Jump to content

Բելվեդեր (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելվեդեր
իտալ.՝ Belvedere
Նկարագրություն
Տեսակպալատ
ՀասցեPrinz-Eugen-Straße 27[1]
Վարչական միավորԼանդշտրասսե[1] և Վիեննա
Երկիր Ավստրիա[1]
Կազմված է մասերիցLower Belvedere? և Upper Belvedere?
Կառուցված1714
ՃարտարապետՅոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Եվգենի Սավոյացի
Կայքbelvedere.at(գերմ.) և belvedere.at/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Belvedere (Vienna) Վիքիպահեստում

Բելվեդեր (իտալ.՝ Belvedere), բարոկկո ոճով պալատական համալիր Վիեննայում։ Կառուցվել է 18-րդ դարի սկզբին Լուկաս ֆոն Գիլդեբրանդտի կողմից որպես ամառային նստավայր արքայազն Եվգենի Սավոյացու գահակալման ժամանակների մեծագույն գեներալներից մեկի համար։ Արքայազնի մահից հետո Բելվեդերը գնել է Մարիա Թերեզան։ Գտնվում է Լանդշտրասսե փողոցի վրա, քաղաքի երրորդ շրջանում, կենտրոնից դեպի հարավ արևելք։ Վերին և Ներքին Բելվեդերները կտրտված այգու հետ կազմում են բարոկկո ոճի հիանալի համալիր։ Ներկայումս երկու ամրոցներում է գտնվում Ավստրիական պատկերասրահը։ 1941 թվականի մարտի 25-ին Բելվեդերի գլխավոր սրահում ստորագրվել է Վիեննայի արձանագրությունը, ըստ որի Հարավսլավիան միացել է 1940 թվականի Բեռլինյան համաձայնագրին։ 1955 թվականի մայիսի 15-ին Վերին Բելվեդերում տեղի է ունեցել Ավստրիայի անկախության հռչակագրի ստորագրումը։

Ներքին Բելվեդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին Բելվեդեր

1714 թվականին արքայազն Եվգենի Սավոյացին ճարտարապետ Յոհան Լուկաս ֆոն Գիլդեբրանդտին պատվիրել է Ներքին Բելվեդերի շինարարությունը։ Պալատի կառուցումն ավարտվել է երկու տարի հետո՝ 1716 թվականին։ Այստեղ էին գտնվում արքայազնի բնակվելու և հանգստի սենյակները։ Ներքին Բելվեդերում էին ապրում նաև արքայական տան՝ ֆրանսիական հեղափոխությունից փախած անդամները։

Տեսարժան վայրերից է համարվոմ Մարմարե սրահը, որը զարդարվել է Ալտոմոնտե Մարտինոյի ֆրեսկոներով, ցուցադրական ննջասենյակը, գրոտեսկային սրահը և մարմարե պատկերասրահը։ Ներքին Բելվեդերը ներառում է նաև ծաղկաջերմոցը և պալատական ձիանոցը, որոնք ավելի վաղ օգտագործվել են արքայազնի ձիերի համար։ 1903 թվականին Ներքին Բելվեդերի ծաղկաջերմոցում բացվել է Բելվեդեր Ավստրիական պատկերասրահը՝ «Ժամանակակից պատկերասրահ» անվանումով։

1803 թվականին էրցհերցոգ Յոհաննայի առաջարկով Բելվեդերի ամրոցի ծավալուն այգում ստեղծվել է Եվրոպայում առաջին ալպյան այգին։ Այն ստեղծել է բավարացի ճարտարապետ Դոմինիկ Ժիրարը։ Այգին գտնվել է Ներքին Բելվեդերում, դասավորվածությունը խիստ համաչափ է՝ կենտրոնական առանցքի երկայնքով, որը համապատասխանում է Վերին Բելվեդերի կառույցներին։ Ֆրանսիական երկչափ մոդելի սկզբունքին համապատասխան՝ Ժիրարը դասավորել է ծառերը և կենդանի ցանկապատը, քանդակները, շատրվանները և կասկադը։ Ջերմոցների կողքին, որոնք գործում են մինչ օրս, եղել են աղավնատուն և կենդանաբանական այգի։ Այսօր ավելի քան 4000 բույս ներկայացնում են ալպյան էկոհամակարգի բուսական աշխարհը։ Գարնանը և ամռան սկզիբը այգի այցելելու համար ամենալավ ժամանակն է, քանի որ շատ բույսեր սկսում են ծաղկել՝ գազոններում ստեղծելով հրաշալի բնանկարներ։

