Jump to content

Հոֆբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոֆբուրգ պալատ
Hofburg
Հոֆբուրգի Նոր պալատ(Neue Burg) սեկցիան, Եվգենի Սավոյացու արձանը
Երկիր`Ավստրիա Վիեննա
Ճարտարապետական ոճ`վերածննդի ճարտարապետություն
Ճարտարապետ`Filiberto Lucchese?
Կառուցման
ժամանակաշրջան`
XIII դարից
Քարտեզ
Քարտեզ
Հոֆբուրգ պալատի գլխավոր նախագիծը
1 Շվեյցարական թև, 2a Ավգուստինոսի[1] եկեղեցի, 2b Ավգուստինոսի մենաստան, 3 Սթալլբուրգ, 4 Ամալիենբուրգ, 5 Լեոպոլդյան թև, 6 Ռեդոության թև, 7 Ձիավարության ձմեռային դպրոց, 8 Ազգային գրադարան, 9 Ավգուստինոսյան թև, 10 Ալբրեխտ Ավստրիացու պալատ, 11 Կայսերական դիվանատան թև, 12 Տոնակատարությունների դահլիճի թև, 13 Սուրբ Միքայելի թև, 14 Նյու Բուրգի թև, 15 Դե Լոգիս կորպուս, 16 Արմավենիների աճեցման ջերմոց կամ թիթեռնիկների տուն, A Ներքին պալատի հրապարակ, B Բալհաուսպլատց, C Սուրբ Միքայելի հրապարակ, D Շվեյցարական հրապարակ, E Ժոսեֆի հրապարակ, F Ալբերտինայի հրապարակ, G Բուրգարթեն - պալատի այգին, H Հելդենպլատց
Շինարարության պատմական փուլերը գույներով:
XIII-ից XVII դարեր
XVIII դար
XIX-ից XX դարեր

Հոֆբուրգ (գերմ.՝ Hofburg), Ավստրիական կայսրության Հաբսբուրգների արքայատոհմի կայսրերի ձմեռային նստավայրը։ Գտնվում է Վիեննայում, Ավստրիա։ Ըստ պահպանված փաստաթղթերի 1279 թվականից Հոֆբուրգը համարվում է ավստրիական կայսրերի նստավայր[2]։ Երբեմնի կայսերական նստավայրը բաղկացած է մի քանի շինություններից. եկեղեցի, մենաստան, գանձարան, ձիարշավարան, հեծելավարժության իսպանական դպրոցի մարզադաշտ, թանգարաններ ու արքայական պալատներ, գանձատուն, որտեղ պահվում է արծաթի կայսերական հավաքածուն, կայսերական թագերը։

Հոֆբուրգում է գտնվում Վիեննայի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը՝ թիթեռնիկների տունը։ Արտաքինից այն ջերմոց է հիշեցնում, իսկ ներսում տրոպիկական բույսերի, ծառերի ու ծաղիկների մեջ սավառնում են ամենատարբեր տեսակների, չափերի ու գույների թիթեռնիկներ։ Այստեղ է գտնվում նաև Սիսիի՝ Ելիզավետա Բավարացի կայսրուհու թանգարանը։

Այստեղ է գործում տղաների աշխարհահռչակ կապելլան՝ երգչախումբը։

Հոֆբուրգ պալատում է տեղակայված Ավստրիայի ազգային գրադարանը[3]։

Որպես միջնադարյան դղյակ կառուցված է եղել նույն տեղում` մինչ Հաբսբուրգների իշխանությունը։ Վիեննայի կենտրոնում գտնվող այս պալատական համալիրում մինչև 1918 թվականը ընդունվել են քաղաքական կարևոր որոշումներ, որոնք կարևորագույն դեր են ունեցել ոչ միայն Ավստրո-Հունգարական հարաբերություններում, այլև ողջ Եվրոպայում։

