չնայած ունեցել է մայրաքաղաքներում (Բեռլին, Վիեննա) ապրող ներկայացուցիչներ։

Բիդերմայեր ոճով ձևավորված ինտերիերին բնորոշ են համաչափությունների պահպանումը, ձևերի պարզությունը, բաց գույները։ Շինությունները լուսավոր և ընդարձակ էին, ինչի շնորհիվ ինտերիերը հասարակ, բայց հարմարավետ էր թվում։ Սենյակների պատերը` խոր պատուհաններով, ներկվում էին սպիտակ կամ բաց գույներով, փակցվում դրոշմանկարով կամ գծավոր պաստառներով։ Վարագույրների և փափուկ կահույքի կտորների պատկերները նույնն էին լինում սովորաբար։ Ինտերիերի այդ տարրերը հաճախ ունենում էին ծաղկանկար տեսք։

Առաջանում է «մաքուր սենյակ» հասկացությունը, որով բնորոշվում էր այն սենյակը, որ սովորական օրերին չէր օգտագործվում։ Այն ծառայում էր միայն հյուրերի ընդունելության համար։ Բնակելի տարածքին լրացուցիչ հարմարավետություն էին հաղորդում տաք գույներով կահույքը, զարդարանքների, հուշանվերների առկայությունը։ Բիդերմայերի ոճական նախընտրություններին համապատասխան ընտրվել է կահավորումը. ոչ մի ժամանակաշրջանում կահույքն այնքան չի ծառայել իր նպատակին, ինչքան այս դարաշրջանում, քանի որ դեկորատիվ պարագաները երկրորդ պլան էին մղվել[3]։

20-րդ դարի երկրորդ կեսին բիդերմայերը բացասական էր ընդունվում։ Այն ըմբռնում էին որպես «ճղճիմ, բուրժուական»։ Նրան վերագրվում էին այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սենտիմենտալությունը, իրերի բանաստեղծականությունը, կամերայնությունը։

Բիդերմայերն ինտերիերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիդերմայեր ոճը բուրժուական բնակարանին հաղորդեց համեստ տեսք` սենտիմենտալության թեթև դրսևորումով։ Ազնվականական սառը ամպիրից հետո բիդերմայերը որդեգրեց լակոնիկ ոճի հիմնական սկզբունքներ` գլխավոր շեշտը դնեով գործնական կիրառության վրա։ Կենցաղային պարագաներին ներկայացվող հիմնական պահանջը հարմարավետությունն էր, բարձր որակը, ամրությունը։

Բիդերմայեր ոճի կահույքում կարելի է տեսնել կահույքի ժամանակակից տեսակներին բնորոշ շատ հատկություններ։ Երբեք կահույքն այդքան ազատ չի եղել ճարտարապետական ձևերից։ Նախապատվությունը տրվում էր ձևերի պարզությանն ու անթերի որակին։ Կահույքի ձևերի պարզությունը փոխհատուցվում էր երեսծածկոցի և վարագույրների վառ գունավորմամբ, զարդանկարային մոտիվների պատկերմամբ։ Կահույքը սենյակներում մեծ քանակությամբ էր լինում. դատարկ տեղեր հնարավորինս քիչ էին լինում։ Կահույքը սովորաբար դրվում էր սենյակի կենտրոնում։ Բիդերմայեր ոճում կլասիցիզմին բնորոշ խստությունն ու սառը վսեմությունը հետզհետե փոխարինվում են ավելի բնական, ուղիղ ձևերով։

Բիդերմայերի դարաշրջանում կահույքի առավել տարածված տեսակներ էին տարատեսակ կոմոդները, պահարանները։ Պարզ ձևերն ու գծերը, առարկաների անզարդ մակերեսները թույլ էին տալիս ընդգծել կահույքի բնական գույների գեղեցկությունն ու փայտի տեքստուրան։ Բիդերմայեր ոճի կահույքում հաճախ հանդիպում են արխիտեկտոնիկայի թույլ արտահայտված տարրեր` սյուներ, քիվեր։

Այդ դարաշրջանում ձևավորված կահույքի շատ օրինակներ ներկայումս էլ այժմեական են ու կիրառելի և լավագոււյնս հանդես են գալիս դասական ինտերիեր ձևավորելիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Эйхродт, Людвиг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. "Biedermeier | Belvedere". Belvedere.at. Retrieved 2013-06-27
  3. "Biedermeier - Elegant, Simple Interior Design". Biedermeier.us. Retrieved 2013-06-27

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ. Վլասով, Կիրառական արվեստի նոր հանրագիտարանային բառարան — СПб., 2004.
  • Ռուսական նոր հանրագիտարան 12 հատորով հ. 3. — М., 2007.
  • Արվեստի համընդհանուր պատմմություն հ. 5. — М.: Искусство, 1964.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիդերմայեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 436