Վերին Բելվեդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին Բելվեդեր

Վերին Բելվեդերը՝ Գիլդեբրանդտի գլուխգործոցը, որի ստեղծումն ավարտվել է 1722 թվականին, ծառայել է որպես իշխանի ներկայացուցչական նստավայր։ 1776 թվականին Մարիա Թերեզան, իր որդին և Իոսիֆ 2-րդ կայսրը գեղանկարչական կայսերական հավաքածուն տեղափոխել են Վերին Բելվեդեր, իսկ 1781 թվականին այնտեղ բացվել է աշխարհում առաջին հանրային թանգարաններից մեկը։ 1891 թվականին հավաքածուն տեղափոխվել է նորակառույց Գեղարվեստա-պատմական թանգարան։

Այդ պալատի ցուցասրահներից մեկում, որը զարդարված է կարմիր մարմարով, 1955 թվականի մայիսի 15-ին ստորագրվել է պետական համաձայնագիր, որով վերջ է դրվել Ավստրիայի տասնամյա շրջափակմանը։ Այսօր Վերին Բելվեդերի սրահներում տեղակայված են 19-20-րդ դարերի ավստրիական պատկերասրահների հավաքածուները, որտեղ կարելի է տեսնել Շիլեի, Օսկար Կոկոշկայի առավել հայտնի աշխատանքները, ինչպես նաև «բիդերմայեր» ոճի նկարիչների և ժամանակակից վարպետների այլ աշխատանքներ։ Պալատի մասերից մեկում 1896 թվականին մահացել է կոմպոզիտոր Անտոն Բրուքները։

Եվգենի Սավոյացու մահվանից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Prince Joseph of Saxe-Hildburghausen

Երբ 1736 թ. ապրիլի 21-ին Եվգենի Սավոյացին մահացավ Վիեննայի քաղաքային պալատում, նա չթողեց իրավականորեն պարտադիր համարվող կտակ։ Կառլ VI կայսրի կողմից ձևավորված հանձնաժողովը Սավոյացու ժառանգ ճանաչեց նրա եղբոր աղջկան` Մարիա Աննա Վիկտորիա Սավոյացուն։ Նա իր կրտսեր եղբոր՝ Թոմասի աղջիկն էր և Սավոյ-Սուասոնների տան միակ կենդանի անդամը։ 1736 թ. հուլիսի 6-ին արքայադուստր Վիկտորիան տեղափոխվեց Բելվեդեր, որն այդ ժամանակ հայտնի էր որպես Այգու պալատ, սակայն հստակեցրեց, որ հետաքրքրված չէր իր ժառանգությունով և նպատակ ուներ հնարավորիցս շուտ աճուրդի հանել պալատական համալիրը։ 1738 թ. ապրիլի 15-ին նա ամուսնացավ արքայազն Յոզեֆ Ֆրիդրիխ Սակսեն Հիլդբուրգհաուզենի (1702–1787 թթ.) հետ, ով մի քանի տարով փոքր էր իրենից, Ստորին Ավստրիայի Մարշֆելդ տարածաշրջանի Շլոսհոֆի արքայական ընտանիքի ներկայությամբ։ Արքայադուստր Վիկտորիայի ընտրությունն անհաջող էր, և նրանք 1744 թ. ամուսնալուծվեցին։ Կառն VI-ի դուստրը՝ Մարիա Թերեզան, կարողացավ ձեռբերել կալվածքը միայն 8 տարի անց, երբ Արքայադուստր Վիկտորիան վերջնականապես որոշեց հեռանալ Վիեննայից և վերադառնալ Թուրին։