Ընդհանուր առմամբ ունի 2600 դահլիճ և սենյակներ։

1279 թվականից ի վեր Հոֆբուրգի տարածքը եղել է կառավարության փաստացի նստավայրը։

Որպես խոշոր պալատական համալիր, ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների։ Հոֆբուրգի ընդարձակմանը մասնակցել են բազմաթիվ ճարտարապետներ, ներառյալ՝ իտալացի ճարտարապետ-շինարար Ֆիլիբերտո Լուկասին, Լուդովիկո Բուրնաչինին և Մարտինո և Դոմենիկո Կորլոնեն, բարոկկո շրջանի ճարտարապետներ Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտն ու Յոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախը, Յոհան Բերնարդ Ֆիշեր ֆոն Էրլախն ու 1881-1913 թթ կառուցված Նոյեբուրգի ճարտարապետները։

Ամրոցի տեսքը մինչև 16-րդ դարը, վերականգնման գծագիր
Շվեյցարական դարպասը (Schweizertor)

Հոֆբուրգ անվանումը թարգմանաբար նշանակում է «արքունի ամրոց», որն այն ստացել է միջնադարում, երբ ծառայել է որպես այդպիսին։ 13-րդ դարում սկզբնապես նախագծված լինելով որպես Ավստրիայի դուքսերի նստավայր՝ պալատն ընդարձակվել է դարերի ընթացքում դրանց հզորանալուն պես։ 1438-1583 և 1612-1806 թվականներին Հոֆբուրգը եղել է Հաբսբուրգների դինաստիայի՝ Սրբազան Հռոմեական կայսրության թագավորների և կայսրերի նստավայրը, իսկ դրանից հետո՝ մինչև 1918 թվականից Ավստրիայի կայսրի նստավայրը։ Այդ ժամանակվանից ի վեր պալատը շարունակել է ծառայել որպես երկրի ղեկավարի նստավայր և այսօր էլ այն հանդիսանում է ավստրիական դաշնային նախագահի նստավայրը։

Հոֆբուրգում է տեղակայված նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ)։

Ողջ համալիրը կառավարվում է Հոֆբուրգի պալատի ադմինիստրացիայի (Burghauptmann) կողմից, որը ենթարկվում է դեռևս միջնադարում ստեղծված Burghauptmannschaft կոչվող գրասենյակին։ Ներկայումս այդ գրասենյակը գտնվում է Էկոնոմիկայի դաշնային նախարարության իրավասության ներքո։

1958 թվականի սեպտեմբերին Հոֆբուրգի մի քանի հատվածներ բացվեցին որպես համագումարի կենտրոն։ Առաջին տասը տարին կենտրոնը կառավարվեց Burghauptmannschaft ընկերության կողմից, իսկ 1969 թվականից ի վեր միջազգային համագումարն ու միջոցառումների կենտրոնը կառավարվում է մասնավոր ընկերության կողմից (Wiener Kongresszentrum Hofburg Betriebsgesellschaft): Ամեն տարի համագումարի կենտրոնում անց է կացվում մոտ 300-350 միջոցառում, որին մասնակցում են 300.000-320.000 հյուրեր։ Համագումարներից և հանդիպումներից բացի այստեղ անց են կացվում նաև բանկետներ, առևտրի տոնավաճառներ, համերգներ և պարահանդեսներ։

Շվեյցարական թև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի ամենահին հատվածը թվագրվում է 13-րդ դարով և կառուցվել է հիմնականում Բաբենբերգների վերջին թագավոր Օտտոկար II-ի կողմից։ Մինչև այդ ավստրիացի կառավարիչների ամրոցը գտնվել է Ամ հոֆ կոչվող հրապարակում, որը մոտիկ է Շոտենստիֆին (շոտլանդական վանք)։

Ամրոցն ի սկզբանե ունեցել է քառակուսի հատակագիծ, չորս աշտարակ, շրջապատված է եղել ջրով լցված խրամներով, իսկ մուտքի մոտ եղել է բացվող կամուրջ։ Ամրոցի այդ ամենահին հատվածներն այսօր կազմում են շվեյցարական արքունիքի (Schweizerhof) մասը, որտեղ այժմ գտնվում են 15-րդ դարի գոթական մատուռն ու գանձարանը (Schatzkammer): Վերջինս կցված է Արվեստի պատմության թանգարանին, որտեղ, բացի այլ ցուցանմուշներից, պահվում է Սրբազան Հռոմեական կայսրության և ավստրիական կայսրության կայսերական պատվանշանը։ Արքունական նվագախումբը տեղակայված է արքունական մատուռում, և այստեղ շաբաթ օրերին ավանդաբար ելույթ է ունենում Վիեննայի տղաների նվագախումբը։

Շվեյցարական արքունիքն ի հայտ է եկել Վերածննդի դարաշրջանից՝ Ֆերդինանդ I-ի կառավարման ժամանակ։ Շվեյցարական դարպասի մուտքի վրա նշված են նրա տիտղոսները, իսկ առաստաղին՝ Ոսկե Գեղմի շքանշանի սիմվոլը։

Շվեյցարական թևի հարակից բաժնում գտնվում են ֆելդմարշալ Ռադեցկու բնակարանները։ Որպես երախտագիտություն 1848 թվականի հեղափոխության ժամանակ իտալական արշավանքներին մատուցած ծառայությունների համար կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը թույլատրել է ֆելդմարշալ Ռադեցկուն բնակվել այդ բնակարաններում՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս կայսերական ընտանիքի անդամ չէր։

Ասպետների սրահում (Rittersaal) 1717 թվականի մայիսի 15-ին Հռոմի պապ Կղեմես XI-ին ներկայացնող պապական նունցիայի կողմից մկրտվել է կայսրուհի Մարիա Թերեզան։ Նա մկրտել է կայսրուհուն Հորդանան գետից վերցված մի քանի կաթիլ ջրով։

Ասպետների սրահին կից գտնվում է պահակասենյակը, որտեղ պահակներն հերթապահություն են իրականացրել և հսկել կայսեր անվտանգությունը։ Այդ թևի ներքևի բաժնում ժամանակին եղել է կայսերական խոհանոցը։

Չնայած կայսերական ախոռները ֆիզիկապես կապակցված չեն համալիրին՝ դրանք ի սկզբանե կառուցվել են որպես այն ժամանակվա գահաժառանգ արքայորդու՝ Մաքսիմիլիան II-ի բնակատեղի։ Ֆերդինանդ I-ը չէր ցանկանում բնակվել իր որդու հետ մեկ հարկի տակ, քանի որ Մաքսիմիլիանը հարում էր բողոքականությանը։ Հետագայում այդ շենքում տեղակայվեց կայրսր Ֆերդինանտ III-ի եղբոր՝ էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի արվեստի հավաքածուն, որը հետագայում՝ 1889 թվականին դառնալու էր Վիեննայի Արվեստի պատմության թանգարանի հիմնական հավաքածուն։ Բարոկոյի դարաշրջանում բնակավայրը վերածվեց կայսերական ախոռների, որտեղ առաջին հարկում պահվում են կայսերական ձիերն ու օգտագործվում ձիավարության իսպանական դպրոցի կողմից։

Ամալիենբուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական դարպասի երկայնքով գտնվում է Ամալիենբուրգը, որն անվանվել է Ֆրանց Յոզեֆ I-ի այրու՝ կայսրուհի Վիլհելմինա Ամալիայի պատվին։ Սակայն այս թևն օգտագործվել է դեռևս մեկ դար առաջ և կառուցվել ուշ Վերածննդի ոճով որպես կայսր Ռուդոլֆ II-ի բնակավայր։ Հետաքրքրական են գմբեթով փոքր աշտարակն ու շենքի ճակատին գտնվող աստղագիտական ժամացույցը։

Լեոպոլդի թևը

Լեոպոլդի թևը միմյանց է կապում Ամալիենբուրգն ու շվեյցարական արքունիքը։ Այն առաջին անգամ կառուցվել է 1660-ականներին կայսր Լեոպոլդ I-ի ժամանակ և անվանվել նրա անունով։ Ճարտարապետը Ֆիլիբերտո Լուկասին է, սակայն 1683 թ. թուրքերի կողմից Վիեննայի պաշարումից հետո թևը վերակառուցվել է Ջիովանի Պիետրո Տենկալայի կողմից, ավելացվել է հավելյալ հարկ։ Իր ճարտարապետության միջոցով շենքը շարունակում է պահպանել կապը ուշ վերածննդի հետ։ Այս թևում է գտնվում Ավստրիայի դաշնային նախագահի նստավայրը։