Կայսերական զույգը երբեք չի տեղափոխվել Այգու պալատ, որն առաջին անգամ Բելվեդեր անվամբ նկարագրվել է 1752 թ. նոյեմբերի վաճառքի պայմանագրում։ Համալիրը ինչ որ չափով ստվերվում էր այլ կայսերական պալատների պատճառով, և սկզբում կառույցները մնացել էին չօգտագործված։ Ավելի ուշ Մարիա Թերեզան Ստորին Բելվեդերում ստեղծեց Հաբսբուրգների դինաստիայի նախնիների պատկերասրահ, նման ավանդույթ կար կայսերական ընտանիքին պատկանող բոլոր այլ պալատներում։ Պալատը միայն մեկ անգամ է աշխուժացել, երբ 1770 թ. ապրիլի 17-ին այստեղ կազմակերպվեց դիմակահանդես-պարահանդես՝ նշելու կայսերական արքայադուստր Մարիա Անտոնիայի ամուսնությունը Ֆրանսիայի գահաժառանգի հետ, ով հետագայում պետք է դառնար թագավոր Լուի XVI: Թագավորական արքունիքի կառավարիչ արքայազն Յեզեֆ Խեվենհյուլեր-Մետչին ու արքունական ճարտարապետ Նիկոլաուս Պակասսիին հանձնարարվել էր մեծ պատրաստություններ տեսնել պարահանդեսին ընդառաջ, որին հրավիրված էին մասնակցելու 16.000 հյուր։

Բելվեդերի ամրոցը, փորագրություն, մոտ 1753 թ.

1776 թ. Մարիա Թերեզան և իր որդին՝ կայսր Յոզեֆ II-ը որոշեցին տեղափոխել Կայսերական պատկերասրահը կայսերական ախոռներից (Հոֆբուրգի կայսերական պալատի մի մասն է կազմում) Ստորին Բելվեդեր։ Ներշնչված աբսոլյուտիզմի գաղափարով՝ այս քայլի նպատակն էր կայսերական հավաքածուն հասանելի դարձնել հասարակությանը։ Պատկերասրահը բացվեց 5 տարի անց և դարձավ աշխարհի առաջին հանրային թանգարաններից մեկը։ Ստորին Բելվեդերի կայսերական հավաքածուն մինչև 1891 թ. ղեկավարել են մի շարք հայտնի գեղանկարիչներ, երբ այն տեղափոխվեց նորակառույց Արվեստի պատմության թանգարանի շենքը Վիեննայի Ռինգշտրասե փողոցում։

18-րդ դարի վերջին Վերին Բելվեդերը դարձել էր պատկերասրահ, իսկ Ստորին Բելվեդերը ծառայում էր հիմնականում արքայական ընտանիքի անդամներին, ովքեր փախուստի էին դիմում Ֆրանսիական հեղափոխությունից։ Նրանցից ամենահայտնի անձինք են եղել արքայադուստր Մարի Թերեզա Շառլոտը՝ Մարի Անտուանետի և Լուի XVI-ի միակ կենդանի դուստրը, և էրցհերցոգ Ֆերդինանդը։ Մարի Թերեզա Շառլոտը բնակվել է պալատում մինչև 1799 թ. Լուի Անտուանի հետ իր ամուսնությունը։ Էրցհերցոգ Ֆերդինանդը, ով եղել է Միլանի դքսության նախնիկ կառավարիչը մինչև 1796 թ., բնակվել է այդտեղ 1797 թ. Կամպո-Ֆորմիոյի պայմանագրի կնքումից հետո։