Առանձին խորհրդակցական սենյակը նույնպես Ամալիենբուրգի կազմում է։ Այստեղ կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը հանդես է եկել բացման խոսքով ավստրոհունգարական պատվիրակության նստաշրջանների ժամանակ, իսկ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը՝ կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի եղբորորդին և ապագա թագաժառանգը հրաժարվել է գահից 1900 թվականի հունիսի 28-ին։

Թևի, ինչպես նաև Ամալիենբուրգի ներքևի հատվածում գտնվել են Հոֆբուրգի մեծ մառանները։

Կանցլերի կայսերական գրասենյակի թև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանցլերի կայսերական գրասենյակի թևը (Reichskanzleitrakt)

Թևը նախագծվել է Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտի կողմից։ Բացի արքունական խորհրդից այստեղ են գտնվել կայսերական փոխկանցլերի գրասենյակները, ով եղել է Սրբազան Հռոմեական կայսրության փաստացի վարչապետը։ Կայսրության անկումից հետո այս թևում են գտնվել Նապոլեոն II-ի և հետագայում կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի բնակարանները։

Կանցլերի գրասենյակը, շվեյցարական արքունիքը, Ամալիենբուրգն ու Լեոպոլդի թևը կազմում են ամրոցի ներքին արքունիքը։ Մեջտեղում գտնվում է Ֆրանց Յոզեֆ I-ի բրոնզե արձանը, որտեղ նա պատկերված է որպես հռոմեական կայսր։ Արձանի հեղինակը Պոմպեո Մարկեսին է։

Արքունական գրադարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքունական գրադարանի շենքը

Արքունական գրադարանը համալիրի առանձին կառույց է և գտնվում է դրա մյուս կողմում։ Կառլ VI-ի կարգադրությամբ կառուցվել են գրադարանի հիմնական շենքն ու պետական սրահը։ Այսօր այն գտնվում է Ավստրիայի ազգային գրադարանի հովանու ներքո։ Կառուցումը սկսվել է Յոհան Բեռնարդ Ֆիշեր ֆոն Էրլախի կողմից և ավարտվել 1735 թ. իր որդու` Յոզեֆ Էմանուելի կողմից։ Ազգային սրահը ներառում է արքայազն Եվգենի Սավոյացու գրքերի հավաքածուն։ Գրադարանի առաստաղը զարդանում են մեծածաված որմնանկարները, որի հեղինակը Դանիել Գրանն է, ինչպես նաև Փոլ Շտրուդելի՝ կայսրերի արձանները։ Ձեղնահարկի ոճի պատկերներով արտաքին զարդարանքներն իրականացվել են 1726 թ. Լորենցո Մատիելիի կողմից։ Նրա կողմից հիմնական մուտքի վերևում կանգնեցվել է նաև քառաձի մարտակառք քշող Աթենասի արձանը։ Տանիքի ձախ հատվածում Մատիելին տեղադրել է երկրի աստղային գլոբուս բռնած Ատլասի արձանը, իսկ մյուս կողմում՝ Գեաին՝ երկրի գլոբուսով։

Հյուսիսային կողմից գրադարանը նայում է Յոզեֆի հրապարակին։

Կառույցներն ու կցաշենքերն ավելացվել են հաջորդաբար։ 1763-1769 թթ Նիկոլո Պակասին միակցեց կայսերական գրադարանի շենքը Հոֆբուրգի այլ հատվածների հետ, իսկ գրադարանի մյուս կողմը՝ ավգուստինյան եկեղեցուն՝ այդպիսով ստեղծելով Յոզեֆի հրապարակը։

Յոզեֆի հրապարակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայսր Յոզեֆ II-ի արձանը, ձախ կողմում՝ արքունական գրադարանը, աջում՝ Ռեդաութ թևը

Յոզեֆի հրապարակում հատկանշական է ձի հեծնած կայսր Յոզեֆ II-ի բրոնզե արձանը։

Ավգուստինյան թև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունական գրադարանին կից՝ Յոզեֆ հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է բարոկո ոճով կառուցված ավգուստինյան թևը՝ ավգուստինյան եկեղեցու և վանքի հետ միասին։ Ընդարձակվելով՝ եկեղեցին ու վանքը դարձել են շենքի անբաժան մասը։

Ավգուստինյան եկեղեցին օգտագործվել է Հաբսբուրգների կողմից որպես արքունական եկեղեցի, որտեղ անց էին կացվում նաև հարսանիքներ։ Այդտեղ են ամուսնացել Ավստրիայի Ֆրանց Յոզեֆ I կայսրն ու կայսրուհի Ելիզավետան՝ Սիսին։

Լորետո մատուռի հետևում գտնվում է Հերցգրուֆտի (Սրտերի դամբարան) շենքը, որը կիսաօվալաձև կիսակառույց է՝ բաժանված երկաթե դռնով։ Դամբարանում արծաթե սափորների մեջ պահվում են Հաբսբուրգների դինաստիայի 54 անդամների սրտերը[4]։

Էրցհերցոգ Ալբրեխտի պալատը (նախկինում՝ Տարուկա դե Սիլվայի պալատ), որտեղ տեղակայված է Ալբերտինա պատկերասրահը, նույնպես համարվում է Հոֆբուրգի մասը, քանի որ այն կառուցվածքայնորեն կապակցված է ավգուստինյան վանքին։ Վաղ 19-րդ դարում կայսերական ընտանիքի անդամներն ունեցել են իրենց նստավայրերն այստեղ, ինչպես, օրինակ, էրցհերցոգ Ալբրեխտը և հետագայում իր եղբորորդի էրցհերցոգ Ֆրիդրիխը։ 1820 թ․ վերանորոգումից հետո պալատի այդ հատվածը կապակցվեց Հոֆբուրգին։

Ռեդաութ թևը
Մարտին վան Մեյթենսի «Հարսանյաց ընթրիք Ռեդաութ սրահում» կտավում պատկերված է արքայադուստր Իզաբելա Պարմացու և Յոզեֆ II-ի հարսանիքը

Կայսրուհի Մարիա Թերեզան վերածեց 17-րդ դարի օպերային տունը պարասրահների և համերգասրահների, որոնք այսօր հայտնի են Ռեդաութենսալ անվամբ։ Այն բաղկացած է փոքր և մեծ սրահից, որոնք միասին ավելի փոքր նախասրահների հետ կազմում են Ռեդաութ թևը։

Շենքի սկզբնական նախագիծն արվել է Ջան Նիկոլաս Յադո դե Վիլ-Իսեյի կողմից, իսկ արտաքին ճակատների հեղինակները Նիկոլո Պակասին ու Ֆրանց Անտոն Հիլեբրանդտն են։ Շուտով Ռեդաութսալը ձևավորվեց բարոկո ոճով։ Սրահի անվանումը ծագում է ֆրանսերեն redoute բառից, որ նշանակում է դիմակներով պարահանդես, և նման պարահանդեսներ ևս անցկացվել են այդտեղ։ Հանդիսատեսին ընդունում էին Յոզեֆ Հայդնի, Նիկոլո Պագանինիի և Ֆերենց Լիստի երաժշտության ներքո։ Բեթհովենի 8-րդ սիմֆոնիայի պրեմիերան տեղի է ունեցել այստեղ 1814 թ․։ «Կոնգրեսը պարում է» հայտնի դարձվածքը ծագում է Ռեդաութսալում տեղի ունեցած պարահանդեսներից, որոնք անց էին կացվում Վիեննայի կոնգրեսի շրջանակում 1814-1815 թթ։ Յոհան Շտրաուսը եղել է այդ պարահանդեսների արքունիքի նվագավարը։ Դարերի ընթացքում այդ պարահանդեսները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների։