Ստորին Բելվեդեր

Երբ Հաբսբուրգների միապետությունը ստիպված եղավ Պրեսբուրգի հաշտության պայմանագրով (1805 թ.) զիջել Տիրոլ նահանգը Բավարիային, Ինսբրուքի մոտ գտնվող Ամբրաս ամրոցի կայսերական հավաքածուն նոր վայր տեղափոխելու անհրաժեշտություն առաջացավ։ Սկզբում այն տեղափոխվեց Սերբիայի Պետրովարադին քաղաք (ներկայիս Վոյվոդինա ինքնավար նահանգի Նովի Սադ քաղաք), որպեսզի այն չթալանվեր ֆրանսիական զորքերի կողմից։ 1811 թ. Ֆրանց II-ն արձակեց հրամանագիր, համաձայն որի այն պետք է տեղակայվեր Ստորին Բելվեդերում, որը, ի դեպ, շատ փոքր էր հավաքածուի համար։ Բելվեդերի այս հատվածը ծառայեց նաև որպես թանգարան և Վիեննայի վեհաժողովի ժամանակ (1814–1815 թթ.) արդեն սկսել էր ներգրավել զգալի թվով այցելուներ։

Կայսերական արքունի գրադարանի պատասխանատուի և Դիետրիչշտայն-Պրոսկաու-Լեսլիի կոմսի՝ Մորիցի, տնօրինության ներքո 1833 թ. ի վեր Եգիպտական հնություններն ու Հնությունների սենյակն ավելացվեցին Ստորին Բելվեդերի Ամբրաս հավաքածուին։ 1844 թ. հռոմեական քարե ցուցանակները, որոնք մինչև այդ ժամանակը պահվում էին Թեսևսի տաճարի ստորգետնյա դամբարաններում, փոխադրվեցին Փրայվի այգու բաց տարածք։ Կառլ Գյոբել կրտսերի ջրաներկերը, ինչպես նաև Յոզեֆ Բերգմանի՝ 1846 թ. թվագրվող հավաքածուի նկարագրական ուղեցույցը վկայում են Ստորին Բելվեդերի թանգարան դառնալու մասին։ Իրավիճակը գրեթե մնաց նույնը մինչև հավաքածուի փոխադրումը Արվեստի պատմության թանգարանի նորակառույց շենք 1888-1889 թթ., որը գնվում է Ռինգշտրասե փողոցում։

Բելվեդերն ու Ֆրանց Ֆերդինանդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական հավաքածուների տեղափոխությունից հետո Բելվեդերի երկու պալատներն էլ որոշ ժամանակ դադարեցին հանրային թանգարան լինել։ 1896 թ. կայսր Ֆրանց Յեզեֆ I-ը որոշեց, որ Վերին Բերվեդերը պետք է ծառայի որպես գահաժառանգի՝ իր եղբորորդի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի նստավայրը։ Վերջինս ճարտարապետ Էմիլ ֆոն Ֆյորսթերի հսկողությամբ հավանաբար վերափոխել էր պալատը, և այդ ժամանակվանից Վերին Բելվեդերը ծառայել է որպես Ֆրանց Ֆերդինանդի նստավայրը։ Իսկ Ժամանակակից պատկերասրահը բացվեց երկու տարի անց՝ 1903 թ. մայիսի 2-ին Ստորին Բելվեդերում և դարձավ Ավստրիայի առաջին պետական հավաքածուն, որը բացառապես նվիրված էր ժամանակակից արվեստին ու ստեղծվեց Ավստրիայի նկարիչների միության դրդմամբ, որը հայտնի էր Վիեննական սեցեսսիոնիզմ անվամբ։ Դրա նպատակն էր հակադրել ավստրիական արվեստը միջազգային մոդեռնիզմի հետ։ Սկզբում Ժամանակակից պատկերասրահ բերվեցին Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի և Ջիովաննի Սեգանտինիի հիմնական աշխատանքները։ Այնուհետև 1911 թ. թանգարանը վերանվանվեց k.u.k. Staatsgalerie (Կայսերական և արքայական պատկերասրահ) այն բանից հետո, երբ որոշվեց ընդլայնել թանգարանի ժամանակակից արվեստի շեշտադրումը և ընդգրկել նաև ավելի վաղ ժամանակաշրջանների աշխատանքներ։ Թագաժառանգի՝ Ֆրանց Ֆերդինանդի և իր կնոջ սպանությունը, Առաջին աշխարհամարտի սկիզբը և 1918 թ. դրան հետևած Հաբսբուրգների միապետության փլուզումը դարձավ նոր ժամանակաշրջանի սկիզբ Բելվեդերի համար։