1992 թ․ նոյեմբերի 27-ին Ռեդաութսալն ու ողջ թևը լրջորեն վնասվեցին հրդեհից։ Վերակառուցումն ու վերականգնումը տևեց հինգ տարի։ Փոքր սրահը նույնությամբ վերականգնվեց, իսկ մեծ սրահի ներքին հանդարանքի վերականգնման համար հայտարարվեց դիզայներական մրցույթ, որում հաղթող ճանաչվեց Յոզեֆ Միքլը։ Նա ստեղծեց մի շարք յուղանկարներ Ֆերդինանդ Ռայմունդի, Յոհան Նեպոմուկ Նեստրոյի և Էլիաս Կանետիի գրական մեջբերումների հիման վրա։ 404 մ2 առաստաղին կատարած նրա նկարները զուգորդվում են Կառլ Կրաուսի «Երիտասարդություն» բանաստեղծության՝ ձեռքով նկարազարդված տողերով, որոնք տեսանելի չեն նայողին[5]։

Ռեդաութենսալը վերաբացվել է 1998 թ. Ավստրիայի՝ Եվրոպական միության խորհրդի առաջին նախագահության շրջանակում և այդ ժամանակվանից դարձել Հոֆբուրգի Կոնգրես կենտրոնի մասը։

Այդ թևի տանիքի վերականգնումը հնարավորություն տվեց վերածել սկզբնական ձեղնահարկի տարածքը տանիքային ճեմասրահի։ Ճարտարապետ Մանֆրեդ Վեհդորնը նախագծել է գնդաձև կառուցվածքով ու շրջակա տեսարանն ապահովող լուսամուտներով ժամանակակից ինտերիեր՝ որպես համաժողովների վայր։ Բացի տանիքից նա ձևափոխել է նաև տոնակատարությունների սրահի և Շվեյցարական արքունիքի հարավարևմտյան թևի միջև ընկած տարածքը։

2017 թ. թևը վերանորոգվել է, և այսօր այստեղ է գտնվում Ավստրիայի ազգային խորհուրդն ու Դաշնային խորհուրդը։

Սուրբ Միշելի թև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպի հրապարակ նայող Սուրբ Միշելի թևը

Սուրբ Միշելի թևը նույնպես նախագծվել է Յոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախի կողմից և կապում է ձիավարության ձմեռային դպրոցը կանցլերի կայսերական գրասենյակի թևի հետ։ Սակայն քանի որ Բուրգ թատրոնի շենքը կառուցված էր այդ նույն տեղում, այդ ծրագրերը մնացին չիրականացված մինչև որ Ֆերդինանտ Կիրսխները 1889-1893 թթ կառուցեց Սուրբ Միշելի թևը՝ օգտագործելով փոքր-ինչ տարբերվող հատակագիծ։

Սուրբ Միշելի հրապարակի կառուցման ավարտից հետո երկու քանդակված շատրվաններ (Ռուդոլֆ Վեյրի «Ուժը ծովում» և Էդմունդ Հելմերի «Ուժը ցամաքին») տեղադրվեցին թևի ճակատային հատվածում։

Թևն անվանումը ստացել է Սուրբ Միշելի եկեղեցուց, որ գտնվում է հրապարակի մյուս կողմում։

Մոնթոյերի թև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայի Հոֆբուրգի նվագախմբի համերգը Տոնախմբությունների սրահում

Արարողությունների սրահի դիմաց գտնվող Մարմարե սրահի պատերը թվագրվում են 16-րդ դարով և տեսականորեն գտնվում են Լեոպոլդի թևի կազմում, սակայն 1840 թ. փոխվել է ինտերիերի նմանակված մարմարը, որպեսզի այն ներդաշնակ լինի ավելի ուշ կառուցված արարողությունների սրահի հետ։ Կայսերական ժամանակաշրջանում այն գործածվել է որպես ճաշասենյակ և երեխաների արքունական պարահանդեսների համար։

Արարողությունների սրահը կառուցվել է 19-րդ դարի սկզբին կայսր Ֆրանց II/I-ի համար բելգիացի ճարտարապետ Լուի Մոնտոյեի կողմից։ Ավելի քան 100 տարի է, ինչ շենքը ձևավորել է հստակորեն տեսանելի ելուստ Լեոպոլդի թևի աջ հատվածում, ուստի շենքը ստացել է «քիթ» անվանումը։

Արարողությունների սրահի առաստաղի զարդափոսերն ու 26 բյուրեղապակյա ջահերը, որոնք ժամանակին լուսավորել են սրահը 1300 հատ մոմի միջոցով, շքեղություն են հաղորդում սրահին։ 24 կորինթոսյան սյուները պատրաստված են նմանակված մարմարի տեխնիկայով, որի կիրառմամբ ներկված գիպսը մարմարի տեսք է ստանում։ Այս սրահում Նապոլեոն I-ը խնդրել է կայսր Ֆրանց II/I-ի դստեր՝ էրցհերցոգ Մարի Լուիսի ձեռքը։ Այստեղ են անցկացվել նաև արքունական պարահանդեսները, իսկ հետագայում նաև գահից ելույթները։ Ավագ հինգշաբթի օրը կայսրն ու կայսրուհին հրավիրում էին 12 աղքատ տղամարդկանց և կանանց լվանալու իրենց ոտքերը Ավագ հինգշաբթիի արարողության ժամանակ։

Ավելի ուշ` մինչև 1916 թ. արարողությունների սրահը ամբողջությամբ ինտեգրվեց Նոյեբերգի մեջ։

1000 մ2 հատակային մակերեսով տոնակատարությունների սրահը Հոֆբուրգի ամենամեծ սրահն է։ Չնայած այն կառուցվել է որպես գահասենյակ, սակայն երբեք չի օգտագործվել որպես այդպիսին։ Ներքին աշխատանքներն ավարտվեցին 1923 թ., սակայն դրա պատկերազարդումը մնաց անավարտ։ Սրահի առաստաղին պատկերված են Ալոա Հանս Շրամի երեք պատկերները, որոնք պատմում են Հաբսբուրգների փառքի մասին և ավարտվում Ֆրանց Յոզեֆի կարգախոսով՝ «Միացյալ ուժով» (Viribus Unitis): Ճակտոնի եռանկյունաձև ներքին պատերն ու ութանկյուն պանելները զարդարված են Էդվարդ Վեյթի և Վիկտոր Սթաուֆերի կողմից և պատկերում են նշանավոր մարդկանց Ավստրիայի պատմությունից։ Մաքսիմիլիան I-ին, Կառլ V-ին, Ֆերդինանդ I-ին, Ռուդոլֆ II-ին ու Ֆերդինանտ II-ին կարելի է տեսնել առաստաղի պատկերներում, իսկ Լեոպոլդ I-ին, Կառլ VI-ին, արքայազն Եվգենի Սավոյացուն, ինչպես նաև Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկիին՝ կողային պանելների վրա։ 1967 թ. սրահը հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը[6]։

Հերոսների հրապարակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1809 թ.՝ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ պալատին կից հին ամրոցի մի մասը քանդվեց։ Ներկայիս Ռինգշտրասեի տեղում դրվեցին նոր կառույցների հիմքեր, որոնց ինտեգրվեց նեոդասական ճարտարապետությամբ կառուցված նոր ամրոցի դարպասը (Burgtor): 1817 թ. կառուցված նոր պատերի միջև ընկած տարածքում տնկվեցին երեք այգիներ՝ ամրոցի կայսերական մասնավոր այգին, հերոսների հրապարակը՝ որպես ընդարձակ, բաց տարածք, և Ֆոլկսգարտենը՝ Հեփեսոսի տաճարի հետ միասին։ Այն Բուրգտորի հետ միասին նախագծել է Փիթեր ֆոն Նոբիլեն։

Արարողությունների սրահն ու Նոյեբուրգը կազմում են հրապարակի հետին հատվածը։

Ավստրիացի երկու նշանավոր ֆելդմարշալների՝ արքայազն Եվգենի Սավոյացու և էրցհերցոգ Կառլի ձիով արձանները կանգնած են Հերոսների հրապարակի կենտրոնում։ 1938 թ. մարտի 15-ին Ադոլֆ Հիտլերը Հերոսների հրապարակի նոր ամրոցի պատշգամբից հռչակեց Ավստրիայի բռնակցումը նացիստական Երրորդ Ռեյխին։