Բելվեդերն առաջին և երկրորդ հանրապետությունների ժամանակաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին Բելվեդերի Մարմարե սրահի առաստաղի նկարները՝ արված Կառլո Կառլոնեի կողմից

1918 թ. նոյեմբերին պատերազմի ավարտից քիչ անց արվեստի պատմաբան Ֆրանց Հաբերդիտցլը դիմում ներկայացրեց Կրթության նախարարություն՝ խնդրելով իրեն տրամադրել Պետական պատկերասրահում մնացած տեղերը։ Հաջորդ տարի այդ դիմումին տրվեց դրական պատասխան։ Բելվեդերի պարատական համալիրի ազգայնացումը սահմանվում էր նաև նախագծային փաստաթղթով՝ 1920-1921 թթ. Հանս Տիետցեի կողմից ստեղծված նախկին կայսերական հավաքածուները վերակազմավորելու նպատակով։ Բացի այսօր գոյություն ունեցող թանգարաններից, այն ներառում էր նաև Ավստրիական պատկերասրահ և Ժամանակակից պատկերասրահ ստեղծելու ծրագրեր։ 1921-1923 թթ. վերակազմավորման ժամանակ Ստորին Բելվեդերի Բարոկկո թանգարանը ավելացվել է գոյություն ունեցող թանգարանային համալիրին։ Ժամանակակից պատկերասրահը բացվել է 1929 թ.:

Պալատները զգալի վնաս են կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Վերին Բելվեդերի Մարմարե սրահի և Ստորին Բելվեդերի Գրոտեսկային սրահի հատվածները վնասվել էին ռմբակոծությունից։ Ավստրիական պատկերասրահը վերաբացվեց 1953 թ. փետրվարի 4-ին վերին պալատում՝ վերակառուցման աշխատանքներից հետո։ Ստորին պալատում բացվեց Բարոկկո թանգարանը, իսկ Նարնջանոցում 1953 թ. դեկտեմբերի 5-ին բացվեց Միջնադարյան ավստրիական արվեստի թանգարանը։

Վերին Բելվեդերի մուտքը, 2015 թ.

Ստորին Բելվեդերն ու Նարնջանոցը հարմարեցվել են հատուկ ցուցահանդեսների կազմակերպման համար։ Մրցույթը հաղթելուց հետո ճարտարապետ Սյուզան Ցոտլը դարձրեց Նարնջանոցը ժամանակակից ցուցասրահ՝ միևնույն ժամանակ պահպանելով շենքի սկզբնական բարոկկո ոճի ճարտարապետությունը։ Այն բացվեց 2007 թ. մարտին «Այգու հաճույքները։ Այգին արվեստի մեջ» խորագրով ցուցահանդեսով։ Մի քանի ամիս անց Ստորին Բելվեդերը վերաբացվեց Վիեննա-Փարիզ շոուի մեկնարկով։ Շենքի նախագծումն իրականացվել է բեռլինաբնակ ճարտարապետ Վիլֆրիեդ Քուեհնի կողմից, ով տեղափոխեց մուտքը դեպի հետնամաս՝ ազատելով Ստորին Բելվեդերի հիմնական դարպասից Մարմարե սրահով դեպի Վերին Բելվեդերի այգու ճակատը տանող հատվածը։ Սկզբնական նարնջանոցների մի քանի հատվածներ, որոնք կցված էին Մարմարե սրահին, վերադարձվել են իրենց սկզբնական տեսքին և այժմ օգտագործվում են որպես նոր ցուցահանդեսային տարածքներ։ Բարոկկո ոճով կառուցված շքասրահները՝ Մարմարե պատկերասրահը, Ոսկյա սենյակը և Գրոտեսկային սրահը մնացել են անփոփոխ և բաց են հանրության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելվեդեր (Վիեննա)» հոդվածին։