Ավստրիական կայսերական զարդեղենը պահվում է Հոֆբուրգի Գանձարանում

1860-ականներին Վիեննայի պատի քանդումից հետո տեղի ունեցավ Հոֆբուրգի վերջին մեծ ընդարձակումը։ Ծրագրվեց կառուցել կայսերական ֆորումը, որում երկու թևից բաղկացած կառույցը պետք է հասներ դեպի Ռինգշտրասե, իսկ զույգ թանգարանները (Արվեստի պատմության և բնագիտության պատմության թանգարաններ) կազմելու էին դրա կողային հատվածները, և ավարտվեր [[Յոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախ|Ֆիշեր ֆոն Էրլախի]] կողմից նախագծված կայսերական ախոռներով։ Նախագիծն իրականացվում էր Գոտֆրիդ Սեմպերի և հետագայում Կառլ Ֆրիհեր ֆոն Հասենաուերի կողմից։ Թանգարանների շինարարությունն ավարտվեց 1891 թ., սակայն ֆորումի մյուս հատվածի շինարարությունը դանդաղ էր ընթանում գների աճի պատճառով և այդպես էլ չհաջողվեց գտնել իրական գործառույթ այդ մեծածավալ շինարարական նախագծի համար։ 1913 թ. ավարտվեց հարավարևմտյան թևի ու Նոյեբուրգի շինարարությունը։ Սակայն կայսերական ֆորումն այդպես էլ ավարտին չհասցվեց և մնաց որպես անավարտ նախագիծ։

Նոր ամրոցի թևում այսօր գտնվում են մի շարք թանգարաններ (Եփեսոսի թանգարանը, զենքի և սպառազինության հավաքածուն, հին երաժշտական գործիքների հավաքածուն և ազգաբանության թանգարանը), ինչպես նաև Ավստրիայի ազգային գրադարանի մի քանի ընթերցասրահներ։ Հոֆբուրգի Կոնգրես կենտրոնը նույնպես գտնվում է այստեղ։

Մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆբուրգը պատկերվել է 20 եվրո արժողությամբ Վերածննդին նվիրված արծաթյա մետաղադրամի վրա։ Մասնավորապես պատկերված է ամրոցի Շվեյցարական դարպասը, որի վրա կա Ֆերդինանդ I-ի զինանշանն ու կոչումները։ Մետաղադրամի վրա պատկերված են նաև երկու զինվոր, որոնք հիշեցնում են 1529 թ. Վիեննայի պաշարումը թուրքերի կողմից, ինչպես նաև Բողոքական ռեֆորմների ժամանակ պայքարը բողոքականության և հռոմեական կաթոլիկ եկեղեցու միջև։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kurdiovsky, Richard, ed. (2008). The office of the Austrian Federal President at the Vienna Hofburg (German and English). Herbert Karner, Richard Kurdiovsky, Marcus Langer, Hellmut Lorenz, Anna Mader, Florian Steininger und Manuel Weinberger; Photography by Manfred Seidl. Vienna: Christian Brandstätter Verlag. էջ 159. ISBN 978-3-85033-161-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
  2. Aeiou-Hofburg-English Արխիվացված 2009-02-15 Wayback Machine, "Hofburg, Wien" (history), Encyclopedia of Austria, Aeiou Project, 2006.
  3. "NB online – The National Library – History" (overview), Österreichische Nationalbibliothek, 2006, ONB.ac.at webpage: ONB-Lib-History Արխիվացված 2005-01-14 Wayback Machine.
  4. «Die Herzgruft in der Loretokapelle». Augustinerkirche. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. The Austrian Foreign Ministry. «Redoutensäle». www.eu2006.at. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  6. «Eurovision Song Contest 1967». European Broadcasting Union. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Davidis Teniers Antverpiensis, pictoris, et a cubiculis ser.mis principibus Leopoldo Guil. archiduci et Ioanni Austriaco, Theatrum pictorium : in quo exhibentur ipsius manu delineatae, eiusque curâ in aes incisae picturae, archetipae italicae, quas ipse ser.mus archidux in pinacothecam suam Bruxellis collegit, by Teniers in 1673 on archive.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոֆբուրգ» հոդվածին։